020.0871.300310
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 մարտի 2010թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` դիմող կողմի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Ղազարյանի, պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 67-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը քաղաքացիներ Ա. Սարգսյանի և Կ. Ռուբինյանի` 15.12.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը վերնագրված է «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները», վիճարկվող 2-րդ մասում սահմանում է. «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»:
Վիճարկվող դրույթը փոփոխության է ենթարկվել 25.05.06թ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-91-Ն ՀՀ օրենքով:
Օրենսգրքի` արդարացվածին պատճառված վնասի հատուցման կարգը սահմանող 67-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` վիճարկվող դրույթով սահմանված է. «Արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատուկ կարևորության գործերով ավագ քննիչի` 12.12.2008թ. և 13.12.2008թ. «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումներով համապատասխանաբար` դիմողներ Ա. Սարգսյանի և Կ. Ռուբինյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը` հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Դիմողները քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի առնչությամբ բողոքարկել են նշված որոշումները ՀՀ գլխավոր դատախազին: Դիմողների բողոքները մերժվել են: Դիմողների անունից 17.01.2009թ. և 18.01.2009թ. բողոքներ են ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Վերջինս իր` 16.02.2009թ. և 09.03.2009թ. որոշումներով մերժել է համապատասխանաբար` դիմողներ Ա. Սարգսյանի և Կ. Ռուբինյանի անունից ներկայացված բողոքները: Առաջին ատյանի դատարանի նշված որոշումները բողոքարկվել են ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը 19.04.2009թ. և 11.05.2009թ. կայացրել է որոշումներ, որոնցով մերժել է վերաքննիչ բողոքները: Վերաքննիչ դատարանի որոշումների դեմ ներկայացվել են վճռաբեկ բողոքներ: Վճռաբեկ դատարանը բողոքները վերադարձրել է:
3. Ըստ դիմողների` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի պահանջներին: Դիմողների պնդմամբ` այդ հակասությունը դրսևորվում է նրանում, որ վիճարկվող դրույթով նախատեսված` քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի կիրառմամբ ընդունված ակտերն ընթերցողի մոտ չփարատված կասկածների մասին համոզմունք են ձևավորում, ինչն անհամատեղելի է անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ: Դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթում նշված հիմքով գործի կարճման դեպքում վարույթն իրականացնող մարմնի սուբյեկտիվ գիտակցության մեջ շարունակում է պահպանվել հանցագործությանը մեղադրյալի մասնակցության փաստի վերաբերյալ կասկածը, որը հիմնավորող ապացույցները բավարար չեն:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը դիմողները վիճարկում են հետևյալ տեսանկյունից.
ա) վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների առաջին մասերի պահանջներին, քանի որ բացառում է միևնույն դատաքննության շրջանակներում միմյանց հետ կապված տարբեր պահանջների քննության ու լուծման հնարավորությունը: Իրենց այս պնդումը դիմողները հիմնավորում են` հղում կատարելով, ի թիվս այլնի, նաև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-787 որոշմանը,
բ) ըստ դիմողների` վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին, քանի որ չի նախատեսում արդարացվածին պատճառված վնասի հատուցման արտադատարանական կարգ: Իրենց այս պնդումը դիմողները հիմնավորում են նրանով, որ Սահմանադրության 18-րդ հոդվածը թույլ է տալիս իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության նպատակով դիմել ոչ միայն դատական, այլև պետական այլ մարմինների` տվյալ պարագայում արդարացվածին պատճառված վնասի հատուցման հարցն արտադատարանական կարգով լուծելու համար,
գ) դիմողները գտնում են նաև, որ վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների առաջին մասերի պահանջներին, քանի որ չի նախատեսում արդարացվածին պատճառված բարոյական վնասի նյութական եղանակով հատուցման ինստիտուտ:
4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողների փաստարկների դեմ, գտնում է, որ վիճարկման առարկա դրույթն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական դատավարության մրցակցային բնույթից, երբ քրեական դատավարությունն իրականացվում է հստակ
սահմանված դատավարական ընթացակարգով: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակներում օրենքով սահմանված կարգով անձի մեղավորությունը չի ապացուցվում, անձը պահպանում է անմեղի իր օբյեկտիվ կարգավիճակը: Դա է պատճառը, որ քրեական դատավարության օրենսգիրքը պարտավորեցնում է վարույթն իրականացնող մարմնին յուրաքանչյուր դեպքում դադարեցնել քրեական հետապնդումը, եթե անձի մեղավորությունը չի ապացուցվել:
Պատասխանողի կարծիքով, ինչպես քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով, այնպես էլ 2-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում գործի վարույթը կարճելը և քրեական հետապնդումը դադարեցնելը միշտ ենթադրում են մեղադրյալի լիովին արդարացում` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Ընդ որում, իրավական հետևանքների տեսանկյունից որևէ տարբերակում չի դրվում, թե քրեական հետապնդումը որ արդարացնող հիմքով է դադարեցվել, և անձն օգտվում է քր. դատ. օր-ի 66-րդ հոդվածով երաշխավորված` արդարացվածի բոլոր իրավունքներից:
Պատասխանողը փաստում է, որ քրեական հետապնդումը դադարեցվում է ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով, եթե պարզվում է, որ հանցագործության դեպքը տեղի է ունեցել և բովանդակում է հանցակազմի հատկանիշներ, բայց կատարել է ոչ թե մեղադրյալը, այլ մեկ այլ անձ: Ըստ պատասխանողի` դրանով է պայմանավորված, որ քրեադատավարական օրենսդրությամբ հանցակազմի բացակայության հիմքերի հետ նախատեսվեց ևս մեկ հիմք` հանցագործության կատարմանն անձի մասնակցությունն ապացուցված չլինելը:
ՀՀ քր. դատ. օր-ի 67-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ պատասխանողը գտնում է, որ դիմողի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-787 որոշման վկայակոչումն արդարացված չէ, քանի որ այնտեղ խոսքը վերաբերում է միմյանց հետ փոխկապակցված հարաբերությունների ընդդատության կանոններին: Միաժամանակ կարծիք է արտահայտում, որ դիմողի առաջարկած իրավակարգավորումն անհնարին կլինի իրականացնել այն պարագայում, երբ մեղադրյալն արդարացվածի կարգավիճակ է ձեռք բերում մինչդատական վարույթի ընթացքում:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված` անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է հանցագործության կատարման մեջ մեղադրվողին համարել անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս սկզբունքի էությունն անձի մեղքը բացառապես դատական կարգով հաստատելու երաշխավորումն է, այսինքն` այս սկզբունքի ուժով անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում և միայն դատական ակտով: Անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է նաև, որ անձի նկատմամբ կիրառվող դատավարական միջոցները պատժի տարրեր չպետք է պարունակեն, իսկ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բարբերան, Մեսեգեն և Ջաբարդոն ընդդեմ Իսպանիայի գործով (Barbera, Messegue and Jabardo v. Spain 10590/83, կետ 77) 1988թ. դեկտեմբերի 6-ի 10590/83 վճռում անմեղության կանխավարկածին հաղորդել է հետևյալ բովանդակությունը. «...6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Այն պահանջում է, ի թիվս այլոց, որ իրենց պարտականությունները կատարելիս դատարանի անդամները չպետք է ունենան կանխակալ կարծիք առ այն, որ մեղադրյալը կատարել է մեղսագրվող արարքը, ապացուցման պարտականությունը պետք է կրի մեղադրանքի կողմը, և ցանկացած կասկած պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի»:
Ելնելով անմեղության կանխավարկածի սկզբունքի իրավաբանական բովանդակությունից` սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը` նպատակ ունենալով պաշտպանել անձին հանիրավի մեղադրանքից, միաժամանակ չի կարող բացառել իրավասու մարմնի կողմից նրան քրեական հանցագործության մեջ կասկածելու հանգամանքը` մինչև այն պահը, երբ այդ կասկածներն այդ մարմնի իրավաչափ գործողությունների արդյունքում հնարավոր չի եղել հիմնավորվել:
6. Անմեղության կանխավարկածի առանձին դրսևորում է «չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու» պահանջը (ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասություն):
Սահմանադրական դատարանը` հաշվի առնելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները (մասնավորապես, տե՛ս Vassilios Stavropoulos v. Greece, 35522/04, 27.09.2007), գտնում է, որ որևէ որակական տարբերություն չպետք է դրվի ապացույցների բացակայության և անձի անմեղությունը կասկածի տակ չդնող արդարացման դատավճռի հիմքով քրեական գործի ավարտման միջև:
Քրեական հետապնդումը դադարեցնելու վիճարկվող հիմքը նույնպես կոչված է իրացնելու անմեղության կանխավարկածի սկզբունքի բաղադրատարր հանդիսացող` «չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու» սկզբունքը: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նշված տեսանկյունից խնդիր կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե իրավական հետևանքի առումով տարբերություն դրվի` ապացույցների բացակայության հիմքով, և անձի անմեղությունը հաստատված լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու միջև: Այս առնչությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդիրը նման տարբերակում չի կատարել: Ավելին, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերում ամրագրված` ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի կարճման, երբ մեղադրյալի կողմից հանցանքի կատարումը, որպես կանոն, մինչդատական կամ դատական վարույթներում ապացուցված է, և ըստ այդմ, օրենսդիրը մեղադրյալին արդարացվածի կարգավիճակ չի տրամադրում, վիճարկվող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում անձին վերապահվում է արդարացվածի կարգավիճակ:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում տեղ գտած` «...կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում...» դրույթը կարող է մեկնաբանվել երկու առումով, առաջին` «չմասնակցությունը, դա չապացուցված մասնակցությունն է» կամ «հանցագործության կատարմանը անձի ապացուցված չմասնակցությունն է», սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առնվող 35-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը պետք է գնահատվի հենց երկրորդ մեկնաբանման տեսանկյունից, քանի որ, ի թիվս այլնի, ՀՀ քր. դատ. օր-ի 6-րդ հոդվածի 42-րդ կետի համաձայն` արդարացվածն այն անձն է, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է անմեղության հիմքով:
7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ անմեղության կանխավարկածն անձին պաշտպանում է ոչ թե քրեական հետապնդման այն հիմքից, որը կասկած է թողնում անձի` տվյալ հանցագործությանը մասնակցության առնչությամբ, այլ այնպիսի որոշումներից կամ դրանցում այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են կասկածի ենթարկել տվյալ անձի արդարացումը կամ անմեղությունը: Նշված հանգամանքը գործնականում կարող է ավելի մեծ չափով իրավաբանական նշանակություն ունենալ արդարացված անձին պատճառված վնասի հատուցման իրավունքի կապակցությամբ ընդունվող որոշումների համար: Այս առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը վիճարկվող հիմքով արդարացվածին ոչ միայն պաշտպանում է նման հետագա ոչ իրավաչափ որոշումներից, այլ պաշտպանում է նաև հենց քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ այնպիսի ձևակերպումներ նախատեսելուց, որոնք կարող են կասկածի ենթարկել անձի արդարացումը կամ անմեղությունը: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հաշվի առնելով, որ վիճարկվող հիմքով քրեական հետապնդման դադարեցման և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված արդարացնող այլ հիմքերով քրեական հետապնդման դադարեցման միջև իրավունքի տեսանկյունից որևէ որակական տարբերություն օրենսդրությունը չի նախատեսում, ինչպես նաև նկատի ունենալով, որ օրենսդրությունը նախատեսում է պաշտպանություն ընդդեմ այն ակտերի, որոնք կարող են կասկածի ենթարկել վիճարկվող հիմքով անձի արդարացումը կամ նրա անմեղությունը` սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով վիճարկվող հիմքն իրավակիրառական պրակտիկայում համարժեք իրացման դեպքում չի կարող վտանգել անձի անմեղության կանխավարկածը:
8. Հայտնի է, որ քրեական իրավունքում «հանցակազմ» հասկացությունը բնորոշվում է որպես հանրորեն վտանգավոր արարքի` քրեական օրենսգրքով սահմանված հատկանիշների համակցություն: Այսինքն, որպեսզի անձը քրեական պատասխանատվության ենթարկվի, նրա արարքը պետք է որակվի հանրորեն վտանգավոր` որում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ արարքի բոլոր հատկանիշները: «Հանցակազմի բացակայություն» եզրույթը նշանակում է արարքի առկայություն, սակայն այն չի բնորոշվում որպես քրեական օրենսգրքով նախատեսված հատկանիշներ պարունակող հանրորեն վտանգավոր արարք, այլ կերպ` հանցագործություն: Հետևաբար, հանցագործության յուրաքանչյուր տեսակին համապատասխանում է իր կոնկրետ հանցակազմը, որի հիմնական տարրերն են օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը և սուբյեկտիվ կողմը: Այս տարրերից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի, հետևաբար և` հանցագործության բացակայության մասին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե.
ա) առկա է հանցագործությունը,
բ) կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չէ,
գ) սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
Այստեղ հիմնական հանգամանքն այն է, որ «առկա է հանցագործությունը» եզրույթն արդեն իսկ վկայում է հանցակազմի առկայության մասին, սակայն այն առարկայացված չէ կոնկրետ սուբյեկտի առնչությամբ: Ըստ էության հանցակազմը հանցագործության իրավաբանական բնորոշումն է: Եթե առկա է հանցագործությունը` հանցակազմի բոլոր տարրերի առկայությամբ, ապա չի կարող հանցակազմի բացակայության հիմքով գործի վարույթը կարճվել, որովհետև դա ուղղակիորեն կխախտի տուժող կողմի իրավունքները: Իսկ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել կասկածյալի կամ մեղադրյալի անձի առնչությամբ:
ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ինստիտուտի գոյությունն առավելապես իմաստավորվում է մրցակցային դատավարության սկզբունքի կիրառման շրջանակներում` անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ապացուցման պարտականությունը կրողի կողմից հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցության չապացուցելը հավասարազոր է անձի անմեղության ճանաչմանը: Իսկ իրավակիրառական պրակտիկան հետևողականորեն պետք է իրացնի ՀՀ քր. դատ. օր-ի 261-րդ հոդվածի վերոհիշյալ պահանջը:
Մեղավորությունը հիմնավորելու համար ապացույցների բավարար համակցության բացակայության դեպքում է միայն դադարեցվում քրեական հետապնդումը` 35-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով: Մինչդեռ ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «...իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը կարող է հանգեցնել իրավական կարգավորման ներքին հակասականության ու իրավական անորոշության: Ըստ էության նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում հստակ չեն առանձնացված գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման կամ այդ երկու ինստիտուտների համատեղ կիրառման հիմքերը: Հոդվածի երկու մասերի համադրված վերլուծությունը, ինչպես նաև միջազգային պրակտիկան վկայում են, որ ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի 2-րդ մասն սկզբունքորեն վերաբերում է քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերին:
Միաժամանակ, ՀՀ քր. դատ. օր-ի 306-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ «Մեղադրանքից դատախազի հրաժարվելու դեպքում դատարանը կարճում է քրեական գործով վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը, իսկ եթե դատախազը հրաժարվում է առանձին մեղադրյալի մասով` դադարեցնում է քրեական հետապնդումն այդ մեղադրյալի նկատմամբ»: Իսկ համաձայն նույն օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի` «2. Դատարանը պարտավոր է սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ: 3. Եթե արդարացման դատավճիռ կայացնելիս անհայտ է մնում այդ հանցանքը կատարած անձը, դատարանը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործն ուղարկում է դատախազին` լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը: 4. Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ»:
Վկայակոչված դրույթների և քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր հասկացությունների (մասնավորապես` 6-րդ հոդվածի 42-րդ կետ) համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով քրեական հետապնդումը կարող է դադարեցվել, ինչը հավասարազոր է անձի անմեղության փաստի հաստատման, իսկ դատաքննության փուլում ապացույցների անբավարարության հանգամանքը նաև արդարացման դատավճիռ կայացնելու հիմք է:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «...իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթի գոյությունն ու կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով դրա գործադրումը նախաքննության և դատաքննության փուլերում կվտանգի տուժողի շահերի պաշտպանությունը և կարող է արգելք հանդիսանալ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքի պաշտպանության համար, ինչպես նաև կասկածի տակ է մնում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղությունը` հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու պարագայում:
9. Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողների ներկայացրած վերոհիշյալ փաստարկները` սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում հարկ է համարում պարզել.
ա) որքանո՞վ է իրավաչափ արդարացվածի հատուցման պահանջի լուծումը միայն քաղաքացիական դատավարության կարգով,
բ) ՀՀ Սահմանադրության տեսանկյունից որքանո՞վ է իրավաչափ արդարացվածին պատճառված վնասի հատուցման արտադատարանական կարգ չնախատեսելը,
գ) արդյո՞ք վիճարկվող դրույթի խնդիրն է նախատեսել արդարացվածին պատճառված բարոյական վնասի նյութական եղանակով հատուցման ինստիտուտ:
Արդարացվածն ըստ քր. դատ. օր-ի 66-րդ հոդվածի` ունի փոխհատուցում ստանալու իրավունք:
Մինչդատական վարույթում անձն արդարացվածի կարգավիճակ ձեռք է բերում քր. դատ. օր-ի` 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման դադարեցման դեպքում, իսկ դատական քննության փուլում` օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի դեպքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մաս): Մինչ այդ, կասկածյալին կամ մեղադրյալին պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք գոյություն չունի, որովհետև դեռևս նա արդարացված չէ: Անձը կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա հատուցման պահանջով դատարան դիմել միայն դրանում նշված հիմքերով արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո:
Սահմանադրական դատարանը` վերահաստատելով իր` 2009թ. փետրվարի 3-ի ՍԴՈ-787 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ վերջիններս խնդրո առարկա դեպքի առնչությամբ կիրառելի չեն, չեն վերաբերում միմյանց հետ փոխկապակցված հարաբերություններով գործի քննության ընդդատությանը, չեն խոչընդոտում դատարանին գործի քննության շրջանակներում ճշմարտությունը բացահայտելուն, ինչպես նաև մինչդատական վարույթում արդարացվածի կողմից արդարացման հիմքերի վերաբերյալ ներկայացված բողոքը քննելիս արդար որոշում կայացնելուն:
Քննության առնվող գործով արդարացվածին պատճառված վնասի հատուցման պահանջն իրավունք է, այլ ոչ թե խախտված իրավունքի պաշտպանություն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Տոմազին ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռում (Tomasi v. France, Judgement of 27 August 1992, Series A No. 241-A, parag. 121) նշել է, որ քրեական գործով հատուցում ստանալու իրավունքը` «չնայած գործը քրեական դատարանին ընդդատյա լինելուն, ունի քաղաքացիական բնույթ»:
Իսկ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության իրավահարաբերություններին վերաբերող առանձին հարցերի կարգավորումը նախատեսված է ՀՀ քր. դատ. օր-ի 20-րդ գլխում:
Ելնելով վերոգրյալից` սահմանադրական դատարանն իրավաչափ է համարում առանձին քաղաքացիական գործի վարույթի շրջանակներում արդարացվածի հատուցման պահանջի քննության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործող կարգը:
10. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի իրավակարգավորման ուղղվածության ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ վերջիններս մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության եղանակների առնչությամբ նախապատվությունը տալիս են իրավունքների և ազատությունների պաշտպանության դատական կարգին` որպես առավել արդյունավետ միջոցի, որոշ դեպքերում չբացառելով իրավունքների և ազատությունների պաշտպանության արտադատարանական կարգը:
Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի ուժով թե' դատական, թե' արտադատարանական կարգով իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանությունը պետք է լինի արդյունավետ:
Միաժամանակ, Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը:
Վերոնշյալ սահմանադրական դրույթների պահանջներից ելնելով` օրենսդրի հայեցողությունն է սահմանելու իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմաններն ու կարգը` ընտրություն կատարելով իրավունքների պաշտպանության դատական և արտադատարանական կարգերի իրացման ձևերի միջև` այդ հայեցողությունն իրականացնելիս միաժամանակ պահպանելով վերոնշյալ սկզբունքները:
Վերոգրյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ արդարացվածին պատճառված վնասի հատուցման արտադատարանական կարգ չնախատեսելն այն դեպքում, երբ տվյալ իրավունքի իրացման և պաշտպանության համար նախատեսված է դատական կարգ, սահմանադրականության տեսանկյունից իրավաչափ է:
11. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, մասնավորապես, 14-րդ հոդվածի 10-րդ կետը, 17, 18, 19, 1058, 1063, 1064, 1075-րդ հոդվածները սահմանում են քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները և այդ եղանակների դրսևորման ձևերը, ինչպես նաև պետության պատասխանատվությունը: Նշված հոդվածների ուսումնասիրությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը, որի խնդիրն է, ի թիվս այլնի, սահմանել քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները, ինչպես նաև պատճառված վնասի դիմաց հատուցման եղանակներն ու միջոցները, բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտ չի նախատեսել: Քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի վիճարկվող 3-րդ մասի խնդիրը չէ նախատեսել արդարացվածին պատճառված բարոյական վնասի նյութական եղանակով հատուցման ինստիտուտ: Այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի խնդիրն է, հետևաբար` դուրս է տվյալ գործով քննության առարկայի շրջանակից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «...իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի (1-ին մաս) և 21-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:
i
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
30 մարտի 2010 թվականի
ՍԴՈ-871