Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 98...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 98.13-ՐԴ ԵՎ 105 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2015 թվականի N 140

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 98.13-ՐԴ ԵՎ 105-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՈՒսումնասիրելով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի հիման վրա ներկայացված դիմումը, որով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է պարզաբանել, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.13-րդ հոդվածով նախատեսված պաշտպանվող անձի («անանուն վկայի») հարցաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցի թույլատրելիության հարցը որոշելիս կիրառելի է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը`

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Վկայի ցուցմունքները` դատարանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կատարված հարցաքննության ժամանակ գրավոր կամ բանավոր ձևով նրա հաղորդած տվյալներն են (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս):

Դատարանում վկայի հարցաքննության` ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգը ներառում է հարցաքննության անցկացման ինչպես ընդհանուր պայմանները, այնպես էլ` հատուկ կանոնները: Մասնավորապես, դատարանում վկայի հարցաքննության ընդհանուր պայմանները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածով («Վկայի հարցաքննության կարգը»), իսկ հատուկ կանոններն ամրագրված են «Պաշտպանվող անձի հարցաքննությունը դատարանի կողմից» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.13-րդ հոդվածում:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.13-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարանի կողմից պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մասին տվյալների հրապարակման, կարող է կատարվել կեղծանվան օգտագործմամբ: Պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել դատական նիստերի դահլիճից ամբաստանյալի և պաշտպանության կողմի ներկայացուցչին հեռացնելուց հետո:

2. Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիսի պայմաններում, որոնք բացառում են անձի ինքնության ճանաչումը: Այդ նպատակով կարող են օգտագործվել դիմակ, շպար, պաշտպանվող անձի ձայնը փոփոխող սարք և օրենքին չհակասող պաշտպանության այլ միջոցներ:

3. Պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց դատավարության մյուս մասնակիցների ակներև տեսանելիության, կարող է կատարվել տեսաձայնային և տեխնիկական այլ միջոցների (շղարշ, պաշտպանիչ էկրան, թաղանթ) օգնությամբ` դատավարության սահմանափակ շրջանակով մասնակիցների մասնակցությամբ` գաղտնիության պահպանման մասին նախազգուշացումով:

4. Բացառիկ դեպքերում դատարանը կարող է պաշտպանվող անձին ազատել դատական նիստին մասնակցելու պարտականությունից` նրա կողմից նախկինում տրված ցուցմունքի գրավոր հաստատման առկայության դեպքում:

5. Անհրաժեշտության դեպքում դատական նիստի նախագահողը կարող է դատաքննության ընթացքում արգելել տեսաձայնային և այլ միջոցներով հարցաքննության տեսաձայնագրառումը»:

Մեջբերված քրեադատավարական դրույթի վերլուծությունից երևում է, որ այն սահմանում է պաշտպանվող անձի («անանուն վկայի»)` դատարանում հարցաքննության ընթացակարգի մի շարք առանձնահատկություններ` ելնելով «անանուն վկայի» (նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի, մերձավորի) կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նկատառումներից: Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը Հ. Սահակյանի գործով որոշման մեջ արձանագրել է, որ «(...) հանցագործության բացահայտմանը նպաստող անձանց պաշտպանությունը` ընդհանրապես, և պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանությունը` մասնավորապես, հետապնդում են իրավաչափ նպատակներ և ինքնին անհամատեղելի չեն մեղադրյալի` արդար դատաքննությունն ապահովող իրավական արժեքների հետ: Սակայն հանցագործության բացահայտմանը նպաստող անձանց պաշտպանությունը կանոնակարգող քրեադատավարական իրավանորմերը մեկնաբանելիս և դրանցով սահմանված իրավական մեխանիզմները գործադրելիս հարկ է նկատի առնել, որ դրանք չեն կարող հանգեցնել մեղադրյալի` արդար դատաքննության իրավունքի չեզոքացմանը: ՈՒստի խնդրո առարկա հարցի կապակցությամբ հանրային և մասնավոր իրավաչափ շահերը պետք է այնպես հավասարակշռվեն, որ մեղադրյալը չզրկվի «զենքերի հավասարության» իրավունքից և արդյունավետ պաշտպանության հնարավորությունից: (...)» (տես Համայակ Սահակյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0212/01/10 որոշման 21-րդ կետը):

3. «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը» վերտառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի 98.3-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` «(...) Տեղեկությունները սահմանափակելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը և դրան առնչվող նյութերն առանձնացվում են քրեական գործի մյուս նյութերից և պահվում վարույթն իրականացնող մարմնի մոտ»:

Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` «Հիմնական վարույթից առանձնացված որոշմանը և դրան առնչվող նյութերին ծանոթանալը մատչելի է միայն դատարանին և քրեական հետապնդումն իրականացնող մարմնին, իսկ դատավարության մյուս մասնակիցները դրան կարող են ծանոթանալ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եթե դա անհրաժեշտ է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու կամ քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանք պարզելու համար»:

Մեջբերված քրեադատավարական դրույթի իմաստով` պաշտպանվող անձի («անանուն վկայի») ինքնության վերաբերյալ տվյալները հայտնի են քրեական դատավարությանը մասնակցող սահմանափակ թվով անձանց:

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ամրագրում է ապացույցն անթույլատրելի ճանաչելու` ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հիմքերից մեկը: Նշված դրույթի համաձայն` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից:

Մեջբերված քրեադատավարական դրույթի իմաստով` անթույլատրելի է այն ապացույցը, որի աղբյուրն անհայտ է ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ որը չի բացահայտվում դատական նիստում և անհայտ է ինչպես դատավարությանը մասնակցող անձանց, այնպես էլ` դատարանի համար:

5. Հիմք ընդունելով սույն որոշման 1-4-րդ կետերում շարադրված վերլուծությունը` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ պաշտպանվող անձի («անանուն վկայի»)` ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանի կողմից իրականացված հարցաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի իմաստով` չի կարող գնահատվել որպես անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից ստացված ապացույց:

Վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ պաշտպանվող անձի («անանուն վկայի») ինքնության վերաբերյալ տվյալները ոչ թե անհայտ են, այլ հայտնի են քրեական դատավարության ոչ բոլոր մասնակիցներին և այդ տվյալները, քրեական վարույթում ներգրավված անձանց պաշտպանության նկատառումներով (տես սույն որոշման 2-րդ կետը), չեն հրապարակվում դատական նիստում, սակայն դրանց մասին տեղյակ է դատարանը, իսկ այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու կամ քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանք պարզելու համար` նաև դատավարության մյուս մասնակիցները:

Հետևաբար, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը`

 

ՈՐՈՇԵՑ

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.13-րդ հոդվածով նախատեսված պաշտպանվող անձի («անանուն վկայի») հարցաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցի թույլատրելիության հարցը որոշելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը կիրառելի չէ:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն պաշտոնական պարզաբանումը որոշումը հրապարակվել է

միայն www.court.am կայք էջում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
05.02.2015
N 140
Որոշում