Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 47-ՐԴ, 48- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական          Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1104/02/08

    դատարանի որոշում                                                2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1104/02/08

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Ա. Պետրոսյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի ընդդեմ Էմիլ Ղազարյանի` գումար բռնագանձելու, 33 անուն տնային իրերը վերադարձնելու, Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 39 բնակարանի` Էմիլ Ղազարյանի անվամբ առուվաճառքի պայմանագիրը և իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, նույն հասցեի նկատմամբ Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Էմիլ Ղազարյանին վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալինա Ղազարյանը և Ջոնրիդ Երիցյանը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 39 բնակարանի Էմիլ Ղազարյանի անվամբ առուվաճառքի պայմանագիրը և իրավունքի պետական գրանցումը, նույն հասցեի նկատմամբ ճանաչել Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի սեփականության իրավունքը և Էմիլ Ղազարյանին վտարել Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 39 բնակարանից:

Երևանի քաղաքացիական դատարանի 27.02.2009 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ տարածքային ընդդատության փոխանցվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանին 02.06.2009 թվականին և 25.08.2009 թվականին ներկայացված «Լրացում ներկայացված հայցադիմումին» վերնագրված փաստաթղթերով Ալինա Ղազարյանը և Ջոնրիդ Երիցյանը պահանջել են բռնագանձել Էմիլ Ղազարյանից 34.769 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և վերադարձնել 33 անուն տնային իրերը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.11.2009 թվականի վճռով հայցը` Էմիլ Ղազարյանից 34.769 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու և 33 անուն տնային իրերը վերադարձնելու պահանջների մասով բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` Էմիլ Ղազարյանից հօգուտ Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի բռնագանձել 24.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և պարտավորեցնել Էմիլ Ղազարյանին վերադարձնել 26 անուն գույքը: Գործի վարույթը` Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 39 բնակարանի Էմիլ Ղազարյանի անվամբ առուվաճառքի պայմանագիրը և իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, նույն հասցեի նկատմամբ Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Էմիլ Ղազարյանին վտարելու պահանջների մասով գործի վարույթը կարճվել է նշված մասով պահանջից հրաժարվելու հիմքով: Մնացած մասով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 13.11.2009 թվականի վճիռը Էմիլ Ղազարյանից 24.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու մասով բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալինա Ղազարյանը և Ջոնրիդ Երիցյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էմիլ Ղազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ, 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է 11.02.2010 թվականի դատական նիստում էմիլ Ղազարյանի` 7.500.000 ՀՀ դրամ վճարելու պատրաստակամությունը, և այս ապացույցը չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի հետազոտել գործին կցված ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի նյութերը, Ալինա Ղազարյանի, ինչպես նաև էմիլ Ղազարյանի ցուցմունքները: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, դատական ակտը կայացրել է էական նշանակություն ունեցող բոլոր վերաբերելի և թույլատրելի գրավոր ապացույցների հիման վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է ինչպես Վերաքննիչ դատարանում արված էմիլ Ղազարյանի «խոստովանությունը», այնպես էլ ոստիկանության քննչական բաժնի նյութերում նրա ձեռքով գրված ցուցմունքները, որոնցով հիմնավորվում է այն փաստը, որ Էմիլ Ղազարյանն ընդունել է իր և իր քրոջ` Ալինա Ղազարյանի միջև եղած գործարքի առկայությունը, մասնավորապես 24.500 ԱՄՆ դոլար ստանալու փաստը: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Դատարանի օրինական և հիմնավորված դատական ակտը բեկանել է զուտ ձևական նկատառումներով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հակասական ցուցմունքներ տվել է ոչ թե Ալինա Ղազարյանը, այլ Էմիլ Ղազարյանը, քանի որ մի դեպքում նա նշել է, որ 24.500 ԱՄՆ դոլարը բանկ է ներդրել առանց տոկոսների, իսկ մեկ ուրիշ ցուցմունքում նշել, որ տոկոսներ է վերցրել այդ գումարից, իսկ Ալինա Ղազարյանը հրաժարվել է այդ տոկոսները ստանալուց:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.11.2009 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Էմիլ Ղազարյանին 24.500 ԱՄՆ դոլար տալու փաստը հավաստող որևէ ապացույց Ալինա Ղազարյանը և Ջոնրիդ Երիցյանը չեն ներկայացրել և վկայակոչել են ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի 17.02.2009 թվականի քրեական գործի վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Վերաքննիչ բողոքում վկայակոչվել են Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք հանգել են նրան, որ Դատարանը հայցը բավարարելիս չի գնահատել այն հանգամանքը, որ ոստիկանության նյութերում առկա է Ալինա Ղազարյանի ցուցմունքն այն մասին, որ 24.500 ԱՄՆ դոլարից հանում է 4.500 ԱՄՆ դոլարը, ուստի նույնիսկ այս դեպքում հայցը պետք է բավարարվեր 20.000 ԱՄՆ դոլարի չափով, որը համարժեք է 6.200.000 ՀՀ դրամի:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի ուսումնասիրել է քրեական գործի նյութերը և եկել ճիշտ եզրահանգման, որ Ալինա Ղազարյանը տվել է հակասական ցուցմունքներ, իսկ Դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ինչն էլ վճռի բեկանման հիմք է հանդիսացել:

Վերաքննիչ բողոքից պարզ է դառնում, որ վկայակոչված այն փաստը, որ Էմիլ Ղազարյանը Ալինա Ղազարյանի խնդրանքով է 24.500 ԱՄՆ դոլարը հանել բանկից և վերածել դրամի, հիմնավորվել է Վերաքննիչ դատարանին ներկայացված 27.11.2007 թվականի թիվ 120568 արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ անդորրագրով, համաձայն որի Էմիլ Ղազարյանն «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում 24.500 ԱՄՆ դոլարը փոխարկել է 7.595.000 ՀՀ դրամի: Սակայն պետք է նկատի ունենալ, որ դա ոչ թե Ալինա Ղազարյանի գումարն է Էմիլ Ղազարյանը տնօրինել, այլ իր գումարները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 17.11.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Էմիլ Ղազարյանը 10.380.000 ՀՀ դրամով գնել է Երևանի Ֆուչիկի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 39 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 68):

2. 27.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ալինա Ղազարյանը 9.540.000 ՀՀ դրամով վաճառել է Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 11-րդ շենքի թիվ 15 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 17):

3. «Անելիք բանկ» ՓԲԸ-ի «Կենտրոնական» մասնաճյուղում Էմիլ Ղազարյանը ունեցել է USD հաշիվ, որի վրա 27.04.2007 թվականին մուտք է արվել 24.500 ԱՄՆ դոլար (հատոր 2-րդ, գ.թ. 109):

4. 01.12.2008 թվականին Երևանի քաղաքացիական դատարանին Էմիլ Ղազարյանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի համաձայն` «Հայցվորներն իրենց բնակարանի վաճառքի առիթով ունեցել էին դատական վեճ, ուստի քույրը, վախենալով, որ բնակարանի վաճառքից ստացված գումարը /24.500 ԱՄՆ դոլար/ կարող էր «ամուսինը» /ամուսնալուծված են/ վատնել, խնդրել է Է. Ղազարյանին այդ գումարը որպես ավանդ ներդնել Էմիլ Ղազարյանի անվամբ բանկային հաշվին, մինչև որ վաճառեն իրենց` Եղվարդի առանձնատունը և գնեն հարմարավետ երկուսենյականոց բնակարան: Հայցվորի կողմից ներկայացված այն հանգամանքը, թե ինքը` Ա. Ղազարյանը, իրենց վաճառված բնակարանի գումարից 24.500 ԱՄՆ դոլարը տվել է Է. Ղազարյանին որպես բնակարանի անվանափոխման համար գումար, անհիմն է, քանի որ այդ գումարն Է. Ղազարյանն այդ նպատակով չի ստացել» (հատոր 1-ին, գ.թ. 64-67):

5. Թիվ 10121608 քրեական գործով 02.09.2008 թվականին Էմիլ Ղազարյանի տված բացատրության համաձայն` «...Երբ ես արդեն պատրաստ էի, որ մեկնեի Մոսկվա, Ալինան իր տունը վաճառել էր, սակայն գումարը դեռ չէր ստացել: Նա խնդրեց միասին գնացինք ստացանք գումարը, որը 26.500 ԱՄՆ դոլար էր: Ալինան այդ գումարից 2.000 ԱՄՆ դոլարը վերցրեց, իսկ 24.500 ԱՄՆ դոլարը խնդրեց իմ անունով բանկ դնենք: Մենք երեքով, այսինքն` ես, Ալինան և Ջոնը գնացինք Անելիք բանկի Պուշկինի փողոցում գտնվող մասնաճյուղ, բանկում Ալինան ինձ տվեց 24.500 ԱՄՆ դոլարը, ես մինչև բանկ դնելը զգուշացրեցի, որ առանց տոկոսի է, համաձայնվեցին և ես այդ գումարը մուտքագրեցի իմ հաշվեհամարին» (քրեական գործ, գ.թ. 6-8):

6. Թիվ 10121608 քրեական գործով 11.09.2008 թվականին Էմիլ Ղազարյանի տված բացատրության համաձայն` «...Ալինան միշտ վախեցել է, որ ամուսինն իրերը կտանի կվաճառի, այդ պատճառով նա իր իրերը և գումարը, որոնք արժեք ունեին տանից տարել ի պահ է տվել իր ընկերուհիներին: Նա նույն պատճառով ինձ տվեց 24.500 ԱՄՆ դոլարը, որ իմ անունով գցեմ բանկ...» (քրեական գործ, գ.թ. 18-20):

7. Թիվ 10121608 քրեական գործով 24.10.2008 թվականին Էմիլ Ղազարյանի տված բացատրության համաձայն` «...Մենք երեքով գնացինք «Անելիք» բանկ, որտեղ քույրս ինձ տվեց 24.500 ԱՄՆ դոլարը, իսկ մնացածը պահեց իր մոտ ծախսելու համար» (քրեական գործ, գ.թ. 42-45):

8. Թիվ 10121608 քրեական գործով 23.11.2008 թվականին Էմիլ Ղազարյանի տված ցուցմունքի համաձայն` «...նա իր տունն ապրիլին վաճառեց 26.500 ԱՄՆ դոլարով և ինձ խնդրեց այդ գումարն իմ անունով բանկ գցել», «մենք երեքով գնացինք «Անելիք» բանկ, որտեղ քույրս ինձ տվեց 24.500 ԱՄՆ դոլարը...» (քրեական գործ, գ.թ. 65-68):

9. Թիվ 10121608 քրեական գործով 18.10.2008 թվականին Ալինա Ղազարյանի տված բացատրության համաձայն` «...2007 թվականի ապրիլին Սուսաննան տվեց մեր տան գումարը, որից հետո մենք տեղափոխվեցինք: Վերցնելով գումարս` 24.500 ԱՄՆ դոլարը ես այն տվեցի եղբորս իր պարտքի դիմաց, որն էլ անմիջապես այն իր անվամբ գցեց բանկ» (քրեական գործ, գ.թ. 38-41):

10. Թիվ 10121608 քրեական գործով 19.11.2008 թվականին Ալինա Ղազարյանի տված ցուցմունքի համաձայն` «...2007 թվականի ապրիլին Սուսաննան տվեց իմ տան գումարը, որից հետո մենք տեղափոխվեցինք: Վերցնելով գումարը ես դրանից 24.500 ԱՄՆ դոլարը տվեցի եղբորս իր պարտքի դիմաց, որն էլ անմիջապես այն իր անվամբ գցեց բանկ» (քրեական գործ, գ.թ. 50-54):

11. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մաշտոցի քննչական բաժնի 17.02.2009 թվականի քրեական գործի վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու և 18.02.2009 թվականի քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներում արձանագրվել է, որ «2007 թվականի ապրիլին քրոջը` Ալինային ասել է, որ պատրաստվում է մեկնել Մոսկվա աշխատելու, որից հետո քույրը վաճառել է իր մեկսենյականոց բնակարանը, իսկ գումարից 24.500 ԱՄՆ դոլարը խնդրել է գցել բանկ իր անունով» (քրեական գործ, գ.թ. 140-142, 145-146):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը, հետազոտելով գործում առկա բոլոր ապացույցները և հաստատված համարելով, որ Ալինա Ղազարյանն Էմիլ Ղազարյանին տվել է 24.500 ԱՄՆ դոլար գումար, որն Էմիլ Ղազարյանը 27.04.2007 թվականին մուտք է արել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի «Կենտրոնական» մասնաճյուղում իր ունեցած USD հաշվին, հանգել է այն հետևության, որ Էմիլ Ղազարյանը պարտավոր է հայցվորներին վերադարձնել 24.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը չի գնահատել ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում Էմիլ Ղազարյանի կողմից տրված ցուցմունքները և իր հետևություններն արել է բացառապես Ալինա Ղազարյանի և Ջոնրիդ Երիցյանի ցուցմունքների հիման վրա, ինչպես նաև, որ քրեական գործի և քաղաքացիական գործի շրջանակներում հայցվոր կողմը տվել է հակասական ցուցմունքներ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել և չի գնահատել թիվ 10121608 քրեական գործով հարցաքննված Էմիլ Ղազարյանի բացատրություններն ու ցուցմունքները, 01.08.2008 թվականին Երևանի քաղաքացիական դատարանին ներկայացված հայցադիմումի պատասխանը, որոնցով Էմիլ Ղազարյանն ընդունել է Ալինա Ղազարյանից 24.500 ԱՄՆ դոլար ստանալու և այն իր անվամբ «Անելիք բանկ» ՓԲԸ-ի «Կենտրոնական» մասնաճյուղում ներդնելու փաստերը, և չի պատճառաբանել, թե ինչու՞ են այդ ապացույցները մերժվել:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ 27.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ալինա Ղազարյանը 9.540.000 ՀՀ դրամով վաճառել է Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 11-րդ շենքի թիվ 15 բնակարանը և նույն օրը «Անելիք բանկ» ՓԲԸ-ի «Կենտրոնական» մասնաճյուղում Էմիլ Ղազարյանի USD հաշվին մուտք է արվել 24.500 ԱՄՆ դոլար: Էմիլ Ղազարյանն ընդունել է Ալինա Ղազարյանից նշված գումարը ստանալու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էմիլ Ղազարյանը Ալինա Ղազարյանից ստացել է 24.500 ԱՄՆ դոլար գումար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ քրեական գործի և քաղաքացիական գործի շրջանակներում հայցվոր կողմը տվել է հակասական ցուցմունքներ, ապա սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալինա Ղազարյանը քրեական գործի և քաղաքացիական գործի շրջանակներում տվել է նույնաբովանդակ բացատրություններ և ցուցմունքներ, մասնավորապես թիվ 10121608 քրեական գործով 18.10.2008 թվականին տրված բացատրության և 19.11.2008 թվականին տրված ցուցմունքով նշել է, որ Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 11-րդ շենքի թիվ 15 բնակարանի վաճառքից ստացած 26.500 ԱՄՆ դոլարից 24.500 ԱՄՆ դոլարը տվել է Էմիլ Ղազարյանին:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ Ալինա Ղազարյանը տվել է ցուցմունք այն մասին, որ 24.500 ԱՄՆ դոլարից հանում է 4.500 ԱՄՆ դոլարը, որի պայմաններում հայցը պետք է բավարարվեր 20.000 ԱՄՆ դոլարի չափով, որը համարժեք է 6.200.000 ՀՀ դրամի, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ սույն գործի նյութերում տվյալ փաստը հավաստող որևէ ապացույց առկա չէ:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2009 թվականի վճռին:

2. Էմիլ Ղազարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 735 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (յոթ հարյուր երեսունհինգ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.06.2010
N ԵՔԴ/1104/02/08
Որոշում