Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 48-ՐԴ, 61...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 48-ՐԴ, 61-ՐԴ, 62-ՐԴ, 7 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԵԿԴ/0281/01/10

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0281/01/10

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

    Դատավորներ`        Մ. Սիմոնյան

                       Ա. Դանիելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    2011 թվականի մայիսի 11-ին                          ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սվետլանա Սեդրակի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հունվարի 24-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս. Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2010 թվականի հուլիսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 13134310 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2010 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ Սվետլանա Սեդրակի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2010 թվականի հոկտեմբերի 25-ին Ս. Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով ամբաստանյալ Ս.Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել է ազատազրկման 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Գ.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հունվարի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Գրիգորյանը, որը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մարտի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ամբաստանյալ Ս. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ խարդախության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2008 թվականի սեպտեմբերի 12-ին չարաշահել է Սվետլանա Նիազյանի վստահությունը, վերջինիս որդուն` Սարգիս Ասատրյանին, պատժի կրումից ազատելու պատրվակով Երևան քաղաքում գործող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Վարդանանց մասնաճյուղում խաբեությամբ նրանից վերցրել է 900.000 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար և խարդախությամբ հափշտակել այն` վերջինիս պատճառելով խոշոր չափերի` 900.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

6. Քրեական գործում առկա է քննիչ Գ.Գևորգյանի կողմից կազմված տեղեկանքը հետևյալ բովանդակությամբ. «(...) թիվ 1314310 քրեական գործով կասկածյալ Սվետլանա Գրիգորյանը հայտարարեց, որ աջ ձեռքը վնասված է և բոլոր իրեն վերաբերող փաստաթղթերում ստորագրեց ձախ ձեռքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 39):

7. Քրեական գործում առկա է նաև քննիչ Գ.Գևորգյանի կողմից կազմված տեղեկանքը հետևյալ բովանդակությամբ. «(...) թիվ 1314310 քրեական գործով կասկածյալ Սվետլանա Գրիգորյանի փաստաբանի, պաշտպանի` Սուսաննա Հարությունյանի կանչով Կենտրոնի քննչական բաժին են ժամանել 1-03-ի բուժօգնության աշխատակիցները և Ս.Գրիգորյանին զննելուց հետո բժիշկ Վլադիմիր Բարխուդարյանը հայտարարեց, որ վերջինիս տեղափոխում են Երևանի թիվ 2 կլինիկական հիվանդանոց` ռենտգեն հետազոտության նպատակով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 40):

8. Ոստկանության մայոր Ա.Վարդանյանի զեկուցագրի համաձայն. «(...) Շտապ օգնությունը բուժօգության է տեղափոխել Սվետլանա Գրիգորյանին` 52 տարեկան, աջ արմունկի հոդի սալջարդ վերքով, վերջույթների բազմաթիվ կապտուկներով, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն վնասվածքը հասցրել են ոստիկանության աշխատակիցները» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 43):

9. Բժիշկ-վնասվածքաբան Է.Պատվականյանի կողմից տրված տեղեկանքի համաձայն. «(...) Կլինիկա-ռենտգենաբանական հետազոտությունից հետո ախտորոշվել է` աջ արմնկահոդի սալջարդ, վերջույթների և մեջքի շրջանի բազմաթիվ կապտուկներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 45):

10. Նախաքննության մարմնի 2010 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 52):

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում կազմված թիվ 1740 եզրակացության համաձայն. «Ս. Գրիգորյանի ստացած մարմնական վնասվածքները` (...), հասցվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է նշված ժամկետում, որոնք ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին-առանձին առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 110):

11. 2010 թվականի հուլիսի 21-ին Ս.Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «2010 թվականի հուլիսի 14-ին` ժամը 11.30-ի սահմաններում, Երևան քաղաքի ոստիկանության քաղաքային վարչության աշխատակիցներ Բաբկեն Հովհաննիսյանը, Աշոտ Հարությունյանը և մյուսները, (...) ծեծի և խոշտանգման արդյունքում մարմնական վնասվածքներ պատճառելով, ապօրինի կերպով, առանց պատշաճ ծանուցագրի, հիմքերի, տնային հագուստով և ոտաբոբիկ, բռնի կերպով բերման ենթարկելու միջոցով բերել են քաղաքային վարչություն (...): Ի դեպ, ինձ վրա հարձակումը կատարվել է Բաբկեն Հովհաննիսյանի կողմից, երբ ես գտնվել եմ հայրական տան բակում գտնվող փակ դռնով լոգարանում, դուռը ջարդելու, 2 աշխատակիցների հետ վայրագ ձևով թևերս ոլորելու, քաշքշելու, ջարդոտելու, վնասվածքներ պատճառելու, գլխիս հարվածելու և հետևից կոպտորեն հրելու, ոտքերիս հարվածելու միջոցով բակում գտնվող ողջ ժողովրդի աչքի առաջ տանից 50 մետր հեռավորության վրա գտնվող մեքենան քարշ տալու միջոցով (...): Եվ որ կարևորն է, նրանց էր միացել երիտասարդ մի կին, որը աշխատակիցների թողտվությամբ և ողջ ժողովրդի աչքի առաջ, ինձ մեքենա նստեցնելու պահին, ձեռքի պայուսակով երկու անգամ գլխիս հարվածելով: (...) Մինչև ժամը 18.00-ին քաղաքային վարչությունում գտնվելու ժամանակ ինձ է մոտեցել գլխիս հարվածող կինը (...), որից հետո նույն Բաբկեն Հովհաննիսյանը կրկին գլխիս (գանգի ստորին մասը) և թևերս ձեռքերով հարվածելու, ոլորելու, սեղմելու, հրելու, վերելակի մոտ ընկնելուս պահին, ոտքերով մերկ ոտքերիս թաթերին հարվածելու միջոցով, քարշ տալով նստեցրել է իր մեքենան և բերել Կենտրոն քննչական բաժին: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 95):

12. Նախաքննության մարմնի 2010 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Ս. Գրիգորյանի մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ նյութերն անջատվել են թիվ 13134310 քրեական գործից և հանձնվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` ըստ ենթակայության (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 145):

13. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը.

«Դատարանը պատիժ սահմանելիս հաշվի է առնում նրա կատարած հանցանքի խոշոր չափերով կատարված խարդախության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը ու ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները: Դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու անձը բնութագրող հանգամանքներ դիտում է այն, որ ամբաստանյալ Սվետլանա Գրիգորյանը հանցանքը կատարում է առաջին անգամ, ընդունում է կատարած հանցանքը և զղջում դրա համար, մասնակի վերականգնել է տուժողին պատճառված նյութական վնասը: Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Կատարած արարքի համար ամբաստանյալ Սվետլանա Գրիգորյանը ենթակա է պատժի` ազատազրկման ձևով, նկատի ունենալով նրա արարքի կատարման վտանգավորությունը` այն, որ իր գործողություններով խաթարել է նաև արդարադատության հեղինակությունը, դատարանը գտավ, որ ամբաստանյալը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 83):

14. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Ս.Գրիգորյանի շահերի պաշտպանը խնդրել է «[Ս.Գրիգորյանի] նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկման ձևով երկու տարի ժամկետով և ՀՀ ԱԺ-ի կողմից 19.06.2009թ.-ին ընդունված համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն ազատել պատժի կրումից» կամ «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ [Ս.Գրիգորյանի] նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 98):

15. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Բողոք բերած անձը վերաքննիչ դատարանին է ներկայացրել տուժող Կարինե Ասատրյանի կողմից տրված ստացականը, ըստ որի` ամբաստանյալի կողմից ամբողջությամբ արդեն իսկ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ և 70-րդ հոդվածների համատեքստում քննության առնելով ամբաստանյալ Սվետլանա Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատժի հարցը, հանգում է այն հետևության, որ դատարանը, պահպանելով օրենսդրի վերը նշված հոդվածների պահանջները, ամբաստանյալի նկատմամբ նշանակել է արդարացի և համաչափ պատիժ, և այն մեղմացման առումով փոփոխելու հիմքեր չկան: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատարանը սույն գործի շրջանակներում հանգել է այն ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալն իր նկատմամբ նշանակված պատիժը պետք է կրի և կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, և այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 118):

16. Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է թվով տասը լուսանկար` կոտրված դռան փականի և Ս. Գրիգորյանի նկատմամբ կիրառված բռնության հետքերի պատկերներով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

17. Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ, 70-րդ հոդվածների պահանջները և նշանակել են ակնհայտ խիստ պատիժ, ինչպես նաև խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 399-րդ հոդվածների պահանջները:

Ըստ բողոքաբերի` «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը տարածվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, ուստի իր նկատմամբ վերոնշյալ համաներման ակտը չկիրառելու և իրեն պատժի կրումից չազատելու նպատակով դատարանները սահմանել են 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, մինչդեռ համաներման ակտ չընդունվելու պարագայում իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի շրջանակներում կնշանակվեր համաչափ և արդարացի պատիժ:

Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել իր պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են նախաքննության ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը, առաջին իսկ կանչով ներկայանալը և այլն:

18. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմանը` բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չի անդրադարձել իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման նպատակահարմարության հարցին, իսկ Վերաքննիչ դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել օրենքով ամրագրված հիմնարար սկզբունքները:

19. Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարաններն անտեսել են գործում առկա բժշկական և այլ տվյալները, որոնցով հաստատվել է իր նկատմամբ բռնություններ և այլ մեթոդներ կիրառելու հանգամանքը, բացի այդ, նախաքննության մարմինն իր դիմումների և բողոքների վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` ոստիկանության բռնությունների հետևանքով ինքն ստացել է մի շարք մարմնական վնասվածքներ, ծեծի միջոցով իրեն հարկադրել են ստորագրել ինչ-որ ցուցմունքների տակ: Արդյունքում բռնության ազդեցության տակ կորզվել են ցուցմունքներ, և կազմվել են հարցաքննության ոչ օբյեկտիվ արձանագրություններ, որոնք չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում:

20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի որոշումը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության կամ իր նկատմամբ նշանակել այլ պատժաչափ, կիրառել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը և իրեն ազատել պատժի կրումից կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

21. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերն ըստ էության երկու իրավական հարց է բարձրացրել, որոնցից առաջինն առնչվում է իր նկատմամբ նշանակված պատժի արդարացիությանը, երկրորդը` իրեն բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ կիրառված բռնությանը և վատ վերաբերմունքին: Այլ կերպ` բողոքաբերի առաջին հարցն առնչվում է նյութական իրավունքի ենթադրյալ խախտմանը, որը դրսևորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ, 70-րդ հոդվածների պահանջների չկիրառմամբ, իսկ երկրորդը` դատավարական իրավունքի ենթադրյալ խախտմանը, որը դրսևորվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածներից, ՀՀ Սահմանադրության 17-րդ և 22-րդ հոդվածներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասից բխող պահանջների չպահպանմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ դատավարական խախտումը հաստատված ճանաչելու պարագայում այն կարող է ազդեցություն ունենար բողոքաբերին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության և հետևաբար նաև նրա նկատմամբ նշանակված պատժի վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը:

22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում որևէ փաստարկ չկա ամբաստանյալի նկատմամբ կիրառված խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ: Այսինքն` վերոնշյալ դատավարական իրավունքի խախտման հանգամանքը վերաքննիչ դատարան չի բողոքարկվել (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը), մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Հաշվի առնելով, սակայն, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի բացարձակ բնույթը և այն հանգամանքը, որ պետական մարմինները պարտավոր են քննության առնել վատ վերաբերմունքի վերաբերյալ վստահելի հայտարարությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարական իրավունքի խախտման մասով բողոքաբերի բողոքը ենթակա է քննության: Այլ կերպ` ենթադրյալ խոշտանգումների վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու պահանջն ավելի բարձր իրավական արժեք ունի, քան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատավարական արգելքը, պայմանով, որ խոշտանգման վերաբերյալ հայտարարությունը համապատասխանում է վստահելիության չափանիշին: Սույն գործով Ս.Գրիգորյանի հայտարարության վստահելի լինելը հիմնավորվում է ինչպես սույն գործի նյութերով (տե՛ս սույն որոշման 6-12-րդ կետերը), այնպես էլ վճռաբեկ բողոքին կից ներկայացված լուսանկարներով (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):

23. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդման առկայության պայմաններում արագացված դատական քննություն կիրառելու իրավական ընթացակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանն արդյո՞ք կարող էր կիրառել դատական քննության արագացված կարգ այն դեպքում, երբ ամբաստանյալը հաղորդում էր ներկայացրել իր նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի վերաբերյալ:

25. Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` «սույն Կոնվենցիայի նպատակների համար «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք` նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ: Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց»:

Մեջբերված դրույթից բխում է, որ խոշտանգումը վատ վերաբերմունքի այլ ձևերից` դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքից, տարբերվում է նրանով, որ ունի կոնկրետ նպատակներ, որոնցից մեկը ցուցմունք ստանալն է: Այսինքն` այն բռնությունը, որը վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրառվում է անձից ցուցմունքներ կորզելու նպատակով, պետք է բնորոշվի որպես խոշտանգում:

26. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Այս դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացառությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթներից»:

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ խոշտանգման բոլոր գործողություններն իր քրեական օրենսդրությանը համապատասխան քննության առնվեն որպես հանցագործություններ: Նույնը վերաբերում է խոշտանգման ենթարկելու փորձին, ինչպես նաև ցանկացած անձի այն գործողություններին, որոնք ներկայանում են որպես մասնակցություն կամ գործակցություն խոշտանգմանը»:

27. ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:

28. ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով»:

29. Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի (վատ վերաբերմունքի) արգելքի բացարձակ բնույթի և այդ կապակցությամբ պետության պոզիտիվ պարտականությունների հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Գզոյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ. «(...) խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ բնույթ է կրում: (...):

Խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը:

Պոզիտիվ գործողություններ կատարելու պահանջը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված պահանջից, (...):

[Վերոնշյալ] հոդվածում կիրառվող` «ապահովել» բառը ենթադրում է այնպիսի միջոցներ ձեռնարկելու պոզիտիվ պարտականություն, որոնց արդյունքում կապահովվի իրավունքների երկուստեք` օրենսդրական և գործնական պատշաճ պաշտպանություն: (...)» (տե՛ս Արայիկ Գզոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 22-րդ և 23-րդ կետերը):

30. Սույն որոշման նախորդ կետում շարադրված հանգամանքից բացի, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կիրառման արդյունքում լուրջ կասկածի տակ է դրվում նման վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունը:

Ապացույցների թույլատրելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա. Սարգսյանի վերաբերյալ որոշման մեջ և իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում» (տե՛ս Արմեն Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի` ԵՔՐԴ /0295/01/08 որոշման 15-րդ կետը):

31. Սույն որոշման 25-30-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումներից հետևում է, որ քրեական դատավարությունում որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ, մասնավորապես` անձի նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կիրառմամբ ձեռք բերված փաստական տվյալները:

32. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ գործով նախաքննության ընթացքում Ս.Գրիգորյանը հայտարարել է, որ աջ ձեռքը վնասված է, և բոլոր իրեն վերաբերող փաստաթղթերում ստորագրել է ձախ ձեռքով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Բացի այդ, գործով նախաքննության ընթացքում Ս.Գրիգորյանը ռենտգեն հետազոտության նպատակով տեղափոխվել է Երևանի թիվ 2 կլինիկական հիվանդանոց, որտեղ հայտարարել է, որ իրեն վնասվածքը հասցրել են ոստիկանության աշխատակիցները (տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը):

Ս. Գրիգորյանի հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ առկա են աջ արմնկահոդի սալջարդ, վերջույթների և մեջքի շրջանի բազմաթիվ կապտուկներ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Նախաքննության մարմնի որոշմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Ս.Գրիգորյանի ստացած մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է նշված ժամկետում, և, ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին-առանձին, առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Ս. Գրիգորյանն իր նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությանը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Նախաքննության մարմնի 2010 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Ս. Գրիգորյանի մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ նյութերն անջատվել են թիվ 13134310 քրեական գործից և ըստ ենթակայության հանձնվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով նախաքննության ընթացքում Ս.Գրիգորյանը հայտնել է ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին: Ս. Գրիգորյանի այս հաղորդման վերաբերյալ նյութերն անջատվել են առանձին վարույթում:

33. Սույն որոշման 31-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 32-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր նկատմամբ խոշտանգումներ կիրառելու վերաբերյալ վստահելի հայտարարություն անելով` Ս. Գրիգորյանն ըստ էության կասկածի տակ է դրել սույն գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված որոշակի ապացույցների թույլատրելիությունը: Դրա հետ մեկտեղ, սակայն, Ս. Գրիգորյանին խոշտանգելու և հետևաբար նաև այդ խոշտանգման արդյունքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցի կապակցությամբ վերջնական որոշում չի կայացվել:

34. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «(...) դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`

1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և

2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և

3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին: (...)»:

35. Մեջբերված քրեադատավարական դրույթի վերլուծությունից երևում է, որ մի շարք հանգամանքների առկայության դեպքում դատարանը չի կարող կիրառել դատական քննության արագացված կարգ: Այդպիսի հանգամանքների թվին է դասվում այն դեպքը, երբ միջնորդությունը կամավոր չէ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արագացված դատական քննություն կիրառելու միջնորդության կամավորությունը ենթադրում է, որ առկա չեն ողջամիտ հիմքեր կասկածի տակ դնելու ամբաստանյալի կամարտահայտության համապատասխանությունը նրա բուն կամքին:

Որպես ընդհանուր կանոն, կանխավարկածն այն է, որ ամբաստանյալի կամարտահայտությունը համապատասխանում է նրա բուն կամքին: Սակայն այս կանխավարկածը կարող է հաղթահարվել մեծ կարևորության իրավական արժեքի առկայության դեպքում, մասնավորապես` նախկինում խոշտանգված լինելու չփարատված կասկածի առկայության դեպքում:

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խոշտանգման արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է նաև, որ ենթադրյալ խոշտանգման փաստով պատշաճ քննության իրականացումը, որպես մարդու հիմնարար իրավունք, անօտարելի հանրային-իրավական արժեք է, և անձը չի կարող իր կամարտահայտությամբ դրանից հրաժարվել: Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն հաստատուն մոտեցման վրա, որ ենթադրյալ խոշտանգման փաստի առիթով պատշաճ քննության իրավական պահանջի բացակայության պայմաններում խոշտանգման և վատ վերաբերմունքի իրավական արգելքը գործնականում արդյունավետ չի կարող լինել (Տես, օրինակ, Լաբիտան ընդդեմ Իտալիայի գործով Մեծ պալատի վճիռը, կետ 131, Դիկմեն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը, կետ 101):

36. Նշվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խոշտանգման մասին մեղադրյալի կողմից նախկինում արված վստահելի հայտարարության փաստն ինքնին ողջամտորեն կասկածի տակ է դնում արագացված դատական քննություն կիրառելու միջնորդության համապատասխանությունը նրա բուն կամքին: ՈՒստի, նման դեպքերում դատարանը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով մերժի արագացված դատական քննություն կիրառելու վերաբերյալ մեղադրյալի միջնորդությունը և գործի քննությունն իրականացնի ընդհանուր կարգով:

37. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի 2010 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Ս. Գրիգորյանի մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ նյութերը հանձնվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` ըստ ենթակայության (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Առաջին ատյանի դատարանը կիրառել է դատական քննության արագացված կարգ, այսինքն` չի իրականացրել գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն, այլ միայն քննարկել է Ս.Գրիգորյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները և չի անդրադարձել Ս.Գրիգորյանի նկատմամբ վատ վերաբերմունք կիրառելու հարցին (տե՛ս սույն որոշման 2-րդ և 13-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, և այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ ո՛չ Առաջին ատյանի, ո՛չ Վերաքննիչ դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Ս. Գրիգորյանն իր նկատմամբ կիրառված խոշտանգումների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել: Դատարանները հաշվի չեն առել նաև այն, որ այդ հաղորդումը գտնվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում, և վերջինս դեռևս որոշում չի կայացրել Ս. Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումներ կիրառելու փաստի հաստատման կամ մերժման վերաբերյալ:

38. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 35-36-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը իրավասու չէր արագացված կարգ կիրառելու միջնորդությունը ճանաչել կամավոր ու բավարարել այն պայմաններում, երբ ամբաստանյալը վստահելի հաղորդում էր ներկայացրել իր նկատմամբ կիրառված խոշտանգման վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա դատական ակտը բեկանելու հիմք է հանդիսանում:

39. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված` նյութական իրավունքի ենթադրյալ խախտման հարցին, որը դրսևորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ, 70-րդ հոդվածների պահանջների չկիրառման և արդյունքում Ս. Գրիգորյանի նկատմամբ ակնհայտ խիստ պատիժ նշանակելու ձևով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 35-րդ կետում արձանագրված դատավարական խախտումն ուղղակի ազդեցություն է ունեցել բողոքաբերին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության և արդյունքում նաև բողոքաբերի նկատմամբ նշանակված պատժի վրա, ուստի անհնար է անդրադառնալ բողոքաբերի կողմից բարձրացված նյութական իրավունքի խախտման հարցին: Վերջինիս հնարավոր է անդրադառնալ միայն սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից թույլ տրված դատավարական խախտումը վերացնելուց հետո:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սվետլանա Սեդրակի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հունվարի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.05.2011
N ԵԿԴ/0281/01/10
Որոշում