Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ թիվ 3-483 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-804

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Ե. Խունդկարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի              

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի  

                                              

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրահատ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրահատ Մկրտչյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն)` աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքների կիրառման և հարկադիր պարապուրդի գումարի վճարման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Հրահատ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում, կիրառել առոչինչ համաձայնագրի անվավերության հետևանքները և պարտավորեցնել Ընկերությանը վճարել հարկադիր պարապուրդի դիմաց:

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2008 թվականի որոշմամբ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.11.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրահատ Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հրահատ Մկրտչյանի կողմից կատարված աշխատանքը չի կրել ժամանակավոր բնույթ, ուստի վերջինիս հետ չէր կարող կնքվել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

Այսպես, Հրահատ Մկրտչյանը Ընկերության իրավանախորդ կազմակերպությունում աշխատել է ավելի քան հինգ տարի` կատարելով նույն աշխատանքը, ինչի պայմաններում վերջինիս հետ աշխատանքային իրավահարաբերությունները չէին կարող կարգավորվել որոշակի ժամկետով կնքվող պայմանագրով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.03.2008 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

i

Վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանում պատճառաբանվել է, որ հայցվորի հետ կնքված 04.08.2006 թվականի թիվ 131 աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրացուցիչ համաձայնագրերով երկարացվել է մինչև 05.08.2007 թվականը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի հիմքով աշխատանքից ազատվելու մասին հայցվորը տեղեկացվել է նշված հոդվածով սահմանված ժամկետում, որից հետո համապատասխան հրամանով վերջինս աշխատանքից ազատվել է: Այսինքն` հայցվորին աշխատանքից ազատելու մասին 03.08.2007 թվականի հրամանը օրինական է և հիմնավորված:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերության և Հրահատ Մկրտչյանի միջև 04.08.2006 թվականին կնքվել է թիվ 131 աշխատանքային պայմանագիրը մինչև 04.11.2006 թվականը, որով Հրահատ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի Ընկերության ադմինիստրատիվ վարչության կապիտալ շինարարության և մատակարարման բաժնում` որպես բաժնի պետ:

Վերոհիշյալ պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն չի դադարեցվել:

2. 05.05.2007 թվականի լրացուցիչ համաձայնագրով վերոնշյալ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 05.08.2007 թվականը:

3. Ընկերության գլխավոր տնօրենի 03.08.2007 թվականի թիվ 815-Կ հրամանով Հրահատ Մկրտչյանն աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացած լինելու հիմքով ազատվել է աշխատանքից:

4. Թիվ 131 պայմանագրի հավելվածի համաձայն` վերոնշյալ պաշտոնում աշխատողի պաշտոնեական պարտականություններն են.

ա. բաժնի աշխատանքների կազմակերպում և վերահսկում

բ. գլխավոր գրասենյակի տնտեսական գործունեության ոլորտների կոորդինացում

գ. նյութական արժեքների հաշվառման աշխատանքների կարգավորում

դ. ստացված բեռների մաքսազերծում և տեղափոխում գլխավոր գրասենյակ և պահեստ.

ե. ծավալային, պայմանագրային, ղեկավարության կողմից հաստատված, կազմակերպությունների կողմից վճարման ներկայացված փաստաթղթերի ստուգում

զ. գլխավոր գրասենյակին անհրաժեշտ և կատարված ծախսերի պլանավորում և վերահսկում

է. տարածքների շահագործման և վերանորոգման աշխատանքների, կապիտալ շինարարության կազմակերպում և վերահսկում

ը. կառուցվող և նորոգվող օբյեկտների տեխնիկական հսկողություն

թ. կատարված աշխատանքների ընդունման ակտերի ձևակերպում

ժ. կապիտալ շինարարության և վերանորոգման տեխնիկական հսկողություն` համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքային պայմանագրերի

ի. սպասվող շինարարական աշխատանքների թերությունների ակտերի և նախահաշիվների կազմում, շինմոնտաժային աշխատանքների ծավալների չափագրում, նախահաշիվներում և կատարողական ակտերում ներկայացված գների համապատասխանության ստուգում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 94-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1. անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2. որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցերին.

1) արդյո՞ք կարող է կնքվել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր` անկախ կատարվելիք աշխատանքի բնույթից կամ կատարման պայմաններից:

2) որո՞նք են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար նախատեսված պայմանների բացակայությամբ կնքված պայմանագրի իրավական հետևանքները:

1) Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման օրինականության մասին:

Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե Օրենսգրքով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ընտրովի պաշտոններում աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է ընտրված ժամանակահատվածով. աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կարող է կնքվել նաև, եթե աշխատողը գործատուին մատուցում է անձնական բնույթի ծառայություններ, աշխատանքը կատարում են տնաշխատները, կատարվում է համատեղությամբ աշխատանք, կատարվում են սեզոնային աշխատանքներ, կատարվում է ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանք:

i

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն, որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով պայմանագրով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Այսինքն, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները (տես օրինակ` Սուրեն Մկրտումյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` աշխատանքային պայմանագրի մասը, ազատման հրամանը, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-321 որոշումը):

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, առանց անդրադառնալու և գնահատման առարկա դարձնելու սույն քաղաքացիական գործով առկա աշխատանքային իրավահարաբերության բնույթը և նման իրավահարաբերության առկայության պայմաններում` ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման օրինաչափության հարցը, հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հրահատ Մկրտչյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի պահանջներին համապատասխան (որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով)` գնահատելով հայցվորին աշխատանքից ազատելու գործընթացի իրավաչափության հարցը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել հայցվորի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագրի հավելվածով սահմանված` աշխատողի պաշտոնեական պարտականությունների ցանկը, որով հիմնավորվում է, որ հայցվորի աշխատանքը կրել է մշտական բնույթ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2008 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել.

Անվավեր ճանաչել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 03.08.2007 թվականի թիվ 815-Կ հրամանը, Հրահատ Մկրտչյանին վերականգնել նախկին աշխատանքում և պարտավորեցնել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին վճարել Հրահատ Մկրտչյանի հարկադիր պարապուրդը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2008
N 3-483(ՎԴ)
Որոշում