Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 344...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 331-ՐԴ, 344-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԱՔԴ/3276/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3276/02/14   2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մայիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աղասի Գրիգորյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Խանջյանի ընդդեմ Աղասի Գրիգորյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման, որպես ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ նույն բնակարանի ամուսնու բաժնից մնացած 1/2 բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և նույն չափով պատասխանողի անվամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Աղասի Գրիգորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սուսաննա Խանջյանի` Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուսաննա Խանջյանը պահանջել է վերականգնել իր սեփականության իրավունքը Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանի 1/2 մասի նկատմամբ և որպես ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգի իրեն ճանաչել նույն բնակարանի ամուսնու բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և նույն չափով անվավեր ճանաչել Աղասի Գրիգորյանի անվամբ կատարված պետական գրանցումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Աղասի Գրիգորյանը պահանջել է Սուսաննա Խանջյանին վտարել Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանից:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 11.08.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2016 թվականի որոշմամբ Աղասի Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.08.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աղասի Գրիգորյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Խանջյանի ներկայացուցիչ Ռոբերտ Գրիգորյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է նույն օրենսգրքի 344-րդ հոդվածը, «Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի դրույթները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 52-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմություն չի կիրառել այն պատճառաբանությամբ, որ հայցվորը դիմել է դատարան իր սեփականության իրավունքը պատասխանողի կողմից խախտված լինելու կապակցությամբ, հետևաբար այն դասվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածով սահմանված` հայցային վաղեմություն չկիրառվող պահանջների թվին:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցի պարզաբանմանը, թե արդյոք հայցվորն ընդհանրապես ունեցել է գրանցված սեփականության իրավունք, և արդյոք գործկոմի նիստի արձանագրությունը բավարար է արձանագրելու այդ փաստը, թե պետք է ներկայացվեր սեփականության իրավունքի ճանաչման հայց:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, թե ըստ էության Սուսաննա Խանջյանը, երբ է իմացել իր ենթադրյալ խախտված իրավունքների մասին և երբվանից պետք է հաշվել հայցային վաղեմության ժամկետը: Սույն գործի նյութերից երևում է, որ հայցվորն իր ենթադրյալ խախտված իրավունքների մասին իմացել է դեռևս 1992 թվականից, երբ սեփականությունը գրանցվել է միայն ամուսնու անվամբ, սակայն երբևէ չի վիճարկել այդ գրանցումները: Նա նաև տեղյակ էր, որ ամուսինն այդ բնակարանը կտակել է թոռանը` Աղասի Գրիգորյանին: 14.11.2004 թվականին մահացել է ամուսինը, մինչդեռ նա որևէ միջոց չի ձեռնարկել գույքի նկատմամբ համասեփականատեր ճանաչվելու և ժառանգության համար նոտարական գրասենյակ դիմելու համար: Ավելին, 18.10.2006 թվականին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Աղասի Նորիկի Գրիգորյանը ճանաչվել է Աղասի Ալեքսանի Գրիգորյանի` ըստ 30.04.1992 թվականի կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ամբողջ գույքի նկատմամբ: Այսինքն` ըստ կտակի ժառանգական զանգված է դիտվել ամբողջ բնակարանը` գույքով հանդերձ: Նշված քաղաքացիական գործի նյութերից երևում է, որ 2007 թվականի վճռի պարզաբանման ժամանակ վերջինս ներկա է եղել դատական նիստին և որևէ պահանջ չի ունեցել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ 01.06.2005 թվականին Սուսաննա Խանջյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե (այսուհետ` Կադաստր) պարզելու, թե ովքեր են Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ բնակարանի սեփականատերերը: Կադաստրի 03.06.2005 թվականի գրությամբ տրվել է հստակ պատասխան, որ նշված հասցեի միակ սեփականատերը Աղասի Ալեքսանի Գրիգորյանն է:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները և գործում առկա ապացույցները գնահատելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, կայացրել է հիմնավոր դատական ակտ, իսկ սույն վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորելու համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀԽՍՀ ժողովրդական դեպուտատների Երևանի 26 Կոմիսարների շրջանային գործադիր կոմիտեի կողմից 11.04.1984 թվականին տրված օրդերի համաձայն` Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանը տրամադրվել է Աղասի Ալեքսանի Գրիգորյանի մեկ մարդուց բաղկացած ընտանիքին: Նշված բնակարանի հիման վրա Աղասի Գրիգորյանը զբաղեցրել է նշված բնակարանը, և նշված օրդերի հիման վրա ստացել է բնակելի տարածության իրավունք (հատոր 2-րդ, գ.թ. 121):

2) Ամուսնության թիվ 267283 վկայականի համաձայն` Աղասի Ալեքսանի Գրիգորյանը և Սուսաննա Մարտինի Խանջյանն ամուսնացել են 15.01.1986 թվականին, ինչի մասին կատարվել է թիվ 36 գրանցումը (հատոր 2-րդ, գ.թ. 71):

3) ՀԽՍՀ Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների 26 Կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի (այսուհետ` Գործադիր կոմիտե) նիստի 26.03.1992 թվականի արձանագրությունից կատարված քաղվածքի համաձայն` Գործադիր կոմիտեն, հիմք ընդունելով այն փաստը, որ Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանի վարձակալ Աղասի Ալեքսանի Գրիգորյանն ընտանիքի երկու անձով դիմել է Գործադիր կոմիտեին զբաղեցրած հիշյալ բնակարանը որպես սեփականություն անհատույց հանձնելու համար, ՀՀ նախարարների խորհրդի և արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 04.03.1991 թվականի և Երքաղխորհրդի գործկոմի 24.05.1991 թվականի «Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների և որոշ կատեգորիայի քաղաքացիների բնակարանները որպես սեփականություն նրանց հանձնելու մասին» թիվ 155 և թիվ 8/56 որոշումների համաձայն` Երևան քաղաքի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի մեկսենյականոց բնակարանն անհատույց սեփականաշնորհվել է Աղասի Ալեքսանի Գրիգորյանի անվամբ` որպես Հայրենական Մեծ Պատերազմի մասնակցի (հատոր 1-ին, գ.թ. 10):

4) 06.04.1992 թվականին տրված սեփականության թիվ 4290 վկայագրի համաձայն` Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի մեկսենյականոց բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Աղասի Ալեքսանի Գրիգորյանին, հիմք` Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի 26.03.1992 թվականի թիվ 5/12 որոշումը (հատոր 2-րդ, գ.թ. 98):

5) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 19.11.2004 թվականի թիվ 1003603 վկայականի համաձայն` Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանի նկատմամբ գրանցվել է Աղասի Ալեքսանի Գրիգորյանի սեփականության իրավունքը, հիմք` Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի 26.03.1992 թվականի թիվ 5/12 որոշումը (հատոր 2-րդ, գ.թ. 110):

6) Աղասի Ալեքսանի Գրիգորյանը 30.04.1992 թվականին կտակ է կազմել, որով Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի մեկսենյականոց բնակարանը և տան գույքը կտակել է թոռանը` Աղասի Նորիկի Գրիգորյանին (հատոր 3-րդ, գ.թ. 8):

7) Մահվան ԱԱ թիվ 067855 վկայականի համաձայն` Աղասի Ալեքսանի Գրիգորյանը մահացել է 14.11.2004 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 7734 գրանցումը (հատոր 2-րդ, գ.թ. 70):

8) Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 03.06.2005 թվականի գրությամբ, ի պատասխան Սուսաննա Խանջյանի 01.06.2005 թվականի հարցման` հայտնվել է, որ Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի սեփականատեր է Աղասի Ալեքսանի Գրիգորյանը, հիմք` Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի 26.03.1992 թվականի թիվ 5/12 որոշում (կադաստրային գործ, գ.թ. 33):

9) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով ըստ հայցի Աղասի Գրիգորյանի ընդդեմ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա. Մելքոնյանի և Սուսաննա Խանջյանի` ժառանգությունն ըստ կտակի ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին թիվ 2-2170/2006 քաղաքացիական գործը, 18.10.2006 թվականի վճռով հայցը բավարարել է և Աղասի Գրիգորյանը ճանաչվել է 14.11.2004 թվականին մահացած Աղասի Ալեքսանի Գրիգորյանի ըստ 30.04.1992 թվականի կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանի և տան գույքի նկատմամբ: Հիշյալ վճռում նշվել է, որ նոտար Ա. Մելքոնյանը հրաժարվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալուց, քանի որ Աղասի Գրիգորյանի և պարտադիր բաժնի իրավունք ունեցող Սուսաննա Խանջյանի միջև վեճ կա, որի պատճառով չի կարող ձևակերպվել Աղասի Գրիգորյանի իրավունքը, միաժամանակ, Աղասի Գրիգորյանի ներկայացուցիչը նշել է, որ Սուսաննա Խանջյանը հանգուցյալի կինն է, ութսունն անց է և ունի պարտադիր բաժնի իրավունք, որը Աղասի Գրիգորյանը չի վիճարկում (հատոր 1-ին, գ.թ. 11):

10) Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 21.12.2006 թվականի գրությամբ մերժվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականի վճռի հիման վրա պետական գրանցում կատարելու խնդրանքը, քանի որ վճռում պարզաբանված չէ այն հանգամանքը, թե Աղասի Գրիգորյանի ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգի ճանաչումը վերաբերում է ամբողջ բնակարանին, թե դրա մի մասին, քանի որ վճռում նշված է, որ ժառանգատուի այրին 80-ամյա է և ըստ գործող օրենքի ունի պարտադիր ժառանգության բաժնեմասի իրավունք (կադաստրային գործ, գ.թ. 36):

11) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 23.03.2007 թվականի որոշմամբ տրվել է 26.12.2006 թվականի թիվ 2-2170 կատարողական թերթի պարզաբանում այն մասին, որ Աղասի Նորիկի Գրիգորյանը ճանաչվել է 14.11.2004 թվականին մահացած Աղասի Ալեքսանի Գրիգորյանի ժառանգությունն ընդունած ժառանգ Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ բնակարանի և գույքի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 12):

12) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականի վճիռը Սուսաննա Խանջյանի կողմից բողոքարկվել է 19.08.2014 թվականին և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2014 թվականի որոշմամբ վերադարձվել է` օրենսդրությամբ սահմանված բողոքարկման ժամկետը լրացած լինելու հիմքով, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.10.2014 թվականի որոշմամբ վերջինիս բերած վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 117-119):

13) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2198076 վկայականի համաձայն` Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանի նկատմամբ գրանցվել է Աղասի Նորիկի Գրիգորյանի սեփականության իրավունքը, հիմք` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականի վճիռ և 23.03.2007 թվականի որոշում (հատոր 2-րդ, գ.թ. 111):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 344-րդ հոդվածները սխալ մեկնաբանելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 53-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում անդրադառնալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությանը, հայցային վաղեմություն կիրառելու սահմանափակումների առանձնահատկություններին:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:

Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:

Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.

- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,

- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,

- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,

- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,

- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:

Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելելու, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս, Լուսինե Խլղաթյանի ընդդեմ Վահան Խլղաթյանի և մյուսների թիվ ԼԴ/0916/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետին, արձանագրել է, որ համապատասխան հայցային վաղեմության կիրառությունը բացառելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը`

1) հայցվորը պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, և

2) ներկայացված հայցով հայցվորը պետք է պահանջի իր իրավունքի ցանկացած խախտման վերացում, թեկուզև այդ խախտումը կապված չի եղել գույքի տիրապետումից զրկելու հետ:

Առաջին պայմանի վերլուծությունից հետևում է, որ վերոհիշյալ նորմը չի կարող կիրառվել, եթե հայցվորը չի հանդիսանում այն գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, որի հետ կապված պահանջում է իր իրավունքի խախտման վերացում: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվում է քննարկվող նորմի տառացի մեկնաբանությամբ, ինչից ուղղակիորեն բխում է, որ այդ նորմը վերաբերում է «սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի» իրավունքի խախտման վերացմանը:

Ինչ վերաբերում է երկրորդ պայմանին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմությունը տարածելու արգելքը վերաբերում է սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ոչ բոլոր խախտումների վերացման պահանջներին, այլ միայն այն խախտումներին, որոնք կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Այս հետևությունը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված իրավանորմի բովանդակության շարադրանքից անմիջապես հետո օրենսդիրը փակագծերում մատնանշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը վերաբերում է տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը (նեգատոր հայցերին):

Եթե օրենսդրի կամքն ուղղված լիներ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի բոլոր տեսակի խախտումների վերացման պահանջների վրա հայցային վաղեմությունը չտարածելուն, ապա քննարկվող հոդվածում այլևս անհրաժեշտություն չէր լինի հատուկ մատնանշելու տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների մասին, այլ ուղղակի կարող էր սահմանվել, որ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ցանկացած խախտման վերացման պահանջների նկատմամբ հայցային վաղեմությունը չի տարածվում: Մինչդեռ քննարկվող հոդվածը նման կարգավորում չի նախատեսել, հետևաբար սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ կապված իրավունքի խախտումների վերացման պահանջների (վինդիկացիոն հայցերի) նկատմամբ հայցային վաղեմությունը տարածվում է, իսկ քննարկվող նորմի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում միայն սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների վերացման պահանջների վրա: Նման իրավակարգավորումը պայմանավորված է նեգատոր հայցի առանձնահատկություններով: Մասնավորապես` նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են, ինչն էլ պայմանավորել է սեփականության իրավունքի պաշտպանության այս միջոցի նկատմամբ հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման բացառումը: Այսինքն` եթե սեփականատերը կամ այլ տիրապետողը ինչ-որ ժամանակահատվածում չի պահանջել նման խախտումների վերացում, ապա դա դեռևս հիմք չէ, որպեսզի նա հետագայում ևս զրկվի այդ խախտումներից պաշտպանվելու հնարավորությունից (տե՛ս, Կարինե և Սամվել Զարգարյանների ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/0181/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է հետևյալ հանգամանքները` Սուսաննա Խանջյանի սեփականության իրավունքի վերականգնման հայցապահանջը հիմնավոր է, և վերջինիս սեփականության իրավունքը պետք է վերականգնել այն դեպքում, երբ նա այդ իրավունքից զրկվել է իր կամքից անկախ պատճառներով, ուստի կիրառելով անվավերության հետևանքներ` Աղասի Գրիգորյանի անվամբ կատարված գրանցումը 1/2 մասով պետք է ճանաչել անվավեր: Հաշվի առնելով, որ Աղասի Գրիգորյանի ժառանգական զանգվածում չէր կարող ընդգրկվել Սուսաննա Խանջյանին սեփականաշնորհման ժամանակ փոխանցված գույքի 1/2 բաժնեմասը, այսինքն` ժառանգատուի մահվան օրվա դրությամբ հիշյալ բնակարանում նրա բաժնեմասը կազմում էր ընդհանուր գույքի միայն 1/2 մասը, իսկ Սուսաննա Խանջյանի պարտադիր բաժնի իրավունքը տարածվում է այն բաժնի առնվազն կեսի վրա, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում, ապա Դատարանը գտել է, որ Սուսաննա Խանջյանը պարտադիր բաժնի իրավունքով ընդունել է Աղասի Ալեքսանի Գրիգորյանի ժառանգությունը նրան պատկանող 1/2 բաժնեմասի կեսի նկատմամբ, այսինքն` ընդհանուր գույքի 1/4 նկատմամբ, ուստի այս մասով ևս հայցը հիմնավոր է և ենթակա բավարարման: Դատարանը, անդրադառնալով Աղասի Գրիգորյանի ներկայացուցչի ներկայացրած հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությանը, գտել է, որ Սուսաննա Խանջյանի` սեփականության իրավունքի վերականգնման և պարտադիր բաժնի իրավունքով ժառանգության ընդունման պահանջների մասով վերջինս, նախ` բաց չի թողել հայցային վաղեմության որևէ ժամկետ, քանի որ այդ իրավունքների խախտման մասին վերջինս տեղեկացել է միայն 04.08.2014 թվականին հարցման պատասխանից, երկրորդ` այդ իրավունքներն ուղղակի գործող իրավունքներ են, դրանք ուղղված են փաստացի գոյություն ունեցող գույքային (սեփականության և ժառանգության) իրավունքների պաշտպանությանը, իսկ այդ իրավունքների պաշտպանությունը կրում է շարունակական բնույթ, այն ծագում է ցանկացած պահի, երբ առկա է այդ իրավունքի նկատմամբ անօրինական կամ անհարկի միջամտություն: Հայցվորը բաց չի թողել իր իրավունքի պաշտպանության համար սահմանված ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը, սեփականության իրավունքի վերականգնման և ժառանգության իրավունքի ճանաչման պահանջները, ըստ այդմ` այդ իրավունքներին ուղղված պահանջների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով չեն տարածվում հայցային վաղեմության ժամկետային սահմանափակումները: Հետևաբար Դատարանը եկել է այն եզրահանգման, որ հայցի բավարարման պայմաններում հակընդդեմ հայցն ինքնըստինքյան ենթակա է մերժման, քանի որ Սուսաննա Խանջյանի իրավունքի վերականգնման և ճանաչման պայմաններում վերջինիս գույքի տիրապետումն ու օգտագործումն ապօրինի չէ, հետևաբար գույքի սեփականության իրավունքով տիրապետողին` Սուսաննա Խանջյանին բնակարանից վտարելու հիմքերը բացակայում են:

Վերաքննիչ դատարանը մերժել է Աղասի Գրիգորյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ` վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների հետևությունները, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով ստորադաս դատարանների պատճառաբանություններն այն մասին, որ Սուսաննա Խանջյանի` Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանի և տան գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ, անհիմն են, քանի որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականի թիվ 2-2170/2006 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Աղասի Նորիկի Գրիգորյանի հայցը բավարարվել է, և վերջինս ճանաչվել է 14.11.2004 թվականին մահացած Աղասի Ալեքսանի Գրիգորյանի ըստ 30.04.1992 թվականի կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ Երևան քաղաքի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանի և տան գույքի նկատմամբ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 23.03.2007 թվականի որոշմամբ տրվել է 26.12.2006 թվականի թիվ 2-2170 կատարողական թերթի պարզաբանում այն մասին, որ Աղասի Նորիկի Գրիգորյանը ճանաչվել է 14.11.2004 թվականին մահացած Աղասի Ալեքսանի Գրիգորյանի ժառանգությունն ընդունած ժառանգ Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ բնակարանի և գույքի նկատմամբ: Նշված վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթի ընթացքում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում հարկադիր կարգով նույն հասցեի բնակարանի նկատմամբ գրանցվել է Աղասի Նորիկի Գրիգորյանի սեփականության իրավունքը: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականի վճիռը Սուսաննա Խանջյանի կողմից բողոքարկվել է 19.08.2014 թվականին և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2014 թվականի որոշմամբ վերադարձվել է` օրենսդրությամբ սահմանված բողոքարկման ժամկետը լրացած լինելու հիմքով, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.10.2014 թվականի որոշմամբ վերջինիս բերած վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականի վճիռն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է և իրավական որոշակիության սկզբունքից ելնելով` այն վերջնական է և պարտադիր, ուստիև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայում միայն կրկնակի քննություն իրականացնելու նպատակով անհնարին է և հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների` հայցային վաղեմության կիրառելիության վերաբերյալ եզրահանգումներին, արձանագրում է, որ սույն գործով պատասխանողի ներկայացուցչի ներկայացրած հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը Դատարանի կողմից մերժվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի վկայակոչմամբ, մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը, քանի որ ինչպես արդեն նշվել է, այն վերաբերում է նեգատոր հայցին և դրանով նախատեսված իրավակարգավորումը սույն վեճի նկատմամբ կիրառելի չէ: Մասնավորապես` սույն գործով ներկայացված է սեփականության իրավունքի վերականգնման հայց, որը չի հանդիսանում նեգատոր հայց: Իսկ ինչպես արդեն նշվեց, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը վերաբերում է բացառապես նեգատոր հայցերին և եթե օրենսդրի կամքն ուղղված լիներ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի բոլոր տեսակի խախտումների վերացման պահանջների վրա հայցային վաղեմությունը չտարածելուն, ապա քննարկվող հոդվածում այլևս անհրաժեշտություն չէր լինի հատուկ մատնանշելու նեգատոր հայցի մասին, այլ ուղղակի կարող էր սահմանվել, որ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ցանկացած խախտման վերացման պահանջների նկատմամբ հայցային վաղեմությունը չի տարածվում: Այսինքն` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը կիրառվում է բացառապես նեգատոր հայցի շրջանակներում, ինչը ենթադրում է, որ այն կիրառելի չէ մնացած հայցերի` այդ թվում նաև սեփականության իրավունքի վերականգնման դեպքում:

Ինչ վերաբերում է, ստորադաս ատյանների այն եզրահանգմանը, որ Սուսաննա Խանջյանը բաց չի թողել իր իրավունքի պաշտպանության համար սահմանված ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը, քանի որ Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ բնակարանը Աղասի Նորիկի Գրիգորյանի անվամբ գրանցված լինելու փաստի վերաբերյալ Սուսաննա Խանջյանը տեղեկացել է իր ներկայացուցչի հարցման պատասխանից, ապա այն չի բխում իրականությունից, քանի որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականի թիվ 2-2170/2006 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Աղասի Նորիկի Գրիգորյանը ճանաչվել է 14.11.2004 թվականին մահացած Աղասի Ալեքսանի Գրիգորյանի ըստ 30.04.1992 թվականի կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ Երևան քաղաքի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ հասցեի բնակարանի և տան գույքի նկատմամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացվել են սեփականության վերականգնման, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներ, որոնց նկատմամբ կիրառվում է հայցային վաղեմություն, հետևաբար դրա կիրառումն ամեն դեպքում հանգեցնում է հայցի մերժման, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին անդրադառնալն այլևս առարկայազուրկ է դառնում:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուսաննա Խանջյանի հայցը ենթակա է մերժման, որպիսի պայմաններում էլ հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման, մինչդեռ ստորադաս դատարանները նյութական նորմերի սխալ կիրառության, արդյունքում նաև` դատավարական նորմի խախտման հետևանքով սխալ եզրահանգման են եկել գործի ելքի վերաբերյալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, իսկ հակընդդեմ հայցը` բավարարման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը`

- Սուսաննա Խանջյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 12.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.08.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

- Սուսաննա Խանջյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ` որպես Աղասի Գրիգորյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

- Սուսաննա Խանջյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` Սուսաննա Խանջյանի հայցը մերժել, իսկ Աղասի Գրիգորյանի հակընդդեմ հայցը բավարարել` Սուսաննա Խանջյանին վտարել Երևանի Ազատության պողոտա թիվ 3/1 շենքի 8-րդ բնակարանից:

2. Սուսաննա Խանջյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 12.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.08.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Սուսաննա Խանջյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Սուսաննա Խանջյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.05.2019
N ԵԱՔԴ/3276/02/14
Որոշում