Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԼԵՏ ԱՄԻՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԼԵՏ ԱՄԻՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ...

 

 

020.1310.041016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՄԼԵՏ ԱՄԻՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 4 հոկտեմբերի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Հ. Ամիրյանի և նրա ներկայացուցիչ Ա. Պետրոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի, նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Համլետ Ամիրյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Համլետ Ամիրյանի` 2016 թվականի մայիսի 16-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմն իր` 06.06.2016թ. ՍԴԴԿՈ/2-14 որոշմամբ Համլետ Ամիրյանի անհատական դիմումի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, 223-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի մասով և 229-րդ հոդվածի 3-րդ մասի մասով մերժել է: Նույն որոշմամբ «Համլետ Ամիրյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 223-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք.

2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` պետական շահերի պաշտպանության հարցերով»:

Հիշյալ հոդվածում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2000 թվականի հունիսի 13-ի ՀՕ-71, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-214, 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-36-Ն, 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-107-Ն, 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-153-Ն, 2007 թվականի փետրվարի 21-ի ՀՕ-98-Ն, 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-277-Ն, 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-233-Ն, 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-149-Ն և 2014 թվականի հունիսի 10-ի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքներով:

Վիճարկվող դրույթը ներկայիս խմբագրությամբ ձևակերպումն ստացել է 2014 թվականի հունիսի 10-ի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքով: Ընդ որում, 2000 թվականի հունիսի 13-ին ընդունված`»ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-71 ՀՀ օրենքով օրենսգրքի 223-րդ հոդվածում ներառվել էր նաև գործին մասնակից չդարձված անձի` որպես վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտի վերաբերյալ դրույթը:

Այս իրավակարգավորումը գործել է մինչև 2008 թվականի հունվարի 1-ը: Դրանից հետո ուժի մեջ է մտել 2007 թվականի նոյեմբերի 28-ի` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-277-Ն ՀՀ օրենքը, որի 75-րդ հոդվածի ուժով օրենսգրքի 223-րդ հոդվածում վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկից հանվել է գործին մասնակից չդարձված անձի վերաբերյալ դրույթը:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Երևանի մարզային դատարանի 1919 թվականի մայիսի 27-ի թիվ 79 բանաձևի համաձայն Լուիզա Բալասանյանի հայրը հրապարակային սակարկություններով 26400 ռուբլով ձեռք է բերել Երևան քաղաքի Փ. Բուզանդի փող. թիվ 16 տունն` իր բակով, որի մի մասը (246 քմ մակերեսով հողամասը և 129 քմ մակերեսով շենք-շինությունները) 1932թ. հատկացվել է դիմողի պապին` Ա. Ամիրյանին:

Ա. Ամիրյանի մահվանից հետո տվյալ գույքն անցել է դիմողի հորը` Ռ. Ամիրյանին, իսկ վերջինիս մահից հետո` դիմողի մորը` Ա. Իսկանդարյանին:

Եվ դիմողի պապի 1964 թվականի հոկտեմբերի 9-ի մահվան գրանցման թիվ 696 ակտում, և դիմողի հոր 1989 թվականի հունվարի 11-ի մահվան գրանցման թիվ 25 ակտում նրանց մահվան վայրը նշվել է վերոնշյալ հասցեն:

Դիմողը ծնվել է 1963 թվականի ապրիլի 10-ին և այդ ժամանակահատվածից սկսած հաշվառվել ու որոշ ընդհատումներով մշտապես բնակվել է նշված հասցեում:

Դիմողի մոր` Ա. Իսկանդարյանի մահվանից հետո դիմողը 2015 թվականի ապրիլի 9-ին ստացել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 779 վկայագիրը, համաձայն որի` Ռ. Ամիրյանի ժառանգական գույքը բաղկացած է վերոնշյալ հասցեում գտնվող անշարժ գույքից (245,7 քմ մակերեսով հողամաս և 129,6 քմ մակերեսով շինություններ):

Ժառանգության իրավունքի վկայագիրը դիմողի կողմից ներկայացվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ ստորաբաժանում` պետական գրանցում կատարելու համար, սակայն գրանցման վարույթը 08.05.2015թ. կասեցվել է, քանի որ պարզվել է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2009թ. թիվ ԵԿԴ/0219/02/09 վճռով նշված հասցեի նկատմամբ ճանաչվել է թվով 9 քաղաքացու սեփականության իրավունքը, իսկ Լուիզա Բալասանյանի հակընդդեմ հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2009թ. որոշմամբ վերոնշյալ վճիռը թողնվել է ուժի մեջ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի 09.12.2009թ. որոշմամբ Լուիզա Բալասանյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Դիմողը հիշատակված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզել է, որ իրեն նշված գործով մասնակից չեն դարձրել, ինչի հետևանքով զրկվել է իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու հնարավորությունից` զրկվելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա նշյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորությունից և օրինական ակնկալիքից:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.08.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2009 թվականի որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով Համլետ Ամիրյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության` այն պատճառաբանությամբ, որ առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված պայմանները, իսկ բողոք բերած անձը չի ներկայացրել ապացույցներ` գործին մասնակցող անձ կամ գործին մասնակցող անձանց իրավահաջորդ հանդիսանալու վերաբերյալ: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, քանի որ վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, ով վճռաբեկ բողոք բերելու իրավունք չուներ:

Դատարանի 06.05.2009թ. վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ` սույն գործով դիմող Համլետ Ամիրյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 09.10.2015թ. որոշմամբ վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող վճիռը չի վերաբերում բողոքաբերի իրավունքներին, հետևաբար` վերջինս չի կարող համարվել գործին մասնակից չդարձված անձ:

Որպես հիմնավորում` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ դատական ակտը բողոքարկել են այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ չի կայացվել, հետևաբար` վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն անձանց կողմից, որոնք ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեն:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.11.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Համլետ Ամիրյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Որպես գործին մասնակից չդարձված անձ վճռաբեկ բողոք են ներկայացրել Համլետ Ամիրյանի ներկայացուցիչները և պահանջել բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.04.2016 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/0219/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2009 թվականի որոշման դեմ որպես գործին մասնակից չդարձված անձ Համլետ Ամիրյանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության` այն հիմնավորմամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Դատարանը նշել է, որ տվյալ դեպքում որպես գործին մասնակից չդարձված անձ Համլետ Ամիրյանի ներկայացուցիչների կողմից վճռաբեկության կարգով բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2009 թվականի որոշումը, մինչդեռ վերջիններս, զրկված չլինելով դատարանի 06.05.2009 թվականի վճիռը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունքից, նույն հիմքերով այն վերաքննիչ դատարանում չեն բողոքարկել:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը, որը վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակում չի նախատեսում գործին մասնակից չդարձված անձանց, պատճառաբանել է, որ վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, ով վճռաբեկ բողոք բերելու իրավունք չուներ:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Իր դիրքորոշումը դիմողը հիմնավորում է նրանով, որ օրենսգրքի 223-րդ հոդվածում ուղղակիորեն և հստակ կերպով սահմանված չէ գործին մասնակից չդարձված անձի կողմից դատական ակտը բողոքարկելու իրավունքը, ինչի արդյունքում (պատճառով) օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ ձևավորվել է իրավակիրառական պրակտիկա, համաձայն որի` վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պարագայում գործին մասնակից չդարձված անձը պետք է նախ` առաջին ատյանի դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկի վերաքննիչ քաղաքացիական դատարան, հետո միայն` վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վճռաբեկ դատարան:

Ըստ դիմողի` վիճարկվող դրույթներում գործին մասնակից չդարձված անձի` դատական ակտը բողոքարկելու իրավունքն ուղղակիորեն և հստակ սահմանված չլինելը հնարավորություն է տալիս ՀՀ վճռաբեկ դատարանին մի դեպքում ՀՀ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, իսկ մեկ այլ դեպքում` ՀՀ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու եղանակով այն վարույթ չընդունել: Որպես հակասական իրավակիրառական պրակտիկայի ապացույց` դիմողը վկայակոչում է ԵԿԴ/0978/02/08 գործով կայացված որոշումը, որով ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է գործին մասնակից չդարձված անձի` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու մասին պահանջը:

Դիմողը կարծում է, որ իրավական կատարյալ անորոշություն կառաջանա նաև այն դեպքում, եթե վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող ակտը մի մասով թողնվի օրինական ուժի մեջ, իսկ մի մասով բեկանվի և փոփոխվի, և բեկանված մասով կայացվի գործն ըստ էության լուծող դատական ակտ: Դիմողի կարծիքով, նման պարագայում, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված իրավակիրառական պրակտիկայի` ստացվում է, որ գործին մասնակից չդարձված անձի կողմից առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի չբեկանված մասը պետք է բողոքարկվի վերաքննիչ դատարան, իսկ նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից բեկանված, փոփոխված և գործն ըստ էության լուծող դատական ակտի մյուս մասը պետք է բողոքարկվի վճռաբեկ դատարան:

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկներին` գտնում է, որ օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Իր դիրքորոշումը պատասխանողը փաստարկում է նրանով, որ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառությունը, դրա արդյունքում` իրավական կայունությունը և կանխատեսելիությունն ապահովելու գործառույթի իրականացումը խոչընդոտ չէ, որպեսզի իրավունքի զարգացման համատեքստում վճռաբեկ դատարանը վերանայի իր որոշակի իրավական դիրքորոշումները: Ըստ պատասխանողի` կոնկրետ դեպքում, միայն մեկ գործով է, որ Վճռաբեկ դատարանն ընդունել է գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:

Միաժամանակ, պատասխանողն արձանագրում է, որ տարընկալումներից խուսափելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ 29.07.2015թ. ընդունած թիվ 149 որոշմամբ պարզաբանել է, որ դատական ակտը ենթակա չէ գործին մասնակցող անձի կողմից վճռաբեկ դատարանում բողոքարկման, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել տվյալ ակտը վերաքննիչ դատարանում, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կարող է հանգեցնել դատական պաշտպանության և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված` արդար դատաքննության իրավունքի սահմանափակման:

Պատասխանողը, ընդունելով, որ առկա է դիմողի կողմից ներկայացված հնարավոր տեսական իրավական խնդիրների ռիսկը, արձանագրում է նաև, որ քննարկվող իրավական խնդիրը համապարփակ կերպով կարգավորվում է ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծով:

5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է օրենքի բացի և դրան զուգորդված` իրավական անորոշության խնդիրներ, Սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում պարզել.

- իրավական բացի և իրավական անորոշության վերաբերյալ դիմողի առաջ քաշած մոտեցումների հիմնավորվածությունը,

- ենթադրվող իրավական բացի առկայության պայմաններում անձի իրավունքների պաշտպանության երաշխավորվածության ու իրավական անվտանգության առկա վիճակը,

- վիճարկվող իրավակարգավորման պայմաններում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատաքննության իրավունքների ապահովումը:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև պարզել և գնահատել վիճարկվող դրույթի նշանակությունը` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի պահանջները և գործին մասնակից չդարձված անձանց` դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը:

6. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց ցանկը, որում ներառված չէ գործին մասնակից չդարձված անձը` որպես առանձին սուբյեկտ: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ օրենսգրքի 223-րդ հոդվածում, ի թիվս այլնի, 2000 թվականի հունիսի 13-ին ընդունված` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-71 ՀՀ օրենքով շարադրված խմբագրությամբ ներառվել էր նաև գործին մասնակից չդարձված անձը` որպես վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ: Այս իրավակարգավորումը գործել է մինչև 2008 թվականի հունվարի 1-ը: Դրանից հետո ուժի մեջ է մտել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-277-Ն ՀՀ օրենքը, որով վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկում չնախատեսվեց գործին մասնակից չդարձված անձը:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վարույթը վճռաբեկ դատարանում» վերտառությամբ 5-րդ բաժնի 229-րդ հոդվածի 3-րդ մասը վճռաբեկ բողոք բերելու իրավունքը ճանաչում է նաև գործին մասնակից չդարձված անձանց առնչությամբ` այն պարագայում, երբ նույն բաժնի 223-րդ հոդվածի 1-ին մասը, որը նվիրված է վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց, չի նախատեսում գործին մասնակից չդարձված անձանց` որպես վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներ:

ՀՀ սահմանադրական դատարանը 14.09.2010թ. ՍԴՈ-914 որոշման մեջ արձանագրել է, որ. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 28-ի ՀՕ-227-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` «...թեկուզև գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ կայացնելն այլևս վճռի պարտադիր բեկանման նորմատիվ հիմք չէ, այնուամենայնիվ, դատական պրակտիկայի արդյունքները վկայում են այն մասին, որ բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանը պարզել է, որ բողոքարկվող վճիռը շոշափում է վճռաբեկ բողոք ներկայացրած` գործին մասնակից չդարձած անձի իրավունքները կամ պարտականությունները, բեկանել է տվյալ վճիռը` դատարանի կողմից գործին մասնակից չդարձած անձանց իրավունքները կամ պարտականությունները շոշափող վճիռ կայացնելը դիտարկելով որպես վճռի պարտադիր բեկանման հիմք: Ընդ որում, նման դիրքորոշման համար իրավական հիմք են հանդիսացել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որոնք անմիջականորեն կիրառվել են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, և որոնց հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է արդար դատաքննության, կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտումը: Նման իրավակիրառական պրակտիկան վկայում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում օրենսգրքի` վճռի բեկանման պարտադիր հիմքերի ցանկից գործին մասնակից չդարձած անձանց առնչվող դրույթը բացառելը չի խոչընդոտում գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությանը»:

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր`14.09.2010թ. ՍԴՈ-914 որոշման մեջ արտահայտած`վերը նշված իրավական դիրքորոշումը, միաժամանակ գտնում է, որ նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև քննության առարկա գործի շրջանակներում և վերաբերելի է գործին մասնակից չդարձված անձանց` իրենց իրավունքները շոշափող`վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավունքին: Նման դիրքորոշման համար հիմք է հանդիսանում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասը, որով գործին մասնակից չդարձված անձանց ուղղակիորեն վերապահվում է վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավունք:

7. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է նաև, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասում ձևականորեն առկա է օրենքի բաց, սակայն առկա է նաև այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիք: Որպես այդպիսի երաշխիք է հանդես գալիս օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասը:

Միաժամանակ, առաջնորդվելով իր` 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներով` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է տարբեր իրավակիրառական պրակտիկա: Խոսքը վերաբերում է թիվ ԵԿԴ/0978/02/08 քաղաքացիական գործին, որի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը 2010 թվականին որոշում է կայացրել, որով բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության: Դատական պրակտիկայի շրջանակներում ուսումնասիրված մնացած բոլոր դեպքերում գործերի փաստական հանգամանքները նույնական չեն դիմողի գործի փաստական հանգամանքների հետ:

Այսուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ պետք է բացառվի հակասական իրավակիրառական պրակտիկայի ցանկացած դրսևորում և պետք է երաշխավորվի օրենքի միատեսակ կիրառության սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի և 229-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների միջև առկա չէ որևէ ներքին հակասություն, քանի որ 229-րդ հոդվածի 3-րդ մասը, ի լրումն 223-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սուբյեկտների, նախատեսում է վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող ևս մեկ սուբյեկտի` գործին մասնակից չդարձված անձանց, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ է կայացվել: Հետևաբար, օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասի առկայության պարագայում օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` վճռաբեկ բողոք բերող սուբյեկտների ցանկն սպառիչ չէ, և օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասը պետք է կիրառվի նույն օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի հետ համադրված:

8. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր մի շարք որոշումներում (Waite and Kennedy v. Germany, N 26083/94, «59, Tsalkitzis v. Greece, N 11801/04,» 44 և այլն) անդրադարձել է անձանց` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հիմնախնդիրներին: Այս կապակցությամբ, մասնավորապես, Cornea v. Moldova (Application N 22735/07) գործի շրջանակում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված անձանց` դատարանի մատչելիության իրավունքը նույնպես երաշխավորված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով, այն բացարձակ չէ և կարող է որոշ դեպքերում ենթարկվել սահմանափակումների: Սակայն դատարանը պետք է համոզվի, որ կիրառվող միջոցներն արգելք չեն ստեղծում անձի համար իրավասու դատարանում պաշտպանելու իր իրավունքը:

Գործին մասնակից չդարձված անձանց կողմից վճռաբեկ բողոք բերելու ինստիտուտի առավել ամբողջական կարգավորման անհրաժեշտությունից ելնելով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը պարտավոր է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետագա փոփոխությունների ժամանակ հաշվի առնել սույն որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հաղթահարելու համար օրենսգրքի 223 և 229-րդ հոդվածների իրավակարգավորումների միջև թվացյալ անհամապատասխանությունը:

Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում այն հանգամանքը, որ ըստ ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ Ն-863 բացատրության` քննարկվող իրավական խնդիրը համապարփակ կերպով նախատեսվում է կարգավորել օրենսգրքի նոր նախագծով, որն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգում: Մասնավորապես, վերջինիս 346-րդ հոդվածը վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շարքում ներառել է նաև գործին մասնակից չդարձված անձանց:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորումները պետք է բխեն նաև 2015թ. ՀՀ սահմանադրական փոփոխությունների այն տրամաբանությունից, համաձայն որի` Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց հետո 171-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնական գործառույթներից է լինելու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց ցանկը` նույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասի առկայության պարագայում սպառիչ չէ և չի արգելափակում գործին մասնակից չդարձված անձանց` վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունքը, երբ այդ ակտերը վերաբերում են տվյալ անձանց իրավունքներին ու պարտականություններին:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի հիման վրա դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, քանի որ նույն օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

4 հոկտեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1310

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.10.2016
N ՍԴՈ-1310
Որոշում