Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ, 103-ՐԴ, 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԵԿԴ/0004/11/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0004/11/11

Նախագահող դատավոր` Ռ. Ազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Պողոսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

 

    2011 թվականի հուլիսի 13-ին                         ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Համբարձում Հարությունյանի և նրա ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ Հովհաննես Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2008 թվականի հուլիսի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում ստացվել է «Բրավո-Բետո» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Համբարձում Հարությունյանի` ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումն այն մասին, որ Հովհաննես Ալեքսանյանի հետ համատեղ հիմնադրել են «Բրավո-Բետո» ՍՊԸ-ն, որը պետության հանդեպ ունեցած հարկային պարտավորությունների հետևանքով սնանկ է ճանաչվել, և սկսվել է ընկերության լուծարման գործընթացը: Այդ ժամանակ տեղեկացել է, որ ընկերության գործունեության ընթացքում Հ. Ալեքսանյանը բազմաթիվ անգամ կեղծել է իր ստորագրությունը և գործարքներ կնքել, վաճառել ընկերության գույքը և յուրացրել գումարները:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Հ. Ենոքյանի 2008 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Հ. Հարությունյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

2. 2009 թվականի օգոստոսի 21-ին Հ. Հարությունյանը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին այն մասին, որ 2007 թվականի հունիսի 8-ին Հ. Ալեքսանյանը կեղծ լիազորագրի հիման վրա վաճառել է «Բրավո-Բետո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «Մազդա-626» մակնիշի ավտոմեքենան և վաճառքից առաջացած գումարը յուրացրել է` ընկերությանը պատճառելով 4.500.000 ՀՀ դրամի վնաս:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Դ. Վարդանյանի 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Հ. Հարությունյանի հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

3. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում «Բրավո-Բետո» ՍՊԸ-ի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում Հ. Հարությունյանը դիմում է ներկայացրել կոմիտեի նախագահին, ինչպես նաև հետաքննության վարչությունում բացատրություն է տվել այն մասին, որ 2006 թվականի ընթացքում Հ. Ալեքսանյանի և նրա հարազատների կողմից կանխամտածված ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ, յուրացվել են դրամական և հիմնական միջոցներ, որի հետևանքով ընկերությունը ճանաչվել է սնանկ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության ավագ հետաքննիչ Կ. Խանջյանի 2010 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Հ. Հարությունյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ նույն անձի նկատմամբ առկա է նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին չվերացված որոշում:

4. Դիմող Հ. Հարությունյանը և նրա ներկայացուցիչ Ա. Հակոբյանը բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության ավագ հետաքննիչ Կ. Խանջյանի 2010 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը և հարուցել քրեական գործ:

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գ. Նավասարդյանը 2011 թվականի հունվարի 12-ի գրությամբ Հ. Հարությունյանին հայտնել է, որ նշված որոշումը հիմնավոր է, և այն վերացնելու հիմքեր չկան:

5. 2011 թվականի հունվարի 20-ին դիմող Հ. Հարությունյանը և նրա ներկայացուցիչ Ա. Հակոբյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), որը դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ մերժվել է:

6. Նույն անձանց վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի մայիսի 3-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանելու մասին: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության ավագ հետաքննիչ Կ. Խանջյանի 2010 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը վերացվել է, և վարույթն իրականացնող մարմնի համար պարտավորություն է սահմանվել վերացնելու դիմող Հ. Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

7. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Հ. Ալեքսանյանը:

Վճռաբեկ դատարանը 2011 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Հ. Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դիմող Հ. Հարությունյանը 2011 թվականի հունիսի 21-ին ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` փաստարկելով, որ վերանայվող դատական ակտն օրինական է և հիմնավորված, ուստի այն բեկանելու հիմքեր չկան:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

8. Դիմող Հ. Հարությունյանի և նրա ներկայացուցիչ Ա. Հակոբյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի խնդրանքը շարադրված է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 103-րդ, 175-րդ, 176-րդ, 185-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներով խնդրում եմ վերացնել ՊԵԿ հետաքննչական վարչության 1-ին բաժնի ավագ հետաքննիչ Կ. Խանջյանի 29.11.2010 թ. որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և պարտավորեցնել հարուցել քրեական գործ» (տե՛ս Նյութեր, էջ 4):

9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ. «Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ և 379-րդ հոդվածներով` Դատարանը որոշեց Համբարձում Հարությունյանի կողմից ներկայացված բողոքը` «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի ավագ հետաքննիչ Կ. Խանջյանի 2010 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը վերացնելու վերաբերյալ, մերժել (...)» (տե՛ս Նյութեր, էջ 38):

10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ. «Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 13-րդ մասերով, 394-րդ հոդվածի 2-րդ մասով, 395-րդ հոդվածի 3-րդ կետով, 398-րդ հոդվածի 1-ին մասով, 402-րդ, 404-րդ հոդվածներով, 412-րդ հոդվածի 1-ին մասով Վերաքննիչ դատարանը որոշեց.

1. Վերաքննիչ բողոքը բավարարել:

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի (...) որոշումը բեկանել:

3. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի ավագ հետաքննիչ Կ. Խանջյանի 2010 թվականի նոյեմբերի 29-ի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնել:

4. Վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությանը, պարտավորեցնել վերացնելու դիմող Համբարձում Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումը: (...)» (տե՛ս Նյութեր, 109-110 էջեր):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Վճռաբեկ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 17-րդ, 175-րդ, 176-րդ, 180-րդ, 181-րդ, 185-րդ, 290-րդ, 395-րդ և 398-րդ հոդվածների պահանջները:

12. Վերոնշյալ դատավարական խախտումներից բացի, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը, որի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի չվերացված որոշում»: Այլ կերպ ասած, անձի նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշման առկայությունը բացառում է նույն անձի նկատմամբ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը:

Վերոշարադրյալից բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, իսկ քրեական գործի հարուցումն անհնարին, քանի որ առկա են Հ. Ալեքսանյանի կողմից տարբեր փաստաթղթերում Հ. Հարությունյանի ստորագրությունը կեղծելու մեղադրանքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 26-ի և 2009 թվականի նոյեմբերի 18-ի որոշումները, որոնք վերացված չեն:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի մայիսի 3-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից ըստ էության երկու հարց է բարձրացվել, որոնցից առաջինը վերաբերում է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք դրույթների ենթադրյալ խախտման հանգամանքին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), իսկ երկրորդը` ի խախտումն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` իր նկատմամբ քրեական գործ հարուցելուն (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

i

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից փաստարկված ենթադրյալ խախտումներից երկրորդը կարող է հետևանք լինել սույն գործի քննության ընթացքում ստորադաս դատարանների կողմից թույլ տրված սահմանադրական և քրեադատավարական դրույթների ենթադրյալ խախտման, ուստի անհրաժեշտ է համարում առաջին հերթին քննության առնել նշված ենթադրյալ խախտումների հարցը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրավական կառուցակարգերի ճիշտ տարանջատման հարցում սույն գործով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

16. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` սույն գործով որոշումներ կայացնելիս ստորադաս դատարանները պահպանե՞լ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու դեպքում կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին (...):

2. Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով (...)

i

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները և ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (...)»:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից երևում է, որ այն նպատակ է հետապնդում սահմանել քրեական դատավարության համակարգում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկը` մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության իրավական կառուցակարգը: Ընդ որում, այդ իրավանորմն ընդհանրական է. այն չի սահմանում վերահսկողության կոնկրետ օբյեկտները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես ամրագրում է ընդհանուր նորմ: Այն սահմանում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բերված բողոքների քննության արդյունքում կայացվող որոշումների շրջանակը: Մասնավորապես, եթե բողոքը ճանաչվում է հիմնավորված, ապա դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Իսկ եթե դատարանը գտնում է, որ բողոքարկված գործողությունները և որոշումները հիմնավորված են և օրինական, հետևաբար անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, ապա որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ նորմ, որը հստակ կարգավորում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները: Մասնավորապես, հիշատակված իրավանորմը սահմանում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Ընդ որում, բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը: Այսինքն` քննարկվող իրավանորմը սահմանում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման ինքնավար ընթացակարգ:

20. Սույն որոշման 18-19-րդ կետերում շարադրված հիմնավորումները թույլ են տալիս եզրակացնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներից առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը` արդյունքում հստակեցնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատական կարգն ու դրա արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումը:

21. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Հ. Հարությունյանը և նրա ներկայացուցիչ Ա. Հակոբյանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջներով, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք են ներկայացրել դատարան և խնդրել են վերացնել վիճարկվող որոշումը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը բողոքի քննությունն իրականացրել է և համապատասխան որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով դիմողի և նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու մասին, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջներով, որոշում է կայացրել վիճարկվող որոշումը վերացնելու մասին: Սակայն, միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել է դիմող Հ. Հարությունյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտավորություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կառուցակարգ), այլ ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով դատախազին պարտավորեցրել է քրեական գործ հարուցել (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում կիրառել են ոչ թե դրա համար ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կառուցակարգը, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կառուցակարգը:

23. Սույն որոշման 15-21-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 22-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով որոշումներ կայացնելիս ստորադաս դատարանները չեն պահպանել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը: Ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրենց լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի խախտումներ:

24. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանում բողոքաբերը մասնակից չի դարձվել Հ. Հարությունյանի կողմից ներկայացված բողոքի քննությանը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով քննվող բողոքն անմիջականորեն առնչվում է անձի իրավունքներին և օրինական շահերին, ապա վերջինս պետք է տեղեկացվի այդ բողոքի դատական քննության մասին, և նրան պետք է հնարավորություն տրվի մասնակցելու նշված բողոքի քննությանը:

Սույն գործով Հ. Հարությունյանի կողմից ներկայացված բողոքն անմիջականորեն առնչվում էր Հ. Ալեքսանյանի իրավունքներին և օրինական շահերին, քանի որ վերաբերում էր նրա կողմից ենթադրաբար կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդման կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմանը: ՈՒստի, բողոքի քննության կապակցությամբ բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից Հ. Ալեքսանյանը պետք է տեղեկացվեր վերոնշյալ բողոքի դատական քննության մասին, և նրան պետք է հնարավորություն տրվեր մասնակցելու դրա քննությանը:

25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (...)»:

Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

26. Հիմք ընդունելով սույն որոշման 17-25-րդ կետերում շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանց ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումները վերացնելու հնարավոր չէ քննության առնել բողոքաբերի կողմից բարձրացված երկրորդ հարցը, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ենթադրյալ խախտմամբ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը: ՈՒստի սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն այդ հարցին չի անդրադառնում:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշումը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի մայիսի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.07.2011
N ԵԿԴ/0004/11/11
Որոշում