(ուժը կորցնելու է 01.01.06 թվականից` 12.05.05 թիվ 577-Ն որոշում)
i
040.586.161297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 586
i
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում կենցաղային սպասարկումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կենցաղային սպասարկման հիմնական կանոնները (կցվում է):
i
2. Սահմանել, որ կենցաղային սպասարկման կանոններն ըստ մատուցվող ծառայության տեսակների հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
(2-րդ կետը փոփ. 04.12.03 թիվ 1606-Ն որոշում)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 586 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից իրականացվող կենցաղային սպասարկման կանոնները:
2. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով և սույն կանոններով:
3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները` կենցաղային ծառայություն` կատարողի և սպառողի անմիջական համագործակցության, ինչպես նաև սպառողների կենցաղային կարիքների բավարարման համար կատարողի սեփական գործունեության արդյունք.
կենցաղային սպասարկում` կատարողի գործունեությունը ծառայությունների սպառողի հետ անմիջական շփման ընթացքում.
կատարող` սպառողին կենցաղային ծառայություններ մատուցող ձեռնարկություն.
սպառող` կենցաղային կարիքների բավարարման նպատակով ծառայություններ ստացող, պատվիրող անձ:
4. Ձեռնարկության կողմից իրականացվող կենցաղային ծառայության տեսակներն են`
կոշիկի նորոգում
կոշիկի անհատական կար
հագուստի նորոգում
հագուստի անհատական կար
տրիկոտաժե իրերի անհատական կար և հյուսք
տրիկոտաժե իրերի նորոգում
կենցաղային մեքենաների նորոգում
մետաղյա իրերի նորոգում և պատրաստում
կահույքի նորոգում
կահույքի անհատական պատրաստում
քիմիական մաքրում և ներկում
լվացք
բնակարանների նորոգում
վարսավիրական ծառայություն
վարձութային ծառայություն
ծիսակատարությունների և հանդիսավոր միջոցառումների ծառայություն
կինոլուսանկարչական լաբորատորիաների և լուսանկարչական ծառայություն
նվերների, հուշանվերների գնում, տեղ հասցնում կամ առաքում
ոսկերչական իրերի պատրաստում, նորոգում և դրոշմում
բաղնիքային ծառայություն
ոչ փոստային ծանրոցների տեղ հասցնում
պահեստային ծառայություններ
աղացների ծառայություն
կտրող գործիքների սրում
այլ ծառայություններ:
5. Ձեռնարկության մուտքի մոտ փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն ու աշխատանքային ռեժիմը:
6. Ձեռնարկության պատվերների ընդունման կետերում, տեսանելի տեղերում զետեղվում են հետևյալ փաստաթղթերը`
ձեռնարկության գրանցման վկայականի պատճենը
սույն կանոնները
ծառայությունների գնացուցակը, իսկ թանկարժեք նյութերի և պահեստամասերի օգտագործմամբ կատարվող ծառայությունների դեպքում` նաև նյութերի և պահեստամասերի գները:
Ձեռնարկությունն սպառողի պահանջով ներկայացնում է`
պատվերների ձևակերպման փաստաթղթերի ձևերը
սպասարկող բանկի ռեկվիզիտները (անվանումը, հասցեն, հաշվի համարը)
մատուցվող ծառայություններին վերաբերող ստանդարտների և այլ նորմատիվ փաստաթղթերի ցանկը
i
բժշկական զննության անձնական գրքույկը (վարսավիրական և դիմահարդարման ծառայություններ)
կատարողի մասնագիտական որակավորման վկայականը, եթե այն նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
տվյալ ծառայության մատուցման լիցենզիան, եթե այդ գործունեության լիցենզավորումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
7. Ձեռնարկությունն ընդունում է ծառայությունների պատվերներ, որոնք համապատասխանում են իր գործունեության բնագավառին: Ծառայությունների պատվերների ընդունման տեղն ու ձևը որոշում է ձեռնարկությունը:
8. Ծառայությունների մատուցման պատվերները ձևակերպվում են պայմանագրով (անդորրագրով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
9. Սպասարկող անձը պարտավոր է կրել կազմակերպության ղեկավարի կողմից տրված անվանաքարտ` լուսանկարով, անվան, ազգանվան և մասնագիտության նշումով` վավերացված ձեռնարկության կնիքով:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը:
(9-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 2035-Ն, 04.12.03 թիվ 1606-Ն որոշումներ)
i
10. Սույն կանոնները չեն տարածվում (բացառությամբ 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերի) Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը կամ կազմակերպություններին մատուցվող այն ծառայությունների վրա, որոնց կանոնները հաստատում են համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում:
(10-րդ կետը փոփ. 04.12.03 թիվ 1606-Ն որոշում)
11. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում պարտավոր է ապահովել սանիտարահիգիենիկ նորմերի և հակահրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումը:
12. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
13. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը: