Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/0634/05/10

    դատարանի որոշում                       2016թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0634/05/10

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սիրանուշ Վարդանյանի ներկայացուցիչ Արտավազդ Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.10.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սիրանուշ Վարդանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Նելլի Վարդանյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք` անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 010064-147 մատյանի 00232 համարի տակ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 20.03.2009 թվականին կատարված Նելլի Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սիրանուշ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել «Կենտրոն» թաղապետարանի թիվ 18 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 29.08.2008 թվականին տրված տեղեկանքը, դրա հիման վրա 02.09.2008 թվականին Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի տեղակալի կողմից տրված թիվ 23/35-Վ-191 տեղեկանքը և այդ տեղեկանքի հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումը և որպես անվավերության հետևանք` վերացնել Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/11 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Նելլի Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) 09.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումը և Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Նելլի Վարդանյանի անվամբ 20.03.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչվել են անվավեր, իսկ «Կենտրոն» թաղապետարանի թիվ 18 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 29.08.2008 թվականին տրված տեղեկանքը, դրա հիման վրա 02.09.2008 թվականի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի տեղակալի կողմից տրված թիվ 23/35-Վ-191 տեղեկանքն անվավեր ճանաչելու պահանջների մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ա. Առաքելյան, Ա. Աբովյան, Գ. Ղարիբյան) 02.02.2012 թվականի որոշմամբ Նելլի Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Նելլի Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով ՀՀ վարչական դատարանի 09.07.2011 թվականի վճիռը բեկանվել է, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության, իսկ մնացած մասով ՀՀ վարչական դատարանի 09.07.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.03.2012 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.02.2012 թվականի որոշման դեմ Սիրանուշ Վարդանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 06.05.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է` Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումը ճանաչվել է անվավեր և որպես անվավերության հետևանք` վերացվել է անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 010064-147 մատյանի 00232 համարի տակ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 20.03.2009 թվականին կատարված Նելլի Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2014 թվականի որոշմամբ Նելլի Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 06.05.2014 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրանուշ Վարդանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նելլի Վարդանյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածները, 146-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել սույն գործում առկա բոլոր ապացույցները և չի հիմնավորել իր եզրահանգումները համապատասխան ապացույցներով ու իրավական նորմերով: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ, քանի որ այդ անշարժ գույքն ինքնակամ կառույց է: Մինչդեռ Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ վիճելի անշարժ գույքն ինքնակամ կառույց չէ, և այդ անշարժ գույքի նկատմամբ Նելլի Վարդանյանը երբևէ ունեցել է սեփականության իրավունք, որը ենթակա էր վերականգնման:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեի անշարժ գույքի` ինքնակամ կառույց հանդիսանալու հանգամանքն ապացուցվում է սույն գործի նյութերում առկա ապացույցներով, ինչպես նաև հակառակը հիմնավորող ապացույցների բացակայությամբ: Հետևաբար Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումն անվավեր վարչական ակտ է, քանի որ Նելլի Վարդանյանի սեփականության իրավունքը չէր կարող վերականգնվել ինքնակամ կառույց հանդիսացող վիճելի անշարժ գույքի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.05.2014 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վերաքննիչ դատարանը, գնահատման առարկա դարձնելով սույն գործում առկա ապացույցները, հիմնավորված եզրահանգում է կատարել այն մասին, որ վիճելի անշարժ գույքն ինքնակամ կառույց չէ: Հետևաբար վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանն ապացուցման գործընթացում թույլ է տվել խախտումներ, անհիմն է և չի բխում գործի փաստական և իրավական հանգամանքներից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Մարտիրոսյանին հասցեագրած 17.10.2002 թվականի թիվ Ել-3579 գրությամբ Կադաստրի ստորաբաժանման ղեկավար Մ. Մինասյանը հայտնել է, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/11 հասցեում գտնվող շինությունը ինքնակամ կառույց է, հիշյալ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունք գրանցված չէ (հատոր 4-րդ, գ.թ. 37 (կադաստրային գործի նյութեր թիվ 01052841-1810-1199, (էլեկտրոնային կրիչ)).

2) Կադաստրի ստորաբաժանման ղեկավարը 19.11.2008 թվականի թիվ Ել-9648 գրությամբ Ն. Վարդանյանին հայտնել է հետևյալը. «... Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/11 հասցեում գույքի նկատմամբ պետական գրանցումը մերժվում է, քանի որ նշված բնակելի տան մասի համար 04.02.2004 թվականին Կադաստր է դիմել Կարինե Պապոյանը` խնդրելով չափագրել իր կողմից Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/11 հասցեում կառուցված ինքնակամ կառույցը և տալ հատակագիծ քաղաքապետարան ներկայացնելու համար: Կարինե Պապոյանի անվամբ հաշվառվել է 150,6 քմ մակերեսով ինքնակամ շինություն, որի հատակագիծը և հաշվառման մատյանից քաղվածքը մեր 16.02.2004 թվականի թիվ 458 գրությամբ ուղարկվել է Երևանի քաղաքապետին: Երևանի քաղաքապետի 09.04.2004 թվականի թիվ 662-Ա որոշմամբ Կ. Պապոյանի անվամբ օրինականացվել է 150,6 քմ մակերեսով շինությունը: Երևանի քաղաքապետի 13.05.2008 թվականի թիվ 2128-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 09.04.2004 թվականի թիվ 662-Ա որոշումը: Պետական գրանցում կկատարենք Երևանի քաղաքապետարանից վերոհիշյալ բնակելի տան կառուցողի վերաբերյալ պարզաբանում ներկայացնելուց հետո» (հատոր 4-րդ, գ.թ. 37 (կադաստրային գործի նյութեր թիվ 01052624-1200-1199 (էլեկտրոնային կրիչ)).

3) Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեի տան նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու խնդրանքով Նելլի Վարդանյանը 10.02.2009 թվականին կրկին դիմում է ներկայացրել Կադաստրի աշխատակազմի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանմանը (հատոր 4-րդ, գ.թ. 37 (կադաստրային գործի նյութեր թիվ 01052624-1210-2101)).

4) Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867, 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշումներով, 09.10.2008 թվականին ընդունել է «Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 բնակելի տան նկատմամբ Նելլի Վարդանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 4623-Ա որոշումը, որի 1-ին կետի համաձայն` վերականգնվել է Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նելլի Վարդանյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 86,10 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 86,10 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, իսկ նույն որոշման 4-րդ կետով Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/11 բնակելի տանը տրամադրվել է հասցե` «Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 տուն» (հատոր 1-ին, գ.թ. 65, հատոր 3-րդ, գ.թ. 14-15).

5) Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 20.03.2009 թվականի թիվ 2564536 վկայականի` Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշման հիման վրա անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 010064-147 մատյանի 00232 համարի տակ 20.03.2009 թվականին գրանցվել է Նելլի Վարդանյանի սեփականության իրավունքը` Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեի 52,6 քմ մակերեսով բնակելի տան և 0,008610 հա մակերեսով հողամասի նկատմամբ (հատոր 4-րդ, գ.թ. 32-35):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ օրենսդրական համակարգում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման իրավական կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով կարո՞ղ է արդյոք վերականգնվել ֆիզիկական անձի սեփականության իրավունքն անհատական բնակելի տան նկատմամբ այն պայմաններում, երբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում այն հանգամանքը, որ այդ անշարժ գույքը հանդիսանում է օրինական կառույց:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 15.05.2001 թվականը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (...) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի որոշումը, որում պարտադիր նշվում են իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին), բնակելի տան հասցեն, տեղեկատվություն բնակելի տան կառուցման տարեթվի մասին, տեղեկատվություն այն մասին, որ անշարժ գույքը բավարարում է նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` (...) նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները չբավարարող անշարժ գույքի հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը կարգավորել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման և պատշաճ ձևակերպման հետ կապված հարաբերությունները: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով օրենսդիրը սահմանել է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը (քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը կամ հողհատկացման հիմքերը) չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքը համարվում է այն որպես սեփական գույք տիրապետող ֆիզիկական անձանց սեփականությունը:

i

Նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով նշված օրենքի կարգավորման առարկային` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը: (...) Վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առաջացման համար միայն այդ հասցեում հաշվառվելը և բնակվելը բավարար չեն «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար, քանի որ օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման, այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման խնդիրը (տե՛ս Նարինե, Լիանա և Օֆելյա Թովմասյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Գագիկ Թովմասյանի և մյուսների թիվ ՎԴ/1864/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):

Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվում է այն ֆիզիկական անձի սեփականության իրավունքը, ով փաստացի տիրապետում է այդ անշարժ գույքը որպես սեփական գույք: Ընդ որում, վերոնշյալ իրավակարգավորումը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ոչ միայն փաստացի տիրապետում են համապատասխան անշարժ գույքը, այլ նաև հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ, որոնց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման գործընթացն իրենից ներկայացնում է համապատասխան ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթ, քանի որ եզրափակվում է համապատասխան վարչական ակտով, այն է` Երևանի քաղաքապետի որոշմամբ: Այսպես, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Երևանի քաղաքապետի կողմից ընդունված համապատասխան անհատական իրավական ակտը (որոշումը), որով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով ճանաչվում է ֆիզիկական անձի սեփականության իրավունքի առկայությունը դրա վերականգնման միջոցով, հանդիսանում է վարչական ակտ, քանի որ այն համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածում նախատեսված վարչական ակտի հասկացության սահմանմանը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա, որն էլ տվյալ ֆիզիկական անձին իրավունք է վերապահում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը:

i

Օրենսդիրը հստակ սահմանել է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեության` վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` պարզելու համար ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման համար անհրաժեշտ` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարտադիր պայմանների ու պահանջների առկայությունը կամ բացակայությունը: Հետևաբար Երևանի քաղաքապետը կարող է որոշում կայացնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքները վերականգնելու մասին միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ դիմում ներկայացրած ֆիզիկական անձի, ինչպես նաև այդ դիմումում նշված անշարժ գույքի կարգավիճակը լիովին համապատասխանում է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պահանջներին (տե՛ս նաև Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է նշված օրենքով սահմանված որոշակի պահանջներին բավարարող միայն այն բնակելի տների նկատմամբ, որոնք կառուցվել են օրենքով սահմանված կարգով, այսինքն` հանդիսանում են օրինական կառույցներ: Հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր պահանջներից մեկն այն է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի տիրապետող և այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ հանդիսացող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, երբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տունը չի հանդիսանում ինքնակամ կառույց` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շինություն:

Այլ կերպ ասած` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը կարող է վերականգնվել միայն այն բնակելի տների նկատմամբ, որոնք չեն հանդիսանում ինքնակամ կառույցներ: Հետևաբար վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, inter alia, այն հանգամանքը, թե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տունը հանդիսանում է արդյոք օրինական կառույց, թե` ոչ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):

Վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի ներկայացրած, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex օfficiօ) սկզբունքի իրագործման պայմաններում ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար: Ըստ այդմ, ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտը Երևանի քաղաքապետի կողմից 09.10.2008 թվականին ընդունված «Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 բնակելի տան նկատմամբ Նելլի Վարդանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 4623-Ա որոշումն է, որի 1-ին կետով վերականգնվել է Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նելլի Վարդանյանի հողօգտագործման իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 86,10 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 86,10 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: Այսպես, նշված որոշմամբ Երևանի քաղաքապետը, հիմք ընդունելով այն, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ, այդ հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, գտել է, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող հողամասի և բնակելի տան նկատմամբ ենթակա է վերականգնման Նելլի Վարդանյանի սեփականության իրավունքը` ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի:

Դատարանը 06.05.2014 թվականի վճռով բավարարել է Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին Սիրանուշ Վարդանյանի պահանջը` պատճառաբանելով նաև, որ վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի նյութերում առկա չեն եղել բավարար և անհերքելի ապացույցներ այն մասին, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող գույքային միավորն օրինական կառույց է:

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ բավարարելով Նելլի Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանն իր այդ որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ սույն գործում «(...) առկա չեն բավարար, պատշաճ և վերաբերելի ապացույցներ, որոնց հիմքով հստակորեն կարելի է եզրահանգել, որ սույն վեճի առարկա հանդիսացող որոշմամբ օրինականացված կառույցն իրենից ներկայացնում է ինքնակամ կառույց (...)»: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել Դատարանի այն եզրահանգումը, որ Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումն ընդունվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում համապատասխան ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ, որի հիման վրա տվյալ ֆիզիկական անձն իրավական հնարավորություն է ստանում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը: Ընդ որում, Երևանի քաղաքապետը կարող է որոշում կայացնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքները վերականգնելու մասին միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ դիմում ներկայացրած ֆիզիկական անձի, ինչպես նաև այդ դիմումում նշված անշարժ գույքի կարգավիճակը լիովին համապատասխանում է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պահանջներին:

Փաստորեն, սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը պարզելու, այսինքն` սույն գործը լուծելու համար էական նշանակություն ունի այն հարցը, թե Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող անշարժ գույքը լիովին համապատասխանում է արդյոք իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պահանջներին, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված օրենքով սահմանված պահանջներից մեկն իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տան` օրինական կառույց հանդիսանալն է: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի հիման վրա հարուցված սույն վարչական գործի քննության և լուծման համար, ի թիվս այլ հանգամանքների, էական նշանակություն ունի այն հարցը, թե Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող բնակելի տունը հանդիսանում է արդյոք օրինական շինություն, թե` ոչ:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում չի պարզվել այն հարցը, թե Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող բնակելի տունը հանդիսանում է արդյոք օրինական շինություն, թե` ոչ: Այլ կերպ ասած` սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և չի բացահայտել Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող բնակելի տան` օրինական կառույց հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքը, որն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար:

Բացի այդ, սույն գործում առկա չեն բավարար ապացույցներ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող բնակելի տան` օրինական կառույց հանդիսանալու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումն անվավեր ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված սույն վարչական գործի շրջանակներում վիճարկվող վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է այն ընդունած վարչական մարմինը` Երևանի քաղաքապետը: Ընդ որում, Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշման իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Փաստորեն, Երևանի քաղաքապետի քննարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն կարող է համարվել հերքված (չապացուցված): Հետևաբար Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշման համար հիմք հանդիսացած այն փաստը, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող բնակելի տունը հանդիսանում է օրինական կառույց, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է իրավաչափորեն համարվի հերքված (չապացուցված), քանի որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից պարզ է դառնում, որ վիճելի կառույցն ինքնակամ է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշումն ընդունվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ այնքանով, որքանով Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակներում չի հիմնավորվում Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող բնակելի տան օրինական կառույց հանդիսանալու հանգամանքը:

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ: Հետևաբար Դատարանն իր վճռում իրավացիորեն է եզրահանգել, որ Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի «Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 բնակելի տան նկատմամբ Նելլի Վարդանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 4623-Ա որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ոչ իրավաչափ վարչական ակտ է և պետք է ճանաչվի անվավեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Նելլի Վարդանյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է Երևանի քաղաքապետի 09.10.2008 թվականի թիվ 4623-Ա որոշման հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Նելլի Վարդանյանի անվամբ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 010064-147 մատյանի 00232 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ևս պետք է ճանաչվեր անվավեր, որպիսի իրավաչափ եզրահանգման և եկել էր Դատարանը:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.04.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Սիրանուշ Վարդանյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը` 40.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է ՀՀ պետական բյուջե բռնագանձման Երևանի քաղաքապետարանից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.10.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 06.05.2014 թվականի վճռին:

2. Երևանի քաղաքապետարանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ՎԴ/0634/05/10
Որոշում