Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՐԹՈՒ ...

 

 

110.0280.060899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

19 հուլիսի 1999 թվականի թիվ 280-Մ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ վարչապետի 1999թ. ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» թիվ 200 որոշման 3-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության տեսչության օրինակելի կանոնադրությունը»` նոր խմբագրությամբ:

2. Նախարարության իրավաբանական բաժնին (Վ. Սարգսյան)` սահմանված կարգով օրինակելի կանոնադրությունը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

Հաստատում եմ`

ՀՀ կրթության և գիտության

նախարար`  Է. Ղազարյան

 

«19» 07 1999թ.

 

Կոդ 110

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի

քաղաքապետարանի կրթության տեսչության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության տեսչությունները ստեղծվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999թ. ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» թիվ 200 որոշման համաձայն:

2. Կրթության տեսչությունը (այսուհետև` տեսչություն) մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) առանձին կառուցվածքային ստորաբաժանում է: Այն ստեղծվել է մարզի (Երևան քաղաքի) տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

3. Տեսչությունը ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամաններով, մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումներով և կարգադրություններով:

4. Տեսչությունը պատասխանատվություն է կրում մարզի (Երևան քաղաքի) տարածքում ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողության իրականացման գործընթացի համար:

5. Տեսչության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

II. Տեսչության հիմնական խնդիրները և գործառույթները

 

6. Տեսչության հիմնական խնդիրներն են.

ա) մարզի (Երևան քաղաքի) տարածքի ուսումնական հաստատություններում կրթության մասին ՀՀ օրենսդրության, ՀՀ կրթության և գիտության նախարարության նորմատիվ իրավական ակտերի, մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումների և կարգադրությունների կատարման վերահսկողության իրականացումը.

բ) Տեսչական ստուգումների միջոցով մարզի (Երևան քաղաքի) նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնադաստիարակչական աշխատանքների թերությունների հայտնաբերումն ու վերացումը.

գ) Մարզի (Երևան քաղաքի) ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ մարզպետին (Երևանի քաղաքապետին) և կրթության ու գիտության նախարարությանը անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը:

7. Իր հիմնական խնդիրներին համապատասխան տեսչությունը`

ա) վերահսկում է կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, ուսումնական պլանների և ծրագրերի կատարումը, սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման աշխատանքը.

բ) անկախ ուսումնական հաստատության կազմակերպա-իրավական ձևից և ենթակայությունից ստուգում է ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

գ) վերահսկում է մարզի (Երևան քաղաքի) դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը և նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում: Սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, քննությունների և վերաքննությունների, որակավորման ստուգումների կազմակերպման ու անցկացման համապատասխանությունը գործող կարգերին.

դ) ուսումնասիրում է.

- անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական նյութերով, կրթության գործընթացը կարգավորող փաստաթղթերով, ձեռնարկելով ուսումնական հաստատության ապահովվածությունը.

- մանկավարժական կադրերի համապատասխանությունը տարիֆաորակավորման բնութագրերին, մասնագետների պահանջարկը, կադրերի հետ տարվող աշխատանքը.

- մեթոդմիավորումների, մանկավարժական և ծնողական խորհուրդների աշխատանքը.

- ուսումնական հաստատություններում սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

- նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների տնօրենների թեկնածուների համապատասխանությունը տարիֆաորակավորման բնութագրին և համապատասխան առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին կամ մարզպետին.

- ուսումնական հաստատությունների կողմից կանոնադրական պահանջների կատարումը և գործավարությունը:

8. Տեսչությունը իր աշխատանքի ընթացքում համագործակցում է մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ու ՀՀ կրթության և գիտության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների հետ:

9. Տեսչությունը մարզպետի (Երևանի քաղաքապետի) հանձնարարությամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները, կատարում քաղաքացիների ընդունելություն:

 

III. Տեսչության աշխատանքի կազմակերպումը

 

10. Տեսչության աշխատանքը կազմակերպվում է տեսչության կանոնադրության համաձայն: Տեսչության կանոնադրությունը կազմվում է սույն օրինակելի կանոնադրության հիման վրա:

11. Տեսչության աշխատանքային պլանները կազմվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված տեսչավորման միասնական թեմաների և ժամանակացույցի համաձայն:

Տեսչավորման ենթակա ուսումնական հաստատություններն ընտրվում են մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:

Տեսչության աշխատանքային պլանները հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը):

12. Տեսչության աշխատողների տարիֆաորակավորման բնութագրերը հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

13. Տեսչության անմիջական ղեկավարությունն իրականացնում է տեսչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում մարզպետը (Երևանի քաղաքապետը):

14. Տեսչության աշխատողներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը)` տեսչության պետի ներկայացմամբ:

15. Տեսչության պետը`

ա) կազմում է տեսչության պլան-ծրագրերը.

բ) տեսչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում.

գ) մարզպետին (Երևանի քաղաքապետին) առաջարկություններ է ներկայացնում ուսումնական հաստատությունների տնօրենների կողմից արձակված, օրենսդրությանը և նորմատիվ իրավական ակտերին հակասող հրամանների վերացման վերաբերյալ.

դ) տեսչավորման արդյունքների համաձայն եզրակացություն է ներկայացնում մարզպետին (Երևանի քաղաքապետին) ոլորտի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.

ե) պատրաստում է տեսչության գործունեության հաշվետվությունները:

16. Տեսչության աշխատակազմը համալրվում է համապատասխան որակավորում և աշխատանքի փորձ ունեցող կադրերով:

17. Տեսչության աշխատողների ատեստավորումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Տեսչությունն իր աշխատանքում առաջնորդվում է ստուգումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության մեթոդական ցուցումներով:

19. Տեսչության գործունեությունը վերահսկելու նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան հանրապետական գործադիր մարմինը իրավասու է կատարել տեսչական ստուգումներ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «06»  08  1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 110990127

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
19.07.1999
N 280-Մ
Հրաման