(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 1993 թ. թիվ 653
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՈՒՂԵՎՈՐԱԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի ներմուծման ու վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի 4-րդ կետի, և ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 442 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում պատշաճ կարգուկանոն հաստատելու, ծագած խնդիրներն օպերատիվ կարգով քննարկելու և որոշումներ կայացնելու, օդանավակայանների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ հետևյալ կազմով`
Շ. Պետրոսյան - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ
կառավարության լիազոր-ներկայացուցիչ (շտաբի
ղեկավար)
Ս. Մարգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար
Գ. Մելքումյան - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Ն. Մինասյան - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության
պետի տեղակալ
Վ. Պապոյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Կ. Ռուբինյան - ՀՀ նախագահին առընթեր վերահսկողության
ծառայության ղեկավար
Հ. Ներսիսյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության
գլխավոր մասնագետ
/փոփ. 30.03.94 թիվ 138 որոշում/
2. Սահմանել, որ օպերատիվ շտաբի որոշումները և հանձնարարականները օդանավակայանների բնականոն գործունեության ապահովման վերաբերյալ իրենց իրավասության շրջանակներում պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների կողմից:
3. Հաստատել Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում չվերթների անվտանգ կազմակերպման, ուղևորաբեռնափոխադրումների կարգավորման միջոցառումները:
4. Օպերատիվ շտաբին` ելնելով սույն որոշման պահանջներից 5-օրյա ժամկետում հաստատել շտաբի աշխատակարգը և գործունեության ծրագիրը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատողների տեխնիկական զինվածության մասին: