ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/4709/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/4709/05/08 2009 թ.
Դատավոր` Հ. Բեդևյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 20.10.2008 թվականի վճռի դեմ` ըստ Արթուր Մարտիրոսյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 10.07.2008 թվականի որոշումն անվավեր ճանաչելու, ավտոմեքենան «Ապավեն» ՍՊԸ-ի մաքսային պահեստ հանձնելու հետևանքով մեքենայի պահպանության արժեքը վճարելուց ազատելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ Կոմիտեի հայցի ընդդեմ Արթուր Մարտիրոսյանի` տուգանքի և պետական տուրքի գումարները բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արթուր Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 10.07.2008 թվականի որոշումը, ինչպես նաև ազատել ավտոմեքենան «Ապավեն» ՍՊԸ-ի մաքսային պահեստ հանձնելու հետևանքով մեքենայի պահպանության արժեքը վճարելուց:
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Արթուր Մարտիրոսյանից Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի 10.07.2008 թվականի որոշմամբ նշանակված վարչական տույժի գումարը` 1.068.690 դրամ:
Վարչական դատարանի 22.09.2008 թվականի որոշմամբ նշված գործերը միացվել են մեկ վարույթում:
Վարչական դատարանի 20.10.2008 թվականի վճռով Կոմիտեի հայցը մերժվել է, իսկ Արթուր Մարտիրոսյանի հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է. «Անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի 2008 թ. հուլիսի 10-ի վարչական տույժ նշանակելու մասին որոշումը: Վարչական գործի վարույթը` ավտոմեքենան «Ապավեն» ՍՊԸ-ի մաքսային պահեստ հանձնելու հետևանքով մեքենայի պահպանության արժեքը վճարելուց ազատելու պահանջի մասով կարճել»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վարչական դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որի հետևանքով կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի դրույթները, որոնք չպետք է կիրառեր.
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վարչական դատարանն անտեսել է, որ Արթուր Մարտիրոսյանի կողմից մաքսային կանոնների խախտում թույլ տալու փաստը հիմնավորվել է ոչ միայն Արամ Մուրադյանի բացատրությամբ, այլ նաև իրավախախտման օրը կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությամբ, ըստ որի` ավտոմեքենայի ղեկին եղել է Արամ Մուրադյանը, որի մոտ առկա են եղել ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն ու Արթուր Մարտիրոսյանի լրացրած ժամանակավոր ներմուծման հայտարարագիրը, որոնք էլ հաստատում են վերջինիս կողմից ավտոմեքենան Արամ Մուրադյանին հանձնելու փաստը: Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ վարչական մարմինն իրավախախտման փաստը հաստատող ապացույց է դիտել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 27.06.2008 թվականին կազմված արձանագրությունը և Արամ Մուրադյանի նույն օրվա բացատրությունը, և որևէ գնահատականի չի արժանացրել Արթուր Մարտիրոսյանի բացատրությունը և Արամ Մուրադյանի տված երկրորդ բացատրությունը, նույնպես անհիմն է, քանի որ վարչական մարմինը, գնահատելով հետաքննության բաժնում նրանց տված բացատրությունները, նշել է, որ դրանք հետապնդում են վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակ և չեն կարող արժանահավատ համարվել Արթուր Մարտիրոսյանին վարչական պատասխանատվությունից ազատելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 20.10.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 10.07.2008 թվականի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ Արթուր Մարտիրոսյանի հայցապահանջը մերժել, իսկ Կոմիտեի հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 27.06.2008 թվականին ժամը 16.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության և Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ միջոցառումների իրականացման ժամանակ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում փաստաթղթերի ստուգման նպատակով կանգնեցրել են Արամ Մուրադյանի վարած «Mercedes-220» մակնիշի SOF 117 պետհամարանիշի ավտոմեքենան և պարզել, որ ավտոմեքենան հաշվառման է կանգնած Թբիլիսի քաղաքում գրանցված Տարիել Ապցիաուրիի անվամբ և այն Թբիլիսի քաղաքի նոտարական գրասենյակի կողմից 08.12.2007 թվականին տրված թիվ 1-12868 լիազորագրի հիման վրա Արթուր Գագիկի Մարտիրոսյանը 19.06.2008 թվականին թիվ 06583 բեռնամաքսային հայտարարագրով Գոգավանի մաքսային կետով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծել է ՀՀ տարածք:
2) Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության այլ անձի հանձնելու փաստի առթիվ 27.06.2008 թվականին կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ «Mercedes-220» մակնիշի SOF 117 պետհամարանիշի ավտոմեքենան վերցվել և ի պահ է հանձնվել «Ապավեն» ՍՊԸ-ի մաքսային պահեստ: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վերը նշված արձանագրությամբ նշվել է նաև, որ «Mercedes-220» մակնիշի SOF 117 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արամ Մուրադյանի մոտ առկա էր նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը (վրացերեն լեզվով) և նշված ավտոմեքենան ներմուծելու վերաբերյալ Արթուր Գագիկի Մարտիրոսյանի անվամբ լրացված 19.06.2008 թվականի թիվ C 06583 բեռնամաքսային հայտարարագիրը:
3) Արթուր Գագիկի Մարտիրոսյանի անվամբ լրացված 19.06.2008 թվականի թիվ C 06583 բեռնամաքսային հայտարարագրի համաձայն` «Mercedes-220» մակնիշի SOF 117 պետհամարանիշի ավտոմեքենայի մաքսային արժեքը կազմում է 2.137.380 ՀՀ դրամ:
4) 27.06.2008 թվականին Արամ Մուրադյանը բացատրություն է տվել այն մասին, որ ավտոմեքենան պատկանում է ընկերոջը` Արթուր Մարտիրոսյանին, և վերջինս Միացյալ Արաբական Էմիրություններ մեկնելուց առաջ ավտոմեքենան ժամանակավոր հանձնել է իրեն:
5) 02.07.2008 թվականին Կոմիտեի հետաքննության բաժնում տված բացատրությունում Արամ Մուրադյանը ժխտել է նախկինում տված իր բացատրությունը և հայտնել, որ ընկերը Դուբայ գնալուց առաջ ավտոմեքենան կանգնեցրել է սեփական տան բակում և 27.06.2008 թվականին ինքը գնացել է ընկերոջ տուն ու նրա իննամյա դուստրից խնդրել է ավտոմեքենայի բանալիները և վերցրել այն: Ավտոմեքենան Մաշտոցի պողոտայով վարելիս իրեն կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ՊԱՏ և Կոմիտեի ՄԴՊ վարչության աշխատակիցները:
6) 10.07.2008 թվականին Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի կողմից որոշում է կայացվել վարչական տույժ նշանակելու մասին, որի համաձայն` Արամ Ավետիքի Մուրադյանի նկատմամբ վարչական գործի վարույթը կարճվել է` իրավախախտման դեպքի բացակայության պատճառով, իսկ Արթուր Գագիկի Մարտիրոսյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք ավտոմեքենայի մաքսային արժեքի հիսուն տոկոսի` 1.068.690 ՀՀ դրամի չափով: Նշված տուգանքի գումարն Արթուր Գագիկի Մարտիրոսյանի կողմից չի վճարվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք: Նույն օրենսգրքի 39-րդ հոդվածը սահմանում է, որ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից:
ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, ըստ մաքսային ռեժիմների, գտնվում են մաքսային հսկողության տակ, ընդ որում «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմների դեպքում մաքսային հսկողության տակ են գտնվում ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը:
ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն: Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:
ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելը, ինչպես նաև կորցնելն առաջացնում է տուգանքի նշանակում այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ներքո ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը գտնվում են մաքսային հսկողության տակ, և այդ ժամանակահատվածում առանց մաքսային մարմնի թույլտվության նշված ապրանքները կամ տրանսպորտային միջոցներն այլ անձի հանձնելը որակվում է մաքսային կանոնների խախտում, և նման իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով տուգանքի տեսքով:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Արթուր Գագիկի Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել 2.137.380 ՀՀ դրամ մաքսային արժեքով «Mercedes-220» մակնիշի SOF 117 պետհամարանիշի ավտոմեքենան, որը 27.06.2008 թվականին ժամը 16.00-ի սահմաններում գտնվել է քաղաքացի Արամ Մուրադյանի տիրապետման ներքո, որն էլ պարզվել է ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության և Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների իրականացման ժամանակ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Արթուր Մարտիրոսյանի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարած լինելու փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք Արթուր Գագիկի Մարտիրոսյանի կողմից «Mercedes-220» մակնիշի SOF 117 ավտոմեքենան հանձնվել է Արամ Մուրադյանին, թե` ոչ:
Սույն գործով Վարչական դատարանը, պատճառաբանելով, որ ինչպես վարչական վարույթում, այնպես էլ դատաքննության ընթացքում Կոմիտեն չի ապացուցել այն փաստը, որ Արթուր Մարտիրոսյանը կատարել է ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտում, անվավեր է ճանաչել Կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 10.07.2008 թվականի որոշումը և մերժել է նշված որոշմամբ նշանակված տուգանքի գումարի բռնագանձման մասին Կոմիտեի հայցապահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վարչական դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ու գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես, Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 27.06.2008 թվականի արձանագրությունը, նշված վարչության 2-րդ բաժնի տեսուչին Արամ Մուրադյանի կողմից տրված 27.06.2008 թվականի բացատրությունը, անտեսելով նշված ապացույցներով հաստատվող այն հանգամանքները, որ Արամ Մուրադյանը հայտնել է, որ ավտոմեքենան ժամանակավորապես հանձնվել է իրեն Արթուր Մարտիրոսյանի կողմից, և որ Արամ Մուրադյանի մոտ են գտնվել թե' ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և թե' նշված ավտոմեքենան ներմուծելու վերաբերյալ Արթուր Գագիկի Մարտիրոսյանի անվամբ լրացված 19.06.2008 թվականի թիվ C 06583 բեռնամաքսային հայտարարագիրը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի վճռի այն հիմնավորումը, որ «դատարանը, հիմք ընդունելով վկա Արամ Մուրադյանի ցուցմունքը, Արթուր Մարտիրոսյանի բացատրությունը, ինչպես նաև գործում առկա այլ ապացույցները, եկավ համոզման, որ տվյալ դեպքում բացակայում է իրավախախտման դեպքը և Արամ Մուրադյանն Արթուր Մարտիրոսյանին պատկանող «Mercedes-220» մակնիշի SOF 117 պետհամարանիշի ավտոմեքենային տիրացել է անօրինական եղանակով», անհիմն է, քանի որ սույն գործում որևէ թույլատրելի ապացույց առկա չէ ի հիմնավորումն այն հանգամանքի, որ Արամ Մուրադյանն ավտոմեքենային «տիրացել է անօրինական եղանակով»:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վարչական դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 20.10.2008 թվականի վճռի` Արթուր Մարտիրոսյանի հայցապահանջը բավարարելու և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հայցապահանջը մերժելու մասերը և դրանք փոփոխել` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 10.07.2008 թվականի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ Արթուր Մարտիրոսյանի հայցապահանջը մերժել, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հայցը բավարարել. Արթուր Մարտիրոսյանից բռնագանձել 1.068.690 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 21.373 ՀՀ դրամ հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումարը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Ա. Մաթևոսյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան