ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-161 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-4293
Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Գ. Մատինյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի փետրվարի 29-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Մահտեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Մահտեսյանի ընդդեմ Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և բնակարանից վտարելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի` Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև կնքված առուվաճառքին պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է Մայիս Մեհրաբյանի և Գայանե Թադևոսյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի 24/2 շենքի թիվ 3 բնակարանի նկատմամբ ճանաչել դադարեցված և վերջիններիս տարել նշված բնակարանից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մայիս Մեհրաբյանը և Գայանե Թադևոսյանը պահանջել են անվավեր ճանաչել Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև 04.12.1999 թվականի կնքված վերոնշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 09.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը` բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Մահտեսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ի մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասը, որը սեփականության իրավունքի ծագման պահի վերաբերյալ ընդհանուր դրույթ է սահմանում, և չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուկ նորմը, համաձայն որի` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը վիճելի գույքը վաճառքի պահին առկա շուկայական գնից ցածր վաճառված լինելը դիտել է որպես գործարքի շինծու լինելը հիմնավորող ապացույց` անտեսելով այն հանգամանքը, որ գույքի սեփականատերն է որոշում իեն պատկանող գույքի արժեքը:
2. Վերաքննիչ դատարանը չ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցով դատարան դիմելու պահին լրացած է եղել իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը: Այսպես, պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացվել է 2007 թվականին, մինչդեռ վիճելի պայմանագիրը կնքվել է 1999 թվականին: Հետևաբար, հակընդդեմ հայցով պահանջը ենթակա էր մերժման նաև հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2007 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Մայիս Մեհրաբյանի և Արմեն Մահտեսյանի միջև 04.12.1999 թվականին կնքվել է Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի 24/2 շենքի թիվ 3 բնակարանի առուվաճառքի պայմանագիր:
Պայմանագրից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:
2) Քաղաքացիական գործում բացակայում է իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով հակընդդեմ հայցը մերժելու մասին միջնորդություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
i
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տես օրինակ` «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Գաբրիելյանի և Վիոլետա Գաբրիելյանի, Ընկերության և Սերգեյ Գաբրիելյանի միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման 03.03.2005 թվականի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և ըստ հակընդդեմ հայցի` օգտագործման պայմանագիրը շինծու գործարք ճանաչելու պահանջի մասին թիվ 3-89/ՏԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Այսինքն, շինծու գործարքի առկայությունը փաստելու համար, Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ և հիմնավորեր վերոնշյալ փաստերից որևիցե մեկի առկայությունը:
i
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-2504/ՏԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով, Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի պատճառաբանել Պայմանագրի շինծու լինելու մասին հետևությունը:
Հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկները, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քաղաքացիական գործով վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի մոտ ծագել է այդ իրավունքի պետական գրանցման, այլ ոչ թե գույքը գնորդին հանձնելու պահից: Այսինքն, Վերաքննիչ դատարանը անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահը որոշելիս կիրառել է շարժական գույքի նկատմամբ իրավունքների ծագման համար օրենքով սահմանված կանոնը:
Նույնանման փաստական հանգամանքներով գործերի համար դատարանները պետք է նկատի ունենան, որ անշարժ գույքի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագման պահը չի կապվում գույքը հանձնելու հետ և վերջին հանգամանքը որոշիչ չէ սեփականության իրավունքի ծագման իրավաբանական փաստը որոշելու համար:
2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Սույն քաղաքացիական գործով բերված վճռաբեկ բողոքում չհիմնավորվեց գործի դատաքննության ընթացքում Արմեն Մահտեսյանի կողմից հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու փաստը:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան