i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/4093/05/15 2017թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/4093/05/15 |
|
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան Դատավորներ` Հ. Բեդևյան Ա. Սարգսյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե.Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ն.Տավարացյանի |
|
Ս.Անտոնյանի |
|
Վ.Ավանեսյանի |
|
Ա.Բարսեղյանի |
|
Մ.Դրմեյանի |
|
Գ.Հակոբյանի |
|
Ե.Սողոմոնյանի |
2017 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Շահինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.05.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ Շահինյանի ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 23.01.2015 թվականի թիվ 44 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գևորգ Շահինյանը պահանջել է անվավեր ճանաչել «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ.Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 11.11.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2016 թվականի որոշմամբ Գևորգ Շահինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.11.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Շահինյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում պարտադիր փորձաքննության ենթակա է միայն կենդանական ծագման մթերքը, իսկ բուսական ծագման սննդամթերքի իրացումը կարող է իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված` անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում: Այսինքն` գյուղատնտեսական արտադրանքի շուկայում Ընկերությունը` որպես այդ շուկայի կազմակերպիչ, պարտավոր էր ապահովել միայն կենդանական ծագման մթերքի որակի ստուգման լաբորատորիայի առկայություն: Հետևաբար Ընկերության տնօրենը չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության գյուղատնտեսական արտադրանքի շուկան բուսական ծագման սննդամթերքի որակի ստուգման լաբորատորիայով չապահովելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2016 թվականի որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանը ճիշտ է վերլուծել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 01Ա018350 վկայականի 10.04.2014 թվականի թիվ 007 ներդիրի համաձայն` Գևորգ Շահինյանը «Վանաձորի շուկա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) գործադիր մարմնի ղեկավարն (տնօրեն) է (հատոր 1-ին, գ.թ. 7).
2) ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 25.08.2009 թվականին Ընկերությանը տրվել է Վանաձոր քաղաքում առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ 000028 լիցենզիան (հատոր 1-ին, գ.թ. 10).
3) Ծառայության 22.12.2014 թվականի թիվ 1447 ստուգման ակտի համաձայն` Ծառայության աշխատակազմի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից Ծառայության պետի 26.11.2014 թվականի թիվ 1447-Ա հրամանի հիման վրա Ընկերությունում 01.12.2014 թվականից մինչև 09.12.2014 թվականն իրականացվել է ստուգում` սննդամթերքի անվտանգության, սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող ՀՀ իրավական ակտերով ներկայացվող պահանջներին համապատասխանությունը բացահայտելու նպատակով, որի արդյունքում արձանագրվել են հետևյալ խախտումները.
ա) Ընկերության վաճառատեխնոլոգիական գույքի, սառնարանների և չափման միջոցների տեսակը հաստատված և ստուգաչափված չէ («Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի, 5-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ կառավարության 20.01.2011 թվականի թիվ 34-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի պահանջների խախտում),
բ) Ընկերությունում չի ապահովվում վաճառքի ընդունվող փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես` բուսական ծագման սննդամթերքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիա, ուստի առևտրի իրականացման վայրում բուսական ծագման սննդամթերքը չի ենթարկվում բուսասանիտարական ստուգման («Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտում) (հատոր 1-ին, գ.թ. 15-17).
4) Ծառայության 22.12.2014 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն` Ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում բացահայտված և թիվ 1447 ստուգման ակտում արձանագրված խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ մասերով (հատոր 1-ին, գ.թ. 18-19).
5) Ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշման համաձայն` Ընկերության տնօրեն Գևորգ Շահինյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ մասերով ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 60.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Ընկերության վաճառատեխնոլոգիական գույքի, սառնարանների և չափման միջոցների տեսակը հաստատված և ստուգաչափված չէ, ինչպես նաև Ընկերության կողմից առևտրի իրականացման վայրում բուսական ծագման սննդամթերքը չի ենթարկվում բուսասանիտարական ստուգման (հատոր 1-ին, գ.թ. 20-21).
6) Ծառայության «Վարչական բողոքը մերժելու մասին» 20.04.2015 թվականի թիվ 2 որոշման համաձայն` Ընկերության տնօրեն Գևորգ Շահինյանի 09.03.2015 թվականի վարչական բողոքը մերժվել է և Ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշումը թողնվել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 27-29).
7) ՀՀ գյուղատնտեսության նախարարի «Վարչական բողոքը մերժելու մասին» 22.06.2015 թվականի թիվ ՎՎ-002 որոշման համաձայն` Ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշման և Ծառայության «Վարչական բողոքը մերժելու մասին» 20.04.2015 թվականի թիվ 2 որոշման դեմ Ընկերության տնօրեն Գևորգ Շահինյանի վարչական բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 36-39):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գյուղատնտեսական արտադրանքի շուկաները փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելու համար նախատեսված վարչական պատասխանատվության կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք համապատասխան պաշտոնատար անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով` գյուղատնտեսական արտադրանքի շուկան բույսերի և բուսական արտադրանքի (բուսական ծագման սննդամթերքի) որակի ստուգման նպատակով անհրաժեշտ սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելու համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների (...) ոլորտի պետական կառավարման հիմքերը, այդ ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և ուղղված է առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության ապահովմանը:
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի իմաստով առևտրի հիմնական հասկացություններն են`
(...) գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք (...).
առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ` նույն օրենքով սահմանված դեպքերում առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերած և առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, նույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր (...):
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` առևտրի իրականացման վայրի տեսակներն են` (...) գյուղատնտեսական արտադրանքի շուկաները (...):
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող` փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով ապահովում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա (...):
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդի շղթայի և առևտրի ու հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգությանն առնչվող հարաբերությունները, ինչպես նաև ամրագրում է պետության կողմից նախատեսվող մարդու առողջության պաշտպանության երաշխիքները սննդամթերքի և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի վնասակար ու վտանգավոր ազդեցությունից:
i
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իրացվող կենդանական ծագման մթերքը, համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է պարտադիր փորձաքննության:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սննդամթերքի առևտուրը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունները պետք է համապատասխանեն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասում վարչական պատասխանատվություն է նախատեսել գյուղատնտեսական արտադրանքի շուկաները փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելու համար: Նշված վարչական իրավախախտումն ուղղված է սննդամթերքի առևտրի բնագավառում պետական կառավարման հիմքերի դեմ, իսկ դրա կատարման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է սահմանել տուգանքը` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասում ամրագրված իրավանորմի դիսպոզիցիայի բովանդակությունից հետևում է, որ նշված իրավադրույթով նախատեսված զանցակազմը բնորոշվում է, ի թիվս այլնի, հետևյալ հատկանիշներով.
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասում նախատեսված զանցանքի օբյեկտիվ կողմը դրսևորվում է անգործությամբ` գյուղատնտեսական արտադրանքի շուկայում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայի առկայությունն ապահովելու պարտականությունը կատարելուց ձեռնպահ մնալով,
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասում նախատեսված զանցանքի սուբյեկտն այն տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձն է, որի վրա օրենքով դրված է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայի առկայությունն ապահովելու պարտականությունը:
Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվությունը կարող է վրա հասնել միայն այն դեպքում, երբ գյուղատնտեսական արտադրանքի շուկան ապահովված չէ այնպիսի գյուղատնտեսական արտադրանքի որակը ստուգելու համար անհրաժեշտ լաբորատորիայով, որը պահանջում է փորձաքննություն: Այսինքն` քննարկվող վարչական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ տվյալ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում բացակայում է համապատասխան սարքավորումներով հագեցված այն լաբորատորիան, որն անհրաժեշտ է ոչ թե ցանկացած տեսակի գյուղատնտեսական արտադրանքի, այլ միայն փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի ոլորտի պետական կառավարման հիմքերը կարգավորվում են «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով, որն ուղղված է այդ ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության ապահովմանը: Նշված օրենքի 2-րդ հոդվածում օրենսդիրը սահմանել է գյուղատնտեսական արտադրանքի շուկայի հասկացությունը, որը բնորոշվում է որպես կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի և սննդամթերքի առևտրի իրականացման վայր: Փաստորեն, գյուղատնտեսական արտադրանքի շուկան առևտրի իրականացման վայրի տեսակ է, որի աշխատանքը կազմակերպվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրավունք ունեցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայի առկայությունն ապահովելու պարտականությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով դրված է գյուղատնտեսական արտադրանքի շուկայի` որպես առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ հանդիսացող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վրա: Հետևաբար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված վարչական իրավախախտման սուբյեկտն այն անհատ ձեռնարկատերն է կամ այն իրավաբանական անձի համապատասխան պաշտոնատար անձն է, որը հանդիսանում է տվյալ գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների համաձայն` գյուղատնտեսական արտադրանքի շուկայում իրականացվում է գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի առուվաճառք, իսկ գյուղատնտեսական արտադրանքն օրենսդրի տեսանկյունից իր մեջ ներառում է` (1) կենդանական ծագում ունեցող մթերքը, (2) բույսերը և (3) բուսական արտադրանքը: Գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առևտուր իրականացնելիս գյուղատնտեսական արտադրանքի թվարկված տեսակների` պարտադիր փորձաքննության ենթակա լինելու կամ չլինելու հարցը պարզելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքին, որը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում կարգավորում է առևտրի ոլորտում սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարաբերությունները և ամրագրում է պետության կողմից նախատեսվող մարդու առողջության պաշտպանության երաշխիքները սննդամթերքի վնասակար ու վտանգավոր ազդեցությունից: Այսպես, նշված օրենսդրական ակտի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող գյուղատնտեսական արտադրանքի տեսակներից պարտադիր փորձաքննության ենթակա է միայն (1) կենդանական ծագման մթերքը, իսկ գյուղատնտեսական արտադրանքի մյուս տեսակների` (2) բույսերի և (3) բուսական արտադրանքի համար օրենսդիրը նման պահանջ չի սահմանել: Փաստորեն, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքը գյուղատնտեսական արտադրանքի շուկայում բուսական ծագման սննդամթերքի` (2) բույսերի և (3) բուսական արտադրանքի որակի ստուգման համար համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիայի առկայության պահանջ չի նախատեսում:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ գյուղատնտեսական արտադրանքի շուկայի` որպես առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ հանդիսացող անհատ ձեռնարկատերը կամ նույն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ հանդիսացող իրավաբանական անձի համապատասխան պաշտոնատար անձը չի կարող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով ենթարկվել վարչական պատասխանատվության տվյալ գյուղատնտեսական արտադրանքի շուկան (2) բույսերի և (3) բուսական արտադրանքի (բուսական ծագման սննդամթերքի) որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելու համար, քանի որ առևտրի ոլորտում գյուղատնտեսական արտադրանքի նշված տեսակների համար պարտադիր փորձաքննության պահանջ օրենսդրությամբ նախատեսված չէ:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը հանդիսանում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայի` որպես առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ Վանաձոր քաղաքում: Ծառայության տեսուչների կողմից Ընկերությունում 01.12.2014 թվականից մինչև 09.12.2014 թվականն իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության բնագավառում թույլ տրված որոշ խախտումներ, որոնց համար սույն գործով վիճարկվող վարչական ակտով` Ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշմամբ, Ընկերության տնօրեն Գևորգ Շահինյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այսպես, Ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշմամբ Ընկերության տնօրեն Գևորգ Շահինյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել հետևյալ երկու առանձին իրավախախտումների կատարման համար.
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասով` այն բանի համար, որ Ընկերության վաճառատեխնոլոգիական գույքի, սառնարանների և չափման միջոցների տեսակը հաստատված և ստուգաչափված չէ,
2) նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով` այն բանի համար, որ առևտրի իրականացման վայրում Ընկերության կողմից չի ապահովվում վաճառքի ընդունվող բուսական ծագման սննդամթերքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիա, ուստի բուսական ծագման սննդամթերքը չի ենթարկվում բուսասանիտարական ստուգման:
Ընդ որում, վիճարկվող վարչական ակտով Գևորգ Շահինյանի նկատմամբ նշանակվել է տուգանք` 60.000 ՀՀ դրամի չափով, առավել լուրջ խախտման, այն է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված զանցանքի համար սահմանված սանկցիայի (նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանք) շրջանակներում, քանի որ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` (...) եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (...) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում (...):
Դատարանը մերժել է Ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին Գևորգ Շահինյանի հայցը` պատճառաբանելով, որ Ընկերությունը` որպես առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ, պարտավոր էր ապահովել փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման լաբորատորիայի առկայությունը, որպիսի պարտականությունը չկատարելու պայմաններում Ընկերության տնօրեն Գևորգ Շահինյանը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով:
Վերաքննիչ դատարանը մերժել է Գևորգ Շահինյանի վերաքննիչ բողոքը, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունը:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը նախևառաջ ընդգծում է, որ թեև Ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշմամբ Գևորգ Շահինյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել երկու առանձին զանցանքների կատարման համար, սակայն սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը պայմանավորված է այդ զանցանքներից միայն մեկի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված արարքի համար պատասխանատվության կիրառման իրավաչափությամբ: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն փաստական իրողությունը, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Գևորգ Շահինյանի նկատմամբ կիրառված տուգանքը նշանակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածին համապատասխան` առավել լուրջ խախտման, այն է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված զանցանքի համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Հետևաբար սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցը, թե Գևորգ Շահինյանն իրավաչափորեն է արդյոք ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվության, թե` ոչ:
Անդրադառնալով սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշմամբ Ընկերության տնօրեն Գևորգ Շահինյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել այն բանի համար, որ առևտրի իրականացման վայրում Ընկերության կողմից չի ապահովվում վաճառքի ընդունվող բուսական ծագման սննդամթերքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիա, ուստի բուսական ծագման սննդամթերքը չի ենթարկվում բուսասանիտարական ստուգման:
Մինչդեռ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ տվյալ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում բացակայում է համապատասխան սարքավորումներով հագեցված այն լաբորատորիան, որն անհրաժեշտ է ոչ թե ցանկացած տեսակի գյուղատնտեսական արտադրանքի, այլ միայն փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման համար: Իսկ Հայաստանի Հանրապետությունում իրացվող գյուղատնտեսական արտադրանքի տեսակներից բույսերը և բուսական արտադրանքը, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր փորձաքննության ենթակա չեն:
Հետևաբար գյուղատնտեսական արտադրանքի շուկայի` որպես առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ հանդիսացող Ընկերության համապատասխան պաշտոնատար անձը` տնօրեն Գևորգ Շահինյանը, չի կարող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասով ենթարկվել վարչական պատասխանատվության տվյալ գյուղատնտեսական արտադրանքի շուկան բույսերի և բուսական արտադրանքի (բուսական ծագման սննդամթերքի) որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելու համար, քանի որ առևտրի ոլորտում գյուղատնտեսական արտադրանքի նշված տեսակների համար պարտադիր փորձաքննության պահանջ օրենսդրությամբ նախատեսված չէ:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշումն ընդունվել է օրենքի, մասնավորապես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 11-րդ մասի, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, խախտման հետևանքով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա էր անվավեր ճանաչման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշման անվավերությունն ինքնին հիմք է հանդիսանում նաև այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտերը` Ծառայության «Վարչական բողոքը մերժելու մասին» 20.04.2015 թվականի թիվ 2 որոշումը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի «Վարչական բողոքը մերժելու մասին» 22.06.2015 թվականի թիվ ՎՎ-002 որոշումը, անվավեր ճանաչելու համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:
Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն` դատարաններում վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` (...) վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Գևորգ Շահինյանն ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումի, վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է կատարման Ծառայության կողմից: Հետևաբար Ծառայությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Գևորգ Շահինյանը հայցադիմումի համար վճարել է պետական տուրք` 12.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 34), մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի հիմքով նա ազատված է պետական տուրքի վճարումից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Գևորգ Շահինյանի կողմից հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումարը` 12.000 ՀՀ դրամի չափով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.05.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Վարչական տուգանք նշանակելու մասին» 23.01.2015 թվականի թիվ 44 որոշումը, «Վարչական բողոքը մերժելու մասին» 20.04.2015 թվականի թիվ 2 որոշումը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի «Վարչական բողոքը մերժելու մասին» 22.06.2015 թվականի թիվ ՎՎ-002 որոշումը ճանաչել անվավեր:
2. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:
Գևորգ Շահինյանի կողմից հայցադիմումի համար վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան