(ուժը կորցրել է 08.05.03 թիվ 522-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 1992թ թիվ 613
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության մասին» հրանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության մասին կանոնադրությունը և պայմանագրի ձևը (կցվում են):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի
ԹԻՎ 613 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում Պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և անցման կարգը:
2. Պայմանագրային զինվորական ծառայությունը զինվորական ծառայության առանձին տեսակ է:
3. Պայմանագրային զինվորական ծառայության են ընդունվում կամավորության հիմունքներով:
4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել նաև այլ պետությունների քաղաքացիները:
i
5. Պայմանագրային զինվորական ծառայության թեկնածուի հետ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կնքում է գրավոր պայմանագիր` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի:
6. Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հիմք է հանդիսանում պայմանագիրը, իսկ պայմանագրային զինվորական ծառայության սկիզբն է համարվում պայմանագրի ստորագրման օրը:
7. Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու դեպքում պայմանագրային զինծառայողը շարունակում է զինվորական ծառայությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր հիմունքներով:
8. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում գործող համազորային զինվորական կանոնադրությունները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների համար նախատեսված բոլոր իրավունքներն ու սոցիալական երաշխիքները:
9. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողները իրավախախտումներ կատարելու դեպքում կրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգապահական, նյութական, քրեական և այլ պատասխանատվություն:
10. Պայմանագրային զինծառայության զինծառայողների պաշտոնները և դրանց համապատասխանող զինվորական կոչումները որոշվում են համապատասխան հաստիքացուցակներով:
11. Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվում են`
ա) պահեստազորի 1-ին և 2-րդ կարգի շարքայինները, սերժանտները, ավագները` մինչև 35 տարեկան.
բ) ենթասպաները և կրտսեր սպաները` մինչև 40 տարեկան.
գ) մայորները և փոխգնդապետները` մինչև 45 տարեկան.
դ) գնդապետները` մինչև 50 տարեկան.
ե) կանայք` մինչև 35 տարեկան:
Վեց ամսից ոչ պակաս մարտական գործողությունների մասնակցած անձինք կարող են պայմանագրային զինվորական ծառայության ընդունվել առանց տարիքային սահմանափակման:
12. Պայմանագրային զինծառայության ընդունվող անձինք պետք է ունենան առնվազն 8-ամյա կրթություն, լինեն բարոյապես կայուն, կարգապահ, իրենց դրական դրսևորած Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ու զինվորական ծառայության ընթացքում, լավ տիրապետեն զինվորական մասնագիտությանը, ինչպես նաև բավարարեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զինվորական մասերում և ստորաբաժանումներում ծառայելու համար ներկայացվող պահանջները:
Կամավորության հիմունքներով պայմանագրային զինծառայության ընդունվում են սույն կանոնադրության 11-րդ կետում թվարկված անձինք` 6 ամսից մինչև 5 տարի ժամկետով:
Այդ ժամկետը լրանալուց հետո պայմանագրի գործողությունը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև սույն կանոնադրության 11-րդ կետում նախատեսված սահմանային տարիքի հասնելը:
i
13. Զինծառայողներին և զինապարտներին պայմանագրային զինծառայության ընդունելը, պայմանագրի ժամկետի երկարաձգումը և զինված ուժերի շարքերից արձակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
14. Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները և զինապարտները պետք է ներկայացնեն`
ա) բնութագիր` նախկին ծառայության կամ աշխատանքի վայրից.
բ) ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը տվյալ զինվորական մասում կամ ստորաբաժանումում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև տվյալ տեղանքում զինվորական ծառայության պիտանիության մասին:
15. Պայմանագրային զինվորական ծառայության թեկնածուներն անցնում են ընտրություն:
Պայմանագրային զինվորական ծառայության թեկնածուին առաջադրվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից և հայտարարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
Պայմանագրային զինծառայողների ատեստավորումը կատարվում է տարին մեկ անգամ:
16. Պայմանագրային զինվորական ծառայողի և նրա ընտանիքի անդամների` զորամաս, տնային իրերի` բնակության վայրից զորամասի գտնվելու վայրը տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
17. Պայմանագրային զինվորական ծառայողներին տրվում է անձը հաստատող սահմանված ձևի վկայական:
II. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼԸ
18. Պայմանագրային զինվորական ծառայողներին զինվորական կոչումների շնորհումը կամ զինվորական կոչումներից զրկումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
19. Պայմանագրային զինվորական ծառայության այն զինծառայողները, որոնք զրկվել են զինվորական կոչումից, բացի դատարանի դատավճռով ազատազրկման դատապարտվելուց, խաղաղ ժամանակ պահեստ են արձակվում որպես շարքայիններ, իսկ պատերազմի ժամանակ որպես շարքային թողնվում են զինվորական ծառայության մեջ:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
20. Պայմանագրային զինծառայողների պաշտոնների նշանակումը և ծառայողական փոխադրումները կատարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` հաշվի առնելով նրանց մասնագիտական որակավորումը:
21. Զինվորական ստորաբաժանման գտնվելու վայրը փոխելը հիմք չի հանդիսանում պայմանագրային զինվորական ծառայողի հետ կնքված պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:
22. Պայմանագրային զինծառայողների նյութական ապահովումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
IV. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇԱՐՔԵՐԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՄԸ
23. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերից պայմանագրային զինծառայողների արձակումը կատարվում է`
ա) պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.
բ) զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում.
գ) առողջական վիճակի կապակցությամբ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից խաղաղ ժամանակ ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում.
դ) ատեստավորման արդյունքներով ծառայությանը չհամապատասխանելու դեպքում.
ե) զինծառայողի կոչումն արատավորող արարքներ թույլ տալու դեպքում.
զ) դատարանի կողմից դատապարտվելու դեպքում:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի
ԹԻՎ 613 ՈՐՈՇՄԱՄԲ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«____» __________ 199 թ. Քաղ. Երևան
Մի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`
ի դեմս` ______________________________________________________ (որը
այսուհետև կոչվելու է «հրամանատարություն»), մյուս կողմից` քաղաքացի
______________________________________ ( որը այսուհետև կոչվելու է
«զինծառայող»), «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության «2» դեկտեմբերի 1992 թ. թիվ 613 որոշման համաձայն կնքեցին սույն պայմանագիրը.
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրամանատարությունը` ընդունում, իսկ զինծառայողը կատարում է պայմանագրային զինվորական ծառայություն:
2. Կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության մասին կանոնադրությամբ և սույն պայմանագրով:
3. Զինծառայողի և նրա ընտանիքի անդամների վրա տարածվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու արտոնությունները:
II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
4. Հրամանատարությունը պարտավոր է`
ա) զինծառայողին ընդունել պայմանագրային զինվորական ծառայության` ըստ
զինվորական մասնագիտության _______________________________________________
(ռազմահաշվարկային մասնագիտությունը, կոչումը)
և ծանոթացնել իր ծառայողական պարտականություններին.
բ) զինծառայողի համար սահմանել ամսական ___________ ռուբլու չափով աշխատավարձ` համաձայն հաստիքացուցակով նախատեսված դրույքաչափի, որը ենթակա է ինդեքսավորման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) զինծառայողների մարտական գործողությունների մասնակցության դեպքում սահմանել ամսական հավելավճար` պաշտոնային դրույքաչափով, և մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի հաշմանդամ դառնալու դեպքում` իրեն, իսկ մահվան դեպքում նրա ընտանիքին վճարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվող նպաստները.
դ) կատարել սույն պայմանագրի պահանջները:
5. Հրամանատարությունն իրավունք ունի առանց զինծառայողի համաձայնության փոխելու նրա զինվորական ստորաբաժանումը, ծառայության վայրը, պաշտոնը, օրենսդրությամբ սահմանված կարգով իջեցնել զինծառայողի զինվորական կոչումը:
6. Զինծառայողը պարտավոր է`
ա) կատարել հրամանատարության հրամանները, կարգադրությունները, հրահանգները, լինել կարգապահ և ունենալ մասնագիտական բարձր գիտելիքներ.
բ) կատարել ՀՀ օրենսդրության և սույն պայմանագրի պահանջները:
7. Զինծառայողն իրավունք ունի`
ա) օգտվելու զինծառայողների և նրանց ընտանիքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից և արտոնություններից.
բ) իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու նպատակով դիմելու համապատասխան մարմինների:
8. Սույն պայմանագիրը կարող է ժամկետից շուտ լուծվել հետևյալ դեպքերում`
ա) կողմերի համաձայնությամբ.
բ) զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու.
գ) առողջական վիճակի կապակցությամբ` ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից խաղաղ ժամանակ ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու.
դ) ատեստավորման արդյունքներով ծառայությանը չհամապատասխանելու.
ե) զինծառայողի կոչումն արատավորող արարքներ թույլ տալու.
զ) դատարանի կողմից դատապարտվելու:
9. Կողմերի պատասխանատվությունը`
ա) կողմերը սույն պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում կրում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական և այլ պատասխանատվություն.
բ) առանց սույն պայմանագիրը լուծելու զինծառայողի զինվորական ծառայությունից խուսափելը կամ ծառայության վայր չներկայանալը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
10. Զինծառայողի ցանկությամբ աշխատավարձը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով:
11. Սույն պայմանագիրն իրավազոր է այն կնքելու պահից և գործում է մինչև
199 թ. _______________________ «______» _______________________ - ը:
Կողմերի համաձայնությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել, այդ կապակցությամբ կազմվում է համաձայնագիր և կցվում սույն պայմանագրին:
12. Սույն պայմանագիրը կնքված է երկու իրավաբանորեն հավասարազոր օրինակներից, որոնք գտնվում են կողմերից յուրաքանչյուրի մոտ:
Կողմերի իրավաբանական հասցեները`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________________
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ազգանուն, անուն, հայրանուն)
ՊՌՈՇՅԱՆ ԱՎԱՆ
__________________________________
(անձնագիր թիվ, զինգրքույկ, հասցեն)
ԿՈՂՄԵՐ`
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
(ստորագրություն, կնիք) (ստորագրություն)