(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-67-Ն օրենք)
i
010.0013.260514
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի մայիսի 15-ին
i
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն օրենքի նպատակն է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարել, ինչպես նաև առանձին կարգավորումների միջոցով ձևավորել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջների լիարժեք կատարման համար անհրաժեշտ միջավայր, մինչև նշված որոշմանը համապատասխան կենսաթոշակային համակարգի հետագա բարեփոխումների ամբողջական իրականացումը ապահովել քաղաքացիների ու գործատուների իրավունքների պաշտպանության և կենսաթոշակային համակարգի իրավական անվտանգությունը:
ՀՈԴՎԱԾ 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 76-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքով նախատեսված պատասխանատվությունից:
ՀՈԴՎԱԾ 3. Գործատուն Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարներ չի հաշվարկում և չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է դիմում: Դիմումում նշվում են դիմումատուի համար (անունից) պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին, ինչպես նաև հետևյալ տվյալները.
1) գործատուի անվանումը, դիմումատուի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան տարեթիվը և ամսաթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
2) դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը և այլն).
3) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
4) դիմումատուի ստորագրությունը:
Դիմումատուի կողմից դիմումը առձեռն ներկայացվելու դեպքում գործատուի` դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում:
ՀՈԴՎԱԾ 4. Սահմանել, որ`
1) սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված մասնակիցների համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարները և պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվությունը Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին` անկախ Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակիցների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկվելու և փոխանցվելու հանգամանքից.
2) հարկային մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ ամսվա համար վճարման ենթակա համապատասխան գումարները և տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին է փոխանցում տվյալ ամսվա կուտակային վճարի պարտավորությունը մարվելուց հետո.
3) մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի համար բացում է կենսաթոշակային հաշիվ` Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն.
4) սույն հոդվածով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարների հաշվին Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ձեռք են բերվում մասնակցի կողմից Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի` կուտակային վճարին համարժեք քանակով փայեր.
5) եթե մասնակիցը Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չի կատարել, ապա սույն հոդվածով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարների հաշվին ձեռք են բերվում պահպանողական կենսաթոշակային ֆոնդի փայեր` համաձայն Օրենքի 39-րդ հոդվածի:
ՀՈԴՎԱԾ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ և 8.1-ին հոդվածներով սահմանված կարգով մարված է:
i
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածը գործում է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի դրույթները (իրավակարգավորումները) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջներին համապատասխանեցնելը, բայց ոչ ավելի, քան մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը:
26 մայիսի 2014 թվականի
ՀՕ-13-Ն