124.0005.160999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
9 հուլիսի 1999 թվականի թիվ 01/5
i
«1999 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ, ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՀՈՂԻ ՀԱՐԿԻ, ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԱՆՁՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՄՈՒՏՔԵՐԸ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 25 հոդվածները, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածը, ինչպես նաև նպատակ ունենալով կանոնակարգել «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17, 28 հոդվածների և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» ենթակետի դրույթները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «1999 թվականի բյուջետային տարվա ընթացքում եկամտահարկի, գույքահարկի, հողի հարկի, պետական տուրքի գումարների և պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների, ինչպես նաև գանձված տույժերի և տուգանքների գծով մուտքերը բյուջեների միջև բաշխելու մասին» հրահանգչական նամակը:
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ» «ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ` ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ`
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Ս. ԱՅՎԱԶՅԱՆ
«30» օգոստոսի 1999թ. «09» հուլիսի» 1999թ.
«ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է»
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ`
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
«09» հուլիսի 1999թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
1999 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ, ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՀՈՂԻ ՀԱՐԿԻ, ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԱՆՁՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՄՈՒՏՔԵՐԸ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 25 հոդվածները, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածը, ինչպես նաև նպատակ ունենալով կանոնակարգել «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» , «Պետական տուրքի մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներին համապատասխան (ա) համայնքների բյուջեների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` պետական բյուջե) միջև և (բ) համայնքների բյուջեների միջև բաշխվող հարկային մուտքերի և վճարների հաշվառման հարցերը, հայտնվում է, որ բյուջետային մուտքերի բաշխումը իրականացվում է հաշվի անելով հետևյալը.
1. Եկամտահարկի գծով մուտքերի բաշխման առանձնահատկությունները
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն եկամտահարկի մուտքերի 85 տոկոսը ամրագրված է պետական բյուջեին և 15 տոկոսը` համայնքների բյուջեներին: Ընդ որում.
1.1. Անհատ ձեռներեցների և այլ ինքնուրույն եկամտահարկ վճարողների (տարեկան եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնողների) կողմից վճարված եկամտահարկի գումարը նախ, ամբողջությամբ, ուղղվում է պետական բյուջե:
Անհատ ձեռներեցների և այլ ինքնուրույն եկամտահարկ վճարողների հարկի գումարների 15 տոկոս կազմող մասերը հետագայում պետք է փոխանցվեն համայնքների բյուջեներ: Ընդ որում.
ա) Անհատ ձեռներեցի կողմից վճարված եկամտահարկի (ներառյալ կանխավճարների) 15 տոկոսն ուղղվում է այն համայնքի բյուջե, որի տարածքում գտնվող հասցեով իրականացվել է անհատ ձեռներեցի պետական գրանցումը` ըստ պետական գրանցման վկայականում նշված հասցեի:
Հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում անհատ ձեռներեցների վճարած հաստատագրված վճարների գումարի համապատասխան մասը, մասնավորապես 60 տոկոսը կազմող եկամտահարկը, վերաբաշխման ենթակա չէ (ողջ գումարը մնում է պետական բյուջեում):
բ) Այլ ինքնուրույն եկամտահարկ վճարողների (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից վճարված եկամտահարկի գումարի 15 տոկոսն ուղղվում է նրանց բնակության (հաշվառման) վայրի համայնքի բյուջե:
Պետական բյուջեի հաշվից համապատասխան համայնքի բյուջե եկամտահարկի գումարի 15 տոկոսի փոխանցումն (եկամտահարկի գումարի վերաբաշխումն) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանը (այսուհետ` կենտրոնական գանձապետարան), հիմք ընդունելով եկամտահարկի մուտքը հաշվառած տեղական գանձապետական բաժանմունքի (այսուհետ` ՏԳԲ) կողմից տրված եկամտահարկի մասհանումների վերաբերյալ վճարման պահանջագիրը (վճարման պահանջագրի ձևը բերված է սույն հրահանգչական նամակի թիվ 1 հավելվածում), որը ՏԳԲ-ները կազմում են տվյալ անհատ ձեռներեցի (այլ ինքնուրույն եկամտահարկ վճարողի) հաշվառումը և հարկի վճարման հսկողությունն իրականացնող տարածքային հարկային տեսչության (այսուհետ` ՏՀՏ) կողմից տրված տեղեկանքի (տեղեկանքի ձևը բերված է սույն հրահանգչական նամակի թիվ 2 հավելվածում) հիման վրա:
1.2. Հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված եկամտահարկի գումարները նախ, ամբողջությամբ, ուղղվում են պետական բյուջե:
Պետական բյուջե վճարված եկամտահարկի 15 տոկոսը հետագայում փոխանցվում է գլխավոր գրասենյակի (հարկային գործակալի) գտնվելու (պետական գրանցման հասցեի) համայնքի բյուջե: Պետական բյուջեից համայնքի բյուջե փոխանցումն իրականացվում է կենտրոնական գանձապետարանի կողմից, հիմք ընդունելով եկամտահարկի մուտքը հաշվառած ՏԳԲ-ի կողմից տրված եկամտահարկի մասհանումների վերաբերյալ վճարման պահանջագիրը, որը ՏԳԲ-ները կազմում են տվյալ հարկային գործակալի հաշվառումը և հարկերի վճարման հսկողությունն իրականացնող ՏՀՏ-ի կողմից տրված տեղեկանքի (տեղեկանքի ձևը բերված է սույն հրահանգչական նամակի թիվ 3 հավելվածում) հիման վրա:
Այն դեպքում, երբ հարկային գործակալը Հայաստանի Հանրապետության այլ տարածքում ունի պետական գրանցում ստացած առանձնացված ստորաբաժանում, որը ևս հարկային գործակալ է հանդիսանում և ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտահարկի «Ամփոփ հաշվարկ» ներկայացնող է, ապա անկախ գլխավոր գրասենյակի գտնվելու վայրից հարկային գործակալ հանդիսացող առանձնացված ստորաբաժանումը եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված եկամտահարկի գումարները նախ, ամբողջությամբ ուղղում է պետական բյուջե: Պետական բյուջե վճարված եկամտահարկի գումարի 15 օ/օ-ը հետագայում փոխանցվում է հարկային գործակալ հանդիսացող առանձնացված ստորաբաժանման գտնվելու համայնքի բյուջե: Պետական բյուջեից համայնքի բյուջե փոխանցումն իրականացվում է կենտրոնական գանձապետարանի կողմից, հիմք ընդունելով եկամտահարկի մուտքը հաշվառած ՏԳԲ-ի կողմից տրված եկամտահարկի մասհանումների վերաբերյալ վճարման պահանջագիրը, որը ՏԳԲ-ները կազմում են տվյալ հարկային գործակալի հաշվառումը և հարկերի վճարման հսկողությունն իրականացնող ՏՀՏ-ի կողմից տրված տեղեկանքի (տեղեկանքի ձևը բերված է սույն հրահանգչական նամակի թիվ 3 հավելվածում) հիման վրա:
Այն դեպքում, երբ հարկային գործակալը Հայաստանի Հանրապետության այլ տարածքում ունի պետական գրանցում ստացած հարկային գործակալ չհանդիսացող առանձնացված ստորաբաժանում, ապա անկախ հարկային գործակալի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրից` այդ առանձնացված ստորաբաժանման մասով (այնտեղ աշխատողների եկամուտների մասով) եկամտահարկի ընդհանուր գումարի 15 տոկոսը կենտրոնական գանձապետարանը, հիմք ընդունելով գլխավոր գրասենյակի գտնվելու համայնքի ՏԳԲ-ի կողմից տրված եկամտահարկի մասհանումների վերաբերյալ վճարման պահանջագիրը, որը ՏԳԲ-ները կազմում են գլխավոր գրասենյակի գտնվելու ՏՀՏ-ի կողմից տրված տեղեկանքի (տեղեկանքի ձևը բերված է սույն հրահանգչական նամակի թիվ 4 հավելվածում) հիման վրա փոխանցում է Հայաստանի Հանրապետության այն համայնքի բյուջե (այդ համայնքի բյուջեի եկամտահարկի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարին), որի տարածքում գտնվող հասցեով իրականացվել է առանձնացված ստորաբաժանման պետական գրանցումը: Սույն ենթակետում նշված տեղեկանքի կազմման նպատակով հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր ամսվա 3-ը հավելված թիվ 3-ում բերված ցուցանիշների շրջանակներում, ՏՀՏ-ներին հաղորդում են անհրաժեշտ տվյալներ` պետական գրանցում ստացած առանձնացված ստորաբաժանումներում նախորդ ամսում պահված եկամտահարկի գումարների մասին:
Սույն կետում նշված դեպքերում պետական բյուջեից համայնքների բյուջեներ եկամտահարկի գումարների 15 տոկոսների փոխանցումներն իրականացնում է կենտրոնական գանձապետարանը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` հիմք ընդունելով մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը եկամտահարկի մուտքը հաշվառած ՏԳԲ-ներից ստացված վճարման պահանջագրերը, որոնք ՏԳԲ-րը կազմում են մինչև յուրաքանչյուր ամսվա 8-ը ՏՀՏ-րից ստացված տեղեկանքների հիման վրա:
Անհատ ձեռներեցների (այլ ինքնուրույն եկամտահարկ վճարողների), ինչպես նաև հարկային գործակալների կողմից վճարված եկամտահարկի գումարների հաշվառումը (անձնական հաշվի քարտերի վարումը), դրանց հաշվարկման կարգի և վճարման ժամկետների նկատմամբ հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից:
2. Գույքահարկի գծով մուտքերի բաշխման առանձնահատկությունները
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար գույքահարկի մուտքերի 95 տոկոսը ամրագրված է համայնքների բյուջեներին և 5 տոկոսը` պետական բյուջեին, իսկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար հարկի մուտքերը ամբողջությամբ ամրագրված են պետական բյուջեին: Ընդ որում.
2.1. Շինությունների գծով գանձվող գույքահարկի մուտքերի համար.
ա) Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող (այսինքն որևէ համայնքի վարչական տարածքում չընդգրկված) հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների համար հարկատուները գույքահարկի գումարն ամբողջությամբ վճարում են պետական բյուջե` ըստ պետական բյուջեի գույքահարկի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
բ) Համայնքների վարչական տարածքում գտնվող շինությունների համար հարկատուները գույքահարկի գումարն ամբողջությամբ վճարում են շինության գտնվելու վայրի համայնքի բյուջե` ըստ տվյալ համայնքի բյուջեի գույքահարկի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
2.2. Ավտոմոբիլային և ջրային փոխադրամիջոցների գծով գանձվող գույքահարկի մուտքերի համար.
ա) Փոխադրամիջոցների սեփականատեր հանդիսացող, գույքահարկ վճարող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (բացառությամբ գյուղացիական տնտեսությունների) գույքահարկը վճարում են իրենց գտնվելու վայրի (հասցեի) համայնքի բյուջե` ըստ տվյալ համայնքի գույքահարկի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
բ) Ֆիզիկական անձանց (այդ թվում նաև գյուղացիական տնտեսությունների) կողմից փոխադրամիջոցների համար գույքահարկը վճարվում է հարկատուի (որի անունով գրանցված է տվյալ փոխադրամիջոցը) անձնագրում նշված հաշվառման վայրի համայնքի բյուջե` ըստ տվյալ համայնքի գույքահարկի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
Հիշյալ հաշվառման բացակայության դեպքում գույքահարկը վճարվում է ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե, իսկ եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցի գրանցման վայրի համայնքի բյուջե:
2.3. Գույքահարկի մուտքագրված գումարների բաշխումը, հաշվառումը և վճարման նկատմամբ հսկողությունը.
Համայնքի բյուջե նախորդ ամսվա ընթացքում մուտքագրված գույքահարկի գումարի 5 տոկոսը գույքահարկի մուտքը հաշվառած ՏԳԲ-ն մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը փոխանցում է պետական բյուջե` ըստ պետական բյուջեի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
Վճարված գույքահարկի գումարների հաշվառումը (անձնական հաշվի քարտերի վարումը), դրանց հաշվարկման կարգի և վճարման ժամկետների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից:
3. Հողի հարկի գծով մուտքերի բաշխման առանձնահատկությունները
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի հարկի մուտքերի 95 տոկոսը ամրագրված է համայնքների բյուջեներին և 5 տոկոսը` պետական բյուջեին, իսկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար հարկի մուտքերը` ամբողջությամբ պետական բյուջեին: Ընդ որում.
ա) Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող հողատարածքների համար հարկատուները հողի հարկն ամբողջությամբ վճարում են պետական բյուջե` ըստ պետական բյուջեի հողի հարկի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով հողի հարկ վճարողները նույն կարգով հարկն ամբողջությամբ վճարում են պետական բյուջե:
գ) Համայնքների վարչական տարածքներում գտնվող հողատարածքների համար հարկատուները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի հարկը ամբողջությամբ վճարում են հողատարածքի գտնվելու վայրի համայնքի բյուջե, ըստ տվյալ համայնքի բյուջեի հողի հարկի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
Համայնքի բյուջե նախորդ ամսվա ընթացքում մուտքագրված հողի հարկի գումարի 5 տոկոսը հողի հարկի մուտքը հաշվառած ՏԳԲ-ն մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը փոխանցում է պետական բյուջե` ըստ պետական բյուջեի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
Վճարված հողի հարկի գումարների հաշվառումը (անձնական հաշվի քարտերի վարումը), դրանց հաշվարկման կարգի և վճարման ժամկետների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից:
4. Պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման
դիմաց գանձվող վարձավճարների գծով մուտքերի բաշխման
առանձնահատկությունները
Պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, բաշխվում են հետևյալ համամասնությամբ. համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների 95 տոկոսն ամրագրված է համայնքների բյուջեներին և 5 տոկոսը` պետական բյուջեին, գումարներն ամբողջությամբ վճարվում են հողատարածքի գտնվելու համայնքի բյուջե, իսկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներն ամբողջությամբ ամրագրված են պետական բյուջեին: Ընդ որում.
ա) Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներն ամբողջությամբ վճարվում են պետական բյուջե` ըստ պետական բյուջեի նշված վարձավճարի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
բ) Համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների գումարներն ամբողջությամբ վճարվում են հողատարածքի գտնվելու համայնքի բյուջե, ըստ տվյալ համայնքի բյուջեի հողի հարկի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
Համայնքի բյուջե նախորդ ամսվա ընթացքում մուտքագրված վարձավճարի գումարի 5 տոկոսը վարձավճարի մուտքը հաշվառած ՏԳԲ-ն մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը փոխանցում է պետական բյուջե` ըստ պետական բյուջեի նշված վարձավճարի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
5. Գույքահարկի, հողի հարկի և պետական պահուստի հողերի
վարձակալության և օգտագործման դիմաց վարձավճարների
գծով վճարումների կատարման համար վճարման
փաստաթղթերի կազմման և շրջանառության
առանձնահատկությունները
ա) Հարկատուների կողմից վճարումները հիմնավորող փաստաթղթերում (չեկեր, վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր և այլն) այլ պարտադիր նշումներից բացի լրացուցիչ նշվում է նաև շինությունների կամ հողատարածքների գտնվելու վայրի` մարզի, նախկին վարչական շրջանի և համայնքի անվանումները:
Հողի հարկի դեպքում վճարման փաստաթղթերում վճարվող գումարները պետք է առանձնացվեն նաև ըստ հողատեսքերի` գյուղատնտեսական կամ (և) ոչ գյուղատնտեսական նշանակության:
Պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց կատարվող վճարման փաստաթղթերում «հողի վարձակալություն» նշումը ևս պարտադիր է:
բ) Տարբեր մարզերում և համայնքներում գտնվող հարկման օբյեկտների (հող, գույք) համար հարկի վճարումները կատարվում են յուրաքանչյուր համայնքի (և հարկման օբյեկտի) համար առանձին վճարման փաստաթղթերով:
գ) Գույքահարկի, հողի հարկի և պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց վարձավճարների գծով վճարումներն ընդունող բանկերի բաժանմունքները, վերահսկելով վճարման փաստաթղթերը սույն հրահանգչական նամակին համապատասխան լրացնելուն, համայնքների բյուջեներ մուտքագրվող գումարների վճարումները հիմնավորող փաստաթղթերն ուղարկում են այն ՏԳԲ-րին, որոնք իրականացնում են վճարման փաստաթղթերում նշված համայնքների բյուջեների սպասարկումը: ՏԳԲ-րը նշված փաստաթղթերի մեկական օրինակը (կամ պատճենը) ուղարկում են այն ՏՀՏ-րին, որոնք սահմանված կարգով իրականացնում են այդ համայնքների բյուջեներ (I) գույքահարկի և հողի հարկի վճարումների հաշվարկման կարգի և վճարման ժամկետների նկատմամբ հսկողությունը, և (II) պետական պահուստի հողերի վարձակալության դեպքում` վարձակալական վճարի հաշվարկման կարգի և վճարման ժամկետների նկատմամբ վերահսկողությունը:
6. Պետական տուրքի մուտքերի բաշխման առանձնահատկությունները
ա) Պետական տուրքի գումարներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված, ստորև նշված, տուրքի տեսակների:
բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարած գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար և նոտարական գրասենյակի կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու, և դրանցից քաղվածքներ տալու համար պետական տուրքի գումարները ամբողջությամբ ուղղվում ե համայնքների բյուջեներ: Օրենքով համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի տեսակների գծով գանձվող գումարները վճարվում են այն համայնքի բյուջեի պետական տուրքի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարին, որում գտնվում (տեղաբաշխված) է նշված տուրքը գանձող մարմինը: Նշված կարգից ընթացիկ տարում բացառություն են կազմում օրենքով համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի տեսակների գծով Երևան քաղաքի վարչական տարածքում գանձվող գումարները, որոնք «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն ամբողջապես ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը:
Պետական տուրքի հաշվարկման կարգի և վճարման ժամկետների նկատմամբ հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից:
7. Բաշխումների ընդգրկումը
Սույն հրահանգչական նամակով սահմանված կարգով բաշխվում են նաև հարկային օրենսդրությունը խախտելու համար համայնքների բյուջեներին ամրագրված և պետական բյուջեից համայնքների բյուջեներին մասհանվող հարկերի, այլ պարտադիր վճարների գծով գանձվող տույժերի և տուգանքների (այդ թվում ստուգումների ակտերով արձանագրված) գումարները:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընթացիկ տարում օրենքով համայնքների բյուջեներին ամրագրված հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքների և տույժերի գծով Երևան քաղաքի վարչական տարածքում գանձվող գումարները «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն ամբողջապես ուղղվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը, Երևան քաղաքում նշված գումարները հավաքագրվում և վերաբաշխվում են հետևյալ ձևով.
ա) գույքահարկի և հողի հարկի հաշվարկված տույժերի ու տուգանքների դիմաց վճարված գումարը նախ, ամբողջությամբ, ուղղվում է այն թաղային համայնքի բյուջե, ուր ենթակա են փոխանցման նաև վճարվող հողի հարկի կամ գույքահարկի գումարները:
բ) Երևան քաղաքի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման համար ամրագրված եկամտատեսակների հավաքագրման համար համապատասխան ՏԳԲ-ում բացված հաշվին գույքահարկի և հողի հարկի հաշվարկված տույժերի ու տուգանքների դիմաց վճարված գումարների փոխանցումը (այդ գումարների վերաբաշխումը) թաղային համայնքների բյուջեների հաշիվներից իրականացնում են այդ մուտքերը հաշվառած ՏԳԲ-րը, հիմք ընդունելով գումարները վճարողների հաշվառումը և հարկի վճարման հսկողությունն իրականացնող ՏՀՏ-րի կողմից տրված տեղեկանքը, որը կազմվում է վճարողի անձնական հաշվի քարտի տվյալներից ելնելով:
Տույժերի և տուգանքների դիմաց վճարումների առկայության դեպքում, նշված տեղեկանքը ՏՀՏ-րը այդ վճարումների մուտքը հաշվառած ՏԳԲ-րին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը, իսկ նշված տեղեկանքների հիման վրա ՏԳԲ-ի կողմից այդ գումարների փոխանցումը (վերաբաշխումը) իրականացվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը:
գ) Եկամտահարկի հաշվարկված տույժերի ու տուգանքների դիմաց վճարված գումարը նախ, ամբողջությամբ, ուղղվում է պետական բյուջե, ուր ենթակա է փոխանցման նաև վճարողի կողմից վճարվող եկամտահարկի գումարը:
Երևան քաղաքի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման համար ամրագրված եկամտատեսակների հավաքագրման համար համապատասխան ՏԳԲ-ում բացված հաշվին եկամտահարկի հաշվարկված տույժերի ու տուգանքների դիմաց վճարված գումարների 15 տոկոսների փոխանցումներն իրականացնում է կենտրոնական գանձապետարանը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` հիմք ընդունելով մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը եկամտահարկի մուտքը հաշվառած ՏԳԲ-ներից ստացված վճարման պահանջագրերը, որոնք ՏԳԲ-րը կազմում են մինչև յուրաքանչյուր ամսվա 8-ը ՏՀՏ-րից ստացված տեղեկանքների հիման վրա, որոնք կազմվում են վճարողի անձնական հաշվի քարտի տվյալներից ելնելով:
8. Ավել վճարված (գանձված) պետական և համայնքների բյուջեներ
մուտքագրված հարկի գումարների հաշվանցումը հարկ վճարողի այլ
հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձը
Ավել վճարված (գանձված) պետական և համայնքների բյուջեներ մուտքագրված հարկի գումարները սահմանված կարգով հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձվում են համապատասխան բյուջեներից` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 400 հրամանով հաստատված ՀՀ պետական և համայնքային բյուջեների հարկային պարտավորություններից ավել վճարված գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման կարգի համաձայն:
9. Եզրափակիչ դրույթներ
Պետական բյուջե կատարված վճարումները (փոխանցումները) հաստատող այն սկզբնական բանկային փաստաթղթերը, որոնց վրա նշված են 1998 թվականի ամսաթվեր և, միաժամանակ, որոնց համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված քաղվածքների վրա նշված է 1999 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ամսաթիվը, համարվում են Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մուտքերին վերաբերվող:
Պետական բյուջե կատարված վճարումները (փոխանցումները) հաստատող այն սկզբնական բանկային փաստաթղթերը, որոնց վրա նշված են 1999 թվականի ամսաթվեր և, միաժամանակ, որոնց համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված քաղվածքների վրա նշված է 2000 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ ամսաթիվը, համարվում են Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մուտքերին վերաբերվող:
Հավելված թիվ 1
ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ 1
---------------- ՏԳԲ-ի կողմից սպասարկվող համայնքների բյուջեներ
եկամտահարկի մասհանումների
« » ------------ 1999թ.
հազ. դրամ
._________________________________________________________________________.
| Եկամտի տեսակը |Ընդամենը | Համայնքի |
| | | բյուջե |
| | | փոխանցման |
| | | ենթակա գումար |
|______________________________________________|__________|_______________|
| Եկամտահարկ | | |
| նույն թվում | | |
|______________________________________________|__________|_______________|
|1. | Եկամտահարկ հիմնական աշխատանքի | | |
| | ծառայության, ուսման վայրում և դրանից | | |
| | դուրս ստացված եկամուտներից, ինչպես | | |
| | նաև հեղինակային վարձատրության | | |
| | տեսքով ստացված եկամուտներից | | |
|___|__________________________________________|__________|_______________|
|2. | Եկամտահարկ ձեռնարկատիրական | | |
| | գործունեությունից, գույքը | | |
| | վարձակալության տալուց, ինչպես նաև | | |
| | ձեռնարկատիրական գործունեության | | |
| | իրականացման նպատակով ֆիզիկական | | |
| | անձանց սեփականության իրավունքով | | |
| | պատկանող գույքի վաճառքից ստացված | | |
| | եկամուտներից | | |
|___|__________________________________________|__________|_______________|
|3. | Եկամտահարկ փայամասնակցությունից, | | |
| | արժեթղթերից, ավանդների դիմաց և | | |
| | վիճակախաղի տոմսերի շահումներից | | |
| | ստացված եկամուտներից | | |
|___|__________________________________________|__________|_______________|
|4. | Եկամտահարկ այլ աղբյուրներից | | |
._________________________________________________________________________.
ՏԳԲ-ի պետ` ---------------
Գլխավոր հաշվապահ` ----------------
-----------------------------------------------------------------
Հավելված թիվ 2
______________________ ՏՀՏ
ՏԵՂԵԿԱՆՔ
անհատ ձեռներեցների և այլ ինքնուրույն եկամտահարկ
վճարողների վերաբերյալ
Ամիսը` _______________
._____________________________________________________________.
| Ա.Ա.Հ. | Հասցեն | Եկամտահարկի գումարը |
| | | (դրամ) |
|________________|________________|___________________________|
|________________|________________|___________________________|
|________________|________________|___________________________|
._____________________________________________________________.
ՏՀՏ պետ ____________
Հավելված թիվ 3
______________________ ՏՀՏ
ՏԵՂԵԿԱՆՔ
հարկային գործակալների վերաբերյալ
Ամիսը` ____________________
.___________________________________________________________________.
| Հարկային գործակալի | Պետական գրանցման | Պահված եկամտահարկի |
| անվանումը | հասցեն | գումարը (դրամ) |
|_______________________|____________________|______________________|
|_______________________|____________________|______________________|
|_______________________|____________________|______________________|
.___________________________________________________________________.
ՏՀՏ պետ _____________
------------------------------------------------------------------
Հավելված թիվ 4
________________ ՏՀՏ
ՏԵՂԵԿԱՆՔ
առանձնացված ստորաբաժանումներ ունեցող հարկային
գործակալների վերաբերյալ
Ամիսը` _____________
.________________________________________________________________.
| Հարկային գործակալի | Առանձնացված | Պահված |
| անվանումը և հասցեն | ստորաբաժանումների | եկամտահարկի |
| | պետական գրանցման | գումարը (դրամ) |
| | հասցեները | |
|_______________________|_____________________|__________________|
|_______________________|_____________________|__________________|
|_______________________|_____________________|__________________|
.________________________________________________________________.
ՏՀՏ պետ _____________
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «16» 09 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12499146