Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ Ա ...

15.05.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.11.2003  -ից մինչեւ   15.05.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 08.04.10 ՀՕ-42-Ն օրենք)

i

010.0007.201003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2003 թվականի սեպտեմբերի 24-ին

 

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության բնագավառում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները, վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչպես նաև կարգավորում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտների միջև հարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

երկակի նշանակության ապրանքներ և տեխնոլոգիաներ (այսուհետ` վերահսկվող ապրանքներ)` հումք, նյութեր, սարքավորումներ, գիտատեխնիկական տեղեկատվություն, ծառայություններ, մտավոր սեփականության օբյեկտներ, որոնք կիրառելի են քաղաքացիական նպատակների համար ու իրենց բնույթին և հատկություններին համապատասխան կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար.

զանգվածային ոչնչացման զենք` միջուկային, քիմիական և բակտերիոլոգիական (կենսաբանական) զենք.

փոխադրման միջոցներ` հրթիռներ և հեռակառավարվող (առանց օդաչուի) թռչող սարքեր, որոնք կարող են փոխադրել զանգվածային ոչնչացման զենք.

արտահանում` վերահսկվող ապրանքների դուրսհանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից` մշտական կամ ժամանակավոր տեղակայման, օգտագործման նպատակով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք հետադարձ արտահանման պարտավորությամբ ներմուծվող վերահսկվող ապրանքների` նույն արտահանող երկիր արտահանման.

արտահանման վերահսկողություն` սույն օրենքով սահմանված վերահսկվող ապրանքների արտահանման և տարանցիկ փոխադրման առումով միջոցառումների ամբողջություն, որի նպատակն այդ արտահանման կարգի խախտումները հայտնաբերելը, կանխելը և խափանելն է.

արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագիր` կազմակերպչական, վարչական, տեղեկատվական և այլ բնույթի միջոցառումներ, որոնք իրականացնում են առևտրային կազմակերպություններն արտահանման վերահսկողության կանոնները պահպանելու նպատակով.

վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտներ (այսուհետ` արտահանող սուբյեկտ)` իրավաբանական և ֆիզիկական անձինք, կազմակերպություններ, որոնք իրականացնում են վերահսկվող ապրանքների արտահանում.

վերջնական օգտագործող` օտարերկրյա կազմակերպություն, իրավաբանական և ֆիզիկական անձ, որը Հայաստանի Հանրապետությունից արտահանվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող վերահսկվող ապրանքի իրական օգտագործողն է.

արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմներ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների, ինչպես նաև դրա ստեղծման համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների և երկակի նշանակության ապրանքների վերահսկողության և չտարածման նպատակով ընդհանուր քաղաքականություն իրականացնող պետությունների միավորումներ:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արտահանման վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը նրա ներքին և արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է և իրականացվում է բացառապես պետության անվտանգության, նրա քաղաքական և ռազմական շահերն ապահովելու նպատակով:

Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են`

1) զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաև վերահսկվող ապրանքների արտահանման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը.

2) վերահսկվող ապրանքների արտահանման թույլատվական մեխանիզմի, տարանցիկ փոխադրման դեպքում` ծանուցման կիրառումը.

3) արտահանման վերահսկողության վերաբերյալ հարցերում օրինականության, հրապարակայնության և տեղեկատվության մատչելիության ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի առաջնայնությունը.

5) արտահանման վերահսկողության իրականացումը միայն այն չափով, որն անհրաժեշտ է դրա նպատակներին հասնելու համար.

6) միջազգային նորմերին և պրակտիկային արտահանման վերահսկողության մեթոդների և ընթացակարգերի համապատասխանեցումը և ներդաշնակեցումը.

7) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաև վերահսկվող ապրանքների արտահանման բնագավառում համագործակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Արտահանման վերահսկողության նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.

2) զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաև վերահսկվող ապրանքների արտահանման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը.

3) միջազգային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ (ՑՈՒՑԱԿՆԵՐԸ)

 

i

Վերահսկվող ապրանքների ցանկերը (ցուցակները) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 2.
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

i

1. Արտահանման վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեության և արդյունավետ համագործակցության ապահովման, ինչպես նաև արտահանման վերահսկողության ուղղությամբ աշխատանքների կազմակերպչական-մեթոդական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվում է արտահանման վերահսկողության հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում արտահանման վերահսկողության զարգացման և կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մշակումը.

2) վերահսկվող ապրանքների ցուցակների մշակման աշխատանքների իրականացումը.

3) վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը կամ մերժումը.

4) մասնակցությունը արտահանման վերահսկողության ոլորտում միջազգային համագործակցության հարցերի քննարկմանը.

5) արտահանման վերահսկողության ոլորտում գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների տարաձայնությունների քննարկումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արտահանող սուբյեկտների հաշվառման իրականացումը.

7) արտահանող սուբյեկտներին արտահանման վերահսկողության վերաբերյալ օրենսդրության և արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմների վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.

8) վերահսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման վերաբերյալ արտահանող սուբյեկտի ծանուցումների ընդունումը և գրանցումը, արտահանման վերահսկողության գործընթացի մասնակից իրավասու մարմիններին տեղեկատվության տրամադրման կազմակերպումը:

i

3. Հանձնաժողովի անհատական կազմը և կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ

 

1. Արտահանման վերահսկողության բնագավառում գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտներից պահանջել և ստանալ փաստաթղթեր, տեղեկություններ, գրավոր և բանավոր բացատրություններ, որոնք անհրաժեշտ են արտահանման վերահսկողության նպատակների համար:

2. Արտահանող սուբյեկտները պատասխանատվություն են կրում արտահանման վերահսկողության ոլորտում համապատասխան գործառույթներ իրականացնող պետական մարմիններին արտահանման վերահսկողության նպատակներով ներկայացվող տեղեկատվության հավաստիության համար:

3. Արտահանող սուբյեկտների կողմից արտահանման վերահսկողության ոլորտում համապատասխան գործառույթներ իրականացնող պետական մարմիններին տրամադրվող տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես արտահանման վերահսկողության նպատակներով:

4. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկատվությունը չի կարող հրապարակվել և (կամ) օգտագործվել վերոհիշյալ մարմինների պաշտոնատար անձանց կողմից անձնական նպատակներով, տրամադրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագրերի ստեղծումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության պահպանման բնագավառում պետական կարիքների բավարարման նպատակով գիտական և (կամ) արտադրական գործունեություն իրականացնող կամ վերահսկվող ապրանքների հետ կապված մշտապես արտաքին տնտեսական գործարքներ իրականացնող առևտրային կազմակերպությունների համար:

2. Հանձնաժողովն աջակցում է առևտրային կազմակերպություններում արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագրերի ստեղծմանը և տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվական-մեթոդական աջակցություն:

 

ԳԼՈՒԽ 3.
ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 10. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Վերահսկվող ապրանքների արտահանումն իրականացվում է միայն վերջնական օգտագործողի գրավոր պարտավորության առկայության դեպքում, որի համաձայն` նշված ապրանքները չպետք է օգտագործվեն զանգվածային ոչնչացման զենքի կամ դրա փոխադրման միջոցների ստեղծման նպատակով և վերաարտահանվեն կամ երրորդ կողմին փոխանցվեն առանց Հանձնաժողովի թույլտվության:

2. Հանձնաժողովն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պահանջել օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնի գրավոր հավաստումը` վերահսկվող ապրանքը զանգվածային ոչնչացման զենքի կամ դրա փոխադրման միջոցների ստեղծման նպատակով չօգտագործելու վերաբերյալ, ինչպես նաև ունի վերահսկվող ապրանքների օգտագործման վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարման ստուգման իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Վերահսկվող ապրանքների արտահանումը և տարանցիկ փոխադրումը կարող է իրականացվել ցանկացած պետություն, բացառությամբ այն պետությունների, ուր այդպիսի արտահանումն արգելված է կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վերահսկվող ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից իրականացվում է Հանձնաժողովի տված թույլտվության հիման վրա:

2. Թույլտվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ

 

1. Վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար արտահանող սուբյեկտը Հանձնաժողով է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որտեղ իրավաբանական անձի համար նշվում է իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.

2) վերահսկվող ապրանքների արտահանմանն առնչվող փաստաթղթերը.

3) սույն օրենքի 10-րդ հոդվածում նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը).

4) վերահսկվող ապրանքների` սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված ցանկին (ցուցակին) պատկանելու վերաբերյալ սույն օրենքի 15-րդ հոդվածում սահմանված կարգով իրականացված մասնագիտական փորձաքննությամբ տրված փորձագիտական եզրակացությունը.

5) արտադրողի անվանումը:

2. Վերահսկվող ապրանքների ժամանակավոր արտահանումը, մասնավորապես սեփական կարիքները հոգալու համար կամ ցուցահանդեսներում ցուցադրելու նպատակով, թույլատրում է Հանձնաժողովը, պայմանով, որ դրանք կմնան այդ ապրանքներն արտահանողի անմիջական հսկողության ներքո և Հայաստանի Հանրապետություն կվերադարձվեն սահմանված ժամկետներում:

3. Վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվություն տալու կամ արտահանման թույլտվությունը մերժելու որոշումն ընդունվում է դիմումը Հանձնաժողով ներկայացնելու պահից սկսած 45 օրվա ընթացքում:

Որոշման ընդունման մասին արտահանող սուբյեկտին հայտնվում է գրավոր` որոշման կայացման պահից 5 օրվա ընթացքում: Թույլտվությունը մերժելու դեպքում գրավոր պատասխանում նշվում են մերժման պատճառները:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

1. Թույլտվության մերժման հիմքերն են`

1) արտահանող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերի ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելը.

2) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերահսկվող ապրանքների արտահանման արգելքների և սահմանափակումների առկայությունը.

3) վերահսկվող ապրանքների արտահանման հետևանքով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելու կամ դրա սպառնալիքի առկայությունը.

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին հակասելը.

5) նախկինում արտահանող սուբյեկտի կողմից թույլ տրված արտահանման վերահսկողության կանխամտածված խախտումների առկայությունը:

2. Հանձնաժողովի տված թույլտվության գործողությունը կարող է դադարել`

1) արտահանող սուբյեկտի դիմումի հիման վրա.

2) արտահանող սուբյեկտի լուծարման դեպքում.

3) եթե թույլտվությունը տրամադրվել է կեղծ կամ խեղաթյուրված փաստաթղթերի հիման վրա.

4) սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում.

5) արտահանող սուբյեկտի կողմից արտահանման վերահսկողության բնագավառը կարգավորող իրավական ակտերի խախտման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտահանող սուբյեկտը վերահսկվող ապրանքների արտահանման նպատակով պարտավոր է սույն օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված ցանկերում (ցուցակներում) նշված վերահսկվող ապրանքների հետ նույնականացման համար կազմակերպել այդ ապրանքների մասնագիտական փորձաքննությունը:

i

2. Վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Կատարված մասնագիտական փորձաքննության (նույնականացման) հավաստի և հիմնավորված լինելու ամբողջ պատասխանատվությունը կրում է մասնագիտական փորձաքննություն իրականացնողը:

 

ԳԼՈՒԽ 4.
ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 16. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

1. Վերահսկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումն իրականացվում է տարանցիկ փոխադրման մասին նախնական ծանուցման հիման վրա: Ծանուցումը Հանձնաժողով է ներկայացվում վերահսկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նախատեսված ժամկետից առնվազն հինգ օր առաջ: Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) փոխադրման ենթակա վերահսկվող ապրանքների անվանացանկը.

2) փոխադրման միջոցը.

3) արտահանողի, փոխադրողի և ներմուծողի անվանումը (անունը).

4) երթուղին.

5) տարանցիկ փոխադրման նախատեսվող ժամկետը:

Ծանուցմանը կցվում է արտահանող պետության վերահսկվող ապրանքների արտահանման համապատասխան թույլտվության (լիցենզիայի) պատճենը:

2. Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումները գրանցվում են Հանձնաժողովի համապատասխան գրանցամատյանում:

3. Հանձնաժողովը վերահսկվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու օրվանից առնվազն մեկ օր առաջ տեղյակ է պահում շահագրգիռ պետական մարմիններին` կցելով սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները:

 

ԳԼՈՒԽ 5.
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 17. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն ուղղված է`

1) օտարերկրյա պետությունների հետ համագործակցությանը` զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների, ինչպես նաև դրանց ստեղծման տեխնոլոգիաների տարածման կանխարգելման համար.

2) միջազգային հարաբերությունների կայուն և անվտանգ համակարգի ձևավորմանը նպաստելուն.

3) Հայաստանի Հանրապետության տնտեսության` համաշխարհային տնտեսության մեջ հավասար և փոխշահավետ հիմունքներով ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը.

4) ապրանքների, տեղեկատվության, աշխատանքների, ծառայությունների, մտավոր սեփականության արդյունքների միջազգային փոխանակման բնագավառում Հայաստանի Հանրապետության մասնակցության ակտիվացմանը.

5) արտահանման վերահսկողության միջազգային և ներպետական մեխանիզմների կատարելագործմանը, արտահանման վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքերի բացահայտմանը:

2. Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն իրականացվում է արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմների սկզբունքներին համապատասխան և միջազգային համաժողովներում Հայաստանի Հանրապետության մասնակցության, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների և խորհրդատվությունների անցկացման միջոցով, տեղեկատվության փոխանակմամբ, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հիմունքներով համատեղ ծրագրերի և այլ միջոցառումների անցկացմամբ:

3. Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, իրենց իրավասության սահմաններում, համագործակցում են օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների հետ:

4. Արտահանման վերահսկողության ներպետական գործընթացներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է արտահանման վերահսկողության ոլորտի հասարակական միավորումների և օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների միջև կապերի հաստատումը:

 

ԳԼՈՒԽ 6.
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 18. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Արտահանման վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

ՀՈԴՎԱԾ 19. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

20 հոկտեմբերի 2003 թվականի

ՀՕ-7-Ն

 

 

pin
ՀՀ 24.09.2003
N ՀՕ-7-Ն օրենք