Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ԵՎ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1351/02/09   

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1351/02/09

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Պետրոսյան     

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե Թորոսյանի ընդդեմ Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանների` Կարինե Թորոսյանին և անչափահաս Հովհաննես Վարդանյանին 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի ժառանգական գույք հանդիսացող Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, սեփականատեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կարինե Թորոսյանը պահանջել է իրեն և անչափահաս Հովհաննես Վարդանյանին ճանաչել 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի ժառանգական գույք հանդիսացող Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, սեփականատեր:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.08.2010 թվականի որոշմամբ Կարինե Թորոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 13.05.2010 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 52-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1249-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է մի փաստաթուղթ` հայցվորի կողմից ամուսնու չստացած աշխատավարձը ստանալու մասին` իրականությանը չհամապատասխանող տեղեկանքը, որը նախկինում ուսումնասիրվել է, և որին գնահատական է տվել նույնիսկ ՀՀ վճռաբեկ դատարանը և չի ընդունել վճռաբեկ բողոքի հիմքում դրված այդ նույն փաստաթուղթը: Բացի այդ, Ռոմիկ Վարդանյանի կողմից «Պերսոնա» ՍՊԸ-ում աշխատելու և նրա փոխարեն կնոջ կողմից հուլիս ամսվա աշխատավարձը ստանալու հանգամանքները կարող են հաստատվել աշխատանքի ընդունման հրամանով, աշխատավարձի հաշվարկման ու վճարման տեղեկագրերով, որոնք բացակայում են:

Ինչպես այս, այնպես էլ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճռով հաստատվել են այն հանգամանքները, որ Կարինե Թորոսյանն ու Հովհաննես Վարդանյանը հետաքրքրություն չեն ցուցաբերել ժառանգական զանգվածի նկատմամբ և բաց են թողել ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված ժամկետը, այսինքն` հրաժարվել են ժառանգությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 05.08.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.05.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 07.11.1991 թվականի թիվ 7576 նվիրատվության պայմանագրի համաձայն` Հովհաննես Վարդանյանն իր որդի Ռոմիկ Վարդանյանին է նվիրել Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տունը, ինչի հիման վրա վերջինիս տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 10, 11):

2. Ռոմիկ Վարդանյանը և Կարինե Թորոսյանն ամուսնացել են 26.11.1983 թվականին, որի մասին ՀՍՍՀ Լենինականի ԶԱԳՍ-ի բաժնում ամուսնության ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 1331 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 7):

3. Հովհաննես Վարդանյանը` ծնված 24.10.1997 թվականին ՈՒկրաինայի Խարկով քաղաքում, Ռոմիկ Վարդանյանի որդին է (հատոր 1-ին, գ.թ. 8):

4. Ռոմիկ Վարդանյանը մահացել է 01.08.2000 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 9):

5. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08 վճռով, քննելով Կարինե Թորոսյանի հայցն ընդդեմ Ցողիկ Ծատուրյանի, Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանների` կառուցման փաստով իր և անչափահաս Հովհաննես Վարդանյանի` Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 տան բաժնեմասի մասով սեփականության իրավունքը ճանաչելու և անչափահաս Հովհաննես Վարդանյանին Ռոմիկ Վարդանյանի մահից հետո առաջին հերթի ժառանգ ճանաչելու և ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջի մասին, հիմնավորված է համարվել, որ Կարինե Թորոսյանն օրենքով սահմանված ժամկետում չի ընդունել ինչպես իր, այնպես էլ իր որդու` Հովհաննես Վարդանյանի ժառանգությունը, բնակվելով ՌԴ-ում` քայլեր չի ձեռնարկել գույքը տիրապետելու և հոգ տանելու ուղղությամբ (հատոր 1-ին, գ.թ. 29-32):

6. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճռով Կարինե Թորոսյանի հայցն ընդդեմ Ցողիկ Ծատուրյանի, Արտակ, Նելլի և Լիլիթ Վարդանյանների` սեփականատեր չհամարվող տիրապետողի խախտված իրավունքը վերականգնելու, ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու, դրամական հատուցմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու, բնակարանից վտարելու պահանջի մասին, մերժվել է: Նշված վճռով հաստատվել է, որ Կարինե Թորոսյանը և Հովհաննես Վարդանյանն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգությունը չեն ընդունել, 2000 թվականից 2006 թվականը գտնվել են ՌԴ Խաբարովսկ քաղաքում և միայն 28.06.2006 թվականին դիմում են ներկայացրել նոտարական գրասենյակ` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար: Նշված վճռով Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանները ներկայացման իրավունքով փաստացի տիրապետման ուժով ճանաչվել են 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ (հատոր 1-ին, գ.թ. 23-26):

7. «Պերսոնա» ՍՊԸ-ի տնօրենի 20.09.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Ռոմիկ Վարդանյանն աշխատել է Խաբարովսկ քաղաքի Օկրուժնայա փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Պերսոնա» ՍՊԸ-ում որպես հյուսն: Ռոմիկ Վարդանյանի մահից հետո նրա կինը` Կարինե Թորոսյանը, ստացել է Ռոմիկ Վարդանյանի հուլիս ամսվա աշխատավարձը` 10.000 ռուբլի (հատոր 1-ին, գ.թ. 17):

8. ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2009 թվականի թիվ 3-241(ՎԴ) որոշմամբ նշվել է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի վճիռը վերանայելու համար որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչվել և բողոքին կից ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաքում գործող «Պերսոնա» ՍՊԸ-ի տնօրենի 20.09.2009 թվականի տեղեկանքը: ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կարինե Թորոսյանը չի ապացուցել այդ տեղեկանքի համաձայն` իր կողմից Ռոմիկ Վարդանյանի աշխատավարձը նրա մահից հետո մեկամսյա ժամկետում ստանալու փաստի մասին իմանալու և իր կամքից անկախ պատճառներով դատարան չներկայացնելու հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 110-111):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն (տես «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների` հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին քաղաքացիական գործով թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործում առկա ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճռով Կարինե Թորոսյանի հայցն ընդդեմ Ցողիկ Ծատուրյանի, Արտակ, Նելլի և Լիլիթ Վարդանյանների` սեփականատեր չհամարվող տիրապետողի խախտված իրավունքը վերականգնելու, ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու, դրամական հատուցմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու, բնակարանից վտարելու պահանջի մասին, մերժվել է: Նշված վճռով հաստատվել է, որ Կարինե Թորոսյանը և Հովհաննես Վարդանյանն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգությունը չեն ընդունել, 2000 թվականից 2006 թվականը գտնվել են ՌԴ Խաբարովսկ քաղաքում և միայն 28.06.2006 թվականին դիմում են ներկայացրել նոտարական գրասենյակ` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար: Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանները ներկայացման իրավունքով փաստացի տիրապետման ուժով ճանաչվել են 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ: Իսկ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08 վճռով հիմնավորված է համարվել, որ Կարինե Թորոսյանն օրենքով սահմանված ժամկետում չի ընդունել ինչպես իր, այնպես էլ, որպես օրինական ներկայացուցիչ, որդու` Հովհաննես Վարդանյանի ժառանգությունը, բնակվելով ՌԴ-ում` քայլեր չի ձեռնարկել գույքը տիրապետելու և հոգ տանելու ուղղությամբ: Դատարանը հայցը մերժել է` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճիռը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ Արտակ, Նելլի և Լիլիթ Վարդանյանները ներկայացման իրավունքով փաստացի տիրապետման ուժով ճանաչվել են 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ: Նրանք ժառանգության իրավունք են ձեռք բերել առաջին հերթի ժառանգներ հանդիսացող Կարինե Թորոսյանի և անչափահաս Հովհաննես Վարդանյանի կողմից սահմանված ժամկետներում ժառանգությունը չընդունելու արդյունքում:

Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է «Պերսոնա» ՍՊԸ-ի տնօրենի 20.09.2009 թվականի տեղեկանքը և գտել է, որ Կարինե Թորոսյանը, վեց ամսվա ընթացքում ստանալով ամուսնու աշխատավարձը, փաստացի ընդունել է ժառանգատուի մնացած ժառանգությունը, այդ թվում` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճիռներով արդեն իսկ քննվել է 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունելու հարցը և որոշվել են նշված գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգների շրջանակը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճռով Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանները ներկայացման իրավունքով փաստացի տիրապետման ուժով արդեն իսկ ճանաչվել են 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ: Նշված վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Կարինե Թորոսյանն ու Հովհաննես Վարդանյանը հետաքրքրություն չեն ցուցաբերել ժառանգական զանգվածի նկատմամբ և բաց են թողել ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված ժամկետը: Ավելին, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08 վճռով ևս հաստատված հանգամանք է համարվել, որ Հովհաննես Վարդանյանը Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց է թողել, և առկա չէ այն հարգելի ճանաչելու որևէ հիմք:

Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունելու փաստն արդեն իսկ հաստատվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճռով և համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի` նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Վերոգրյալ հիմնավորման պարագայում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկին չի անդրադառնում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը Հովհաննես Վարդանյանի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08 վճռով քննվել է Կարինե Թորոսյանի հայցն ընդդեմ Ցողիկ Ծատուրյանի, Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանների` կառուցման փաստով իր և անչափահաս Հովհաննես Վարդանյանի Նոր Արեշ 33-րդ փողոցի 32 տան բաժնեմասի մասով սեփականության իրավունքը ճանաչելու և անչափահաս Հովհաննես Վարդանյանին Ռոմիկ Վարդանյանի մահից հետո առաջին հերթի ժառանգ ճանաչելու և ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջի մասին: Անչափահաս Հովհաննես Վարդանյանին ժառանգ ճանաչելու պահանջի հիմքում դրվել է Ռոմիկ Վարդանյանի աշխատավարձը ստանալու փաստը:

Սույն գործով Կարինե Թորոսյանը պահանջել է նաև անչափահաս Հովհաննես Վարդանյանին ճանաչել 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի ժառանգական գույք հանդիսացող Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, սեփականատեր` հայցի հիմքում նույնպես դնելով Ռոմիկ Վարդանյանի աշխատավարձը ստանալու փաստը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված` 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի ժառանգական գույք հանդիսացող, Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հովհաննես Վարդանյանին ժառանգությունն ընդունած ժառանգ, սեփականատեր ճանաչելու պահանջի մասով արդեն իսկ առկա է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08 վճիռը, որի պայմաններում գործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2010 թվականի որոշումը բեկանել: Որոշման` Կարինե Թորոսյանի մասով հայցը բավարարելու մասով օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2010 թվականի վճռին: Հովհաննես Վարդանյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Կարինե Թորոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.04.2011
N ԵԷԴ/1351/02/09
Որոշում