(ուժը կորցրել է 01.09.2021 թիվ 323-Ն որոշում)
i
600.0178.290616
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 06 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2016 թվականի N 178-Ն
i
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «զ» և 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի հունիսի 22-ի
N 178-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ)
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի իրականացման կարգը և պայմանները:
2. Հանձնաժողովը սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգն իրականացնում է էներգետիկայի ոլորտում բաշխման լիցենզիա ունեցող անձանց (այսուհետ` Մատակարար) կողմից Հանձնաժողովի հաստատած կարգով ներկայացվող եռամսյակային տեղեկատվության վերլուծության և տեղում անհրաժեշտ դիտարկումներ իրականացնելու միջոցով:
3. Հանձնաժողովն ամփոփում է սույն կարգի 2-րդ կետով նշված տեղեկատվությունը և հաշվարկում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշները, որոնք հրապարակվում են Հանձնաժողովի կայքում մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի ավարտը, եթե Հանձնաժողովի իրավական ակտերով ավելի կարճ ժամկետ սահմանված չէ:
4. Մատակարարի կողմից սույն կարգի 2-րդ կետով նշված տեղեկատվությունը սահմանված ժամկետում Հանձնաժողով չներկայացնելու, ինչպես նաև այն ճշգրտելու դեպքերում Հանձնաժողովի կայքում այդ մասին տրվում է համապատասխան ծանուցում:
5. Հանձնաժողովն իր սահմանած կարգով և ժամկետներում կարող է տեղում իրականացնել դիտարկումներ` սույն կարգի 2-րդ կետով նշված տեղեկատվության հավաստիության ստուգման, ինչպես նաև Հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրության նպատակով: Դիտարկումների արդյունքները` ամփոփումից հետո, մեկամսյա ժամկետում, հրապարակվում են Հանձնաժողովի կայքում: