ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱՔԴ/4311/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4311/02/15 2019թ.
Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Հ. Ենոքյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2019 թվականի մայիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարուժան Ավագյանի ներկայացուցիչ Աշոտ Խլոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարուժան Ավագյանի ընդդեմ Քնարիկ և Կորյուն Հարությունյանների` ինքնակամ շինությունները քանդելուն պարտավորեցնելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջների մասին, և ըստ հայցի Վարուժան Ավագյանի ընդդեմ Քնարիկ և Կորյուն Հարությունյանների` Քնարիկ Հարությունյանին իր միջոցներով Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակում ստորգետնյա ավտոտնակների մուտքի մոտ տեղադրված դարպասն ապամոնտաժելուն պարտավորեցնելու, դեպի Վարուժան Ավագյանի ավտոտնակները տանող ընդհանուր օգտագործման ճանապարհն ազատելուն պարտավորեցնելու, Քնարիկ և Կորյուն Հարությունյաններին իրենց միջոցներով Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 շենքի երկու սյուներն ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Թիվ ԵԱՔԴ/4311/02/15 և թիվ ԵԱՔԴ/4383/02/15 քաղաքացիական գործերով դիմելով դատարան` Վարուժան Ավագյանը պահանջել է վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը, այն է` պարտավորեցնել Քնարիկ Հարությունյանին իր միջոցներով ապամոնտաժել Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակում ստորգետնյա ավտոտնակների մուտքի մոտ տեղադրված դարպասը` ազատելով դեպի իր ավտոտնակները տանող ընդհանուր օգտագործման ճանապարհը, պարտավորեցնել Քնարիկ և Կորյուն Հարությունյաններին իրենց միջոցներով ապամոնտաժել Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 շենքի երկու սյուները` վերականգնելով մինչև խախտումը եղած դրությունը, պարտավորեցնել Քնարիկ Հարությունյանին իր միջոցներով քանդել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակում ստորգետնյա երկու ավտոտնակների դիմաց Քնարիկ Հարությունյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունները` ազատելով դեպի Վարուժան Ավագյանի ավտոտնակ տանող ճանապարհը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.10.2015 թվականի որոշմամբ թիվ ԵԱՔԴ/4311/02/15 քաղաքացիական գործը և թիվ ԵԱՔԴ/4383/02/15 քաղաքացիական գործը միացվել են մեկ վարույթում` թիվ ԵԱՔԴ/4311/02/15 համարի ներքո:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 27.12.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.04.2017 թվականի որոշմամբ Վարուժան Ավագյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 27.12.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուժան Ավագյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քնարիկ և Կորյուն Հարությունյանների ներկայացուցիչ Վանյա Բալասանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակի ստորգետնյա հատվածում տեղակայված ստորգետնյա ավտոտնակների դիմացի հողատարածքները հանդիսացել են ընդհանուր օգտագործման տարածք, իսկ Քնարիկ Հարությունյանը, չունենալով դրանց նկատմամբ սեփականության իրավունք, իրականացրել է շինարարություն: Արդյունքում շինությունը խոչընդոտում է նշված հասցեում տեղակայված ավտոտնակներն ըստ նպատակային նշանակության օգտագործելուն:
Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ նկուղային հարկում առկա շինությունները, որոնց վերաբերյալ հողամասի հատակագծում որևէ նշում առկա չէ, ինքնակամ կառույցներ են:
Բացի այդ, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վերոնշյալ կառույցներն օրինական շինություններ են և կառուցվել են համապատասխան թույլտվությունների հիման վրա:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դարպասի տեղադրման թույլտվություն Երևանի քաղաքապետը Քնարիկ Հարությունյանին տրամադրել է վիճելի տարածքի նկուղային երկրորդ հարկի համար, այնինչ դարպասը տեղադրված է այլ վայրում, ինչը խանգարում է Վարուժան Ավագյանին սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակներ մուտք գործելուն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.04.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, իրականացնելով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, արձանագրել է, որ հայցվորի ավտոտնակների դիմաց գտնվող հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է պատասխանողներին, իսկ վերջիններիս կողմից որևէ իրավունքի խախտում թույլ չի տրվել, ուստի Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ հայցը ենթակա էր մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 26.02.2007 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2274138 և թիվ 2274139 վկայականների համաձայն` Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակի ստորգետնյա ավտոտնակների նկատմամբ գրանցված է Վարուժան Ավագյանի սեփականության իրավունքը: Սեփականության իրավունքի գրանցման համար հիմք են հանդիսացել Երքաղխորհրդի գործկոմի 02.03.1988 թվականի թիվ 5/37 որոշումը, 26 կոմիսարների շրջգործկոմի 17.03.1988 թվականի թիվ 5/17 որոշումը, 20.06.1986 թվականի նախագիծը և 04.03.1989 թվականի թիվ 97 շինարարության թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ. 19-25):
2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 26.12.2008 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2504089 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/2 հասցեի նկատմամբ գրանցված է Քնարիկ Հարությունյանի սեփականության իրավունքը: Սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել 24.12.2008 թվականի թիվ 9934 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 146-147):
3) Երևանի քաղաքապետի կողմից 04.08.2010 թվականին Քնարիկ Հարությունյանին տրված թիվ 01/50-Հ-2320-452 շինարարության թույլտվության համաձայն` Քնարիկ Հարությունյանին թույլատրվել է Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/2 հասցեում կառուցել հասարակական նշանակության օբյեկտ (հատոր 1-ին, գ.թ. 143):
4) Քնարիկ և Կորյուն Հարությունյանների միջև 22.03.2013 թվականին կնքված անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագրի համաձայն` Քնարիկ Հարությունյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը նվիրել է Կորյուն Հարությունյանին (հատոր 1-ին, գ.թ. 151):
5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 15.03.2013 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 15032013-01-2259 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 հասցեում գտնվող հասարակական շինության նկատմամբ գրանցված է Քնարիկ Հարությունյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 26-27):
6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 05.03.2013 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 05032013-01-1775 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/5 հասցեում գտնվող հասարակական շինության նկատմամբ գրանցված է Կորյուն Հարությունյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 50):
7) Երևանի քաղաքապետի կողմից 07.08.2014 թվականին Քնարիկ Հարությունյանին տրված թիվ 01/18-Հ-4967-852 շինարարության թույլտվության համաձայն` Քնարիկ Հարությունյանին թույլատրվել է Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 հասցեում տեղադրել դարպաս (հատոր 1-ին, գ.թ. 150):
8) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 29.07.2015 թվականի թիվ 18-08/2-39674 պատասխանի համաձայն` «(...) դարպասի տեղադրման թույլտվությունը տրամադրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15032013-01-2259 վկայականով ամրագրված Քնարիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի սահմաններում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Ա. Ավետիսյան 116/4 տարածք), տվյալ տարածքը գտնվում է շինության նկուղային երկրորդ հարկում: Շինության նկուղային առաջին հարկում քաղաքապետարանի կողմից դարպասի տեղադրման քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել (...)» (թիվ ԵԱՔԴ/4383/02/15 քաղաքացիական գործ, գ.թ. 27):
9) Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 հասցեի համար կազմված գլխավոր հատակագծի համաձայն` նախատեսվող դարպասը պատկերված է նշված հասցեի նկուղային հարկերի մուտքային բացվածքում (հատոր 2-րդ, գ.թ. 7):
10) «Արաքս 88» ֆիրմա ՍՊԸ-ի 06.11.2015 թվականի թիվ 022 գրության համաձայն` «մասնագետի կողմից ուսումնասիրվել է Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակ հասցեում գտնվող 54,6 քմ մակերեսով ստորգետնյա ավտոտնակն իր իսկ նշանակությամբ օգտագործելու հնարավորությունը, ինչից պարզվել է, որ ստորգետնյա ավտոտնակների վերգետնյա մասում կառուցվել է բնակելի շենք, որի հիմնասյուներից 2-ն անմիջականորեն համընկնում են ավտոտնակի մուտք տանող մասի հետ, անհնարին են դարձնում ավտոտնակի մետաղական դարպասի լիարժեք բացումը, ինչի պատճառով ավտոմեքենայի ելումուտն անհնարին է դարձել և ավտոտնակն իր նպատակային նշանակությանը չի ծառայում, ստորգետնյա ավտոտնակների շահագործման համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքի մի հատվածն առանձնացված է մետաղական դարպասով, որից հետո գտնվում է Վարուժան Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը: Տեղադրված դարպասը լրացուցիչ խոչընդոտ է հանդիսանում ավտոտնակի շահագործման համար (...)»: ՈՒսումնասիրությունը կատարվել է անշարժ գույքի գնահատողի որակավորում ունեցող մասնագետի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 81):
11) Քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի) և հողաշինարարի որակավորում ունեցող Զավեն Բաբասյանի (որակավորման վկայական` թիվ 0133) կողմից 26.03.2012 թվականին տրված եզրակացության համաձայն` «(...) Հենասյուների անկյունները խոչընդոտում են Վարուժան Ավագյանին պատկանող ավտոտնակների դարպասների լրիվ բացմանը (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 72):
12) Դատարանի կողմից 09.12.2016 թվականին կատարված տեղատեսության արձանագրության համաձայն` Դատարանը կողմերի ներկայացուցիչների հետ վիճելի հասցեում կատարել է տեղատեսություն, որով արձանագրել է հետևյալը. «(...) հայցվորին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակների մոտ տանող ճանապարհի ստորին հատվածում առկա է երկաթյա պարիսպ, որի մուտքի բանալին գտնվում է պատասխանողների մոտ: (...) Հայցվորին պատկանող ավտոտնակների մուտքերի առջև ընկած հատվածում` 2,5 մ - 3 մ հեռավորության վրա, առկա է շինություն, որը կողմերի հավաստմամբ պատկանում է պատասխանողներին և օգտագործվում է վերջիններիս կողմից: Դատարանը հետազոտեց նաև հայցվորների ավտոտնակների մուտքերի մոտ գտնվող երկու սյուները, հայցվորը հայտարարեց, որ դրանք ոչ թե եղել են ի սկզբանե, այլ կառուցվել են հետագայում (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 118-119):
13) Գործում առկա սեփականության իրավունքի գրանցման վկայականներում առկա չէ Դատարանի կողմից հետազոտված «շինության» (կառույցի) հատակագիծը կամ դրա վերաբերյալ որևէ նշում:
i
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը` վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները:
i
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
i
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վերոնշյալ իրավանորմերը կիրառելի են միայն այն դեպքում, երբ վեճի առարկա գույքն ունի սեփականատեր, քանի որ այդ նորմերն ուղղված են պաշտպանելու և սեփականատիրոջ իրավունքները, և այն անձանց իրավունքները, որոնք նշված գույքը տիրապետում են պայմանագրի կամ օրենքի հիման վրա (տե՛ս, Սարգիս և Ռոզա Գևորգյաններն ընդդեմ Արմենուհի Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1572/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը):
Վերը նշվածից հետևում է, որ գույքի սեփականատիրոջ լիազորությունների շրջանակներում ներառվում են ինչպես գույքը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, գույքն օգտագործման հանձնելու, այլ անձանց գույքից օգտվելու հնարավորություն ընձեռելու, այնպես էլ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու իրավունքը: Այսինքն` սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու լիազորություններով և իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, որը կապված է այդ լիազորությունների իրականացման հետ: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով ամրագրվել է այնպիսի խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելու իրավունքը (նեգատոր հայց), որոնք, չզրկելով սեփականատիրոջը գույքի տիրապետման իրավունքից, խոչընդոտում են նրա այլ` գույքի օգտագործման և տնօրինման լիազորությունների լիարժեք իրականացմանը` դրանով իսկ խախտելով այդ իրավունքները:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են (...) (տե՛ս, Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանները և Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ նեգատոր հայցով սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն օրինական չեն, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողությունները հիմնված են վարչական ակտի վրա, ապա իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական ակտը վիճարկելու եղանակով (տե՛ս, Նվարդ Ղուկասյանն ընդդեմ Համլետ Մադոյանի թիվ ՇԴ/1609/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերոնշյալ հոդվածում նախատեսված իրավունքի ապահովումը հնարավոր է նեգատոր հայցի միջոցով, որը որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման և (կամ) փաստացի տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի դադարման: Վերոնշյալ մեկնաբանությունների ընդհանրացման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ նեգատոր հայցի ներկայացման դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները.
1) հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող,
2) հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականատիրոջը կամ օրինական (տիտղոսային) այլ տիրապետողին օգտագործել և (կամ) տնօրինել գույքը:
Վերոնշյալ պայմանները որպես փաստ ներառվում են նեգատոր հայցերով հարուցված գործերի ապացուցման առարկայում: Այդուհանդերձ դրանք ապացուցման առարկան կազմող միակ փաստերը չեն: Ի թիվս վերոնշյալի` ապացուցման է ենթակա նաև երրորդ փաստը, այն է` գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության իրավական լինելու փաստը: Նեգատոր հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով ապացուցման առարկան և դրա հիմքը, որից հետո միայն կողմերի միջև ճիշտ բաշխեն ապացուցման պարտականությունը: Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ նեգատոր հայցերի դեպքում դատավարական բեռը բաշխելիս հայցվորն է կրում գույքի սեփականատերը լինելու և այդ գույքի օգտագործմանը և (կամ) տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության փաստերն ապացուցելու պարտականությունը: Ինչ վերաբերում է երրորդ փաստին` գործողությունների կամ անգործության հակաիրավական բնույթին, ապա հայց ներկայացնելու պահին վերջիններիս առնչությամբ գործում է հակաիրավական լինելու կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը: Հետևաբար նշված փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է պատասխանողը (տե՛ս, Լևոն Արշակունին ընդդեմ Կոմիտաս Հայրապետյանի թիվ ԿԴ3/0450/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերը նշված հանգամանքները ենթակա էին ապացուցման իրավահարաբերության ծագման պահին գործող`17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով սահմանված կանոններով:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ հոդվածներին, նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակի ստորգետնյա ավտոտնակների նկատմամբ գրանցված է Վարուժան Ավագյանի սեփականության իրավունքը: Սեփականության իրավունքի գրանցման համար հիմք են հանդիսացել Երքաղխորհրդի գործկոմի 02.03.1988 թվականի թիվ 5/37 որոշումը, 26 կոմիսարների շրջգործկոմի 17.03.1988 թվականի թիվ 5/17 որոշումը, 20.06.1986 թվականի նախագիծը և 04.03.1989 թվականի թիվ 97 շինարարության թույլտվությունը: Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/2 հասցեի նկատմամբ գրանցված է Քնարիկ Հարությունյանի սեփականության իրավունքը: Սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել 24.12.2008 թվականի թիվ 9934 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Քնարիկ Հարությունյանին թույլատրվել է Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/2 հասցեում կառուցել հասարակական նշանակության օբյեկտ: Քնարիկ Հարությունյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը նվիրել է Կորյուն Հարությունյանին: Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 հասցեում գտնվող հասարակական շինության նկատմամբ գրանցված է Քնարիկ Հարությունյանի սեփականության իրավունքը: Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/5 հասցեում գտնվող հասարակական շինության նկատմամբ գրանցված է Կորյուն Հարությունյանի սեփականության իրավունքը: Քնարիկ Հարությունյանին թույլատրվել է Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 հասցեում տեղադրել դարպաս:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 29.07.2015 թվականի թիվ 18-08/2-39674 պատասխանի համաձայն` «(...) դարպասի տեղադրման թույլտվությունը տրամադրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15032013-01-2259 վկայականով ամրագրված Քնարիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի սահմաններում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Ա. Ավետիսյան 116/4 տարածք), տվյալ տարածքը գտնվում է շինության նկուղային երկրորդ հարկում: Շինության նկուղային առաջին հարկում քաղաքապետարանի կողմից դարպասի տեղադրման քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել (...)»:
Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 հասցեի համար կազմված գլխավոր հատակագծի համաձայն` նախատեսվող դարպասը պատկերված է նշված հասցեի նկուղային հարկերի մուտքային բացվածքում:
«Արաքս 88» ֆիրմա ՍՊԸ-ի 06.11.2015 թվականի թիվ 022 գրության համաձայն` «մասնագետի կողմից ուսումնասիրվել է Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակ հասցեում գտնվող 54,6քմ մակերեսով ստորգետնյա ավտոտնակն իր իսկ նշանակությամբ օգտագործելու հնարավորությունը, ինչից պարզվել է, որ ստորգետնյա ավտոտնակների վերգետնյա մասում կառուցվել է բնակելի շենք, որի հիմնասյուներից 2-ն անմիջականորեն համընկնում են ավտոտնակի մուտք տանող մասի հետ, անհնարին են դարձնում ավտոտնակի մետաղական դարպասի լիարժեք բացմանը, ինչի պատճառով ավտոմեքենայի ելումուտն անհնարին է դարձել և ավտոտնակն իր նպատակային նշանակությանը չի ծառայում, ստորգետնյա ավտոտնակների շահագործման համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքի մի հատվածն առանձնացված է մետաղական դարպասով, որից հետո գտնվում է Վարուժան Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը: Տեղադրված դարպասը լրացուցիչ խոչընդոտ է հանդիսանում ավտոտնակի շահագործման համար (...)»: Ուսումնասիրությունը կատարվել է անշարժ գույքի գնահատողի որակավորում ունեցող մասնագետի կողմից:
Քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի) և հողաշինարարի որակավորում ունեցող Զավեն Բաբասյանի (որակավորման վկայական` թիվ 0133) կողմից 26.03.2012 թվականին տրված եզրակացության համաձայն` «(...) Հենասյուների անկյունները խոչընդոտում են Վարուժան Ավագյանին պատկանող ավտոտնակների դարպասների լրիվ բացմանը (...)»:
Դատարանի կողմից 09.12.2016 թվականին կատարված տեղատեսության արձանագրության համաձայն` Դատարանը կողմերի ներկայացուցիչների հետ վիճելի հասցեում կատարել է տեղատեսություն, որով արձանագրել է հետևյալը. «(...) հայցվորին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակների մոտ տանող ճանապարհի ստորին հատվածում առկա է երկաթյա պարիսպ, որի մուտքի բանալին գտնվում է պատասխանողների մոտ: (...) Հայցվորին պատկանող ավտոտնակների մուտքերի առջև ընկած հատվածում` 2,5մ-3մ հեռավորության վրա, առկա է շինություն, որը կողմերի հավաստմամբ պատկանում է պատասխանողներին և օգտագործվում է վերջիններիս կողմից: Դատարանը հետազոտեց նաև հայցվորների ավտոտնակների մուտքերի մոտ գտնվող երկու սյուները, հայցվորը հայտարարեց, որ դրանք ոչ թե եղել են ի սկզբանե, այլ կառուցվել են հետագայում (...)»: Գործում գտնվող սեփականության իրավունքի վկայականներում առկա չէ Դատարանի կողմից արձանագրված «շինության» (կառույցի) հատակագիծը կամ դրա վերաբերյալ որևէ նշում:
Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքները, որ Քնարիկ Հարությունյանի կողմից կառուցվող շինության շինարարական աշխատանքներն իրականացվել են օրենքով սահմանված կարգով` համապատասխան վարչական ակտերի հիման վրա և պատասխանողների կողմից օրինական հիմքերով տիրապետվող և օգտագործվող հողամասում, իսկ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման թույլտվությունները, հողի նկատմամբ սեփականության իրավունքը և դրա ծագման հիմքերը հայցվորի կողմից չեն վիճարկվել: Դատարանը պատճառաբանել է նաև, որ հայցվորի ավտոտնակների մուտքը, այդ թվում` տրանսպորտային միջոցի մուտքը չի խոչընդոտվել «շինությամբ» և այն գտնվում է հայցվորին պատկանող ավտոտնակների մուտքից երեք մետրը գերազանցող տարածության վրա: Միաժամանակ Դատարանը գտել է, որ հայցվորը չի ապացուցել վիճելի սյուների անօրինական կառուցված լինելու հանգամանքը, մինչդեռ դրանք արտացոլվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքում, նախատեսված են եղել շինթույլտվությամբ և կառուցվել են օրինական հիմքերով:
Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Դատարանի պատճառաբանություններին:
Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ապացուցման առարկան են կազմում հետևյալ փաստերը`
1) Վարուժան Ավագյանի` Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակի ստորգետնյա ավտոտնակների սեփականատեր լինելը,
2) Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակում ստորգետնյա ավտոտնակների մուտքի մոտ պատասխանողների կողմից դարպասի տեղադրման, Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 շենքի երկու սյուների և «շինության» կառուցման հետևանքով դեպի հայցվոր Վարուժան Ավագյանի ավտոտնակները տանող ընդհանուր օգտագործման ճանապարհին և ավտոտնակների մուտքին խոչընդոտելը,
3) վիճելի դարպասի, երկու սյուների և «շինության» օրինական կառույցներ լինելը, այսինքն` դրանք սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված վայրերում կառուցված և տեղադրված լինելու հանգամանքները կամ դրանց` շինթույլտվությանը համապատասխան կառուցված լինելու հանգամանքը:
Նշված փաստերից առաջին երկուսի ապացուցման բեռը կրում է հայցվորը, քանի որ դրանք այն իրավաբանական փաստերն են, որոնք կազմում են նեգատոր հայցով դատարան դիմելու պայմանները: Երրորդ փաստի ապացուցման բեռը կրում են պատասխանողները:
Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա` հայցվոր Վարուժան Ավագյանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով հաստատվում է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակի ստորգետնյա ավտոտնակների սեփականատերը հանդիսանում է վերջինս: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բակում ստորգետնյա ավտոտնակների մուտքի մոտ պատասխանողների կողմից դարպասի տեղադրման, Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 116/4 շենքի երկու սյուների և «շինության» կառուցման հետևանքով դեպի հայցվոր Վարուժան Ավագյանի ավտոտնակները տանող ընդհանուր օգտագործման ճանապարհին և ավտոտնակների մուտքի համար առաջացել են խոչընդոտներ, ապա նշվածի մասին վկայում են գործում առկա գրավոր ապացույցները: Մասնավորապես` վերջին փաստը հիմնավորվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 29.07.2015 թվականի թիվ 18-08/2-39674 պատասխանով, «Արաքս 88» ֆիրմա ՍՊԸ-ի 06.11.2015 թվականի թիվ 022 գրությամբ, քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի) և հողաշինարարի որակավորում ունեցող Զավեն Բաբասյանի (որակավորման վկայական` թիվ 0133) կողմից 26.03.2012 թվականին տրված եզրակացությամբ: Ավելին` նշված հանգամանքն արձանագրվել է նաև Դատարանի կողմից կատարված տեղազննության արձանագրությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող երրորդ փաստն այն մասին, որ վիճելի դարպասը և «շինությունն» օրինական կառույցներ են, հաստատված են համարել առանց որևէ թույլատրելի ապացույցի առկայության: Դատարանն ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել «շինության»` օրինական կառույց լինելու հարցն այն պայմաններում, երբ դրա առկայությունը արձանագրվել է Դատարանի կողմից կատարված տեղատեսությամբ, իսկ գործում գտնվող սեփականության իրավունքի վկայականներում առկա չէ «շինության» (կառույցի) հատակագիծը կամ դրա վերաբերյալ որևէ նշում: Ավելին` տեղազննության արձանագրությունից հետևում է, որ Դատարանն իր եզրահանգումները կատարելիս հիմնվել է միայն կողմերի բանավոր հայտարարությունների վրա` առանց դրանց վերաբերյալ բավարար և թույլատրելի ապացույցներ ունենալու: Դատարանն անգամ չի պարզել «շինության» և սյուների` շինթույլտվությանը համապատասխան կառուցված լինելու հանգամանքը:
Բացի այդ, Դատարանը 09.12.2016 թվականին կատարված տեղատեսության արձանագրությամբ փաստել է, որ հայցվորին պատկանող ավտոտնակների մուտքերի առջև ընկած հատվածում` 2,5մ-3մ հեռավորության վրա առկա է շինություն, սակայն Դատարանի վճռում արձանագրվել է, որ «շինությունը» գտնվում է ավտոտնակների մուտքերի առջև` շուրջ երեք մետրը գերազանցող հեռավորության վրա: Փաստորեն, Դատարանը «շինության» հեռավորության մասին կատարել է հակասական հետևություններ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանն ապացույցների սխալ գնահատմամբ կատարել է անհիմն եզրահանգումներ հայցի անհիմն և մերժման ենթակա լինելու մասին, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և վերը նշված հանգամանքները պարզելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Վարուժան Ավագյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.09.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.09.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան