Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅ ...

11.06.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.1999  -ից մինչեւ   11.06.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 06.05.16 թիվ 44-Ն հրաման)

i

310.0021.290499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 մարտի 1999 թվականի թիվ 01/21

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործընթացը կանոնակարգելու նպատակով

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման առանձին հարցերի մասին» հրահանգը:

 

  Հաստատված է      Համաձայնեցված է     Համաձայնեցված է    Համաձայնեցված է

ՀՀ հարկային       ՀՀ ֆինանսների և    ՀՀ կառավարությանն  ՀՀ արդարադատության

տեսչության 1999թ.    էկոնոմիկայի           առընթեր          և  առևտրի

մարտի 24-ի թիվ    նախարարության հետ     ստանդարտացման    նախարարության հետ

01/21 հրամանով                          սերտիֆիկացման

                                        վարչության հետ

 

Հրահանգ

 

Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար

թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական

սպասարկման և նորոգման առանձին հարցերի մասին

 

Սույն հրահանգը մշակել է ի կատարումն ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգը հաստատելու և ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 815 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի և նպատակ ունի կանոնակարգելու Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործընթացը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև ՀԴՄ) տեխնիկական սպասարկումը և նորոգումը իրականացնում են ՀՀ հարկային տեսչության կողմից սահմանված կարգով լիցենզիա ստացած տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնները (այսուհետև` Կենտրոն):

2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգի և սույն հրահանգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ հարկային տեսչությունը:

3. ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունը, ինչպես նաև ՀԴՄ-ների առանձին մոդելների և Կենտրոնների սերտիֆիկացման և ստանդարտացման աշխատանքներն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (այսուհետև` Հայպետստանդարտ):

 

II. Սույն հրահանգում օգտագործվող հասկացությունները

 

4. Սույն հրահանգի իմաստով`

Նախապահպանական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման ընթացքում կատարվող այն պրոֆիլակտիկ աշխատանքներն են, որոնք կատարվում են առանց ՀԴՄ-ի կապարակնիքները բացելու և առանց ՀԴՄ-ի տեխնիկական մասի աշխատանքին միջամտելու,

Տեխնիկական սպասարկում` ՀԴՄ օգտագործողի մոտ կատարվող այն տեխնիկական աշխատանքներն են, որոնք կատարվում են առանց ՀԴՄ-ի կապարակնիքները բացելու, ՀԴՄ-ի պատյանից դուրս գտնվող սարքերի (դետալների) տեխնիկական մասի աշխատանքին միջամտելով, պահպանելով ՀԴՄ-ի շահագործման և տեխնիկական սպասարկման կանոնները,

Նորոգում` ՀԴՄ-ի կապարակնիքները բացելու պայմաններում Կենտրոնում կատարվող այն տեխնիկական աշխատանքներն են, որոնք պահանջում են վնասված մասերի և (կամ) հանգույցների վերականգնում, նորոգում կամ փոխարինում:

 

III. ՀԴՄ-ի նախապահպանական աշխատանքները,

տեխնիկական սպասարկումը և նորոգումը

 

5. ՀԴՄ-ի նախապահպանական աշխատանքները ներառում են ՀԴՄ-ի հետագա աշխատանքները ապահովող միջոցառումները (ժապավենի և (կամ) տպվող սարքի լիցքավորում, մաքրում և այլն): ՀԴՄ-ի նախապահպանական աշխատանքները կատարվում են տվյալ ՀԴՄ-ն օգտագործողի կամ վերջինիս ցանկությամբ Կենտրոնի մասնագետների կողմից:

6. ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկումն իր մեջ ներառում է ինչպես պարբերական, այնպես էլ ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

Պարբերական տեխնիկական սպասարկումը ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված կանխարգելիչ տեխնիկական աշխատանքներն են:

Ընթացիկ տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացվում են ՀԴՄ-ի տեխնիկական առանձին թերությունները վերացնելու համար:

Բոլոր տեսակի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարում է միայն Կենտրոնը օգտագործողի ցանկությամբ:

7. ՀԴՄ-ների երաշխիքային նորոգումը, ինչպես նաև դրա հետ կապված նախապահպանական աշխատանքները և տեխնիկական սպասարկումը կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

8. Օգտագործողը ՀԴՄ-ի հետ աշխատանքի ընթացքում անսարքություններ կամ շեղումներ հայտնաբերելու դեպքում դադարեցնում է ՀԴՄ-ի աշխատանքները և սահմանված կարգով հայտ է ներկայացնում տվյալ ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման Կենտրոն:

9. Եթե առանց ՀԴՄ-ի կապարակնիքը բացելու Կենտրոնի մասնագետի զննությունից (տեստավորումից) հետո ՀԴՄ-ում հայտնաբերվում է այնպիսի խափանում, որի վերացումը պահանջում է նորոգման աշխատանքների պարտադիր իրականացում, ապա ՀԴՄ-ի գրանցման հարկային մարմնին ներկայացվում է խափանված ՀԴՄ-ն հայտ` նորոգման անհրաժեշտության մասին նշագրումով:

10. Հարկային մարմին ներկայացված ՀԴՄ-ից դուրս է բերվում ընդլայնված ֆիսկալային հաշվետվություն, որի տվյալները լրացվում են նորոգման ժամանակ ֆիսկալային հիշողության ցուցումների մասին ակտի առաջին մասում: Եթե ՀԴՄ-ի խափանման պատճառով հնարավոր չէ ՀԴՄ-ից դուրս բերել հաշվետվություն, ապա օգտագործողը պարտավոր է ներկայացնել մինչև ՀԴՄ-ի խափանումը կազմված բոլոր հերթափոխային հաշվետվությունները: Հաշվետվությունները վերջնահաշվարկների հանրագումարների մասին կազմվում է տեղեկանք, որը ստորագրվում և կնքվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի և տարածքային հարկային տեսչության պետի կողմից:

11. Այն ՀԴՄ-ի համար, որի խափանման պատճառով անհնարին էր կարդալ ֆիսկալային հիշողության տվյալները, Կենտրոնը պարտավոր է նորոգումն իրականացնելուց հետո հարկային մարմնին ներկայացնել ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալների մասին պաշտոնական տեղեկանք:

12. Տեխնիկական սպասարկման կենտրոնը պարտավոր է`

.  ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկումը և նորոգումը իրականացնել Հայաստանի

Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ներին ներկայացվող

պարտադիր տեխնիկական պահանջներին համապատասխան,

.  Արտադրողի կողմից երաշխավորված և հաստատված ցանկին համապատասխան

ունենալ տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնելու համար

անհրաժեշտ չափման միջոցներ և սարքավորումներ,

.  Իր կողմից սպասարկվող ՀԴՄ-ի նորոգման ամբողջ ժամանակահատվածում

օգտագործելու համար տրամադրել այլ ՀԴՄ:

13. ՀԴՄ-ի և նրա հանգույցների բոլոր տեսակի խափանումների, Կենտրոնում կատարվող նորոգումների և օգտագործողի մոտ կատարվող տեխնիկական սպասարկման վերաբերյալ տվյալները գրանցվում են օգտագործողի կողմից վարվող ՀԴՄ-ի նորոգմանը վերաբերվող տեղեկությունների գրանցման գրքում:

14. Կենտրոնն իր կողմից կատարվող տեխնիկական սպասարկման և նորոգման բոլոր աշխատանքների գծով, այդ նպատակով բացված գրքում, յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար վարում է առանձին հաշվառում:

15. Նորոգման աշխատանքների ավարտից հետո օգտագործողը ՀԴՄ-ն ներկայացնում է տարածքային հարկային տեսչություն: Հարկային մարմին ներկայացված ՀԴՄ-ն կապարակնքվում է և նրանց դուրս է բերվում ընդլայնված ֆիսկալային հաշվետվություն, որի տվյալները լրացվում են ֆիսկալային հիշողության ցուցումների մասին ակտի երկրորդ մասում: նորոգման աշխատանքները սկսելուց առաջ ֆիսկալային հիշողությունից դուրս բերված տվյալները պետք է համապատասխանեն նորոգումից հետո դուրս բերված տվյալներին:

16. Եթե ՀԴՄ-ի նորոգման ընթացքում առաջանում է ֆիսկալային հիշողության սարքի փոխարինման անհրաժեշտություն, ապա Կենտրոնը այդ մասին գրավոր տեղյակ է պահում ՀԴՄ-ի գրանցման հարկային մարմին` նշելով փոխարինված ֆիսկալային հիշողության մեջ առկա բոլոր տվյալները:

17. Ֆիսկալային հիշողության սարքի փոխարինման դեպքում նախկին ֆիսկալային հիշողությամբ սարքով ՀԴՄ-Ն հարկային մարմնում հնարավոր է գրանցումից և տվյալ օգտագործողի մոտ գրանցվում է որպես նոր ՀԴՄ, որի իրանի վրա նշված ՀԴՄ-ի գործարանային համարը կարող է չհամապատասխանել ֆիսկալային հիշողության մեջ գրանցված համարի հետ:

 

IV. ՀՀ հարկային տեսչության մարմինների և Հայպետստանդարտի

համագործակցությունը ՀԴՄ-ների և Կենտրոնների սերտիֆիկացումը,

ստանդարտացումը և չափագիտական հսկողությունը

իրականացնելու գործում

 

18. ՀՀ հարկային տեսչությունը սահմանված կարգով լիցենզիա ստացած Կենտրոնների մասին տեղեկություններ է տրամադրում Հայպետստանդարտին` լիցենզիան տալու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

19. Հայպետստանդարտը Կենտրոններում պետական չափագիտական, սերտիֆիկացման և ստանդարտացման հսկողական աշխատանքների արդյունքներով արձանագրված բոլոր խախտումների, շեղումների և թերությունների վերաբերյալ տեղեկացնում է ՀՀ հարկային տեսչությանը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

29.04.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 31099061

 

 

pin
Հարկային տեսչություն
24.03.1999
N 01/21
Հրաման