ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Քաղաքացիական գործ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական թիվ ԵԷԴ/0157/02/14
դատարանի որոշում 2016թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0157/02/14
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Մ. Հարթենյան
Հ. Ենոքյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի
2016 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ծովինար Նալբանդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ավետիք, Կարինե, Արթուր Ավետիսյանների և Արտաշ Աբրահամյանի ընդդեմ Ծովինար և Արթուր Նալբանդյանների` իրավունքը խախտող գործողությունները կանխելու պահանջի մասին, և ըստ Ծովինար և Արթուր Նալբանդյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Ավետիք, Կարինե, Արթուր Ավետիսյանների և Արտաշ Աբրահամյանի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ավետիք, Կարինե, Արթուր Ավետիսյանները և Արտաշ Աբրահամյանը պահանջել են պարտավորեցնել Ծովինար և Արթուր Նալբանդյաններին ձեռնպահ մնալ իրենց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունների կատարումից, այն է` չխոչընդոտել Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 հասցեում հատակագիծ կազմելու նպատակով կատարվող չափագրման աշխատանքներին:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ծովինար և Արթուր Նալբանդյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող, իրենց կողմից զբաղեցված շինության և այդ շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 17.09.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.10.2015 թվականի որոշմամբ Ծովինար և Արթուր Նալբանդյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.09.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծովինար Նալբանդյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ավետիք, Կարինե, Արթուր Ավետիսյանները և Արտաշ Աբրահամյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ և 280-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 տան մի մասը Ծովինար Նալբանդյանն ամուսնու հետ 1966 թվականին ձեռք բերելուց հետո մինչ օրս, այսինքն` ավելի քան տասը տարի, անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ օգտագործում և տիրապետում է որպես իր սեփականություն, հետագա տարիների ընթացքում որպես առանձին ընտանիք ստացել է տնային գիրք, տեղադրել է առանձին էլեկտրական հաշվիչ, անց է կացրել ջրագիծ, գազամատակարարում, հեռախոսագիծ, կատարել և կատարում է կոմունալ վճարումներ, գույքի պահպանման հետ կապված ծախսեր, հանգուցյալ ամուսնու և երեխաների հետ կառուցել է լրացուցիչ բնակելի և օժանդակ տարածքներ: Ավելին, գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ տան սեփականատերերը շուրջ 42 տարի հակընդդեմ հայցվորին և նրա ընտանիքին որևէ պահանջ չեն ներկայացրել, դրսևորել են անգործություն և անտարբերություն հակընդդեմ հայցվորի գործողությունների նկատմամբ, որն ակնհայտ վկայում է հայցվորների` տան մասի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարված լինելու մտադրության և այն մասին, որ հակընդդեմ հայցվորները վիճելի գույքը տիրապետել են բարեխղճորեն:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով 05.04.2013 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.10.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հակընդդեմ հայցը բավարարել կամ հակընդդեմ հայցը մերժելու մասով գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն գործով հայցվորների ծնողները, ովքեր վիճելի անշարժ գույքի սեփականատերերն են եղել, ինչպես նաև նրանց ժառանգները բարեխղճորեն տիրապետել և օգտագործել են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքը, օրենքով սահմանված կարգով կատարել են գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորությունները, ինչն առկա չէ հակընդդեմ հայցով հայցվորների պարագայում: Վարազդատ Ավետիսյանը երբևէ իր սեփականությունից չի հրաժարվել, հակընդդեմ հայցով հայցվորներին որևէ բան չի վաճառել, իսկ վաճառելու դեպքում գործարքը կձևակերպվեր օրինական կարգով` նոտարական վավերացմամբ, ոչ թե` ներքին համաձայնությամբ: Գույքի օտարում իրականում տեղի չի ունեցել, իսկ հակընդդեմ հայցով հայցվորների փաստարկները մտացածին են և չունեն որևէ հիմք:
Հակընդդեմ հայցով հայցվորների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածներին հղում կատարելը զուրկ է որևէ հիմնավորումից, քանի որ տվյալ դեպքում բացակայում է ինչպես հայցվորների կողմից իրենց պատկանող գույքի սեփականության իրավունքից հրաժարվելու, այնպես էլ` հակընդդեմ հայցվորների կողմից այն ձեռք բերելու և բարեխիղճ տիրապետելու փաստը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանին 20.04.2016 թվականին հասցեագրված դիմումին կից հակընդդեմ հայցով պատասխանող Արտաշ Աբրահամյանը ներկայացրել է նոտարական կարգով վավերացված հայտարարություն այն մասին, որ բողոքի պատասխանի տակ դրված ստորագրությամբ տվել է համաձայնություն միայն համատեղ օգտագործվող հողամասի չափագրման վերաբերյալ, և հակընդդեմ հայցով պատասխանողների կողմից Ծովինար Նալբանդյանի վճռաբեկ բողոքին ներկայացված պատասխանի բովանդակության հետ համաձայն չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 04.02.2000 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 05.10.1991 թվականին մահացած Վարազդատ Մամիկոնի Ավետիսյանի ժառանգներն են կինը` Սոֆյա Հարությունյանը, և որդիները` Արթուր և Ավետիք Ավետիսյանները, իսկ ժառանգական գույքը կազմված է Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող բնակելի տան 1/2 մասից` 125,55 քմ մակերեսով, և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասից` 557,0 քմ մակերեսով (հատոր 1-ին, գ.թ. 10).
2) 06.09.2011 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 18.02.2011 թվականին մահացած Դերենիկ Աբրահամյանի ժառանգն է որդին` Արտաշ Աբրահամյանը: Ժառանգական գույքը կազմված է Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող 48,2 քմ մակերեսով բնակելի տնից և 557,53 քմ ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասից (հատոր 1-ին, գ.թ. 47).
3) 08.05.2013 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 30.10.2012 թվականին մահացած Սոֆյա Հարությունյանի ժառանգն է դուստրը` Կարինե Ավետիսյանը: Ժառանգական գույքը կազմված է Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքի` առանձնացված 125,55 քմ մակերեսով բնակելի տան և 700 քմ մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի 2/3 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 48, 51).
4) Թիվ Ի-ԺԶ207983 ամուսնության վկայականի համաձայն` Վազգեն Նալբանդյանը և Ծովինար Հայրապետյանն ամուսնացել են 03.02.1966 թվականին: Ամուսնությունից հետո Ծովինար Հայրապետյանը կրում է Նալբանդյան ազգանունը (հատոր 2-րդ, գ.թ. 6).
5) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի կողմից 03.07.2000 թվականին տրված մահվան վկայականի համաձայն` Վազգեն Նալբանդյանը մահացել է 01.07.2000 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 5).
6) Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչներ Դերենիկ Աբրահամյանը (հայցվոր Արտաշ Աբրահամյանի իրավանախորդը), Թագուհի Մարկոսյանը, Քնարիկ Ասատրյանը և Արսեն Պապիկյանը 05.09.2009 թվականին գրավոր հայտարարություն են տվել այն մասին, որ «Ծովինար Նալբանդյանը հանգուցյալ ամուսնու` Վազգեն Նալբանդյանի հետ 1966 թվականին Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 տան բնակիչ, ներկայումս հանգուցյալ Մամիկոն Ավետիսյանից գնել են նույն հասցեի նրանց տան մի մասը, որի հետ տրամադրվել է նաև հողամասը`մոտ 100 քմ» (հատոր 2-րդ, գ.թ. 28).
7) Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչներ Հասմիկ Նալբանդյանը, Հովհաննես Հակոբյանը, Կարապետ Տերմենջյանը, Վահագն Բազեյանը, Վաչագան Սարգսյանը և Բագրատ Մաթևոսյանը 13.03.2014 թվականին տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված գրավոր հայտարարություն են տվել այն մասին, որ «Ծովինար Նալբանդյանը հանգուցյալ ամուսնու` Վազգեն Նալբանդյանի հետ 1966 թվականից բնակվում է Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 տանը: Ներկայումս այդ հասցեում բնակվում են նաև որդին` Արթուր Նալբանդյանը, հարսը` Արմինե Նալբանդյանը, թոռները` Արման և Ծովինար Նալբանդյանները» (հատոր 2-րդ, գ.թ. 29).
8) Երևան քաղաքի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 տան բնակիչ Արտաշ Աբրահամյանը տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ «...նշված հասցեում բնակվող իր հարևան Ծովինար Նալբանդյանը 1966 թվականից իր ընտանիքով ապրում է տվյալ տանը: Մինչև 1990 թվականը Ծովինար Նալբանդյանն իր ամուսնու և զավակների հետ լրացուցիչ կառուցել և ավարտել են տան 2 հարկերը, ներկայիս խոհանոցը, սանհանգույցը, ավտոտնակը: ՈՒնեն առանձին տնային գիրք և առանձին էլեկտրական հաշվիչ: Ջրի, աղբի և կենցաղային վճարները մուծում են իրենք: Նրանց մուտքը 1966 թվականից առանձնացված է: Արտաշ Աբրահամյանը չի առարկել Ծովինար Նալբանդյանի հայցի դեմ» (հատոր 2-րդ, գ.թ. 30).
9) Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 հասցեի տնային գրքում առկա գրառումների համաձայն` Վազգեն, Արթուր, Սուսաննա Նալբանդյանները, Ծովինար Հայրապետյանը (Նալբանդյան) ունեցել են մշտական գրանցում (հատոր 2-րդ, գ.թ. 17-24).
10) Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 հասցեի գազասպառման համակարգի միացման պատվիրատու է հանդիսացել Ծովինար Նալբանդյանը (հատոր 2-րդ, գ.թ. 13).
11) Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 հասցեի ջրաչափի ընդունման և փոխարինման, հերթական ստուգման հանձնարարականում որպես բաժանորդ նշված է Վազգեն Նալբանդյանը, իսկ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրում` Ծովինար Նալբանդյանի հարսը` Լենա Նալբանդյանը (հատոր 2-րդ, գ.թ. 11-12).
12) Երևանի Էրեբունու թաղապետարանի թիվ 7 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Ծովինար Նալբանդյանը 1966 թվականից հաշվառված է և բնակվում է Երևանի Սարի Թաղի 19-րդ փողոցի թիվ 20 տանը: Միաժամանակ այդ տանը հաշվառված են որդին` Արթուր Նալբանդյանը, հարսները` Արմինե և Լենա Նալբանդյանները, թոռները` Վազգեն և Զարուհի Նալբանդյանները (հատոր 2-րդ, գ.թ. 14):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
i
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով 05.04.2013 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
i
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի սխալ մեկնաբանության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
i
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:
i
Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, հակընդդեմ հայցը մերժելով, արձանագրել է, որ «հակընդդեմ հայցվորների կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց առ այն, որ վերջիններս ք. Երևան, Սարի Թաղի 19-րդ փող., թիվ 20 տուն հասցեի շինության և այդ շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք ձեռքբերման վաղեմության ուժով: Մասնավորապես, Դատարանն արձանագրել է, որ հակընդդեմ հայցվորների մոտ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք չի ծագել բարեխղճության վավերապայմանի բացակայության պատճառով, իսկ հակընդդեմ հայցվորների կողմից վիճելի հասցեում 1966 թվականից բնակվելու վերաբերյալ ապացույցներն ինքնին բավարար չեն եզրահանգելու, որ գույքի սեփականատերերը հրաժարվել են իրենց գույքից, իսկ հակընդդեմ հայցվորները վիճելի գույքը ձեռք են բերել սեփականության իրավունքով»:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումները:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը կարող է որոշվել ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ: Բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ նաև տիրապետողի և գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատճառաբանելով, որ հակընդդեմ հայցվորների կողմից, ըստ էության, չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, որպիսի վավերապայմանի բացակայությունն ինքնին բավարար է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջը մերժելու վերաբերյալ, անտեսել են, որ սույն գործում առկա ապացույցներով (թաղապետարանի տեղեկանքով, գազամատակարարման, ջրամատակարարման պայմանագրերով) հիմնավորվում է, որ Ծովինար Նալբանդյանը 1966 թվականից իր ընտանիքով ապրում է վիճելի հասցեում, իր ամուսնու և երեխաների հետ կառուցել են լրացուցիչ բնակելի և օժանդակ տարածքներ, հետագա տարիների ընթացքում որպես առանձին ընտանիք ստացել են տնային գիրք, առանձնացրել են մուտքը, անց են կացրել ջրագիծ, գազամատակարարման համակարգ, կատարել են գույքի պահպանման հետ կապված ծախսեր: Ավելին, ստորադաս դատարաններն անտեսել են նաև հարևանների տված հայտարարությունները, որոնցում նշված տեղեկությունները կարող էին բավարար հիմք հանդիսանալ դրանք տված անձանց որպես վկա դատարան հրավիրելու և այդ հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:
Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն հետևությանը, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ վիճելի հասցեի սեփականատերերը հրաժարվել են իրենց պատկանող գույքի սեփականության իրավունքից, ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված փաստը հավասարապես կարող է հիմնավորվել ինչպես գործում առկա համապատասխան ապացույցներով, այնպես էլ նախկին սեփականատիրոջ վարքագծի գնահատմամբ: Տվյալ պարագայում սկզբնական հայցով հայցվորների, նաև վերջիններիս իրավանախորդների վարքագիծը, մասնավորապես` նրանց կողմից 10 տարուց ավելի Ծովինար Նալբանդյանի տիրապետմանը որևէ կերպ չխոչընդոտելը ևս կարող էր ակնհայտ վկայել գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից սեփականատիրոջ մեկուսացման մասին, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործը` Ծովինար Նալբանդյանի հակընդդեմ հայցը մերժելու մասով, ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.10.2015 թվականի որոշման` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2014 թվականի վճիռը` Ծովինար Նալբանդյանի հակընդդեմ հայցը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և գործն այդ մասով ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան