Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0541/02/10

    դատարանի որոշում                                            2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0541/02/10

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի         

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հենրիկ Շահինյանի և Մարի Հարությունյանի ընդդեմ Կարինե Դավթյանի, երրորդ անձինք «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` կտակն անվավեր ճանաչելու և ըստ օրենքի ժառանգության հիմքով համատեղ սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հենրիկ Շահինյանը և Մարի Հարությունյանը պահանջել են Կարինե Դավթյանի անվամբ կտակը ճանաչել անվավեր և ըստ օրենքի ժառանգության հիմքով ճանաչել համատեղ սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 28-րդ շենքի թիվ 55 բնակարանի նկատմամբ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 08.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2010 թվականի որոշմամբ Հենրիկ Շահինյանի և Մարի Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է Դատարանի 08.07.2010 թվականի վճիռը` հայցը բավարարվել է մասնակիորեն. Սուքիաս Ղազանչյանի` 11.09.2009 թվականին նոտարական կարգով վավերացված կտակը Երևան քաղաքի Բագրատունյաց 28-րդ շենքի թիվ 55 բնակարանի 1/2 մասով ճանաչվել է անվավեր, Հենրիկ Շահինյանը և Մարի Հարությունյանը ճանաչվել են 07.09.2010 թվականին մահացած Աննա Ղազանչյանի ժառանգության, այն է` Երևան քաղաքի Բագրատունյաց 28-րդ շենքի թիվ 55 բնակարանի 1/2 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգներ. վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Դավթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հենրիկ Շահինյանը և Մարի Հարությունյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, 208-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հենրիկ Շահինյանը և Մարի Հարությունյանը, Դատարանում գործի քննության ժամանակ առարկություն չներկայացնելով այն փաստի վերաբերյալ, որ Աննա Ղազանչյանի մահվանից հետո Սուքիաս Ղազանչյանը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է Աննա Ղազանչյանի ժառանգությունը, դրա վերաբերյալ իրենց առարկելու մասին նշել են միայն վերաքննիչ բողոքում: Դրա հիման վրա Վերաքննիչ դատարանն իր հերթին արել է անհիմն և հակասական դատողություններ նաև այն մասին, որ Կարինե Դավթյանի կողմից ապացույց չի ներկայացվել Աննա Ղազանչյանի մահից հետո վերջինիս ժառանգությունը Սուքիաս Ղազանչյանի կողմից փաստացի ընդունվելու վերաբերյալ` անտեսելով, որ այդ փաստը չի վիճարկվել, որի դեպքում ինքը չպետք է կրեր նման փաստի ապացուցման պարտականություն:

 

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը, 221-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ կետը, 1199-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անտեսելով հայցի առարկան, իր որոշմամբ բավարարել է մեկ այլ` սույն գործով չներկայացված պահանջ` Հենրիկ Շահինյանին և Մարի Հարությունյանին ճանաչել է Երևան քաղաքի Բագրատունյաց 28-րդ շենքի թիվ 55 բնակարանի 1/2 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգներ: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, ըստ էության, ոչ թե վերաքննիչ բողոքն է մասնակի բավարարել, այլ կտակն է մասնակի անվավեր ճանաչել, որպեսզի հնարավոր լինի հաստատված համարել իրավաբանական նշանակություն ունեցող մի փաստ, որի հաստատման պահանջը չի ներկայացվել, և սույն գործով նման պահանջ քննության առարկա չէր:

Գործում առկա է գրավոր ապացույց այն մասին, որ ժառանգություն ընդունելու վերաբերյալ Հենրիկ Շահինյանը և Մարի Հարությունյանն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում դիմել են նոտարական գրասենյակ, և ավելորդ անգամ, առանց նման պահանջի առկայության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջների խախտմամբ Հենրիկ Շահինյանին և Մարի Հարությունյանին որպես «ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու» վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առնվազն տարօրինակ է:

Վերաքննիչ դատարանը Սուքիաս Ղազանչյանի կողմից իր ժառանգությունը փաստացի ընդունելուց հետո ներկայացված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման անդորրագրերի վերաբերյալ անհիմն եզրահանգման է եկել առ այն, որ իբր այդ անդորրագրերը «...միևնույն է չեն կարող գնահատվել որպես վիճելի հասցեում գտնվող Աննա Ղազանչյանին պատկանող գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումը հիմնավորող ապացույց, քանի որ Սուքիաս Ղազանչյանը ևս տվյալ հասցեի գույքի 1/2-րդ մասի սեփականատեր էր և բնական է, որ քրոջ մահից հետո ինքը պետք է շարունակեր կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և հեռախոսի վարձավճարները»:

Սուքիաս Ղազանչյանը քրոջ մահից հետո շարունակել է ապրել իր և հանգուցյալ քրոջը նախկինում համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանում, օգտվել դրանում առկա ընդհանուր գույքից, ընդհանուր կենցաղային իրերից և այլն: Այսինքն` հենց միայն տվյալ փաստով հաստատվում է, որ գույքն առանձնացված չէր, և Սուքիաս Ղազանչյանը սկսել է փաստացի տիրապետել այդ ընդհանուր գույքը` դրանով իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածների 3-րդ կետերի ուժով փաստացի ընդունելով ժառանգությունը: Ժառանգությունը փաստացի ընդունելու նրա կամային դրսևորման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Սուքիաս Ղազանչյանը 11.09.2009 թվականին նոտարական կարգով վավերացված կտակում նշել է ողջ բնակարանը, այլ ոչ թե «բնակարանի` իրեն պատկանող 1/2-րդ մասը», այսինքն` Սուքիաս Ղազանչյանը, քրոջ մահից հետո փաստացի ընդունելով նրան պատկանող ամբողջ գույքը, այդ թվում` բնակարանի 1/2 մասը և համարելով, որ այդ բնակարանն իրենն է, նաև այդ գույքը տնօրինելու իր կամքն է արտահայտել նոտարական գրասենյակում` ամբողջ բնակարանը կտակելով Կարինե Դավթյանին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.07.2010 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Կարինե Դավթյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որը կհիմնավորեր Սուքիաս Ղազանչյանի կողմից գույքը պահպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փաստը:

Այն, որ Սուքիաս Ղազանչյանը չի ցանկացել ընդունել իր քրոջ` Աննա Ղազանչյանի մահից հետո մնացած ժառանգության իր բաժնեմասը, հաստատվում է նրանով, որ Աննա Ղազանչյանի մահից հետո կազմված կտակին զուգընթաց չի կազմվել և մուտք արվել դիմում` Աննա Ղազանչյանի ժառանգությունն ընդունելու մասին, որը ցանկության դեպքում Սուքիաս Ղազանչյանը կարող էր ներկայացնել: Վերջինս չի սկսել փաստացի կառավարել կամ օգտագործել ժառանգության` իրեն հասանելիք զանգվածը:

Սուքիաս Ղազանչյանը, չհանդիսանալով այդ բնակարանի միակ սեփականատերը, նաև կտակել է փաստացի այլ անձին սեփականության իրավունքով պատկանող գույք, ինչը և հաստատվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհիմնավորեր, որ Սուքիաս Ղազանչյանը միջոցներ է ձեռնարկել Աննա Ղազանչյանի գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, կամ իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, կամ էլ իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հենրիկ Շահինյանն ու Մարի Հարությունյանը Լուսիկ Ղազանչյանի եղբոր` Հայկ Շահինյանի երեխաներն են, իսկ Աննա և Սուքիաս Ոսկու Ղազանչյանները` Լուսիկ Ղազանչյանի երեխաները.

2) Շենգավիթի շրջխորհրդի գործադիր կոմիտեի 15.09.1994 թվականի թիվ 20/1 որոշմամբ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 28-րդ շենքի թիվ 55 հասցեում գտնվող բնակարանն անհատույց սեփականաշնորհվել է Աննա Ոսկու Ղազանչյանի` երեք անձից բաղկացած ընտանիքին: 14.10.1994 թվականին Աննա Ոսկու Ղազանչյանին նշված բնակարանի նկատմամբ տրվել է սեփականության վկայագիր: Նույն որոշման հիման վրա գրանցվել է Լուսիկ, Աննա և Սուքիաս Ղազանչյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն այդ բնակարանի նկատմամբ, և 09.11.2005 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1566789 վկայականը (հ. 1-ին, գ.թ. 26), (հ. 1-ին, գ.թ. 25), (հ. 1-ին, գ.թ. 66-68).

3) Լուսիկ Աբրահամի Ղազանչյանը մահացել է 27.03.1999 թվականին, Աննա Ոսկու Ղազանչյանը մահացել է 07.09.2009 թվականին, Սուքիաս Ոսկու Ղազանչյանը մահացել է 05.11.2009 թվականին (հ. 1-ին, գ.թ. 55), (հ. 1-ին, գ.թ. 56), (հ. 1-ին, գ.թ. 54).

4) Սուքիաս Ղազանչյանը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 28-րդ շենքի թիվ 55 բնակարանը 11.09.2009 թվականին կտակել է Կարինե Դավթյանին (հ. 1-ին, գ.թ. 14): Նշված կտակը կազմվել է գրավոր, դրանում նշվել են այն կազմելու վայրը և ժամանակը, կտակն անձամբ ստորագրել է կտակարար Սուքիաս Ղազանչյանը և 11.09.2009 թվականին այն նոտարի կողմից վավերացվել է.

5) Երևանի Շենգավիթ համայնքի «Արայ» համատիրության նախագահը, ի պատասխան ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Այվազյանի հարցմանը, 15.02.2010 թվականին հայտնել է նաև, որ Լուսիկ Աբրահամի Ղազանչյանը, Աննա Ոսկու Ղազանչյանը և Սուքիաս Ոսկու Ղազանչյանը մինչև մահը բնակվել են Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 28-րդ շենքի թիվ 55 բնակարանում, Սուքիաս և Աննա Ղազանչյաններն անչափահաս և անաշխատունակ ժառանգներ չեն ունեցել (հ. 1-ին, գ.թ. 20).

6) 04.03.2010 թվականին Հենրիկ Շահինյանը և Մարի Հարությունյանը ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու նպատակով նոտարական կարգով վավերացված հայտարարություն են տվել այն մասին, որ ընդունում են Աննա Ոսկու Ղազանչյանի և Սուքիաս Ղազանչյանի ժառանգությունը (հ. 1-ին, գ.թ. 13).

7) Կարինե Դավթյանը 05.05.2010 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ Կենտրոն նոտարական տարածք` ըստ կտակի ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին (հ. 1-ին, գ.թ. 70):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1. բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Սույն գործով Հենրիկ Շահինյանն ու Մարի Հարությունյանը կտակը վիճարկելու, ինչպես նաև ըստ օրենքի ժառանգության հիմքով համատեղ սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ ճանաչելու հայցապահանջի հիմքում դրել են այն հանգամանքները, որ կտակարար Սուքիաս Ղազանչյանն անաշխատունակ էր և ուներ «առողջական լուրջ խնդիրներ» և չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը:

Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սուքիաս Ղազանչյանն արտահայտել է մահվան դեպքում իրեն պատկանող գույքի` բնակարանի տնօրինման վերաբերյալ իր կամքը: Ինչպես նաև Դատարանը հաստատված է համարել, որ Սուքիաս Ղազանչյանը գործունակ էր, կտակը պարունակել է միայն նրա կարգադրությունը, կտակը կազմել է իր հայեցողությամբ, գրավոր, ինչը վավերացվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1211-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերը չկան և փաստելով, որ այն կնքվել է օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, այն կնքված չէ հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կողմից, կնքված չէ նաև գործունակ, սակայն գործարքի պահին այնպիսի վիճակում գտնվող անձի կողմից, երբ նա ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, ինչպես նաև վիճահարույց գործարքը չի կնքվել էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ, խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի` մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կամ ծանր հանգամանքների բերումով, ապա Սուքիաս Ղազանչյանի կողմից Կարինե Դավթյանի անվամբ կազմված 11.09.2009 թվականի կտակի անվավերության մասին խոսք լինել չի կարող:

Հենրիկ Շահինյանը և Մարի Հարությունյանը վերաքննիչ բողոքի հիմքում դրել են այն հանգամանքը, որ Սուքիաս Ղազանչյանը չի ընդունել իր քրոջ ժառանգությունը, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Դատարանի 08.07.2010 թվականի վճիռը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանում գործի քննության ժամանակ Հենրիկ Շահինյանն ու Մարի Հարությունյանը այդպիսի դիրքորոշում չեն հայտնել, ինչպես նաև այդ հարցի վերաբերյալ Դատարանում նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու մասին որևէ փաստարկ վերաքննիչ բողոքում չեն ներկայացրել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ այդ հիմքով քննել վերաքննիչ բողոքը, քանի որ այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով ենթակա չէր քննության:

Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարինե Դավթյանի վճռաբեկ բողոքի հիմքը Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը խախտելու մասին հիմնավոր է:

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը խախտված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 08.07.2010 թվականի վճռին:

2. Հենրիկ Շահինյանից և Մարի Հարությունյանից հօգուտ Կարինե Դավթյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք, ինչպես նաև հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ԵՇԴ/0541/02/10
Որոշում