ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-112 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-2916/2007 թ.
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Լ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աշխեն Աբրահամյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Աշխեն Աբրահամյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի` բնակարան հատկացնելու կամ համարժեք դրամական փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել Երևանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի թիվ 24/15 որոշման 2-րդ կետի համաձայն իրեն հատկացնել Եղիշե Թադևոսյան փողոցի 12/2 շենքի թիվ 21 բնակարանին համարժեք մեկ սենյականոց այլ բնակարան կամ բնակարան գնելու համար հատկացնել համարժեք դրամական փոխհատուցում:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 09.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 06.06.2007 թվականի որոշմամբ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան այլ կազմով նոր քննության:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշխեն Աբրահամյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով:
i
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով նախատեսված անձի սեփականության իրավունքը, չի կիրառել «ՀՀ պետական և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 13-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը մերժել է հայցադիմումը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համայնքը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների համար: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձել այն հանգամանքը, որ հայցադիմումը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության դեմ, որը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդն է:
Վերաքննիչ դատարանի վճիռը խախտում է Աշխեն Աբրահամյանի` ՀՀ Սահմանադրության 31-րդ և Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով երաշխավորված սեփականության անձեռնմխելիության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատական` այլ կազմով քննելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Սույն քաղաքացիական գործով Աշխեն Աբրահամյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի` բնակարան հատկացնելու կամ փոխարժեքը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
2) 1988 թվականին մահացել են Աշխեն Աբրահամյանի ծնողները:
3) Երևանի Լենինյան շրջանային խորհրդի գործկոմի 20.10.1988 թվականի թիվ 24/15 որոշմամբ Եղիշե Թադևոսյան փողոց, 12/2 շենքի թիվ 21 բնակարանը, որի վարձակալներն են հանդիսացել Աշխեն Աբրահամյանի ծնողները, հանձնվել է Լենինյան շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը, պայմանով, որ շրջխորհուրդը Աշխեն Աբրահամյանի չափահաս դառնալու օրը, նրան կհատկացնի նույնանման մեկսենյականոց այլ բնակարան:
4) Բնակարանը շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ հատկացվել է այլ քաղաքացու, որը հետագայում սեփականաշնորհել է այն:
5) 02.11.2005 թվականին Աշխեն Աբրահամյանը դարձել է չափահաս:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`
- քաղաքացիական գործը հարուցել համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել այդ գործով ներկայացված հայցի շրջանակներում` անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով հայցադիմումով ներկայացված բոլոր պահանջները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32-րդ հոդվածի 1-ին կետ) կանոնների:
Սույն քաղաքացիական գործով Աշխեն Աբրահամյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ թաղապետարանի` բնակարան հատկացնելու կամ փոխարժեքը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցապահանջի հիմնավորվածության հարցը որոշելու համար պետք է անդրադառնար և գնահատման դարձներ հետևյալ իրավական հարցերին.
1) Արդյո՞ք Երևանի Լենինյան շրջանային խորհրդի գործկոմի 20.10.1988 թվականի թիվ 24/15 որոշմամբ ծագել է Աշխեն Աբրահամյանի սեփականության իրավունքը:
2) Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պարտավորությունների համար:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ համայնքը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների համար, հայցապահանջը քննել է մասնակիորեն. չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձել Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մոտ Աշխեն Աբրահամյանին բնակարան հատկացնելու պարտավորության առկայության հարցը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև Երևանի Լենինյան շրջանային խորհրդի գործկոմի 20.10.1988 թվականի թիվ 24/15 որոշմամբ Աշխեն Աբրահամյանի սեփականության իրավունքի ծագման հարցին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան