ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԿԴ/0077/01/08
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԿԴ/0077/01/08
Նախագահող դատավոր` Ա. Հովհաննիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Ն. Թումանյանի
մասնակցությամբ դատախազ` Պ. Պետրոսյանի
2020 թվականի մայիսի 25-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Խաչիկ Շահումյանի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
i
1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
2008 թվականի մարտի 1-ին Խաչիկ Շահումյանի Գասպարյանը ձերբակալվել է:
i
Նախաքննության մարմնի` 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ, թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:
2008 թվականի մարտի 4-ին Խ. Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ Խ.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:
2008 թվականի մարտի 25-ին որոշում է կայացվել Խ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի` 2008 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ Խ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Խ.Գասպարյանի վերաբերյալ գործի նյութերն անջատվել են առանձին վարույթ:
2008 թվականի ապրիլի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
i
2. Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի հունիսի 4-ի դատավճռով Խ.Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
3. Խ. Գասպարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2008 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի հունիսի 4-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի` 2009 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Խ. Գասպարյանի նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, և նա ազատվել է նշանակված պատժի հետագա կրումից:
5. 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը հիմնարար խախտման հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունվարի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
i
6. Նախաքննության մարմնի կողմից Խաչիկ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա նպատակ ունենալով աջակցել 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության Նախագահի հերթական ընտրություններում ըստ նախնական տվյալների պարտություն կրած Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա համախոհներին` ընտրությունների օրինականությունը միջազգային հանրության առաջ կասկածի տակ դնելու, ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության լայն զանգվածներում անվստահություն սերմանելու, հասարակական դժգոհություն և ընդվզումների պատրանք ստեղծելու գործում, անմիջական մասնակցություն է ունեցել ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին:
Այնուհետև` երբ ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 7-ի սահմաններում, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը` Խաչիկ Գասպարյանը հրապարակում գտնվող մի խումբ այլ անձանց հետ հարձակում է գործել ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի ընթացքում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի աշխատակցի նկատմամբ` քաշքշելով և հարվածելով նրան` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ (...)»(1):
________________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 195-196:
6.1. Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, պաշտպանության կողմը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Ավետիք Ներսիսյանին, Սարգիս Պարունիկյանին, Միսակ Հովակիմյանին, Աշոտ Մանուկյանին, Արմեն Ավագյանին, Վարդան Մկրտչյանին, Կորյուն Դանիելյանին, Ռաջի Պետրոսյանին, ինչը դատարանի կողմից մերժվել է(2):
________________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 61-62:
6.2. Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ` ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներ Արմեն Խաչատրյանի, Սիմոն Պողոսյանի, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ հերթապահ Ժորա Համբարձումյանի, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Հայկ Սարգսյանի, ինչպես նաև վկա Կարինե Թորոսյանի ցուցմունքները(3):
________________________
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 100-102:
7. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, 2008 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանն ապացուցված է համարում, որ Խաչիկ Գասպարյանն իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի աշխատակից Արմեն Խաչատրյանի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել` կապված նրանց կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Հետևաբար, պաշտպանի վերաքննիչ բողոքի պատճառաբանությունը, որ Խաչիկ Գասպարյանի մասնակցությունը վերագրվող հանցավոր արարքի մեջ ապացուցված չէ, հիմնազուրկ է և չի բխում նյութերից:
(...)
Պաշտպանի վերաքննիչ բողոքի այն պնդման վերաբերյալ, որ դատարանը թույլ է տվել քրեական օրենքի, ինչպես նաև միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը պահպանելով թե ներպետական, և թե միջազգային պայմանագրերով սահմանված նորմերի պահանջները, վերաքննիչ բողոքի սահմաններում կայացրել է օրինական և հիմնավորված դատավճիռ:
Ինչ վերաբերվում է դեպքի հանգամանքների վերաբերյալ բողոքում նշված մյուս փաստարկներին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք հիմնազուրկ են և չեն կարող հիմք հանդիսանալ պաշտպանի բողոքը բավարարելու համար (...)»(4):
________________________
4) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 164-165-րդ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
8. Բողոքաբեր` ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 20-րդ կետը, 270-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` Գևորգ Ճաղարյանի և մյուսների վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Խ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի երևում, թե մեղսագրված արարքն ինչում է արտահայտվել, դրանում նկարագրված չէ, թե ո՞վ կամ ովքե՞ր են իշխանության ներկայացուցիչ հանդիսացել, որի պարագայում անհիմն է խոսել ծառայողական պարտականությունների կատարման մասին:
Բողոք բերած անձը նշել է նաև, որ վերոգրյալի պայմաններում, Առաջին ատյանի դատարանը դատավճռում հաստատված է համարել Խ.Գասպարյանի կողմից ոստիկանության աշխատակից Արմեն Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, որն ուղղակի բացակայել է մեղադրանքի ձևակերպումից, իսկ վերջինս սույն քրեական գործով տուժող չի ճանաչվել, ինչպիսի մոտեցումն ընդունելի է համարվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
Արդյունքում, բողոքի հեղինակը գտել է, որ Խ.Գասպարյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:
i
8.1. Բողոքաբերը, վկայակոչելով Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով արձանագրված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 67-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը` նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ամբաստանյալի` ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, որը դրսևորվել է նրանում, որ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Ավետիք Ներսիսյանին, Սարգիս Պարունիկյանին, Արմեն Ավագյանին, Վարդան Մկրտչյանին, Կորյուն Դանիելյանին, Ռաջի Պետրոսյանին և այլ անձանց, ովքեր ականատես են եղել նկարագրված իրադարձությանը, ինչն էլ Առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները:
8.2. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ու փոփոխել Խ. Գասպարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի հունիսի 4-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը` ճանաչելով և հռչակելով Խաչիկ Գասպարյանի անմեղությունը մեղսագրված արարքում:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
10. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը` օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:
i
Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (...)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը: Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ(5):
________________________
5) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01:
i
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման: Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին: Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը` հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ` արդարադատության պատշաճ իրականացման համար: Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»` կամ հօգուտ անձի, կամ հակառակը(6):
________________________
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133:
i
10.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:
i
10.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Նույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:
10.3. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն:
i
Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին: (...)»(7):
________________________
7) Տե՛ս, Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը:
i
10.4. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը` թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(...) Հիմնարար խախտումը պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»(8):
________________________
8) Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը:
11. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
(...)
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)»:
11.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով(9) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
________________________
i
9) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:
- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե` ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ(10),
________________________
10) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v. Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր:
- որպես ընդհանուր կանոն` դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել` արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը` կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի` համեմատած իր հակառակորդի հետ»(11),
________________________
11) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր:
- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին(12),
________________________
12 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bricmont v. Belgium գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ:
- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն(13),
________________________
13 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Topic v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ:
- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին: Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին(14),
________________________
14) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը, 206-րդ կետ:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել` հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու: Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները(15):
________________________
15) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ:
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Խ. Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նպատակ ունենալով աջակցել 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության Նախագահի հերթական ընտրություններում ըստ նախնական տվյալների պարտություն կրած Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա համախոհներին` ընտրությունների օրինականությունը միջազգային հանրության առաջ կասկածի տակ դնելու, ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության լայն զանգվածներում անվստահություն սերմանելու, հասարակական դժգոհություն և ընդվզումների պատրանք ստեղծելու գործում, անմիջական մասնակցություն է ունեցել ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին:
Այնուհետև` երբ ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 7-ի սահմաններում, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը` Խաչիկ Գասպարյանը հրապարակում գտնվող մի խումբ այլ անձանց հետ հարձակում է գործել ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի ընթացքում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի աշխատակցի նկատմամբ` քաշքշելով և հարվածելով նրան` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ(16):
________________________
16) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
- Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, պաշտպանության կողմը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Ավետիք Ներսիսյանին, Սարգիս Պարունիկյանին, Միսակ Հովակիմյանին, Աշոտ Մանուկյանին, Արմեն Ավագյանին, Վարդան Մկրտչյանին, Կորյուն Դանիելյանին, Ռաջի Պետրոսյանին, ինչը դատարանի կողմից մերժվել է(17),
________________________
17) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:
- Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ` ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներ Արմեն Խաչատրյանի, Սիմոն Պողոսյանի, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ հերթապահ Ժորա Համբարձումյանի, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Հայկ Սարգսյանի, ինչպես նաև վկա Կարինե Թորոսյանի ցուցմունքները(18),
________________________
18) Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում նշել է, որ ապացուցված է համարում, որ Խ.Գասպարյանն իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ոստիկանության աշխատակից Ա.Խաչատրյանի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել` կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ(19):
________________________
19) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Խ.Գասպարյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված` արդար դատաքննության իրավունքի երաշխիքները: Դատարանները Խ.Գասպարյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին` պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների վստահելիությունն ու արժանահավատությունը: Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Խ.Գասպարյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակիցներ` ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներ Ա.Խաչատրյանի և Ս.Պողոսյանի ցուցմունքներն են: Ինչ վերաբերում է այլ ապացույցներին, որոնց դատարանները հղում են կատարել, այն է` ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ հերթապահ Ժորա Համբարձումյանի, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Հայկ Սարգսյանի, Կարինե Թորոսյանի ցուցմունքները, դրանք անուղղակի ապացույցներ են և ուղղակիորեն չեն հաստատում Խ.Գասպարյանի առնչությունը մեղսագրվող արարքին:
Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Խ.Գասպարյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում, պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Այսինքն` բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ, ընդունելի են Վճռաբեկ դատարանի համար, քանի որ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու մի շարք վկաների և ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք կասկածի տակ էին դնում ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն ու հիմնավորում դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանական կողմի առաջ քաշված վարկածը: Այլ կերպ, ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը` առանց պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն ընձեռելու մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչպես արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով, այնպես էլ սույն գործով, հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման(20):
________________________
20) Տե՛ս Matevosyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 61730/08, 41-րդ կետ, mutatis mutandis, Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:
14. Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Խ.Գասպարյանի մեղավորության հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
i
ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`
1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.
(...)
3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք (...)»:
i
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
(...)
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,
բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար (...)»:
i
14.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթն ընդգծում է առաջադրվող «մեղադրանքի» մասին մեղադրյալին ծանուցելուն հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Հանցագործության վերաբերյալ մանրամասն տվյալները կարևոր դեր են խաղում քրեական դատավարությունում այն իմաստով, որ դրանց հայտարարման պահից է անձը համարվում պաշտոնապես ծանուցված նրա դեմ առաջ քաշված մեղադրանքի փաստական և իրավական հիմքերի մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո(21):
________________________
21) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Seliverstov v. Russia գործով 2008 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 19692/02, կետեր 16-17:
14.2. Վճռաբեկ դատարանը Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշման մեջ մեղադրանքի ձևակերպումը դիտարկելով որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման միջոց` իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Դրանում, բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: (...)
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձևակերպելու դեպքում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտա մեղադրյալին պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովվի կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Նշված սկզբունքներից ցանկացած շեղում կհանգեցնի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման»(22):
________________________
22) Տե՛ս Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 21-րդ կետը:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Խ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը չի համապատասխանում «մեղադրանքի» վերաբերյալ միջազգային և ներպետական պահանջներին ու Վճռաբեկ դատարանի կողմից Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշմամբ սահմանված չափանիշներին: Մասնավորապես, մեղադրանքի ձևակերպումը պարունակում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի դիսպոզիցիայի նկարագրությունը: Մեղադրանքի մեջ նշված չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեին հիմնավորված կերպով եզրահանգելու, որ Խ.Գասպարյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին, այն է` մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ պատկերացում կազմել, թե ու՞մ նկատմամբ է գործադրվել բռնություն(23), ինչպե՞ս է այն արտահայտվել, ավելին` չի պարզվել թե ու՞մ և ինչպիսի՞ վնաս է պատճառվել, ու ինչպե՞ս է որոշվել, որ Խ.Գասպարյանի կողմից գործադրվել է հենց առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:
________________________
23 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ Վահան Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0038/01/13 որոշման 14-15-րդ կետերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Խ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքում մանրամասնորեն և հստակ չեն նշվել արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական տվյալները` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրանքի այդպիսի անորոշ ձևակերպման պայմաններում, խախտվել է քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձի իրավունքը` տեղեկանալու իր դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքի մասին, որպիսի պայմաններում չի ապահովվել նաև անձի պաշտպանության իրավունքի իրացումը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի հիմնարար խախտման:
16. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանելու ստորադաս դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Խ.Գասպարյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
17. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Խաչիկ Շահումյանի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի հունիսի 4-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը բեկանել:
2. Խաչիկ Շահումյանի Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում` հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ս. Օհանյան
__________________________________
ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին: