i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-558 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-1724
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Վ. Թորոսյան
Ռ. Հակոբյան
ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
քննարկելով Շողիկ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Շողիկ Ղարիբյանի ընդդեմ Թամարա Վարդանյանի, Անահիտ Հակոբյանի, Արսեն Մխիթարյանի, երրորդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված պետական գրանցումը և տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի Շողիկ Ղարիբյանի ընդդեմ Անահիտ Հակոբյանի, երրորդ անձ Արսեն Մխիթարյանի` տան առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
Դիմելով դատարան` Շողիկ Ղարիբյանը պահանջել է վավեր ճանաչել Անահիտ Հակոբյանի հետ կնքված տան առուվաճառքի պայմանագիրը և ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Բայդուկով փողոցի թիվ 17-րդ հասցեի տան նկատմամբ` պատասխանողին վճարելով տան արժեքի չվճարված գումարը:
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 11.09.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2007 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության` Թամարա Վարդանյանին գործին մասնակից չդարձնելու հիմքով:
Մեկ այլ հայցով դիմելով դատարան` Շողիկ Ղարիբյանը պահանջել է անվավեր ճանաչել Անահիտ Հակոբյանի և Թամարա Վարդանյանի միջև 24.07.2006 թվականին կնքված Բայդուկով փողոցի թիվ 17-րդ տան և հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, տրված սեփականության իրավունքի վկայականը և Թամարա Վարդանյանի ընտանիքի հետ միասին վտարել Բայդուկով փողոցի թիվ 17-րդ տնից:
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 21.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանի 07.01.2008 թվականի որոշմամբ վերը նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
Վերաքննիչ դատարանի 11.04.2008 թվականի որոշմամբ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 11.09.2006 թվականի վճիռը բեկանվել և հայցը մերժվել է, իսկ 21.11.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շողիկ Ղարիբյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Թամարա Վարդանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի պահանջը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ, 290-րդ, 296-րդ, 436-րդ, 303-րդ, 304-րդ, 306-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 563-րդ, 163-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Անահիտ Հակոբյանը խուսափել է գործարքի նոտարական վավերացումից:
Վերաքննիչ դատարանի պնդումն այն մասին, որ «Մոնոլիտ Ռիելթի» ՍՊԸ-ի աշխատակից Արսեն Մխիթարյանի կողմից ապօրինություններ թույլ տալու համար ՀՀ Ոստիկանության Շենգավիթ բաժնում նախապատրաստվել են նյութեր, ուստի առուվաճառքի միջնորդական պայմանագիրն անօրինական է և չի կարող առաջացնել իրավական հետևանքներ, անհիմն է, քանի որ վերոհիշյալ պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ և օրենքի պահանջներին համապատասխան կնքված պայմանագիր է, դրա օրինականության հարցը երբևէ չի վիճարկվել:
Վերոգրյալի հիման վրա` վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.04.2008 թվականի որոշումը և փոփոխել այն կամ գործն ուղարկել նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Անահիտ Հակոբյանի և Թամարա Վարդանյանի միջև բնակելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների պահպանմամբ: Հետևաբար, այն անվավեր ճանաչելու հիմքեր չկան: Իսկ պայմանագիրը կնքելիս բնակելի տունը արգելադրված չի եղել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 23.05.2006 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված պայմանագրի համաձայն` Անահիտ Հակոբյանը պարտավորվել է վաճառել, իսկ Շողիկ Ղարիբյանը պարտավորվել է 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով գնել Բայդուկով փողոցի թիվ 17 հասցեի տունը:
2. Շողիկ Ղարիբյանի և Անահիտ Հակոբյանի միջև 24.05.2006 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որով Անահիտ Հակոբյանին տրվել է 13.500 ԱՄՆ դոլար:
3. 24.07.2006 թվականին Անահիտ Հակոբյանի և Թամարա Վարդանյանի միջև կնքվել է Բայդուկովի փողոցի թիվ 17 բնակելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ): Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը մերժելով գործարքը վավեր ճանաչելու մասին հայցապահանջը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Անահիտ Հակոբյանի և Շողիկ Ղարիբյանի միջև 23.05.2006 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված պայմանագիրը, ինչպես նաև Շողիկ Ղարիբյանի և Անահիտ Հակոբյանի միջև 24.05.2006 թվականին կնքված փոխառության պայմանագիրը, որով Անահիտ Հակոբյանին տրվել է 13.500 ԱՄՆ դոլար:
Մասնավորապես` վերոնշյալ պայմանագրերը վկայում են կողմերի միջև տան առուվաճառքի վերաբերյալ գործարքի առկայության, ինչպես նաև այն մասամբ կատարված լինելու` որոշակի գումար վճարված լինելու մասին: Մինչդեռ, հետագայում Անահիտ Հակոբյանը խուսափել է առուվաճառքի գործարքն ավարտին հասցնելուց:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Շողիկ Ղարիբյանի կողմից մասամբ կատարվել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ Անահիտ Հակոբյանը խուսափել է գործարքի նոտարական վավերացումից, հետևաբար, առուվաճառքի գործարքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, ենթակա է վավեր ճանաչման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-240.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան