Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈ ...

11.04.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.08.1999  -ից մինչեւ   11.04.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 28.02.08 թիվ 146-Ն հրաման)

i

118.0287.040899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

29 հուլիսի 1999 թվականի թիվ 287

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրությունը և լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 782 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության 48-րդ կետի և 59-րդ կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հետ կապված հարցերի օրենսդրական կարգավորումն ապահովելու և այդ բնագավառի աշխատանքները բարելավելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման կարգը»` համաձայն հավելված 1-ի.

բ) «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հանձնաժողովի անհատական կազմը»` համաձայն հավելված 2-ի.

գ) «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հանձնաժողովի կանոնակարգը»` համաձայն հավելված 3-ի.

դ) «Օտարերկրյա պետություններում սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած հայտատուի որակավորման կարգը»` համաձայն հավելված 4-ի:

2. Սահմանել, որ աուդիտորների որակավորման հանձնաժողովը իր կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն է ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը` համաձայն հավելված 5-ի:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1998 թ. հուլիսի 15-ի թիվ 226 հրամանը:

 

Հավելված 1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ՀՈՒԼԻՍԻ 29-Ի

ԹԻՎ 287 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը:

2. Որակավորման քննությունը աուդիտորի որակավորում ստանալու համար հայտ ներկայացրած անձանց (այսուհետև` հայտատուներ) գիտելիքների ստուգման ընթացակարգ է:

3. Ընդհանուր աուդիտի գծով հայտատուների որակավորման քննությունների անցկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) կողմից:

4. Աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը մշակվում և հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

Որակավորման քննությունների ծրագիրը պարբերաբար վերանայվում է` Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններին և լրացումներին համապատասխան:

5. Աուդիտորների որակավորման քննություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած կրթությունը) կամ աուդիտորի մասնագիտացմամբ միջնակարգ կրթություն և աուդիտորի որակավորման վկայական ստանալու համար հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (տնտեսագետի, ֆինանսիստի, հաշվապահի, վերստուգիչի, հարկային տեսուչի, աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպությունում` որպես մասնագետի, այդպիսի կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ), տնտեսագիտական մասնագիտությամբ գիտական աշխատողի կամ դասախոսի) աշխատանքի փորձ:

6. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատավճռով զրկված անձանց:

7. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու համար հայտատուի կողմից ներկայացվում է հայտ, որին կցվում են`

ա) բարձրագույն (միջնակարգ-մասնագիտական) կրթության դիպլոմի պատճենը.

բ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.

գ) երկու լուսանկար` 3 x 4 չափսի.

դ) դատավճռի պատճենը (դատավճռով դատապարտված անձինք):

Հայտատուն պարտավոր է մինչև քննությանը ներկայանալը վճարել պետական տուրքը և պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը, որն իր հերթին, մինչև քննության սկսվելը հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս կողմից սահմանված ձևի տեղեկանք` պետական տուրքի վճարումների մասին: Պետական տուրքը չվճարած հայտատուին արգելվում է մասնակցել քննությանը:

Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպությունում` որպես մասնագետի, այդպիսի կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ) աշխատանքի փորձ ունեցող հայտատուն (անկախ քաղաքացիությունից) սույն կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև որակավորման վկայականի (հավաստագրի) նոտարական կարգով հաստատված պատճենը և իր վերջին աշխատավայրի ղեկավարի կողմից տրված համապատասխան երաշխավորագիրը, որում նշվում է նաև հայտատուի կողմից կատարված աշխատանքների հիմնական ոլորտը և աուդիտի տեսակը:

8. Հայտերը քննարկվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից` անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում, փաստաթղթերը վերադարձվում են հայտատուին` համապատասխան հիմնավորումներով, այդ մասին տեղյակ պահելով հանձնաժողովին:

9. Աուդիտորների որակավորման քննություններն անցկացվում են պարբերաբար` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ամսական մեկ անգամ: Որակավորման քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուին տեղեկացվում է որակավորման քննությունից 15 օր առաջ:

10. Հայտատուին թույլատրվում է մասնակցել քննությանը` միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննության ուշացումով ներկայացած հայտատուն համարվում է չներկայացած և նրան արգելվում է մասնակցել տվյալ օրվա քննությանը:

11. Որակավորման քննություններն անց են կացվում հայերեն լեզվով` գրավոր: Քննության հարցաթերթիկները կազմվում են հետևյալ 3. բաժիններից`

 

I  բաժին - տեսական հարցեր,

II բաժին - տեստեր,

III բաժին - խնդիրներ:

 

Հարցաթերթիկի I բաժնում ներառվում են 3 հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է ընտրվի հաշվապահական հաշվառմանը, հարկային օրենսդրությանը և աուդիտորական գործունեությանը վերաբերող բաժիններից, II բաժնում` 30 հարցեր (տեստեր) հանձնաժողովի կողմից սահմանված համամասնությամբ, իսկ III բաժնում` որոնցից 3-ը` ֆինանսական վերլուծության վերաբերյալ և նույն թվով` հարկային օրենսդրության: Վերջիններիս ընտրությունը կատարվում է, հաշվի առնելով դրանց բարդության աստիճանը, այսինքն` ընտրվում է համապատասխանաբար 2, 3 և 4 առավելագույն միավորով գնահատվող 1 - ական խնդիր:

12. Հարցաթերթիկում ներառված հարցերի (այդ թվում` խնդիրների) ցանկը կազմվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում հանձնաժողովի որոշմամբ, իսկ այդ հարցերից բաղկացած առանձին հարցաթերթիկները կազմվում են յուրաքանչյուր քննությունից մեկ օր առաջ և պահվում հանձնաժողովի քարտուղարի մոտ` փակ, հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով վավերացված ծրարում: Վերջինս բացվում է քննության ժամանակ` հանձնաժողովի անդամների և հայտատուների ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին հարցաթերթիկներ:

13. Հարցաթերթիկի հարցերին պատասխանելու համար հայտատուին տրվում է չորս ժամ: Քննության ընթացքում հայտատուին չի թույլատրվում օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուս հայտատուների հետ: Հարցաթերթիկի հարցերին պատասխանելու համար հատկացված ժամանակը լրանալուն պես, հայտատուն պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովին: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում հայտատուն հեռացվում է քննությունից: Երկրորդ անգամ որակավորման քննություններին նա կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով:

Կողմնակի անձանց արգելվում է ներկա գտնվել որակավորման քննությանը:

Որակավորման քննություններն անց են կացվում մեկ փուլով` գրավոր, որի ընդհանուր արդյունքները գնահատվում են 60 միավորի սահմաններում: Ընդ որում, տեսական հարցերի բաժնում ներառված 3 հարցերի պատասխանները գնահատվում են առավելագույնը` 15 միավոր (յուրաքանչյուրը` 0-5 միավորի սահմաններում), 30 տեստերինը` 30 միավոր (յուրաքանչյուրը` 0 կամ 1 միավոր), 6 խնդիրները` 15 միավոր, այդ թվում` վերլուծությանը վերաբերող 3 խնդիրներինը` 6 միավոր (յուրաքանչյուրը 0-2 միավոր), իսկ հարկային օրենսդրությանը վերաբերող 3 խնդիրներինը` 9 միավոր (յուրաքանչյուրը` 0-2, 0-3 և 0-4 միավոր):

14. Քննության պատասխաններն ամփոփվում են հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևով, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և բոլոր անդամները (ներկա գտնվող): Քննության արդյունքում 46 և ավելի միավոր հավաքած հայտատուները համարվում են որակավորված:

15. Հանձնաժողովը հայտատուի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա որոշում է ընդունում նրան աուդիտորի որակավորում շնորհելու վերաբերյալ, հաշվի առնելով սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջները:

16. Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպությունում` որպես մասնագետի, այդպիսի կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ) աշխատանքի փորձ ունեցող հայտատուի (անկախ քաղաքացիությունից) որակավորման կարգի առանձնահատկությունները սահմանվում են առանձին:

17. Հանձնաժողովի որոշման հիման վրա որակավորված հայտատուին տրվում է աուդիտորի որակավորման վկայական, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

18. Աուդիտորի որակավորման վկայականը լրացվում և տարվում է հանձնաժողովի կողմից որոշման ընդունման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Աուդիտորի կողմից չստացված որակավորման վկայականը հանձնաժողովի կողմից պահպանվում է մինչև վկայականի գործողության ժամկետի լրանալը:

19. Աուդիտորի որակավորման վկայականը տրվում է երկու տարի վեց ամիս ժամկետով:

Հանձնաժողովը կարող է հաշվի առնել աուդիտորների հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից ներկայացված առաջարկությունները և աուդիտորի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:

20. Հայտատուի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում, հայտատուին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են որակավորման վկայականը տալուց հետո, ապա այն ուժը կորցրած է ճանաչվում:

21. Քննության արդյունքներով որակավորում չստացած, ինչպես նաև քննության հրավիրված, սակայն չներկայացած հայտատուն որակավորման քննություններին կրկին կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով` այն տարբերությամբ, որ նա կարող է հայտին կից չներկայացնել սույն կարգի 7-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը, եթե դրանց ներկայացման օրվանից չի անցել մեկ տարի:

22. Հայտատուի կողմից որակավորման քննության արդյունքները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 15 օրվա ընթացքում, ինչպես նաև` դատական կարգով:

23. Որակավորման վկայականը կորցնելու դեպքում, աուդիտորը պարտավոր է 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել հանձնաժողովին: Կորցրած վկայականը հանձնաժողովի որոշմամբ համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն սահմանված կարգով տրվում է նոր վկայական «Կրկնօրինակ» նշագրումով:

24. Հանձնաժողովը վարում է հայտերի և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ: Հայտերի գրանցամատյանում լրացվում են հայտատուի անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և նշում է կատարվում որակավորվելու կամ չորակավորվելու մասին: Տրված որակավորման վկայականների գրանցամատյանում լրացվում են աուդիտորի անունը, ազգանունը, հայտի գրանցման համարը, հանձնաժողովի համապատասխան որոշման ամսաթիվը և համարը, որակավորման վկայականի տրման ամսաթիվը և համարը:

25. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի տնտեսական ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի հաշվին:

26. Հանձնաժողովը, իր նիստերի նախապատրաստումը և որոշումների կատարումը, հայտատուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ:

27. Քննությունների պատասխանները հանձնաժողովի կողմից պահպանվում են երեք տարի:

 

Հավելված 2

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ՀՈՒԼԻՍԻ 29-Ի

ԹԻՎ 287 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    1.   ԱՍԼԻԿՅԱՆ ԱՐԱ            -    ՀՀ ֆինանսների նախարարի առաջին

                                      տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

    2.   ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ     -    ՀՀ ֆինանսների նախարարության

                                      հաշվապահական հաշվառման և աուդիտի

                                      մեթոդաբանության գլխավոր վարչության

                                      պետ

 

    3.   ՍԱՐԳՍՅԱՆ ԱՂԱՍԻ          -    ԵրԺՏԻ պրոռեկտոր, տնտ. գիտ. դոկտոր,

                                      պրոֆեսոր

 

    4.   ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ       -    ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետ

 

    5.   ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ        -    ՀՀ ֆինանսների նախարարության պետական

                                      եկամուտների քաղաքականության գլխավոր

                                      վարչության պետ

 

    6.   ՔԱՌՅԱՆ ԱՐԱ              -    ՀՀ ֆինանսների նախարարության

                                      ապահովագրական տեսչության (գլխավոր

                                      վարչության) պետ

 

    7.   ԲԱԴԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ       -    ՀՀ ֆինանսների նախարարության ՖՎԳՎ

                                      նախարարության համակարգի

                                      գործունեության վերահսկողության

                                      վարչության պետ

 

    8.   ՄԿՐՏՉՅԱՆ ԱԲԳԱՐ          -    ՀՀ ֆինանսների նախարարության

                                      աուդիտորական գործունեության

                                      կարգավորման վարչության պետ

 

    9.   ՄԵԼԻՔՅԱՆ ՌԱԶՄԻԿ         -    ՀՀ ֆինանսների նախարարության

                                      աուդիտորական գործունեության

                                      կարգավորման վարչության պետի տեղակալ

                                      (հանձնաժողովի քարտուղար)

 

   10.   ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԹՈՒՐ         -    ՀՀ ֆինանսների նախարարության

                                      իրավաբանական գլխավոր վարչության

                                      փաստաթղթերի տեսչության վարչության

                                      պետ

 

   11.   ԱԴԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ          -    ՀՀ պետական եկամուտների նախարարության

                                      բաժնի պետ

 

   12.   ԻԳԻԹՅԱՆ ԹԱԴԵՎՈՍ         -    ՀՀ պետական եկամուտների

                                      նախարարության բաժնի պետ

 

   13.   ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ        -    Հայաստանի հաշվապահների և

                                      աուդիտորների ասոցիացիայի խորհրդի

                                      անդամ

 

   14.   ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԻԹԵՐ      -    Հայաստանի հաշվապահների և

                                      աուդիտորների ասոցիացիայի խորհրդի

                                      անդամ

 

   15.   ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ          -    Հայաստանի հաշվապահների և

                                      աուդիտորների ասոցիացիայի խորհրդի

                                      անդամ

 

Հավելված 3

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ՀՈՒԼԻՍԻ 29-Ի

ԹԻՎ 287 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Սույն կանոնակարգը համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) հիմնական խնդիրները, պարտականությունները, իրավունքները, անհատական կազմի ձևավորման հիմնադրույթները և աշխատակարգը:

 

I. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման կարգի (այսուհետև` որակավորման կարգի) պահանջներին համապատասխան, հայտատուների որակավորման քննությունների կազմակերպումը և անցկացումը.

բ) հանձնաժողովի գործունեության և հայտատուների որակավորման քննությունների (այսուհետև` քննություն) կազմակերպման, միջազգային փորձի հիման վրա որակավորման կարգի և սույն կանոնակարգի կատարելագործման և հստակեցման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

գ) աուդիտորի որակավորման վկայականը ուժը կորցրած ճանաչելու կամ վկայականի գործողությունը կասեցնելու մասին հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

2. Հանձնաժողովի պարտականությունները և իրավունքներն են`

ա) ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնակարգով.

բ) քննարկել Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանության հարցը և ընդունել որոշում` նրան քննության հրավիրելու, նրա հայտը մերժելու կամ լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտության վերաբերյալ.

գ) հաշվի առնել աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից ներկայացված առաջարկությունները և որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով.

դ) քննության արդյունքների հիման վրա հայտատուների որակավորման վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և աուդիտորներին հանձնել սահմանված ձևի որակավորման վկայականները.

ե) քննարկել նիստերին երեք անգամ անընդմեջ չմասնակցած հանձնաժողովի անդամին հանձնաժողովի կազմում թողնելու հարցը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին.

զ) վարել հայտերի և տրված որակավորման վկայականների գրանցամատյաններ.

է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով ներկայացնել տարեկան հաշվետվություն` հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին.

ը) ձեռնարկել միջոցներ որակավորման կարգի 12-րդ կետի համաձայն քննությունից մեկ օր առաջ կազմված հարցաթերթիկների գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ.

թ) մինչև քննության սկսվելը ստանալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման տեղեկանքը` պետական տուրքի վճարումների մասին.

ժ) մերժել հայտատուի հայտը, եթե նրա ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության որևէ օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտի, նույն թվում` որակավորման կարգի պահանջներին.

ի) հայտատուին համարել չորակավորված, եթե նա քննության արդյունքում չի հավաքել որակավորման կարգով սահմանված համապատասխան միավորը.

լ) որակավորման կարգով սահմանված դեպքերում, ընդունել համապատասխան որոշում` հայտատուի չներկայացած համարելու կամ քննությունից հեռացնելու մասին.

խ) սահմանված դեպքերում կասեցնել աուդիտորի որակավորման վկայականի գործողությունը կամ այն ճանաչել ուժը կորցրած.

ծ) պետական տուրքը չվճարած հայտատուին արգելել մասնակցելու քննությանը.

կ) քննարկել և ներկայացնել առաջարկություններ` հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություններ կատարելու մասին:

3. Հանձնաժողովի պարտականությունների բաշխումը անդամների միջև կատարվում է հանձնաժողովի որոշմամբ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

4. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հրամանով:

5. Հանձնաժողովում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետները, ինչպես նաև հաշվապահների և աուդիտորների հասարակական կազմակերպությունների անդամները` կազմակերպությունների ներկայացմամբ:

6. Ի պաշտոնե հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան տեղակալը:

7. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ` հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրել լրացուցիչ նիստ:

8. Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը:

9. Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում, վճռորոշ է հանդիսանում նախագահի ձայնը:

10. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն արձանագրվում են, որի մեկ օրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

 

Հավելված 4

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ՀՈՒԼԻՍԻ 29-Ի

ԹԻՎ 287 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՐԳ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույնով կանոնակարգվում են օտարերկրյա պետություններում սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպությունում` որպես մասնագետի` այդպիսի կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ) աշխատանքի փորձ ունեցող հայտատուի (անկախ քաղաքացիությունից) ընդհանուր աուդիտի գծով որակավորման առանձնահատկությունների հետ կապված հարցերը:

 

2. Սույն կարգի 1-ին կետում նշված հայտատուն (այսուհետև` հայտատու) կարող է որակավորման քննությունը հանձնել հարցազրույցի միջոցով, որն անց է կացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված աուդիտորների որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

Հարցազրույցի ընթացքում հարցեր կարող են տրվել նաև հայտատուի կողմից կատարված մասնագիտական աշխատանքների բնույթի և բովանդակության վերաբերյալ:

 

3. Հայտատուի որակավորման ժամանակ հաշվի են առնվում նրա մասնագիտական կարողությունների գնահատման չափանիշները, այդ թվում`

- կրթությունը,

- օտարերկրյա պետությունում որակավորում ստանալու ժամանակ որակավորմանը ներկայացված պահանջները, մասնավորապես` որակավորման ծրագրում հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտների կամ հաշվապահական հաշվառման միջազգային ճանաչում ունեցող այլ համակարգերի ներառված լինելու հանգամանքը,

- մասնագիտական փորձառությունը և Հայաստանի Հանրապետության կամ ԱՊՀ երկրների հաշվապահական հաշվառման, հարկային և տնտեսական օրենսդրությանը տիրապետելու աստիճանը:

 

4. Հարցազրույցի ընդհանուր տևողությունը սահմանվում է մինչև մեկ ժամ:

 

5. Հայտատուի պատասխանները գնահատելիս հանձնաժողովի անդամների կողմից օգտագործվում են «դրական» կամ «բացասական» բառերը, որի մասին նրանք կատարում են գրառում` հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևում:

 

6. Հայտատուն համարվում է որակավորված, եթե հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից նշանակված «դրական» գնահատականների թիվը գերազանցում է «բացասական» գնահատականների թվին, իսկ դրանց հավասար լինելու դեպքում վճռորոշ է համարվում հանձնաժողովի նախագահի (նիստը նախագահողի) կողմից նշանակված գնահատականը:

 

7. Հարցազրույցի արդյունքներով որակավորում չստացած, ինչպես նաև հարցազրույցի հրավիրված, սակայն չներկայացած հայտատուն նույն հիմունքներով կրկին կարող է մասնակցել որակավորման քննություններին` առանց ներկայացնելու բարձրագույն (միջնակարգ-մասնագիտական) կրթության դիպլոմի պատճենը և լուսանկարները, եթե նրա կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացման օրվանից չի անցել մեկ տարի:

 

8. Հայտատուի որակավորման հետ կապված մյուս հարցերը կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման կարգի» դրույթներով:

 

Հավելված 5

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ՀՈՒԼԻՍԻ 29-Ի

ԹԻՎ 287 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՈՒԴԻՏԻ ԳԾՈՎ

           ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ            Թ.

                        ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

.______________________________________________________________________.

|Հ/Հ|   Կազմված արձանագրության  |    Ընդունված որոշման|  Ծանոթություն  |

|   |  համառոտ բովանդակությունը |    բովանդակությունը |   (որոշման N,  |

|   |                           |                     |   ամսաթիվը և   |

|   |                           |                     |      այլն)     |

|___|___________________________|_____________________|________________|

| 1 |              2            |           3         |        4       |

|___|___________________________|_____________________|________________|

|   |                           |                     |                |

|   |                           |                     |                |

|   |                           |                     |                |

|   |                           |                     |                |

|   |                           |                     |                |

|   |                           |                     |                |

 

Հանձնաժողովի նախագահ`

 

Հանձնաժողովի քարտուղար`

 

Ծանոթություն: Հաշվետվությանը կից ներկայացվում է`

ա) տեղեկանք հաշվետվության վերաբերյալ (հանձնաժողովի կանոնակարգի պահանջների ապահովման, հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքներում տեղ գտած թերությունների, օրենսդրական կարգավորում պահանջող հարցերի մասին և այլն),

բ) առաջարկություններ` տեղ գտած թերությունների վերացման, հանձնաժողովի աշխատանքների բարելավման և կատարելագործման, հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «04»  08  1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11899125

 

 

pin
Հին Ֆինանսների նախարարություն
29.07.1999
N 287
Հրաման