ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2013 թվականի N 34-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները` համաձայն հավելվածի:
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2013 թվականի սեպտեմբերի 10-ի
N 34-Ն որոշման
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որի միջոցով ապահովվում է Երևանի վարչական շրջանների տարածքում բնակիչների իրազեկվածությունը` վարչական շրջանի ղեկավարի գործունեության մասին և անհրաժեշտ մասնակցությունը` վարչական շրջանի կառավարմանը ու զարգացմանը:
2. Խորհրդի անդամները գործում են կամավորության սկզբունքով և հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամներ կարող են լինել հասարակական կազմակերպությունների, իրավաբանական անձանց միությունների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներկայացուցիչներ և ստորև նշված բնագավառների համապատասխան մասնագետներ:
Խորհրդի անդամները նշանակվում են վարչական շրջանի ղեկավարի կողմից, իրենց դիմումի համաձայն` հրապարակային հայտարարության հիման վրա, ըստ հայտերի ներկայացման հաջորդականության` մինչև սույն կարգով սահմանված անդամների առավելագույն քանակը լրանալը` հետևյալ բնագավառներում.
- բնակիչների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության,
- ֆինանսների, առևտրի և սպասարկման,
- քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, հողօգտագործման, գյուղատնտեսության,
- կրթական և մշակույթի,
- առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի,
- աշխատանքի և սոցիալական պաշտպանության:
3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կարգի հիման վրա:
4. Խորհրդի բնականոն գործունեությունն ապահովում է վարչական շրջանի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ` աշխատակազմի համապատասխան աշխատակիցները:
5. Խորհուրդը իր նիստերը կազմակերպում է տվյալ վարչական շրջանի ղեկավարի նստավայրի շենքում, եթե վարչական շրջանի ղեկավարի կողմից այլ որոշում չի կայացվել:
ԳԼՈՒԽ 2. |
ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
6. Խորհրդի նպատակն է`
- վարչական շրջանի տարածքում բարեփոխումներ անցկացնելու նպատակով վարչական շրջանի ղեկավարին ծրագրեր և առաջարկություններ ներկայացնելը,
- վարչական շրջանի տարածքում տեղական ինքնակառավարման գործընթացին և վարչական շրջանի ղեկավարի գործունեությանը բնակչության ներգրավվածության և իրազեկվածության ապահովելը,
- խորհրդի կազմում չընդգրկված հասարակական կազմակերպությունների, իրավաբանական անձանց միությունների, այլ կազմակերպությունների և անհատ մասնագետների հետ համագործակցելը,
- վարչական շրջանի ղեկավարի գործունեությանը աջակցելը,
- վարչական շրջանի տարածքում հնչեղություն և կարևորություն ունեցող խնդիրների վրա վարչական շրջանի ղեկավարի ուշադրության հրավիրումը,
- վարչական շրջանի աշխատակազմի և հասարակության ակտիվ խմբերի համագործակցության ապահովումը:
7. Խորհրդի խնդիրն է`
- քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և միությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ուժերի ներգրավմամբ հանրային կարևորության այն խնդիրների վերհանումը, որոնք անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել քաղաքային ծրագրերում և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը վարչական շրջանի ղեկավարին,
- վարչական շրջանի բնակիչների, հասարակական կազմակերպությունների և միավորումների կողմից արված առաջարկությունների և դրանց վերլուծության արդյունքների ներկայացումը վարչական շրջանի ղեկավարին:
ԳԼՈՒԽ 3. |
ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ |
8. Խորհուրդը կազմված է ոչ ավելի, քան 30 անդամից, ընդ որում, մինչև 50.000 բնակիչ ունեցող վարչական շրջանում ձևավորվում է առավելագույնը 20 անդամից բաղկացած խորհուրդ: Խորհրդի անդամների տեղերը բաշխվում են սույն հավելվածի 2-րդ կետում նշված բնագավառների թվին համապատասխան:
Խորհուրդը համարվում է կազմավորված, երբ նշանակվել են դրա անդամների կեսից ավելին:
9. Խորհուրդն ունի նախագահ, քարտուղար և անդամներ, որոնք Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
10. Խորհրդի նախագահը վարչական շրջանի ղեկավարն է:
11. Խորհուրդը գլխավորում է խորհրդի նախագահը:
12. Խորհրդի կազմում նախագահի կողմից կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր` որոշակի հարցերի քննարկման և առաջարկություններ ներկայացնելու համար:
ԳԼՈՒԽ 4. |
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ |
13. Խորհրդի նախագահը իրականացնում է խորհրդի ղեկավարումը:
14. Հաստատում է Խորհրդի նիստի օրակարգը:
15. Հրավիրում է Խորհրդի նիստերը:
16. Կազմակերպում է Խորհրդի գործունեությունը և ղեկավարում դրա աշխատանքը:
17. Ստորագրում է Խորհրդի նիստի արձանագրությունը:
18. Նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է իր տեղակալը, որը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է:
19. Խորհրդի կազմում ստեղծում է աշխատանքային խմբեր:
20. Կատարում է աշխատանքի բաշխում աշխատանքային խմբերի միջև:
ԳԼՈՒԽ 5. |
ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ |
21. Նշանակվում է Խորհրդի նախագահի կողմից` վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից:
22. Կազմում է նիստի օրակարգը և ներկայացնում Խորհրդի նախագահի հաստատմանը:
23. Նիստի մասին սույն կարգով նախատեսված ժամկետում իրազեկում է Խորհրդի անդամներին:
24. Վարում է Խորհրդի գործավարությունը, այդ թվում` նիստի արձանագրության կազմումը:
ԳԼՈՒԽ 6. |
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
25. Խորհրդի անդամը իր գործունեությունը իրականացնում է անձամբ:
26. Խորհրդի անդամը նշանակվում է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարման ժամկետով:
27. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են Խորհրդի նախագահի որոշմամբ`
ա) իր դիմումի համաձայն,
բ) խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե խորհրդի անդամը անհարգելի պատճառով երկու անգամից ավելի չի մասնակցել նիստերին,
գ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում,
դ) նա մահացել է:
28. Նիստերին իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը, հանդես գալ նիստերին ելույթով, ներկայացնել նախագծեր և առաջարկություններ:
29. Ղեկավարվել քաղաքական, գաղափարական և անձնավորված ազդեցություններից անկախ գործելու սկզբունքով:
30. Խուսափել սեփական գնահատականը հրապարակավ ներկայացնելուց` մինչ հեղինակի /հեղինակային խմբի/ կողմից ավարտված նախագծի պաշտոնական ներկայացումը:
31. Նախապես ծանոթանալ խորհրդի նիստի օրակարգին:
32. Անձամբ մասնակցել խորհրդի նիստերին և որոշումների ընդունմանը:
33. Նախապես տեղեկացնել խորհրդի քարտուղարին իր բացակայության վերաբերյալ:
34. Աջակցել խորհրդի գործնեությանը:
35. Կատարել սույն կարգով նախատեսված այլ պարտականություններ:
ԳԼՈՒԽ 7. |
ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ |
36. Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է խորհրդի նիստերի միջոցով:
37. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:
38. Խորհրդի որոշումներն ընդունվում են առաջարկությունների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ:
39. Խորհրդի անունից իրավունք ունի հանդես գալ խորհրդի նախագահը, վերջինիս բացակայության դեպքում խորհրդի նախագահի տեղակալը և խորհրդի անդամը` խորհրդի նախագահի հանձնարարությամբ:
40. Խորհրդի անդամներն անձամբ մասնակցում են խորհրդի նիստերին:
41. Խորհուրդն ընդհանրական կարծիքի ձևավորման համար, քննարկվող հարցերի շուրջ որոշումներ է կայացնում բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից ընդունվելու դեպքում:
42. Խորհրդի քարտուղարը մշակում և կազմում է նիստի օրակարգը` համաձայնեցնելով խորհրդի նախագահի հետ:
43. Խորհրդի նիստի օրակարգը խորհրդի քարտուղարը ներկայացնում է Խորհրդի անդամներին` նիստից առնվազն երեք օր առաջ:
44. Օրակարգում կարող են մտցվել լրացուցիչ հարցեր` վարչական շրջանի ղեկավարի կողմից:
45. Խորհրդի անդամն իրավունք ունի օրակարգ մտցնել լրացուցիչ հարցեր, եթե դրանք ընդունվում են քվեարկությամբ` նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
46. Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների հրապարակայնությունը:
47. Խորհուրդը կարող է ունենալ ձևաթուղթ:
49. Խորհրդի նիստը համարվում է կայացած խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ներկայության դեպքում:
50. Նիստին կարող են մասնակցել խորհրդի անդամ չհանդիսացող հրավիրված մասնագետներ:
51. Վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարը և այլ աշխատակիցներ իրավունք ունեն մասնակցելու խորհրդի նիստերին:
52. Վարչական շրջանի ղեկավարը կարող է ցանկացած ժամանակ` նախապես իրազեկելով նիստի օրվա մասին հրավիրել խորհրդի նիստ, այդ թվում նաև` արտահերթ նիստ:
ԳԼՈՒԽ 8. |
ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
53. Ընդունել խորհրդակցական բնույթի որոշումներ վարչական շրջանի զարգացման վերաբերյալ:
54. Վարչական շրջանի աշխատակազմից ստանալ խորհրդի գործնեության համար անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր:
55. Կազմակերպել վարչական շրջանի համար կարևոր հարցերի լսումներ և քննարկումներ:
56. Իրականացնել հասարակական վերահսկողություն վարչական շրջանում իրականացվող Երևան քաղաքի զարգացման ծրագրերի նկատմամբ:
57. Աջակցել իր կողմից ընդունված ծրագրերի իրականացմանը:
58. Աջակցել վարչական շրջանի զարգացման համար արտաբյուջետային միջոցների ներգրավմանը:
59. Վարչական շրջանի տարածքում կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ:
ԳԼՈՒԽ 9. |
ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ |
60. Խորհրդի ընդունած որոշումները, կարծիքները, եզրակացությունները կամ դիրքորոշումները ներկայացվում են Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովին` վերլուծություն, ուսումնասիրություն կատարելու և դրա հիման վրա Երևանի քաղաքապետին այդ առումով համապատասխան եզրակացություն ներկայացնելու, ինչպես նաև հետագայում բարձրացված խնդիրների լուծման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
61. Խորհուրդը կարող է համագործակցել նաև այլ մարմինների հետ` խորհրդում այդ մասին որոշում ընդունելու դեպքում: