ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մարտի 2021 թվականի N 288-Ն
ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1207-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ձևաբանական հետազոտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) ձևաբանական հետազոտությունների անցկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը, դրանց անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. մարտի 4
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 4-ի
N 288-Ն որոշման
ՑԱՆԿ
ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Բջջաբանական
2. Հիստոքիմիական
3. Իմունոհիստոքիմիական
4. Հյուսվածքաբանական
5. Մոլեկուլային
6. Էլեկտրոնային միկրոսկոպիկ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 4-ի
N 288-Ն որոշման
ԿԱՐԳ
ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ձևաբանական հետազոտությունների անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի ձևաբանական հետազոտությունները կատարվում են ախտաբանաանատոմիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող հաստատություններում (այսուհետ` հաստատություն)` «ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա» մասնագիտությամբ համապատասխան մասնագետի (այսուհետ` ախտաբանաանատոմ) կողմից` բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի, որը կատարվում է նաև լաբորատորախտորոշիչ (բջջաբանական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող հաստատություններում` «կլինիկական բջջաբանություն» մասնագիտությամբ համապատասխան մասնագետի (այսուհետ` բջջաբան) կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
2. ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
3. Ձևաբանական հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրվում են`
1) վիրահատական բիոպսիոն նյութը.
2) ախտորոշիչ բիոպսիոն նյութը.
3) նուրբ ասեղային ասպիրատներ և ասեղային բիոպտատները.
4) լորձաթաղանթների քսուքները, արտատպվածքները.
5) ֆիզիոլոգիական հեղուկները և մարմնում ախտաբանական կուտակված հեղուկները.
6) վիրահատական և աուտոպսիոն նյութի թաց արխիվը.
7) պատրաստի պարաֆինային բլոկներ, պատրաստի հյուսվածաբանական ապակիները.
8) բժշկական փաստաթղթերը:
4. Ձևաբանական հետազոտությունները (հետազոտվող նյութը լաբորատորիայում գրանցվելու պահից) անցկացվում են հետևյալ ժամկետներում`
1) բջջաբանական ձևաբանական հետազոտությունը` մինչև 2 աշխատանքային օր` կախված հետազոտվող նյութի բնույթից.
2) սույն որոշման N 1 հավելվածի ցանկի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված ձևաբանական հետազոտությունները` 3-15 աշխատանքային օր` կախված հետազոտվող հյուսվածքի տեսակից և հետազոտման մեթոդից:
5. Էլեկտրոնային միկրոսկոպիկ ձևաբանական հետազոտության համար ժամկետ նախատեսված չէ:
6. Ձևաբանական հետազոտությունների արդյունքներն արտացոլվում են ձևաբանական հետազոտության եզրակացության մեջ, որի օրինակելի ձևը և լրացման կարգը հաստատում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարը:
7. Ձևաբանական հետազոտության եզրակացությունը կազմվում է երկու օրինակից: Առաջին օրինակը տրամադրվում է պացիենտին կամ նրա ծնողին կամ ամուսնուն կամ երեխաներին կամ օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին կամ բուժող բժշկին, իսկ երկրորդ օրինակը (էլեկտրոնային կամ թղթային ձևով) պահպանվում է հաստատությունում:
8. Ձևաբանական հետազոտության եզրակացությունն ստորագրվում է հետազոտող ախտաբանաանատոմի կամ բջջաբանի կողմից:
9. Ձևաբանական հետազոտության եզրակացությունը տրամադրվում է ձևաբանական հետազոտության ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
10. Ձևաբանական հետազոտությունից հետո պատրաստի հյուսվածքաբանական ապակիները և պարաֆինային բլոկները պահպանվում են (արխիվացվում են) հաստատությունում առնվազն հինգ տարի ժամկետով` բացառությամբ բջջաբանական ապակիների և թաց արխիվի (առկայության դեպքում), որի դեպքում արխիվացումը կատարվում է 1 տարի ժամկետով:
i
11. Սույն կարգի 10-րդ կետի ժամկետները լրանալուց հետո նյութերը ոչնչացվում են որպես բժշկական թափոն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի:
12. Ձևաբանական հետազոտության նմուշները պացիենտի կամ նրա ծնողի կամ ամուսնու կամ երեխաների կամ օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի պահանջով կարող են տրամադրվել վերջիններիս` կրկնակի հետազոտության նպատակով:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 մարտի 2021 թվական: