Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ, 25-ՐԴ, 2 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/0318/05/17

    դատարանի որոշում                      2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0318/05/17

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Մաթևոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռազմիկ Սիմոնյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ Ծառայության` անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռազմիկ Սիմոնյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել 15.02.2016 թվականին Երևանի Ա. Արմենակյան և դեպի սրտաբանական հիվանդանոց տանող փողոցների խաչմերուկում երթևեկության ոչ ճիշտ կազմակերպմանն ուղղված ՀՀ ոստիկանության անգործությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 19.12.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.08.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.12.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 37-րդ և 40-րդ հոդվածները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճռի հիմքում դրվել է սխալ իրավական գնահատականներ պարունակող փորձագիտական եզրակացություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ տվյալ դեպքում պետք է պարզվեր` արդյոք վարորդները վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն ունեցել են, թե ոչ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կամայական տեղում նշանների բացակայությունը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ ոստիկանության անգործության հետևանք, և վարորդներից յուրաքանչյուրը պետք է պահպաներ ճանապարհային երթևեկության կանոնները:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ և 59-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով ՀՀ ոստիկանությունը պատշաճ պատասխանող չէ, քանի որ օրենսդրությամբ ճանապարհային երթևեկության թե՛ կարգավորումը, թե՛ կազմակերպումը վերապահված է եղել համայնքի ղեկավարին` Երևանի քաղաքապետին, իսկ իրավասու մարմնի կողմից տվյալ ճանապարհային հանգույցը 15.02.2016 թվականի դրությամբ նախատեսված չի եղել կահավորել առավելության նշաններով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ ոստիկանությունը երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ ընդամենը տալիս է համաձայնություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.08.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության ճանապարհային պատահարների ծառայության 1-ին սպայական գումարտակի 1-ին ջոկի տեսուչ, ոստիկանության կապիտան Հրանտ Աբրահամյանի 15.02.2016 թվականի եզրակացության համաձայն` 15.02.2016 թվականին` ժամը 12.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոցի թիվ 127 հասցեի դիմաց իրար են բախվել «VOLVO» մակնիշի 91LV111 հաշվառման համարանիշի և «VAZ 21099» մակնիշի 33TU658 հաշվառման համարանիշի ավտոմոբիլները և պատճառել գույքի վնասում: Վթարի ենթարկված ավտոմոբիլների վարորդները բացատրություն են տվել այն մասին, որ չեն ցանկանում, որ իրականացվի վարչական վարույթ, ուստի, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 5-րդ մասով, որոշվել է, որ թիվ 1738 նյութերով վարչական վարույթ չպետք է իրականացվի (հատոր 1-ին, գ. թ. 11):

2) Տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ SB562670 վկայագրի համաձայն` «VAZ 21099» մակնիշի 33TU658 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը հաշվառված է Ռազմիկ Սիմոնյանի անվամբ (հատոր 1-ին, գ. թ. 10):

3) Ծառայությունում 15.02.2016 թվականին «VAZ 21099» մակնիշի 33TU658 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Տիգրան Սիմոնյանը բացատրություն է տվել այն մասին, որ 15.02.2016 թվականին` ժամը 12:40-ի սահմաններում, երթևեկել է Ա. Արմենակյան փողոցով դեպի Գ. Հովսեփյան փողոց, թիվ 127 հասցեի կողմից դուրս է եկել «VOLVO» մակնիշի ավտոմեքենան և հարվածել իր մեքենային` պատճառելով նյութական վնաս (հատոր 1-ին, գ. թ. 13):

4) Ծառայությունում 15.02.2016 թվականին «VOLVO» մակնիշի 91LV111 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ռաֆիկ Ղուկասյանը բացատրություն է տվել այն մասին, որ 15.02.2016 թվականին` ժամը 12.00-ի սահմաններում, սրտաբանական հիվանդանոցի դիմացով մտել է տների արանքով անցնող փողոցը, որպեսզի դուրս գա Ա. Արմենակյան փողոց, այդ պահին խանութի հարևանությամբ ձախ կողմում կանգնած է եղել մի բեռնատար: Երբ հավասարվել է բեռնատարին, այդ պահին «VAZ 21099» մակնիշի 33TU658 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ձախ կողմից հարվածել է իր ավտոմեքենային, որի հետևանքով երկու մեքենաներն էլ վնասվել են (հատոր 1-ին, գ. թ. 12):

5) «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 09.03.2016 թվականի թիվ 07311608 եզրակացության համաձայն` Ա. Արմենակյան փողոցի և սրտաբանական հիվանդանոց տանող ճանապարհի հատման խաչմերուկում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները` ճանապարհային նշանները, երթևեկության համար անվտանգ վիճակում չպահպանելու և օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները չապահովելու առումով ճանապարհի, դրա ինժեներական կառույցների և ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների պահպանման համար պատասխանատու անձինք թույլ են տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի ա) և գ) կետերի պահանջներին (հատոր 1-ին, գ. թ. 17-27):

6) «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հանձնարարությամբ կատարված փորձաքննության արդյունքում Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտի կողմից տրված 16.08.2016 թվականի թիվ 00157-FSM եզրակացության համաձայն` տվյալ ընդհարման առաջացումը տեխնիկական տեսակետից նախ և առաջ պայմանավորված է եղել խաչմերուկում երթևեկության կազմակերպման թերի լինելու, մասնավորապես, դեպքին նախորդող պահին դեպի սրտաբանական հիվանդանոց տանող փողոցի վրա խաչմերուկից առաջ այդ ճանապարհի կարգավիճակը նշող համապատասխան 2.4` «Զիջեք ճանապարհը» կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» ճանապարհային նշաններ տեղադրված չլինելու հանգամանքով, քանի որ ՃԵԿ-ի ձև N 1-ի դրույթների համաձայն 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է», ճանապարհային նշանի առկայության դեպքում ևս վարորդը պետք է ճանապարհը զիջի հատող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, և արգելվում է երթևեկել առանց հատվող երթևեկելի մասից առաջ կանգնելու: Այսինքն` տվյալ ճանապարհատրանսպորտային իրադրության պայմաններում վթարային իրադրության ստեղծումը և տվյալ պատահարի առաջացումը տեխնիկական տեսակետից պայմանավորված է եղել պատահարի վայրում ճանապարհային երթևեկության ոչ պատշաճ և սխալ կազմակերպմամբ, մասնավորապես, խաչմերուկից առաջ բոլոր համապատասխան տեղերում խաչմերուկը կազմող ճանապարհների կարգավիճակը նշող ճանապարհային նշաններ տեղադրված չլինելու հանգամանքով, ինչը տեխնիկական տեսակետից վտանգավոր է եղել տվյալ հատվածով երթևեկության համար, քանի որ պատահարին նախորդող պահին ճանապարհային երթևեկության թերի կազմակերպման հետևանքով խաչմերուկում առաջացած է եղել մի իրավիճակ, որի ժամանակ ստեղծվել է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ: Հետևաբար, Ա. Արմենակյան և դեպի սրտաբանական հիվանդանոց տանող փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները (ճանապարհային նշանները) երթևեկության համար անվտանգ վիճակում չպահպանելու և օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները չապահովելու առումով ճանապարհի և դրա ինժեներական կառույցների և ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների պահպանման համար պատասխանատու անձինք թույլ են տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի ա) և գ) ենթակետերի պահանջներին և տեխնիկական տեսակետից գտնվում են տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման հետ պատճառական կապի մեջ, քանի որ տեխնիկական տեսակետից հանդիսացել են ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը պայմանավորող հանգամանք (հատոր 1-ին, գ.թ. 29-36):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները ճանապարհային նշաններն են, լուսացույցները, պաշտպանիչները, գծանշումները և այլն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (...) հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է, որ ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք պարտավոր են ճանապարհը և դրա ինժեներական կառույցները պահպանել երթևեկության համար անվտանգ վիճակում` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները:

ՀՀ կառավարության 30.11.2006 թվականի թիվ 1816-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրության իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (...) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (...) լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայությունն է:

i

Նույն կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի համաձայն` ճանապարհային ոստիկանության լիազորությունն է իր իրավասության սահմաններում հսկողությունը ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ ներկայացնելը:

Վերոհիշյալ իրավանորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանությունն` ի դեմս Ծառայության, պարտավոր է հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, այդ թվում նաև` ճանապարհային նշանները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, և միաժամանակ պարտավոր է հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ ներկայացնել:

i

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության ճանապարհային պատահարների ծառայության 1-ին սպայական գումարտակի 1-ին ջոկի տեսուչ, ոստիկանության կապիտան Հրանտ Աբրահամյանի 15.02.2016 թվականի եզրակացության համաձայն` 15.02.2016 թվականին` ժամը 12.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոցի թիվ 127 հասցեի դիմաց իրար են բախվել «VOLVO» մակնիշի 91LV111 հաշվառման համարանիշի և «VAZ 21099» մակնիշի 33TU658 հաշվառման համարանիշի ավտոմոբիլները և պատճառել գույքի վնասում: Վթարի ենթարկված ավտոմոբիլների վարորդները բացատրություն են տվել այն մասին, որ չեն ցանկանում, որ իրականացվի վարչական վարույթ, ուստի, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 5-րդ մասով, որոշվել է, որ թիվ 1738 նյութերով վարչական վարույթ չպետք է իրականացվի:

Տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ SB562670 վկայագրի համաձայն` «VAZ 21099» մակնիշի 33TU658 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը հաշվառված է Ռազմիկ Սիմոնյանի անվամբ:

Ծառայությունում 15.02.2016 թվականին «VAZ 21099» մակնիշի 33TU658 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Տիգրան Սիմոնյանը բացատրություն է տվել այն մասին, որ 15.02.2016 թվականին` ժամը 12:40-ի սահմաններում, երթևեկել է Ա. Արմենակյան փողոցով դեպի Գ. Հովսեփյան փողոց, թիվ 127 հասցեի կողմից դուրս է եկել «VOLVO» մակնիշի ավտոմեքենան և հարվածել իր մեքենային` պատճառելով նյութական վնաս:

Ծառայությունում 15.02.2016 թվականին «VOLVO» մակնիշի 91LV111 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ռաֆիկ Ղուկասյանը բացատրություն է տվել այն մասին, որ 15.02.2016 թվականին` ժամը 12.00-ի սահմաններում, սրտաբանական հիվանդանոցի դիմացով մտել է տների արանքով անցնող փողոցը, որպեսզի դուրս գա Ա. Արմենակյան փողոց, այդ պահին խանութի հարևանությամբ ձախ կողմում կանգնած է եղել մի բեռնատար: Երբ հավասարվել է բեռնատարին, այդ պահին «VAZ 21099» մակնիշի 33TU658 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ձախ կողմից հարվածել է իր ավտոմեքենային, որի հետևանքով երկու մեքենաներն էլ վնասվել են:

i

«ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 09.03.2016 թվականի թիվ 07311608 եզրակացության համաձայն` Ա. Արմենակյան փողոցի և սրտաբանական հիվանդանոց տանող ճանապարհի հատման խաչմերուկում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները` ճանապարհային նշանները, երթևեկության համար անվտանգ վիճակում չպահպանելու և օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները չապահովելու առումով ճանապարհի, դրա ինժեներական կառույցների և ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների պահպանման համար պատասխանատու անձինք թույլ են տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի ա) և գ) կետերի պահանջներին:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հանձնարարությամբ կատարված փորձաքննության արդյունքում Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտի կողմից տրված 16.08.2016 թվականի թիվ 00157-FSM եզրակացության համաձայն` տվյալ ընդհարման առաջացումը տեխնիկական տեսակետից նախ և առաջ պայմանավորված է եղել խաչմերուկում երթևեկության կազմակերպման թերի լինելու, մասնավորապես, դեպքին նախորդող պահին դեպի սրտաբանական հիվանդանոց տանող փողոցի վրա խաչմերուկից առաջ այդ ճանապարհի կարգավիճակը նշող համապատասխան 2.4` «Զիջեք ճանապարհը» կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» ճանապարհային նշաններ տեղադրված չլինելու հանգամանքով, քանի որ ՃԵԿ-ի ձև N 1-ի դրույթների համաձայն 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է», ճանապարհային նշանի առկայության դեպքում ևս վարորդը պետք է ճանապարհը զիջի հատող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, և արգելվում է երթևեկել առանց հատվող երթևեկելի մասից առաջ կանգնելու: Այսինքն` տվյալ ճանապարհատրանսպորտային իրադրության պայմաններում վթարային իրադրության ստեղծումը և տվյալ պատահարի առաջացումը տեխնիկական տեսակետից պայմանավորված է եղել պատահարի վայրում ճանապարհային երթևեկության ոչ պատշաճ և սխալ կազմակերպմամբ, մասնավորապես, խաչմերուկից առաջ բոլոր համապատասխան տեղերում խաչմերուկը կազմող ճանապարհների կարգավիճակը նշող ճանապարհային նշաններ տեղադրված չլինելու հանգամանքով, ինչը տեխնիկական տեսակետից վտանգավոր է եղել տվյալ հատվածով երթևեկության համար, քանի որ պատահարին նախորդող պահին ճանապարհային երթևեկության թերի կազմակերպման հետևանքով խաչմերուկում առաջացած է եղել մի իրավիճակ, որի ժամանակ ստեղծվել է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ: Հետևաբար, Ա. Արմենակյան և դեպի սրտաբանական հիվանդանոց տանող փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները (ճանապարհային նշանները) երթևեկության համար անվտանգ վիճակում չպահպանելու և օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները չապահովելու առումով ճանապարհի և դրա ինժեներական կառույցների և ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների պահպանման համար պատասխանատու անձինք թույլ են տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի ա) և գ) ենթակետերի պահանջներին և տեխնիկական տեսակետից գտնվում են տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման հետ պատճառական կապի մեջ, քանի որ տեխնիկական տեսակետից հանդիսացել է ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը պայմանավորող հանգամանք:

Դիմելով դատարան` Ռազմիկ Սիմոնյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել 15.02.2016 թվականին Երևանի Ա. Արմենակյան և դեպի սրտաբանական հիվանդանոց տանող փողոցների խաչմերուկում երթևեկության ոչ ճիշտ կազմակերպմանն ուղղված ՀՀ ոստիկանության անգործությունը:

Դատարանը հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ «(...) գործի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հետազոտումից, մասնավորապես` վարչական վարույթում առկա նշված ճանապարհների խաչմերուկի գծանշման սխեմայից, դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոցը հանդիսանում է գլխավոր ճանապարհ, ըստ այդմ, Ա. Արմենակյան փողոցի և սրտաբանական հիվանդանոց տանող Գ. Հովսեփյան փողոցները ձևավորել են անհավասարազոր խաչմերուկներ, ուստի երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից: Դատարանը գտնում է, որ վարորդի համար վերոնշյալ պարտականությունը հուշելու համար ճանապարհի համապատասխան հատվածում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կրում էր «2.4» «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանը տեղադրելու պարտականություն: (...) վթարի պահին, այն է` 2016 թվականի փետրվարի 15-ին` ժամը 12:00-ի սահմաններում, վերոնշյալ ճանապարհային նշանը բացակայել է, որպիսի հանգամանքը հերքող կամ հակառակը հաստատող ապացույցներ պատասխանողի կողմից դատարանին չեն ներկայացվել»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ծառայության բողոքը, ըստ էության հիմնավոր է համարել Դատարանի վերոհիշյալ պատճառաբանությունները:

Վճռաբեկ դատարանը, գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` ապացուցման բեռը կրում է` ճանաչման հայցով` վարչական մարմինը` այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի, ինչպես նաև որևէ կատարված գործողության կամ թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործի փաստերի համադրված վերլուծության և գործում առկա ապացույցների գնահատման հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործում առկա ապացույցներով, մասնավորապես` «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտի կողմից տրված փորձագիտական եզրակացություններով հաստատվում է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ 15.02.2016 թվականին` ժամը 12.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոցի թիվ 127 հասցեի դիմաց «VOLVO» մակնիշի 91LV111 հաշվառման համարանիշի և «VAZ 21099» մակնիշի 33TU658 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը տեխնիկական տեսակետից պայմանավորված է եղել պատահարի վայրում ճանապարհային երթևեկության ոչ պատշաճ և սխալ կազմակերպմամբ, մասնավորապես, խաչմերուկից առաջ բոլոր համապատասխան տեղերում խաչմերուկը կազմող ճանապարհների կարգավիճակը նշող ճանապարհային նշաններ տեղադրված չլինելու հանգամանքով, ինչը տեխնիկական տեսակետից վտանգավոր է եղել տվյալ հատվածով երթևեկության համար, քանի որ պատահարին նախորդող պահին ճանապարհային երթևեկության թերի կազմակերպման հետևանքով խաչմերուկում ստեղծվել է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ ոստիկանությունը` ի դեմս Ծառայության, օրենսդրության հիման վրա կրելով պարտականություն հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, այդ թվում նաև` ճանապարհային նշանները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, դրսևորել է անգործություն` անտեսելով Երևան քաղաքի Ա. Արմենակյան և դեպի սրտաբանական հիվանդանոց տանող փողոցների խաչմերուկում անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային նշանների բացակայությունը:

i

Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանի վճռի հիմքում դրվել է սխալ իրավական գնահատականներ պարունակող փորձագիտական եզրակացություն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետի համաձայն` թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով պատասխանողն է կրել ապացուցման բեռը, մինչդեռ վերջինս վճռաբեկ բողոքում չի նշել, թե անգործության իրավաչափությունը կամ փորձագիտական եզրակացությունների` որպես ապացույցների անարժանահավատությունը հիմնավորող կոնկրետ ինչ ապացույցներ է ներկայացրել, որոնք ստորադաս դատարանների կողմից պատշաճ հետազոտության և գնահատման չեն արժանացել:

i

Միաժամանակ անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ պետք է պարզվեր, թե արդյոք վարորդները վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն ունեցել են, թե` ոչ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքաբերի կողմից բարձրացված հարցի պարզումն ըստ էության վերաբերում է վթարի առաջացման պատճառներին, այլ կերպ ասած` պատասխանողին վերագրվող ենթադրյալ անգործության և տեղի ունեցած վթարի և հնարավոր վնասի միջև պատճառահետևանքային կապին, մինչդեռ այն ըստ էության գնահատելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այդ հանգամանքի պարզումը չի կարող որևէ նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար: Քննարկվող հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արմեն Թումանյանն ընդդեմ Կոտայքի մարզպետի թիվ ՎԴ/8765/05/13 վարչական գործով 07.04.2018 թվականի որոշմամբ` արձանագրելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դատարանը պարտավոր է գնահատել բացառապես այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողության կամ անգործության իրավաչափությունը և չի կարող քննարկման առարկա դարձնել վարչական ակտի, գործողության կամ անգործության ու դրանց հետևանքով առաջացած հնարավոր վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության կամ բացակայության հարցը:

i

Ինչ վերաբերում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համայնքի ղեկավարի լիազորությունը ճանապարհային երթևեկության կազմակերպման բնագավառում չի սահմանափակում Ծառայության իրավասությունները այդ գործընթացի վրա վերահսկողություն իրականացնելու և օրենսդրական ակտերին հակասող և թերի կարգավորումները վերացնելու ուղղությամբ:

i

Նման պայմաններում հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքի վերոհիշյալ հիմքը չի կարող քննության առարկա դառնալ Վճռաբեկ դատարանում, ուստի Վճռաբեկ դատարանն այդ հիմքին հնարավոր չի համարում անդրադառնալ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը նախապես վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.08.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 14 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2021
N ՎԴ/0318/05/17
Որոշում