Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ, 7-ՐԴ, 22-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական       Վարչական գործ          

    և  վարչական պալատի որոշում             թիվ ՎԴ/6000/05/17   

    Վարչական գործ թիվ ՎԴ/6000/05/17        2019թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2019 թվականի մարտի 22-ին

քննելով Գայանե Բրուտյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Գայանե Բրուտյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 26.05.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706158826 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գայանե Բրուտյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 26.05.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706158826 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 28.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավորներ` Կ. Մաթևոսյան, Կ. Բաղդասարյան, Կ. Ավետիսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.05.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 28.07.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է, և Գայանե Բրուտյանից հօգուտ Ծառայության բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2018 թվականի որոշմամբ Գայանե Բրուտյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Բրուտյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

ՀՀ սահմանադրական դատարանը Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա 10.07.2018 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով` դատական բողոքարկման բոլոր փուլերում:

Տվյալ դեպքում սույն գործով կայացված վերջնական դատական ակտով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը Գայանե Բրուտյանի նկատմամբ կիրառվել են ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ դրանց տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ` Գայանե Բրուտյանի վրա դնելով պետական տուրքի վճարման ծախսը հատուցելու պարտականություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և Գայանե Բրուտյանից հօգուտ Ծառայության 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար, բռնագանձելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 15.05.2018 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ծառայության 26.05.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706158826 որոշմամբ Գայանե Բրուտյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է 5.000 ՀՀ դրամի չափով տուգանք (գ.թ. 3):

2. Դատարանը 28.07.2017 թվականի վճռով Գայանե Բրուտյանի հայցը բավարարել է` Ծառայության 26.05.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706158826 որոշումը ճանաչելով անվավեր (գ.թ. 18-24):

3. Դատարանի 28.07.2017 թվականի վճռի դեմ Ծառայությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք` վճարելով 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք (գ.թ. 33-36, 43):

4. Վերաքննիչ դատարանը 15.05.2018 թվականի որոշմամբ բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը` բեկանել և փոփոխել է Դատարանի 28.07.2017 թվականի վճիռը` մերժելով Գայանե Բրուտյանի հայցը: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ Գայանե Բրուտյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար Ծառայության կողմից վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար (գ.թ. 74-84):

5. Գայանե Բրուտյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք` բողոքարկելով Վերաքննիչ դատարանի 15.05.2018 թվականի որոշման` միայն դատական ծախսերի բաշխման մասը (գ.թ. 96-101):

6. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Գայանե Բրուտյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (գ.թ. 104-107):

7. ՀՀ սահմանադրական դատարանը Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա 10.07.2018 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով` դատական բողոքարկման բոլոր փուլերում (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կարող է ներկայացվել համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո` 3 ամսվա ընթացքում:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան:

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- դատավարության մասնակից կամ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված դիմողի նկատմամբ կայացվել է վերջնական դատական ակտ,

- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 26.05.2017 թվականի թիվ 1706158826 որոշմամբ Գայանե Բրուտյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն նշանակվել է 5.000 ՀՀ դրամի չափով տուգանք: Գայանե Բրուտյանը հայցադիմում է ներկայացրել դատարան նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Գայանե Բրուտյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` ազատված է նշված հայցադիմումը դատարան ներկայացնելու համար պետական տուրքի վճարումից` ըստ էության վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան լիազորված մարմնի ընդունված որոշման դեմ բողոք ներկայացրած լինելու հիմքով:

Դատարանի 28.07.2017 թվականի վճռով Գայանե Բրուտյանի հայցը բավարարվել է` Ծառայության 26.05.2017 թվականի թիվ 1706158826 որոշումը ճանաչվել է անվավեր:

Ծառայությունը Դատարանի 27.07.2017 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` վճարելով 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք:

Վերաքննիչ դատարանի 15.05.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 28.07.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ Գայանե Բրուտյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար Ծառայության կողմից վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում պետական տուրքի վճարման պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը, քանի որ Ծառայության վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման:

Գայանե Բրուտյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք` բողոքարկելով Վերաքննիչ դատարանի 15.05.2018 թվականի որոշման` միայն դատական ծախսերի բաշխման մասը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Գայանե Բրուտյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ սահմանադրական դատարանը, Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշման 1-ին կետով համարել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը, իսկ նույն որոշման 2-րդ կետով համարել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով` դատական բողոքարկման բոլոր փուլերում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման 4-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով իրենց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի` նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման վերոհիշյալ իրավունքը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք ՀՀ սահմանադրական դատարանում սույն գործով դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Սույն գործի փաստերը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը կիրառել է ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ, որի արդյունքում Գայանե Բրուտյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար Ծառայության կողմից վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար` անտեսելով, որ Գայանե Բրուտյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության հիմքով օգտվել է սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար պետական տուրքի գծով արտոնությունից, որի պայմաններում, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումը, չի կարող կրել պետական տուրք վճարելուց բխող արտոնությամբ պայմանավորված դատական ծախսեր նաև դատական բողոքարկման բոլոր փուլերում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 15.05.2018 թվականի որոշումը` Գայանե Բրուտյանից հօգուտ Ծառայության 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար բռնագանձելու մասով, բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելը և փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

i

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.05.2018 թվականի որոշման` Գայանե Բրուտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար բռնագանձելու մասը, և այդ մասով այն փոփոխել` պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.03.2019
N ՎԴ/6000/05/17
Որոշում