Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 181-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի
քաղաքացիական և վարչական պալատի որոշում
Վարչական գործ թիվ
ՎԴ/3170/05/12   2017թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/3170/05/12

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սամվել Ալավերդյանի (այսուհետ` Ձեռնարկատեր)` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ձեռնարկատիրոջ հակընդդեմ հայցի` Տեսչության թիվ 10000445 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով Ձեռնարկատիրոջ ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ձեռնարկատիրոջից 6.242.610 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) 23.09.2011 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով Դատարան` Ձեռնարկատերը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 09.07.2011 թվականի թիվ 10000445 ստուգման ակտը:

Դատարանի 15.02.2012 թվականի որոշմամբ վճարման կարգադրությունը վերացվել է և անցում է կատարվել հայցային վարույթի:

Դատարանի 29.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2013 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.07.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.02.2014 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները վերացնելու և այն կրկին բերելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.05.2014 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.08.2014 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վճռաբեկ բողոքը Վերաքննիչ դատարանի 18.12.2013 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատիրոջ ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժ ստացած 16.06.2014 թվականի թիվ ԵԿԴ/0233/01/12 դատավճռով հաստատվել են հանգամանքներ, որոնք էական նշանակություն ունեն սույն վարչական գործով կայացված դատական ակտի վերանայման համար, մասնավորապես` դատահաշվապահական փորձաքննության թիվ 13-0165Դ եզրակացության համաձայն` պարտավորություններն ու տույժերն ընդամենը կազմել են 390.221 ՀՀ դրամ, այլ ոչ թե` 2.987.513 ՀՀ դրամ: Քրեական գործի շրջանակներում նշանակված լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննության համաձայն` Ձեռնարկատիրոջ պարտավորության չափը նույն ժամանակահատվածում կազմել է 924.882 ՀՀ դրամ, մինչդեռ սույն գործով Դատարանի 29.07.2013 թվականի վճռով Տեսչության հայցն ամբողջությամբ բավարարվել է և Ձեռնարկատիրոջից բռնագանձվել է 6.242.610 ՀՀ դրամ:

Ձեռնարկատերը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի 18.12.2013 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելը մերժել է` հիմքում դնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը: Նշվել է, որ տվյալ դեպքում, բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 18.12.2013 թվականի որոշման վերանայման համար որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժ ստացած 16.06.2014 թվականի թիվ ԵԿԴ/0233/01/12 դատավճիռը, որով հաստատվել է, որ Ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունները կազմում են 924.882 ՀՀ դրամ: Վերլուծելով բողոք բերած անձի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով առկա չէ նոր երևան եկած հանգամանք:

i

Ձեռնարկատիրոջ դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածն այն առումով, որով արգելափակվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման, ճանաչվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից 09.07.2011 թվականին կազմված թիվ 10000445 ստուգման ակտով Ձեռնարկատիրոջն առաջադրվել է 6.103.914 ՀՀ դրամի չափով պարտավորություն (հատոր 1-ին գ.թ. 4-10):

2) Դատարանի օրինական ուժ ստացած 29.07.2013 թվականի վճռով Տեսչության հայցը բավարարվել է` Ձեռնարկատիրոջից բռնագանձվել է 6.242.610 ՀՀ դրամ հարկային պարտավորության գումար (հատոր 1-ին գ.թ. 88-94):

3) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժ ստացած 16.06.2014 թվականի թիվ ԵԿԴ/0233/01/12 դատավճռով հաստատվել է, որ Ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմում են 924.882 ՀՀ դրամ (հատոր 3-րդ գ.թ.117):

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ բողոքը` նոր երևան եկած հանգամանքի հիմքով, վարույթ ընդունելը մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի կիրառմամբ (հատոր 3-րդ գ.թ.137-140):

5) Վճռաբեկ բողոքին կից ներկայացված` Սամվել Ալավերդյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածն այն առումով, որով արգելափակվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման, ճանաչվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) այդ դատական ակտը կայացվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքների, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացության, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանության, կեղծ փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը կամ դատավորը գործի քննության առնչությամբ կատարել է հանցագործություն:

Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը կամ սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

Սույն գործով Դատարանը, բավարարելով Տեսչության հայցն ամբողջությամբ` Ձեռնարկատիրոջից բռնագանձել է 6.242.610 ՀՀ դրամ: Ձեռնարկատերը որպես նոր երևան եկած հանգամանք ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժ ստացած 16.06.2014 թվականի թիվ ԵԿԴ/0233/01/12 դատավճիռը, որով հաստատվել է, որ Ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմում են 924.882 ՀՀ դրամ, այլ ոչ թե 6.242.610 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի կիրառմամբ:

i

Սույն գործով Ձեռնարկատերը, որպես նոր հանգամանք ներկայացրել է ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշումը, որով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածն այն առումով, որով արգելափակվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման, ճանաչվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշումը սույն գործով նոր հանգամանք է, քանի որ տվյալ որոշմամբ անվավեր և 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող է ճանաչվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 18.12.2013 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը`

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.12.2013 թվականի թիվ ՎԴ/3170/05/12 որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ՎԴ/3170/05/12
Որոշում