Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ԵՎ 2 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԿԴ/1636/17/15
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1636/17/15   
Նախագահող դատավոր` Ա. Հունանյան
                    Դատավորներ` Լ. Գրիգորյան
                                                  Հ. Ենոքյան 

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ռայվ Ինթերթրեյդ» ՍՊԸ-ի, «Ֆուդո» ՍՊԸ-ի, Դավիթ Պետրոսյանի, Ռուզաննա Ղազարյանի, Արմեն Թևոսյանի, Ջուլիետտա Գևորգյանի և Ռուբեն Սարգսյանի ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2016 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` արբիտրաժային տրիբունալի 09.10.2015 թվականի թիվ 01-01/07/15 վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է պարտադիր ճանաչել արբիտրաժային տրիբունալի 09.10.2015 թվականի թիվ 01-01/07/15 վճիռը և դրա հիման վրա տրամադրել կատարողական թերթ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 02.11.2015 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2016 թվականի որոշմամբ «Ռայվ Ինթերթրեյդ» ՍՊԸ-ի, «Ֆուդո» ՍՊԸ-ի, Դավիթ Պետրոսյանի, Ռուզաննա Ղազարյանի, Արմեն Թևոսյանի, Ջուլիետտա Գևորգյանի և Ռուբեն Սարգսյանի ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.11.2015 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Ռայվ Ինթերթրեյդ» ՍՊԸ-ի, «Ֆուդո» ՍՊԸ-ի, Դավիթ Պետրոսյանի, Ռուզաննա Ղազարյանի, Արմեն Թևոսյանի, Ջուլիետտա Գևորգյանի և Ռուբեն Սարգսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկի ներկայացուցիչ Սևակ Մարաբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 220.4-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Բանկի կողմից ներկայացված դիմումի քննարկումը նշանակվել է 02.11.2015 թվականին` ժամը 10:30-ին, սակայն կողմերը ծանուցված չեն եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որպիսի պայմաններում զրկվել են դատարանում քննվող միջնորդության շրջանակներում գործի քննությանը մասնակցելու հնարավորությունից` միաժամանակ հնարավորություն չունենալով դատարանին ներկայացնելու իրենց առարկությունները և դրանք հիմնավորող ապացույցները: Մասնավորապես` պատասխանողներից մի քանիսի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումների վերաբերյալ ծրարները հետ են վերադարձվել դատարան` նշանակված դատական նիստից հետո: Ավելին, 02.11.2015 թվականի դատական նիստը կայացել է նշանակված ժամից շուտ, իսկ Դատարանն էլ պատշաճ կարգով չի ստուգել կողմերի ծանուցման առկայության փաստը և հետադարձ ծանուցումների ստացման փաստը, այն է` հաշվի չի առել, որ ծանուցումների ստացման փաստը հավաստող անդորրագրերը դատական նիստի օրվա դրությամբ հետ չեն վերադարձվել Դատարան:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կողմերի ծանուցման համար նախատեսել է հստակ ընթացակարգ, որի պահպանման պարագայում միայն դատարանը կարող է արձանագրել կողմի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը: Մասնավորապես` դատարանը նախ պետք է ծանուցի կողմին գործում առկա հասցեով, ապա եթե ծանուցումը վերադարձվում է դատարան, այդ դեպքում միայն պարտավոր է ծանուցել համայնքի ղեկավարին, ինչպես նաև ծանուցագիրը տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերը նշված դատավարական խախտումը ոչ թե ձևական է, այլ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` դատական ակտը բեկանելու պարտադիր հիմք:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 36-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, մերժելով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ պատասխանողների միջնորդությունը, հաշվի չի առել, որ պատասխանողների կողմից 30.10.2015 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել դիմում` թիվ 01-01/07/15 արբիտրաժային վճռի չեղարկման մասին, որը դատարանի 02.11.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և նշանակվել քննության 28.04.2016 թվականին: Այսինքն` դատարանի կողմից քննության է առնվելու այն դատական ակտի իրավաչափության հարցը, որն ընկած է սույն գործով Դատարանի` թիվ 01-01/07/15 արբիտրաժային վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին 02.11.2015 թվականի որոշման հիմքում, որպիսի պայմաններում անհնարին էր սույն գործի քննությունը մինչև թիվ 01-01/07/15 արբիտրաժային վճռի չեղարկման վերաբերյալ վարույթում դատական ակտի կայացումը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությունները ոչ իրավաչափ են և կնքվել են օրենքի խախտմամբ: Մասնավորապես` կողմերն արբիտրաժային համաձայնություններ կնքելու մասով չեն ունեցել համապատասխան լիազորություններ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.02.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքում ներկայացված հանգամանքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ սույն գործի ելքի վրա, քանի որ Դատարանի 02.11.2015 թվականի «Արբիտրաժային տրիբունալի վճիռը որպես պարտադիր ճանաչելու և արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին» որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, հետևաբար սույն վճռաբեկ բողոքի ներկայացումն ուղղված է Բանկի իրավունքների և օրինական շահերի իրականացման միջոցների կիրառման անհարկի ձգձգմանը:

Բացի այդ, արբիտրաժային վճիռը որպես պարտադիր ճանաչելու և վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ որոշումները գործող օրենսդրությամբ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտեր են: Իսկ ինչ վերաբերում է դատական նիստը նշանակված ժամից շուտ կայանալուն, ապա այն ընթացել է շուրջ 3 րոպե, և նշանակված ժամին` 10:30-ին, երբ դեռ ընթացքի մեջ էր նիստը, պատասխանողների ներկայացուցիչները չեն ներկայացել նիստին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 09.10.2015 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ «Ռայվ Ինթերթրեյդ» ՍՊԸ-ի, «Ֆուդո» ՍՊԸ-ի, Դավիթ Պետրոսյանի, Ռուզաննա Ղազարյանի, Զելֆիրա Տեր-Օհանյանի, Արմեն Թևոսյանի, Ջուլիետտա Գևորգյանի, Լիյա Սարգսյանի և Ռուբեն Սարգսյանի` վարկի գումարը, այդ թվում` տոկոսները և տույժերը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկաների վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 13):

2) Դատարանի 16.10.2015 թվականի «Միջնորդությունը վարույթ ընդունելու մասին» որոշման համաձայն` 09.10.2015 թվականի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ Բանկի միջնորդությունն ընդունվել է վարույթ, և դատական նիստը նշանակվել է 02.11.2015 թվականին` ժամը 10:30-ին (հատոր 1-ին, գ.թ. 1):

3) 26.10.2015 թվականի թիվ Ե-48535 ուղեկցական գրության համաձայն` Դատարանը 02.11.2015 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումները պատվիրված նամակներով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկել է Բանկին, «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ին, Դավիթ Պետրոսյանին, Ռուզաննա Ղազարյանին, «Ֆուդո» ՍՊԸ-ին, Ռուբեն Սարգսյանին, Ջուլիետտա Գևորգյանին և Արմեն Թևոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 41):

4) Հետադարձ ծանուցման անդորրագրերի համաձայն` 02.11.2015 թվականին ժամը 10:30-ին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումները ստացել են Բանկը` 28.10.2015 թվականին, Դավիթ Պետրոսյանը` 28.10.2015 թվականին, «Ֆուդո» ՍՊԸ-ն` 28.10.2015 թվականին, Ջուլիետտա Գևորգյանը` 28.10.2015 թվականին, Արմեն Թևոսյանը` 28.10.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 42, 43, 45, 47, 48):

5) Թիվ RR191031334AM հետադարձ ծանուցման անդորրագրի համաձայն` Ռուբեն Սարգսյանին ուղարկված ծրարը վերադարձվել է` «Չպահանջված» նշումով: Հետադարձ ծրարը Դատարանը ստացել է 03.11.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 51-52):

6) Թիվ RR191031365AM հետադարձ ծանուցման անդորրագրի համաձայն` Ռուզաննա Ղազարյանին ուղարկված ծրարը վերադարձվել է` «Չպահանջված» նշումով: Հետադարձ ծրարը Դատարանը ստացել է 03.11.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 59-60):

7) Թիվ RR191031382AM հետադարձ ծանուցման անդորրագրի համաձայն` «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ին ուղարկված ծրարը վերադարձվել է` «Անհայտ» նշումով: Հետադարձ ծրարը Դատարանը ստացել է 02.11.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 63-64):

8) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված 26.10.2015 թվականի թիվ Ե-48535 գրությամբ Դատարանը հայտնել է, որ հայցվորի կողմից նշված հասցեով «Ֆուդո» ՍՊԸ-ին (ք. Երևան, Սմբատ Զորավարի թիվ 55) ուղարկված ծրարը վերադարձվել է, ուստի պահանջել է հայտնել «Ֆուդո» ՍՊԸ-ի վերջին հայտնի հասցեն: Գրությամբ նշվել է, որ 02.11.2015 թվականի դատական նիստը տեղի է ունենալու ժամը 10:30-ին (հատոր 1-ին, գ.թ. 67):

9) Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված 26.10.2015 թվականի թիվ Ե-48535 գրությամբ Դատարանը հայտնել է, որ հայցվորի կողմից նշված հասցեներով «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ին, Դավիթ Պետրոսյանին, Ռուզաննա Ղազարյանին, Ռուբեն Սարգսյանին, Ջուլիետտա Գևորգյանին և Արմեն Թևոսյանին ուղարկված ծրարները վերադարձվել են: Գրությամբ նշվել է, որ դատական նիստը տեղի է ունենալու 02.11.2015 թվականին` ժամը 10:30-ին (հատոր 1-ին, գ.թ. 68):

10) 02.11.2015 թվականի ժամը 10:30-ի դատական նիստի վերաբերյալ «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ին, Դավիթ Պետրոսյանին, Ռուզաննա Ղազարյանին, «Ֆուդո» ՍՊԸ-ին, Ռուբեն Սարգսյանին, Ջուլիետտա Գևորգյանին և Արմեն Թևոսյանին հասցեագրված դատական ծանուցումները 27.10.2015 թվականին տեղադրվել են Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցման պաշտոնական կայք (հատոր 1-ին, գ.թ. 65-66):

11) Դատական նիստի արձանագրության ձայնագրման կրիչի համաձայն` 02.11.2015 թվականի դատական նիստը սկսվել է ժամը 10:27:56-ին, տևել է 2 րոպե 35 վայրկյան և ավարտվել է 10:30:31-ին (հատոր 1-րդ, գ.թ. 79):

12) Դատական նիստի արձանագրության համաձայն` 02.11.2015 թվականի դատական նիստին մասնակցել են Բանկի ներկայացուցիչը և Լիյա Սարգսյանը: Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատավարության մյուս մասնակիցները ծանուցվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել, որոշել է նիստը շարունակել նրանց բացակայությամբ: Նույն օրը միջնորդության քննությունը հայտարարվել է ավարտված (հատոր 1-րդ, գ.թ. 79):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 220.4-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին, ինչպես նաև դատական նիստը նշանակված ժամից շուտ սկսելու իրավական հետևանքներին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականին ընդունված և 03.07.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ օրենքով (ՀՕ-49-Ն) կատարված փոփոխությունները և լրացումները ներառող խմբագրությամբ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, հանձնվում է առձեռն կամ ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին), իսկ նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 6-րդ կետով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում` չներկայանալու հետևանքների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

i

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշման շրջանակներում էլ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքին և դատարանի տեղեկացնելու պարտականությանը, արձանագրել է, որ նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն` դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է (տե՛ս Հովիկ Դալլաքյանն ընդդեմ Սաթենիկ Դալլաքյանի, Արման և Նորիկ Ավետիսյանների թիվ ԵԱՔԴ/0996/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Հետագայում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը 03.07.2014 թվականից արդեն իսկ գործում է այլ խմբագրությամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացված որոշմամբ անդրադարձել է նոր կարգավորումներով նախատեսված փոփոխությունների և լրացումների բովանդակությանն ու առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց նկատմամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների կիրառելիության հարցին: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ 03.07.2014 թվականից հետո գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետում կատարված փոփոխությունները կրում են զուտ խմբագրական բնույթ և որևէ նոր կանոնակարգում չեն նախատեսում: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ կետին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Ներկայումս գործող կանոնակարգումների համաձայն` այդ եղանակներն են.

1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,

2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,

3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան մասերով նախատեսված դեպքերում և կարգով:

i

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ (տե՛ս Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Միաժամանակ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված իրավակարգավորումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը. համաձայն նշված իրավակարգավորումների` դատարանը դատական ծանուցագիրն ուղարկում է ֆիզիկական անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին)` միայն որոշակի պայմանների առկայության դեպքում: Այդ պայմաններն են` 1) եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, 2) նրա հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, 3) դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը: Ընդ որում, դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվում է անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին) ուղարկելու հետ միաժամանակ: Դատական ծանուցման ապահովման նման կարգավորումից բխում է, որ օրենսդիրը դատական ծանուցման հիմնական եղանակներ է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված եղանակները, իսկ նույն հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված եղանակները կրում են օժանդակ բնույթ և կիրառվում են այն դեպքերում, երբ հնարավոր չի եղել անձին ծանուցել ծանուցման հիմնական եղանակներով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված կարգով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ կողմերն օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցված են եղել 02.11.2015 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի մասին, որպիսի պարագայում Դատարանը գործը քննել է պատշաճ ծանուցված կողմերի բացակայությամբ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ հետադարձ ծանուցումները ստանալուց հետո միայն Դատարանն իրավունք ուներ պատասխանողներին ծանուցելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի կանոններով, Վերաքննիչ դատարանն այն չի դիտել պատասխանողների ոչ պատշաճ ծանուցված լինելու և դատական ակտը բեկանելու հիմք` պատճառաբանելով, որ «դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով»:

Մինչդեռ սույն գործի փաստերը համադրելով և վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը Բանկի` 09.10.2015 թվականի արբիտրաժային վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը 16.10.2015 թվականին ընդունել է վարույթ և 02.11.2015 թվականին` ժամը 10:30-ին, նշանակել է դատական նիստ, որի վերաբերյալ ծանուցումներն ուղարկել է Բանկին, «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ին, Դավիթ Պետրոսյանին, Ռուզաննա Ղազարյանին, «Ֆուդո» ՍՊԸ-ին, Ռուբեն Սարգսյանին, Ջուլիետտա Գևորգյանին և Արմեն Թևոսյանին:

Հետադարձ ծանուցման անդորրագրերի համաձայն` 02.11.2015 թվականի ժամը 10:30-ի դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումները ստացել են Բանկը` 28.10.2015 թվականին, Դավիթ Պետրոսյանը` 28.10.2015 թվականին, «Ֆուդո» ՍՊԸ-ն` 28.10.2015 թվականին, Ջուլիետտա Գևորգյանը` 28.10.2015 թվականին և Արմեն Թևոսյանը` 28.10.2015 թվականին: Թիվ RR191031334AM հետադարձ ծանուցման անդորրագրի համաձայն` Ռուբեն Սարգսյանին ուղարկված ծրարը վերադարձվել է` «Չպահանջված» նշումով: Հետադարձ ծրարը Դատարանը ստացել է 03.11.2015 թվականին: Թիվ RR191031365AM հետադարձ ծանուցման անդորրագրի համաձայն` Ռուզաննա Ղազարյանին ուղարկված ծրարը վերադարձվել է` «Չպահանջված» նշումով: Հետադարձ ծրարը Դատարանը ստացել է 03.11.2015 թվականին: Թիվ RR191031382AM հետադարձ ծանուցման անդորրագրի համաձայն` «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ին ուղարկված ծրարը վերադարձվել է` «Անհայտ» նշումով: Հետադարձ ծրարը Դատարանը ստացել է 02.11.2015 թվականին:

Վերը շարադրված դատավարական փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուբեն Սարգսյանին, Ռուզաննա Ղազարյանին և «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ին ուղարկված ծրարները «չպահանջված» և «անհայտ» նշումներով Դատարանը ստացել է 02.11.2015 թվականի դատական նիստից հետո: Այսինքն` 02.11.2015 թվականի դատական նիստի ժամանակ Դատարանը ստացած չի եղել վերը նշված անձանց ծանուցման մասին անդորրագրերը, որպիսի պայմաններում միայն կարող էր արձանագրել Ռուբեն Սարգսյանի, Ռուզաննա Ղազարյանի և «Ռայվ Ինտերթրեյդ» ՍՊԸ-ի դատական նիստի վայրի և ժամանակին մասին պատշաճ ծանուցված լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը:

Բացի այդ, Դատարանը կողմերին ծանուցելու մասին ուղեկցական գրության ուղարկման նույն օրը` 26.10.2015 թվականին, միաժամանակ ծանուցագրերն ուղարկել է համայնքի ղեկավարներին` առանց դատավարության մասնակիցներին ուղարկված ծանուցագրերի անդորրագրերը ստանալու: Այնուհետև հաջորդ օրը` 27.10.2015 թվականին, դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցումները Դատարանը տեղադրել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցագրերն ինչպես համայնքի ղեկավարներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը դատարանի կողմից կարող էր իրականացվել միայն տվյալ դատական նիստի վայրի և ժամանակի մասին կողմերին ուղարկված հետադարձ ծանուցումներն ստանալուց հետո կամ նիստի օրվա դրությամբ ստացված չլինելու պարագայում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց դատավարության մասնակիցներին ուղարկված ծանուցագրերի անդորրագրերը ստանալու` համայնքի ղեկավարներին ծանուցելով, ինչպես նաև ծանուցումները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելով` Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված պահանջները, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ գործում առկա` դատական նիստի արձանագրության ձայնագրման կրիչի` 02.11.2015 թվականին նշանակված դատական նիստը սկսվել է ժամը 10:27:56-ին, տևել է 2 րոպե 35 վայրկյան և ավարտվել է 10:30:31-ին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատական ծանուցման կարգի խախտում է ինչպես դատական նիստը նշանակված ժամից ուշ սկսելը, այնպես էլ նշանակված ժամից շուտ սկսելը, քանի որ երկու դեպքում էլ դատարանը գործին մասնակցող անձանց պատշաճ չի ծանուցում նիստի իրական ժամանակի մասին: Ընդ որում, դատական նիստը մինչև նշանակված ժամը սկսելն ու նշանակված ժամին ավարտելն ընդհանրապես իմաստազուրկ է դարձնում ծանուցման ուղղությամբ դատարանի կատարած գործողությունները, քանի որ գործին մասնակցող անձը կարող է սահմանված ժամին ներկայանալ դատական նիստին, սակայն զրկվել դրան մասնակցելու հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի կողմից 02.11.2015 թվականին` ժամը 10:30-ին, նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանողներին ծանուցելը կրել է զուտ ձևական բնույթ` նկատի ունենալով այն, որ դատական նիստը սկսվել է սահմանված ժամանակից շուտ և, ըստ էության, ավարտվել նշանակված ժամին:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, թե դատավարական իրավունքի նորմերի խախտումը տվյալ դեպքում դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ չէր կարող, քանի որ չի հանգեցրել գործի սխալ լուծման, ապա այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

i

Դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի վերլուծությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և դատական ակտը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի բեկանման անվերապահ որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը (տե՛ս Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները, 02.11.2015 թվականի դատական նիստն իրականացրել է «Ռայվ Ինթերթրեյդ» ՍՊԸ-ի, «Ֆուդո» ՍՊԸ-ի, Դավիթ Պետրոսյանի, Ռուզաննա Ղազարյանի, Արմեն Թևոսյանի, Ջուլիետտա Գևորգյանի և Ռուբեն Սարգսյանի բացակայությամբ (դատական նիստը սկսելով նշանակված ժամից շուտ և ավարտելով, ըստ էության, նշանակված ժամին), որով խախտվել են վերջիններիս` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի իրավահավասարության հիմնարար սկզբունքները, իսկ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի համապատասխան հիմքի առկայության պայմաններում անտեսել է Դատարանի կողմից թույլ տրված խախտումը:

Բողոք բերած անձանց` դատավարական իրավունքների նման եղանակով սահմանափակման պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքին, ինչպես նաև դրա կապակցությամբ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներին հնարավոր չի համարում անդրադառնալ:

Վճռաբեկ բողոքի պատասխանի` ծանուցման հարցի վերաբերյալ փաստարկը հերքվում է վերը շարադրված պատճառաբանություններով: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ արբիտրաժային վճիռը ճանաչելու և հարկադիր կատարման թույլատրելու վերաբերյալ որոշումը ենթակա չէ բողոքարկման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արբիտրաժային տրիբունալի վճիռը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ այլ պետության տարածքում, պետք է ճանաչվի որպես պարտադիր և համապատասխան դատարանին գրավոր միջնորդելու դեպքում կատարվի նույն հոդվածին և 36-րդ հոդվածին համապատասխան:

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ այլ պետության տարածքում, կարող է մերժվել միայն`

1) այն կողմի խնդրանքով, որի դեմ այն ուղղված է, եթե այդ կողմն ապացույցներ ներկայացնի դատարան, որտեղ հայցվում է վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը այն մասին, որ`

ա) նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված արբիտրաժային համաձայնության կողմերից մեկը, իր հանդեպ կիրառելի իրավունքի համաձայն, եղել է անգործունակ, կամ արբիտրաժային համաձայնությունը անվավեր է` կողմերի ընտրած իրավունքի կամ այդպիսին ընտրած չլինելու դեպքում` վճռի կայացման երկրի օրենսդրությամբ, կամ

բ) տվյալ կողմը պատշաճ ձևով տեղեկացված չի եղել արբիտրի նշանակման կամ արբիտրաժի մասին կամ այլ պատճառներով զրկված է եղել իր գործը ներկայացնելու հնարավորությունից, կամ

գ) վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, պայմանով սակայն, որ եթե արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված մասով կայացված որոշումները կարող են առանձնացվել այն որոշումներից, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա կարող է չեղյալ ճանաչվել արբիտրաժային տրիբունալի վճռի միայն այն մասը, որը ներառում է արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցեր, կամ

դ) արբիտրաժային տրիբունալի կազմը կամ ընթացակարգը չի համապատասխանել կողմերի արբիտրաժային համաձայնությանը կամ նման համաձայնության բացակայության դեպքում չի համապատասխանել վճռի կայացման երկրի օրենսդրությանը,

ե) վճիռը դեռևս չի դարձել պարտադիր կողմերի համար կամ չեղյալ է ճանաչվել, կամ դրա կատարումը կասեցվել է այն պետության դատարանի կողմից, որտեղ կամ որի իրավունքին համապատասխան` կայացվել է այդ վճիռը, կամ

2) դատարանը պարզի, որ`

ա) համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` վեճի առարկան ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից, կամ

բ) վճռի ճանաչումը կամ կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:

Վկայակոչված իրավանորմերից հետևում է, որ օրենսդիրը, նախատեսելով արբիտրաժային տրիբունալի վճռի (այսուհետ` արբիտրաժի վճռի)` դատական կարգով ճանաչելու և/կամ հարկադիր կատարումը թույլատրելու կառուցակարգ, միաժամանակ սպառիչ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դատարանը մերժում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարումը: Վճռաբեկ դատարանը «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերլուծության արդյունքում գտնում է, որ դրանց նախատեսումն ինքնանպատակ չէ և անմիջականորեն պայմանավորված է ինչպես արբիտրաժային վարույթի կողմերի սուբյեկտիվ իրավունքների, այնպես էլ պետության և հասարակության շահերի պաշտպանությամբ: Այդպիսի հիմքերի ամրագրումը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, կոչված է երկուստեք հավասարակշռել վարույթի երկու կողմերի շահերը: Մասնավորապես, արբիտրաժային վարույթի «հայցվորի» համար ակնհայտ է, որ սպառիչ ամրագրված հիմքերից բացի որևէ այլ հիմքով չի կարող մերժվել արբիտրաժի վճիռը ճանաչելու և կատարման թույլատրելու իր միջնորդությունը: Ինչ վերաբերում է «պատասխանողին», օրենքով սահմանված հիմքերը կոչված են կանխելու վերջինիս իրավունքների խախտմամբ կայացված արբիտրաժի վճռի ճանաչումը և դրա կատարումը: Այլ կերպ ասած` մերժման հիմքերի նախատեսումը բխում է անձի դատական պաշտպանության իրավունքից, իսկ դրանց իրավաչափ կիրառումն արդար դատաքննության իրավունքի իրացման կարևոր նախապայմանն է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը սահմանափակվել է միայն արբիտրաժի վճռի ճանաչումը և/կամ հարկադիր կատարումը մերժելու հիմքերի ամրագրմամբ` որևէ կանոնակարգում չնախատեսելով արբիտրաժի վճռի ճանաչման և/կամ հարկադիր կատարման մասին միջնորդությունների քննության կարգի վերաբերյալ, ըստ էության, նշված հարցի լուծումը թողնելով քաղաքացիադատավարական օրենսդրության կարգավորմանը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի միջնորդությունը ենթակա է քննության և լուծման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր դրույթներին համապատասխան` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որևէ հատուկ կարգավորում չի բովանդակում արբիտրաժի վճռի ճանաչման և/կամ հարկադիր կատարման մասին միջնորդությունների քննության կարգի, այդ թվում նաև` այդ միջնորդությունների քննության արդյունքում կայացված որոշումների բողոքարկման հարցի վերաբերյալ:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով արբիտրաժի վճռի ճանաչման և/կամ հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում կայացված դատարանի որոշման բողոքարկման իրավական հնարավորության հարցին և այդ հնարավորության իրացման կարգին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. արբիտրաժի վճռի ճանաչման և/կամ հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դատական վարույթն արբիտրաժային վարույթի նկատմամբ դատական վերահսկողության դրսևորումներից է, որի շրջանակներում իրավասու դատարանը ստուգում է արբիտրաժի վճռի ճանաչումը և/կամ հարկադիր կատարումը բացառող հիմքերի առկայությունը և համապատասխանաբար հավաստում է արբիտրաժի վճռի ճանաչման և կատարման լինելու հանգամանքը կամ ընդհակառակը: Այլ կերպ ասած` դատական այս վարույթը լրացուցիչ երաշխիք է քաղաքացիական շրջանառության մասնակիցների համար արբիտրաժային վարույթի օրինականությունն ապահովելու տեսանկյունից: Միաժամանակ դատական այս վարույթը, որպես արբիտրաժի նկատմամբ դատական վերահսկողության դրսևորում, շահագրգիռ անձանց կողմից իրենց դատական պաշտպանության իրավունքի իրացման միջոց է` մի կողմից ապահովելով իրավունք վերապահող արբիտրաժի վճռի հարկադիր կատարումը, մյուս կողմից` բացառելով ոչ իրավաչափ այդպիսի վճռի ճանաչման և հարկադիր կատարման հնարավորությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական այս վարույթը, որպես անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման միջոց, պետք է բովանդակի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ երաշխիքները, մասնավորապես` վարույթի հրապարակայնությունը, կողմերի տեղեկացվածությունը, իրավահավասարությունը և արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված այլ ընթացակարգային երաշխիքներ: Վերոգրյալն իր հերթին պահանջում է դատական այս վարույթում իրականացված դատավարական գործողությունների օրինականությունն ստուգելու հնարավորության առկայություն կամ այլ կերպ ասած` դատական ակտի բողոքարկման իրավունք:

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև արբիտրաժի վճռի ճանաչումը և/կամ հարկադիր կատարումը մերժելու հիմքերի բնույթով: Դրանք մի կողմից առնչվում են արբիտրաժի վարույթի մասնակիցների հիմնական այնպիսի իրավունքներին, ինչպիսին են օրինակ` տեղեկացված լինելու իրավունքը, իրավասու մարմնի կողմից վեճի քննության իրավունքը, վարույթի կողմ լինելու հնարավորությունը և այլն, մյուս կողմից` ուղղված են հանրային կարգի պահպանությանը:

Ելնելով վերը շարադրվածից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արբիտրաժի վճռի ճանաչման և/կամ հարկադիր կատարման թույլատրելու գործընթացը ոչ միայն ենթադրում է ՀՀ իրավասու դատարանի կողմից այդ դատական ակտի ճանաչմանը կամ հարկադիր կատարմանը խոչընդոտող` օրենքով ամրագրված հիմքերի առկայության ստուգում, այլև` նշված հանգամանքների պարզման ուղղությամբ իրավասու դատարանի գործողությունների օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու իրավական հնարավորություն: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արբիտրաժի վճռի ճանաչման և/կամ հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում կայացված դատարանի որոշումը (ինչպես բավարարման, այնպես էլ` մերժման վերաբերյալ) բողոքարկելիության տեսանկյունից առավել համահունչ է գործն ըստ էության լուծող դատական ակտերին բնորոշ իրավակարգավորումներին, ինչը հատկապես դրսևորվում է վրա հասնող իրավական հետևանքների հարցում: Մասնավորապես, նշված որոշմամբ, ըստ էության, եզրափակում է արբիտրաժային վարույթի նկատմամբ հարուցված դատական վերահսկողության սույն վարույթը` բացառելով դրա հետագա վերսկսումը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
ԱԱՀ
ԱԱՀ

Դատավորներ` Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ԵԿԴ/1636/17/15
Որոշում