(ուժը կորցրել է 07.04.10 թիվ 45-Ն հրաման)
i
108.0021.030907
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 09 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10807311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 օգոստոսի 2007 թվականի N 21-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով և 2006 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1847-Ն որոշման 2-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործավարության կարգը» (կցվում է):
2. Աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի 2003 թ. սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 48-ԱՄ-Ն և 2007 թվականի փետրվարի 26-ի «ՀՀ էներգետիկայի նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 29-ի N 48-ԱՄ-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 11-Ն հրամանները:
(որոշումը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
Հավելված
ՀՀ էներգետիկայի նախարարի
2007թ. օգոստոսի 21-ի
թիվ 21-Ն հրամանի
ԿԱՐԳ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործավարության կարգը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը /այսուհետ` Աշխատակազմ/:
3. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործավարությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարության /այսուհետ` Քարտուղարություն/ ընդհանուր թղթակցային և արձանագրային բաժինը /այսուհետ` Բաժին/:
i
4. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
(4-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի /այսուհետ` Հրահանգ/ պահանջներին համապատասխան:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
6. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է Բաժնում մատյանների օգնությամբ և ապարատածրագրային միջոցներով, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է Բաժնի դասակարգիչներով /հաստատում է քարտուղարության պետը/ թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
7. Ստացված բոլոր ծրարները բաժնում բացվում են /նաև էլեկտրոնային/, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից /ֆայլերից/: «Անձամբ» մակագրությամբ ծրարները /կամ ֆայլերը/ չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ Աշխատակազմի համակարգչային ցանցով /այսուհետ` Համակարգչային ցանց/ հաղորդվում են հասցեատիրոջը:
8. Բաժնի աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը /ներառյալ հավելվածները/, առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` երեք օրինակից, որոնցից մեկը մնում է Բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները /նաև էլեկտրոնային հասցեները/, որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
9. Ծրարները /նաև էլեկտրոնային/, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
10. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում և Համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:
11. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Այդ դեպքում էլ փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
12. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի Հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:
13. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման էլեկտրոնային ձևի` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
i
14. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք աշխատակազմի ղեկավարի ցուցումով հանձնվում կամ Համակարգչային ցանցի միջոցով հաղորդվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին:
(14-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
15. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման:
Մյուս թղթակցությունը հասցեատերերին տրվում կամ ուղարկվում է համակարգչային ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:
16. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, նախարարին, աշխատակազմի ղեկավարին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են աշխատակազմի ղեկավարին:
i
17. Փաստաթղթերը աշխատակազմի ղեկավարի մակագրությունից հետո Բաժնի կողմից ստորագրությամբ հանձնվում կամ Համակարգչային ցանցով ուղարկվում են Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին:
(17-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
18. Նախարարի տեղակալներին և ստորաբաժանումների ղեկավարներին հասցեագրված ու մուտքագրված գրությունները Բաժնի կողմից ստորագրությամբ հանձնվում կամ Համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության:
i
19. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում ստորաբաժանման ղեկավարի մակագրությունից հետո փաստաթղթերի հետագա շարժը (կատարողական հսկումը, կատարման ժամկետի հսկողությունը, բազմացումը) կազմակերպվում է ստորաբաժանման պատասխանատու աշխատակցի միջոցով:
(19-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
20. Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում Բաժնի միջոցով` աշխատակազմի ղեկավարի համապատասխան մակագրությամբ:
21. Փաստաթղթերի պատասխանատու կատարող համարվում է առաջին հասցեատերը, կամ, որի անվան դիմաց գրառվում է «հավաք» նշումը: Մյուս հասցեատերերը պարտավոր են նշված ժամկետից 2-3 օր առաջ պատասխանատու կատարողին ներկայացնել անհրաժեշտ նյութեր և նշագրել պատասխան նամակի կրկնօրինակի վրա:
Հանձնարարականի վերաբերյալ հավաքագրված այլ անհրաժեշտ կարծիքները կցվում են գործին համապատասխան ստորաբաժանման ղեկավարի «Գործին» մակագրությամբ:
Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են հանձնարարությունը տվող ղեկավարին:
i
22. Հսկողության վերցված հանձնարարականների սահմանված ժամկետներում կատարման համար Բաժնի և կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցները մինչև հանձնարարականի կատարման համար ժամկետի լրանալը ծանուցում են համապատասխան կատարողներին և տեղեկացնում իրենց կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարներին:
(22-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
23. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող որոշումների, նամակների, հանձնարարականների դեպքում պատասխանատու կատարողը ժամկետի երկարացման թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում է հանձնարարություն տվող անմիջական ղեկավարին:
i
24. Բաժինը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է նախարարի, նախարարի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությունը:
(24-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
25. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:
Չի թույլատրվում Աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:
26. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
27. ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետից, ՀՀ նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից, մարզպետարաններից, այլ պետական մարմիններից ստացված, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության քննարկման ենթակա գրությունների /եթե այլ ժամկետներ նախատեսված չեն/ համար կատարման ժամկետ է սահմանվում`
լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր - մինչև 5 օր
լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ
պահանջող հարցեր - մինչև 10 օր:
Կազմակերպություններից ստացված գրությունների, քաղաքացիների նամակների, դիմումների համար կատարման ժամկետ է սահմանվում`
լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր - մինչև 15 օր
լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ
պահանջող հարցեր - մինչև 30 օր:
28. ՀՀ օրենքները, ՀՀ ԱԺ նորմատիվ բնույթի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումները, ինչպես նաև ՀՀ պաշտոնական և գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերը Աշխատակազմին ի պահ տրված համապատասխան ստորաբաժանումներից կամ արխիվից դուրս են տրվում միայն վերադարձնելու պայմանով, որի համար նշված ստորաբաժանումներում տարվում է հաշվառում: Վերցված փաստաթղթերը ենթակա են վերադարձման 5-օրյա ժամկետում:
IV. ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
29. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծեր նախապատրաստելիս`
1. պահպանում են գործող օրենսդրության պահանջները, կատարողների առջև դնելով հստակ ձևակերպված խնդիրներ, նշելով հանձնարարականի կատարման ժամկետները և կատարող անձանց,
2. հետևում են, որ նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացվեն շահագրգիռ ստորաբաժանումների հետ համաձայնեցված նախագծեր,
3. ապահովում են հրամանների ժամանակին նախապատրաստումը,
4. հետևում են, որ նշագրերի, ինչպես նաև հրամանին կից փաստաթղթերի տակ դրվեն ամսաթվեր, նշագրողի պաշտոնը, անվանատառը և ազգանունը:
30. Աշխատակազմի իրավաբանական բաժինը 5-օրյա ժամկետում ուսումնասիրում և քննարկում է հրամանի նախագիծը, անհրաժեշտության դեպքում` ներկայացնում եզրակացություններ:
31. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների այն նախագծերը և նրանց կից փաստաթղթերը, որոնց վերաբերյալ առկա են տարաձայնություններ, կարող են նախապես քննության առնվել նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունում:
Հրամանի նախագծի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմում է խորհրդակցության մասնակիցների ցուցակը և ապահովում է նրանց մասնակցությունը:
32. Հրամանի նախագծի համար պատասխանատու ստորաբաժանումը ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակում է հրամանի նախագիծը, նրան կից փաստաթղթերը և այն ներկայացնում Բաժին` նախարարի ստորագրմանը ներկայացնելու համար:
33. Բաժինը ապահովում է հրամանների առաքումը հասցեատերերին, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված առաքման թերթին համապատասխան:
34. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի յուրաքանչյուր հրաման Բաժնում գրանցվում է հրամանների համապատասխան գրանցամատյաններում, դրվում է հերթական համարը` նշելով ամսաթիվը, ամիսը և տարեթիվը, միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:
35. Բաժնի կողմից հրամանների լրացուցիչ օրինակներ տրվում են միայն քարտուղարության պետի ցուցումով:
36. Հրամանների բնօրինակները կից նյութերով պահպանվում են Բաժնում, իսկ դրանց էլեկտրոնային պատճենները տեղավորվում են տվյալների շտեմարանում, մշակվում են և հանձնվում արխիվ` պահպանության:
V. ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
37. Նախարարի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիների դիմումների կատարման ժամկետների նկատմամբ սահմանվում է հսկողություն: Հսկողությունն իրականացնում է Բաժինը:
i
38. Բաժնում պատրաստվում են ամփոփագրեր շաբաթվա կտրվածքով կատարվելիք հանձնարարականների վերաբերյալ և հանձնվում կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին:
(38-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
39. Յուրաքանչյուր շաբաթվա վերջում քարտուղարության պետը աշխատակազմի ղեկավարին զեկուցում է շաբաթվա ընթացքում չկատարված հանձնարարականների մասին:
40. Հանձնարարականները հանվում են հսկողությունից, երբ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը Բաժին է ներկայացնում հանձնարարականի կատարման վերաբերյալ սպառիչ պատասխան` հսկողական ամփոփագրում համապատասխան անձանց նշագրերով:
VI. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
i
41. Նախարարությունում ելից գրության ստորագրման իրավունք ունեն նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, նրա բացակայության դեպքում` աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները` համապատասխան ստորաբաժանման կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:
(41-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
i
42. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը` նամակը պատրաստող աշխատակցի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարի նշագրերով:
(42-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
43. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարն ու թերթերի քանակը:
44. Նամակների տեքստի տակ, էջի ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և հեռախոսահամարը:
45. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումների, հանձնարարականների, նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և այլ պետական մարմինների նամակների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը:
46. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ստացված գրությունների պատասխաններ, նամակի տեքստում հղում է կատարվում տվյալ գրության վրա, նշելով դրա ամսաթիվը և համարը:
47. Նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը իրավասու են ստորագրելու առաքվող այն փաստաթղթերը, որոնք անմիջականորեն զեկուցվել են իրենց, ինչպես նաև իրենց հասցեագրված ընթացիկ փաստաթղթերը:
i
48. Նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով առաքվող գրությունները տպագրվում են համապատասխանաբար նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, իսկ առանձնացված ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ առաքվող գրությունները` համապատասխան ստորաբաժանման ձևաթղթերի վրա:
(48-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
49. Շտապ բնույթի նամակները մինչև Բաժին հանձնելը պատասխանատու ստորաբաժանման կողմից հաղորդվում են ֆաքսիմիլային կապի միջոցով, որի մասին ստորաբաժանումը կատարում է համապատասխան գրանցում:
50. Փաստաթղթի ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից: Ելից համարը դրվում է տեքստի վերևի ձախ անկյունում:
51. Ելից թղթակցությունը (3 օրինակից, հիմքերի հետ միասին) բաց վիճակում գրանցման և առաքման համար հանձնվում է Բաժին: Առաջին օրինակը ուղարկվում է համապատասխան հասցեատերերին, երկրորդ օրինակը` կից նյութերով, պահվում է Բաժնում, իսկ երրորդը` վերադարձվում համապատասխան ստորաբաժանմանը:
Ծրարված թղթակցությունը գրանցվում է ցուցակում և առաքվում հասցեատերերին:
52. Առաքվող թղթակցության համար կազմվում է ցուցակ, որտեղ նշվում է փաստաթղթի համարը, առաքման հասցեն, առաքող պատասխանատու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:
VII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
53. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են Բաժնում:
54. Գրանցման պայմանանիշը բաղկացած է հեղինակի ազգանվան առաջին տառից և ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների հերթական համարից:
55. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:
56. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:
57. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
58. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման համարով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:
59. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Քարտուղարության պետի կողմից նախնական քննարկումից հետո ներկայացվում են Աշխատակազմի ղեկավարին:
60. Աշխատակազմի ղեկավարի կողմից տրվում են հանձնարարականներ Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու և դրանց պատասխանելու վերաբերյալ:
i
61. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունների, դիմումների ու բողոքների պատասխանները` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, նախարարի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով, վերադարձվում են Բաժին` հասցեատերերին ուղարկելու համար:
(61-րդ կետը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)
62. Նամակների քննարկման արդյունքների մասին, դիմողի պահանջի դեպքում, գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին:
63. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները վերջնական պատասխաններ ստանալուց հետո` իրենց բոլոր նյութերի հետ միասին, վերադարձվում են Բաժին` Աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությամբ, ստորագրությամբ, ամսաթվի նշումով:
64. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Բաժնի կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է` դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:
65. Յուրաքանչյուր նման նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:
66. Նամակների ամբողջ շարժը Բաժնում գրանցվում է մատյաններում կամ ապարատածրագրային միջոցներով և պահպանվում տվյալների շտեմարանում:
VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
67. Փաստաթղթերն Աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փաստաթղթերի մշակումից հետո համակարգչային ցանցի «Արխիվ» շտեմարանում գրանցվում են նաև ֆայլերը:
68. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
69. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:
70. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:
71. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) Աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
72. Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են Աշխատակազմի արխիվում:
73. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն Աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:
(կարգը փոփ. 27.05.09 թիվ 55-Ն հրաման)