i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5620/05/15 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5620/05/15 |
2017թ. |
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան |
|
Դատավորներ` Ք. Մկոյան |
|
Գ. Ղարիբյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Տ. Պետրոսյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
|
|
2017 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հարություն Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.07.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հարություն Սարգսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 20.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503502294 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հարություն Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 20.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503502294 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 15.12.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2016 թվականի որոշմամբ Հարություն Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.12.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածը, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 29-րդ, 124-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ծառայության 20.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503502294 որոշմամբ արձանագրված արարքի կատարման պահին Երևան քաղաքի Խորենացի, Բեյրութ, Իտալիա, Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատվածում թիվ 1.3 գծանշման պահանջը պահպանելը հնարավոր չէր: Նշված հանգամանքը հիմնավորվում է նաև Ծառայության պետի 10.02.2016 թվականի գրությամբ, որի համաձայն` այդ խաչմերուկի երկու կողմերի թիվ 1.12 «Կանգ գիծ» գծանշումը 2 մետր հետ է տարվել` Վազգեն Սարգսյան և Բեյրութ փողոցներից տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը դեպի Խորենացի փողոց ավելի դյուրացնելու նպատակով: Հետևաբար Հարություն Սարգսյանը չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության այդ խաչմերուկում թիվ 1.3 գիծը հատելու համար, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2016 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
i
1) Ծառայության 20.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503502294 որոշման համաձայն` Հարություն Սարգսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 10.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Հարություն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «KIA» մակնիշի «25 ՍՍ 352» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 05.08.2015 թվականին` ժամը 15:54-ին, Երևան քաղաքի Խորենացի, Բեյրութ, Իտալիա, Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատվածում չի պահպանել թիվ 1.3 գծանշման պահանջը (հատոր 1-ին, գ.թ. 33).
2) Ծառայության պետի 10.02.2016 թվականի թիվ 17-3-1949 գրության համաձայն` Երևան քաղաքի Խորենացի, Վազգեն Սարգսյան և Բեյրութ փողոցների խաչմերուկի երկու կողմերի թիվ 1.12 «Կանգ գիծ» գծանշումը մոտավորապես 2 մետր հետ է տարվել` Վազգեն Սարգսյան և Բեյրութի փողոցներից տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը դեպի Խորենացի փողոց ավելի դյուրացնելու նպատակով (հատոր 2-րդ, գ.թ. 20):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ճանապարհային գծանշումների պահանջների` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտման համար վարչական պատասխանատվության կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք անձը ենթակա է վարչական պատասխանատվության ճանապարհային գծանշման պահանջների` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտման համար, եթե արարքի կատարման վայրում և պահին տվյալ գծանշման պահանջները ողջամտորեն հնարավոր չէր պահպանել:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Վերոհիշյալ իրավական նորմի բովանդակությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար: Ընդ որում, նշված զանցանքների համար օրենսդիրը որպես վարչական տույժի միջոց է ընտրել տուգանքը` 10.000 ՀՀ դրամի չափով:
i
«Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի 08.11.1968 թվականի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 08.02.2006 թվականին) 4-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` նույն կոնվենցիայի Պայմանավորվող կողմերը (...) պարտավորվում են միջոցներ ձեռք առնել, որպեսզի իրենց տարածքում տեղակայված ճանապարհային նշանները և ազդանշանները, լուսային ճանապարհային ազդանշանները և ճանապարհների գծանշումը կազմեն միասնական համակարգ և պատրաստվեն ու տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի դրանք հեշտությամբ ընկալել:
Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասը կազմող վերոգրյալ միջազգային պայմանագրի վկայակոչված իրավադրույթը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային գծանշումները պետք է կատարվեն այնպես, որ ճանապարհային երթևեկության մասնակիցները հեշտությամբ դրանք ընկալելու հնարավորություն ունենան: Այլ կերպ ասած` ճանապարհային գծանշումների պահանջները պետք է ողջամտորեն ընկալելի լինեն ճանապարհային երթևեկության մասնակիցներին, ինչն էլ հանդիսանում է այդ պահանջների կատարման անհրաժեշտ նախադրյալը: Փաստորեն, ճանապարհային գծանշումները` որպես ճանապարհային երթևեկությունը կարգավորող կարևոր միջոցներ, պետք է օժտված լինեն ընկալելիության և կատարելիության բավարար մակարդակով:
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները:
i
Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթով իրեն վերապահված լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածի 168-րդ կետի համաձայն` ճանապարհային գծանշումները կիրառվում են ինքնուրույն կամ ճանապարհային նշանների և լուսացույցների հետ միասին:
i
Նույն որոշման թիվ 1 հավելվածի 169-րդ կետի համաձայն` ճանապարհային գծանշումները բաժանվում են 2 խմբի` (1) հորիզոնական, (2) ուղղաձիգ, իսկ 170-րդ կետի համաձայն` հորիզոնական գծանշումը երթևեկելի մասի վրա գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ (...):
ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի թիվ 2 Ձևի համաձայն` թիվ 1.3 հորիզոնական գծանշումը չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գծեր), և թիվ 1.3 գիծը հատելն արգելվում է:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումներից է թիվ 1.3 հորիզոնական գիծը, որը սահմանում է երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ. այն է` բաժանում է չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը: Ընդ որում` տրանսպորտային միջոցների վարորդներին արգելված է հատել այդ հորիզոնական գիծը: Փաստորեն, տրանսպորտային միջոցների վարորդների կատարած զանցանքների համար պատասխանատվություն կրող սուբյեկտները կարող են պատասխանատվության ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նաև թիվ 1.3 գծանշման պահանջները չկատարելու, այսինքն` չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը միմյանցից բաժանող գիծը հատելու համար:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ճանապարհային գծանշման պահանջները ողջամտորեն հնարավոր չէ կատարել բնականոն երթևեկության պայմաններում, ապա երթևեկության մասնակիցը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության այդ գծանշման պահանջները չկատարելու համար: Հետևաբար տրանսպորտային միջոցների վարորդների կատարած զանցանքների համար պատասխանատվություն կրող սուբյեկտները թիվ 1.3 գծանշման պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող են ենթարկվել պատասխանատվության միայն այն դեպքում, երբ այդ գծանշման պահանջները հնարավոր է ողջամտորեն կատարել ճանապարհի տվյալ հատվածում: Այլ կերպ ասած` տրանսպորտային միջոցների վարորդների կատարած զանցանքների համար պատասխանատվություն կրող սուբյեկտները չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը միմյանցից բաժանող գիծը հատելու համար չեն կարող ենթարկվել պատասխանատվության, եթե այդ գիծը ճանապարհի տվյալ հատվածում և երթևեկության տվյալ պայմաններում ողջամտորեն հնարավոր չէր չհատել:
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դատողությունները բխում են նաև իրավունքի գերակայության հիմքում ընկած իրավական որոշակիության հանրաճանաչ սկզբունքի էությունից, որի համաձայն` իրավունքի նորմերը պետք է օժտված լինեն հստակության, հասանելիության, կանխատեսելիության որակական հատկանիշներով, ինչի շնորհիվ այդ կանոնի կարգավորման տիրույթում հայտնվող յուրաքանչյուր սուբյեկտ պետք է ի վիճակի լինի իր վարքագիծը համապատասխանեցնել տվյալ նորմի պահանջներին: Այն բոլոր դեպքերում, երբ թիվ 1.3 գծանշման պահանջները ողջամտորեն հնարավոր չէ կատարել, ապա այդ գծանշման պահանջների խախտման համար պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմը, չի կարող կիրառվել. հակառակ պարագայում կառաջանա իրավական որոշակիության սկզբունքի խախտում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների քննարկվող խախտումը հաճախ հայտնաբերվում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով:
i
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (...) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:
i
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, իսկ 5-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:
i
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:
i
Նույն օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում (...):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն` առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե՛ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի համար նախատեսել է միայն երկու փուլ` իրավախախտման հատկանիշների պարզման (հարուցման) և վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների ակնհայտ համընկնման, այդ համընկնման վերաբերյալ որևէ կասկածի կամ վերապահման բացակայության պայմաններում հաստատվում է իրավախախտման փաստը, և բացակայում է նաև իրավախախտման հետ կապված այլ հանգամանքների պարզման, հետևաբար նաև` ընթացիկ փուլի անհրաժեշտությունը (տե՛ս, Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող թիվ 1.3 գծանշման պահանջը չկատարելը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված լինելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտման համար պատասխանատվություն կրող սուբյեկտը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում թիվ 1.3 գծանշման պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտ ընդունելու իրավական նախադրյալից մեկն այն է, որ տվյալ իրավիճակում տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող թիվ 1.3 գծանշման պահանջը կատարելու օբյեկտիվ հնարավորությունը ողջամտորեն կասկած չի հարուցում: Այսինքն` վարչական վարույթում ձեռք բերված լուսանկարի կամ տեսանյութի ուսումնասիրությունից չպետք է կասկած հարուցի նաև այն հանգամանքը, որ տվյալ իրավիճակում տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող թիվ 1.3 գծանշման պահանջը ողջամտորեն հնարավոր էր կատարել:
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշումների համաձայն` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով որևէ իրավակարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, և օրենսդրական համապատասխան կարգավորման բացակայության պարագայում վարչական մարմինը զրկված է այդ կասկածը փարատելու նպատակով ապացույցներ ձեռք բերելու և դրանք գնահատելու հնարավորությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների կասկած հարուցելու դեպքերի վերաբերյալ համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում հարուցված վարչական վարույթների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները (տե՛ս, Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
i
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն բոլոր դեպքերում, երբ վարչական վարույթում ձեռք բերված լուսանկարով կամ տեսանյութով ամրագրված արարքի հատկանիշների ուսումնասիրության արդյունքում տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թիվ 1.3 գծանշման պահանջները կատարելու հնարավորությունը ողջամտորեն կասկած է հարուցում, ապա վարչական մարմինը պարտավոր է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վարչական վարույթի ընթացիկ փուլի շրջանակներում լրիվ և բազմակողմանիորեն պարզել չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը միմյանցից բաժանող գիծը չհատելու օբյեկտիվ հնարավորությունը և միայն այդ դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով անձին ենթարկել վարչական պատասխանատվության թիվ 1.3 գծանշման պահանջները չկատարելու համար:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հարություն Սարգսյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 20.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503502294 որոշումը: Նշված վարչական ակտով Հարություն Սարգսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 10.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Հարություն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «KIA» մակնիշի «25 ՍՍ 352» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 05.08.2015 թվականին` ժամը 15:54-ին, Երևան քաղաքի Խորենացի, Բեյրութ, Իտալիա, Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատվածում չի պահպանել թիվ 1.3 գծանշման պահանջը:
Դատարանը մերժել է Հարություն Սարգսյանի հայցը` Ծառայության կողմից ներկայացված տեսանյութի ուսումնասիրությամբ հաստատված համարելով վիճարկվող վարչական ակտով Հարություն Սարգսյանին վերագրվող իրավախախտման փաստը և գտնելով, որ վերջինս իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության: Միևնույն ժամանակ Դատարանն անհիմն է համարել Հարություն Սարգսյանի այն դիրքորոշումը, որ տվյալ խաչմերուկում անհնար է չհատել թիվ 1.3 գիծը` նշելով, որ «(...) տեսաձայնագրային կրիչի ուսումնասիրությունից պարզորոշ երևում է, որ հայցվորի վարած տրանսպորտային միջոցն ունեցել է հնարավորություն առանց գիծը հատելու շարունակել մանևրը, և առկա չի եղել որևէ խոչընդոտ (...) 1.3 գծանշման պահանջը պահպանելու համար (...)ե:
Վերաքննիչ դատարանը մերժել է Հարություն Սարգսյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության համաձայնելով Դատարանի պատճառաբանությունների հետ:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերից հետևում է, որ Ծառայության 20.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503502294 որոշմամբ Հարություն Սարգսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Երևան քաղաքի Խորենացի, Բեյրութ, Իտալիա, Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող թիվ 1.3 գծանշման պահանջը չկատարելու համար, և այդ արարքը հայտնաբերվել է տեսանկարահանող սարքի միջոցով: Փաստորեն, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար ստորադաս դատարանները պետք է պարզեին այն հարցը, թե արդյոք վարչական մարմնի կողմից ձեռք բերված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած հարուցում է, թե` ոչ: Ընդ որում, Հարություն Սարգսյանը, վիճարկելով վերը նշված որոշումը, ի թիվս այլնի` վկայակոչել է նաև այն փաստարկը, որ Երևան քաղաքի Խորենացի, Բեյրութ, Իտալիա, Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատվածում գտնվող թիվ 1.3 գծանշումն այնպես է կատարված, որ առանց թիվ 1.3 գիծը հատելու հնարավոր չէ անցնել նշված խաչմերուկը Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Խորենացի փողոց ձախ շրջադարձ կատարելիս: Այս համատեքստում Ծառայության 20.08.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1503502294 որոշումը կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, եթե վարչական վարույթում ձեռք բերված տեսանյութի ուսումնասիրության արդյունքում կասկած չհարուցի նաև այն հանգամանքը, որ ենթադրյալ իրավախախտման կատարման պահին` 05.08.2015 թվականին` ժամը 15:54-ին, Հարություն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «KIA» մակնիշի «25 ՍՍ 352» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ողջամտորեն կարող էր կատարել Երևան քաղաքի Խորենացի, Բեյրութ, Իտալիա, Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատվածում գտնվող թիվ 1.3 գծանշման պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոն» («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով (...) և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
Վերոգրյալ իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ: Թեև վարչական դատավարությունում ապացուցման պարտականությունը կրում են կողմերը, սակայն վարչական դատարանը, կաշկանդված չլինելով դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, պարտավոր է գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ և պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ու գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
Մինչդեռ ստորադաս դատարանները ձեռնամուխ չեն եղել սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցի պարզմանը և չեն ձեռնարկել համարժեք միջոցներ ենթադրյալ իրավախախտման կատարման վայրում և պահին տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող թիվ 1.3 գծանշման պահանջը Հարություն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «KIA» մակնիշի «25 ՍՍ 352» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կատարելու օբյեկտիվ հնարավորությունը բացահայտելու ուղղությամբ: Այսինքն` Դատարանը, բավարարվելով միայն վարչական վարույթի արդյունքում ձեռք բերված տեսանյութի ուսումնասիրությամբ, չի ձեռնարկել համարժեք միջոցներ պարզելու համար այն հանգամանքը, թե 05.08.2015 թվականին` ժամը 15:54-ին, Հարություն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «KIA» մակնիշի «25 ՍՍ 352» պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը, մուտք գործելով Երևան քաղաքի Խորենացի, Բեյրութ, Իտալիա, Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկ, ողջամտորեն կարող էր արդյոք կատարել այդ խաչմերուկի հատվածում գտնվող թիվ 1.3 գծանշման պահանջը, թե` ոչ: Մինչդեռ այդ նույն տեսանյութից երևում է, որ նշված խաչմերուկում Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Խորենացի փողոց ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները դժվարանում են պահպանել այդ խաչմերուկի հատվածում գտնվող թիվ 1.3 գծանշման պահանջը` այս կամ այն չափով հատելով այդ գիծը: Այսինքն` միայն սույն գործում առկա տեսանյութի ուսումնասիրությունը բավարար չէ քննարկվող հարցի շուրջ միանշանակ դատողություն կատարելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
i
Ավելին, սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Խորենացի, Բեյրութ, Իտալիա, Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատվածում կատարված գծանշումների խնդրահարույց լինելն ընդունել է նաև Ծառայությունը, քանի որ Ծառայության պետի կողմից 10.02.2016 թվականին տրված գրության համաձայն` Երևան քաղաքի Խորենացի, Վազգեն Սարգսյան և Բեյրութի փողոցների խաչմերուկի երկու կողմերի թիվ 1.12 «Կանգ գիծ» գծանշումը մոտավորապես 2 մետր հետ է տարվել Վազգեն Սարգսյան և Բեյրութի փողոցներից տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը դեպի Խորենացի փողոց ավելի դյուրացնելու նպատակով: Թեև վերոգրյալ ապացույցը ներկայացված է եղել Վերաքննիչ դատարանին, սակայն վերջինս իր որոշմամբ չի անդրադարձել այդ փաստաթղթի գնահատմանը: Այնինչ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն ընդունում է (...) դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ համարում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու միջոցով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցը պարզելու և դրա հիման վրա վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով որոշելու համար:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.07.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Ռ. Հակոբյան |
|
Տ. Պետրոսյան |
|
Ե. Սողոմոնյան |
|
Ն. Տավարացյան |