Հաստատվել է
ՀՀ վերահսկիչ պալատի
խորհրդի 2012 թ. մարտի 27-ի
թիվ 7/1 որոշմամբ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
1. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի (այսուհետ` Վերահսկիչ պալատ) գործունեությունն իրականացվել է` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության տարեկան ծրագրին (այսուհետ` Տարեկան ծրագիր) համապատասխան:
Վերահսկողություն իրականացնելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն առաջնորդվել է Բարձրագույն վերահսկիչ մարմինների համաշխարհային կազմակերպության վերահսկողության սկզբունքներով:
Վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում, որոնք «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն Վերահսկիչ պալատի խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կողմից հաստատվելուց հետո` տասն օրվա ընթացքում ներկայացվել են ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողով և ՀՀ կառավարություն: Ընթացիկ հաշվետվությունները հաստատվելուց հետո 30 օրվա ընթացքում տեղադրվել են Վերահսկիչ պալատի ինտերնետային էջում` բացառությամբ թվով 5 ընթացիկ հաշվետվության, քանի որ դրանք պարունակում են «գաղտնի» տեղեկատվություն և դրանց կարելի է ծանոթանալ ՀՀ Ազգային ժողովում` օրենքով սահմանված կարգով:
Ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, վերահսկվող օբյեկտների ղեկավարները Վերահսկիչ պալատին տրամադրել են տեղեկատվություն ընթացիկ հաշվետվություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ:
Տարեկան հաշվետվության մեջ հիմնականում ընդգրկվել են առավել ընդհանրական խախտումներն ու թերությունները:
Տարեկան ծրագրի կատարման արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկությունը տեղադրված է Վերահսկիչ պալատի պաշտոնական ինտերնետային էջում (www.coc.am):
2. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2.1. Շինարարության ոլորտ
Վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ և թերություններ, որոնցից առավել հատկանշական են`
. ծավալային հավելագրումներ
. անորակ աշխատանքներ
. գների արհեստական թանկացումներ
. նախագծային ընկերությունների կողմից կազմվում են անորակ նախագծեր
. շինարարական նորմերի և կանոնների խախտումով կազմված նախագծին տրվում է փորձագիտական դրական եզրակացություն
. բացակայում են օգտագործված շինարարական նյութերի որակի հավաստագրերը
. նախագծանախահաշվային փաստաթղթերը համայնքի ղեկավարի հետ հաճախ չեն համաձայնեցվում
. չեն պահպանվում պետական ստանդարտով սահմանված շինարարական գծագրերի մշակման միասնական կանոններն ու նորմերը
. բացակայում են ավարտված շինարարության շահագործումն ընդունող հանձնաժողովի ակտերը
. թերի է իրականացվում տեխնիկական և հեղինակային հսկողությունը:
Որպես օրինակ կարելի է նշել.
. ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 10 կրթական օբյեկտներում` 707,850.92 հազ. դրամ ընդհանուր գումարով կատարված շինարարության, հիմնանորոգման և նախագծային աշխատանքներում հայտնաբերվել է անորակ և վերականգնման ենթակա 52,197.58 հազ. դրամի գումարի չափով խախտում:
. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ընտրանքային կարգով 16 օբյեկտներում իրականացրած 510,200.05 հազ. դրամի հիմնանորոգման-շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 32,932.4 հազ. դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:
. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերահսկման և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկում ընտրված 20 օբյեկտներում իրականացված 971,069.5 հազ. դրամի շինարարական աշխատանքներում հայտնաբերվել է 104,914.9 հազ. դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:
Նմանատիպ խախտումների բազմաթիվ օրինակներ ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում:
2.2. Գնումների գործընթաց, բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործում
Թեև գնումների ոլորտում կատարվում են որոշակի բարեփոխումներ, այնուամենայնիվ, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում դեռևս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ.
- գները որոշվում են ոչ շուկայական մեթոդներով և որպես հետևանք պետական գնումների գները փաստացի «շեղվում» են շուկայական գներից
- գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձևականորեն, արդյունքում` «իրական մրցակցությունը» տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ` արտամրցութային պայմաններում
- մրցույթների մասնակիցները հիմնականում հանդիսանում են միջնորդներ, այլ ոչ թե տվյալ ապրանքի ներկրող կամ արտադրող, այսինքն` իրականացվում է միջնորդավորված գնում, որն իր հերթին հանգեցնում է գների թանկացմանը
- շինարարական նախագծերի անարժանահավատ տվյալների արդյունքում, նախահաշիվները կազմվում են ոչ իրատեսական գներով
- հաճախակի խախտվում են կնքված պայմանագրերի պահանջները, արդյունքում պետության կարիքները լիարժեք չեն բավարարվում
- գնումների գործընթացում միջոցներն օգտագործվում են ոչ խնայողաբար, անարդյունավետ և ոչ էֆեկտիվ:
Գնումների գործընթացի խախտման և բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում: Մասնավորապես`
. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ճամբարակ» և «Ամասիա» տարածքային ստորաբաժանումների համար 2008 և 2011 թվականներին 14,680.0 հազ. դրամ ընդհանուր գումարով ձեռք բերված վարչական տարածքներն առ այսօր չեն օգտագործվում:
Նշված ստորաբաժանումներն իրենց գործունեությունն իրականացնում են նախապես վարձակալած տարածքներում` վճարելով տարեկան 151.5 հազ. դրամ վարձավճար: Ավելին, վարձակալած տարածքներում կատարել են 6,846.6 հազ. դրամի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Գործարքներն ամբողջությամբ դիտվում են անարդյունավետ:
. Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները կատարվել են անորակ, որի արդյունքում շուրջ վեց ամիս անց ճանապարհը քայքայվել է և երթևեկության համար դարձել դժվար անցանելի: Ծախսված գումարը դիտվում է որպես անարդյունավետ:
. ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում առանձին դեպքերում գիտական թեմաների անվանումները, իրականացված հետազոտությունները, ինչպես նաև գիտական հրապարակումները համընկնում են բազային ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հետ: Այսինքն, միևնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է իրականացվել: Արդյունքում կատարվել է 32,958.8 հազ. դրամի անարդյունավետ ծախս:
Վերահսկիչ պալատը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու գնումների գործընթացի կարգավորման և համակարգման խնդիրները:
2.3. Գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրք և հողային պաշարներ
Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ընտրանքային կարգով ստուգված գրեթե բոլոր համայնքներում առկա են հետևյալ խնդիրները.
. համայնքներում որոշ օբյեկտներ ընդհանրապես դուրս են մնում հարկման բազայից
. գումարների գանձման հսկողությունը թե՛ մարզպետների, թե՛ համայնքների ղեկավարների կողմից լիարժեք չէ:
Միայն գույքահարկի գծով ընտրանքային կարգով ստուգված համայնքներում հաշվետու ժամանակաշրջանում չի վճարվել 330,676.7 հազ. դրամ.
. ք. Հրազդանում` 85,551.0 հազ. դրամ.
. ք. Սևանում` 41,440.5 հազ. դրամ:
Հողի հարկի գծով ընտրանքային կարգով ստուգված համայնքներում հաշվետու ժամանակաշրջանում չի վճարվել 318,212.9 հազ. դրամ.
. ք. Հրազդանում` 77,769.4 հազ. դրամ.
. ք. Մասիսում` 34,671.7 հազ. դրամ:
Հողի վարձավճարների գծով ընտրանքային կարգով ստուգված համայնքներում, ընդհանուր առմամբ, չի վճարվել 69,393.2 հազ. դրամ.
. Արարատի մարզում` 13,277.7 հազ. դրամ.
. Գեղարքունիքի մարզում` 26,821.1 հազ. դրամ.
. Կոտայքի մարզում` 29,294.4 հազ. դրամ:
Բազմաթիվ կազմակերպություններ, չներկայացնելով համապատասխան հաշվետվություններ, դուրս են մնում հողի հարկի և գույքահարկի հարկման բազաներից:
Հողի հարկի գումարը տույժերի հետ միասին կազմում է 11,028.2 հազ. դրամ.
. Արարատի մարզում` 183.0 հազ. դրամ.
. Գեղարքունիքի մարզում` 5,153.6 հազ. դրամ.
. Կոտայքի մարզում` 5,691.6 հազ. դրամ:
Գույքահարկի գումարը տույժերի հետ միասին կազմում է 35,582.0 հազ. դրամ.
. Արարատի մարզում` 779.7 հազ. դրամ.
. Գեղարքունիքի մարզում` 16,679.9 հազ. դրամ.
. Կոտայքի մարզում` 18,122.4 հազ. դրամ:
Խախտելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջը, շատ դեպքերում համայնքներում տնտեսավարող սուբյեկտներից չի գանձվում գործունեության թույլտվության համար տեղական տուրք: Տեղական տուրքերի գծով չի վճարվել 29,253.8 հազ. դրամ.
. ք. Մասիս` 5,429.2 հազ. դրամ.
. ք. Աբովյան` 2,686.5 հազ. դրամ:
Առանձնահատուկ է նաև համայնքներում աղբահանության խնդիրը: Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդան համայնքում աղբահանության համար սահմանված վարձավճարներից չի գանձվել 11,406.2 հազ. դրամ գումար:
Չգանձված գումարների զգալի մասը վերահսկողության արդյունքում վերականգնվել է, ինչը նշանակում է, որ այդ գումարների գանձումը նախկինում նույնպես հնարավոր է եղել: Մյուս կողմից, պարզվում է, որ գումարների գանձման նկատմամբ թե՛ համայնքի ղեկավարների, թե՛ մարզպետների կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել:
Համայնքային սեփականությունն օտարվում և վարձակալության է տրվում շուկայականից զգալիորեն ցածր գնով:
Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համայնքներում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրված նմանատիպ և ֆինանսական այլ բնույթի բազմաթիվ խախտումների օրինակները ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում:
2.4. Սոցիալական ոլորտ
Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային 55 մարմիններից 18-ում իրականացված ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել են պետական նպաստի համակարգին վերաբերվող տարաբնույթ խախտումներ, որոնցից առանձնանում են.
. թաքցվում է նպաստառու ընտանիքների անդամների աշխատելու փաստը
. եկամուտ ունեցող անձինք ստանում են նպաստառուի կարգավիճակ
. ընտանիքի անապահովության աստիճանը սահմանվում է ընտանիքի կազմի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկության հիմքով
. անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկության հիմքով տրվում է ընտանեկան նպաստ:
Արձանագրվել են նաև հետևյալ դեպքերը.
. աշխատունակ տարիքի զավակների կամ նույն բնակության վայրում հաշվառված այլ անձանց առկայության պարագայում աշխատանք չունեցող կենսաթոշակառուներին, սխալ ծածկագիր կիրառելով և դրանց որակելով «միայնակ անժառանգ», տրվում է ընտանեկան նպաստ
. ձեռնարկատիրությամբ զբաղվող, ավտոտրանսպորտային միջոց ունեցող անձանց հատկացվել է ընտանեկան նպաստ:
Ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել է 149,576.2 հազ. դրամի թվով 581 խախտում, որից վերականգնման ենթակա գումարը կազմել է 70,785.8 հազ. դրամ:
. անարժանահավատ տեղեկանքների հիմքով տրվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստ
. սոցիալական աջակցության խորհուրդների աշխատանքը կրում է ձևական բնույթ. անհիմն կերպով մարվում են վերականգնման ենթակա գումարները և տրվում է հրատապ օգնություն
. ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման գումարների վճարման ցուցակներում հայտնվում են մահացած և փոխհատուցման իրավունքը կորցրած ավանդատուներ:
Հաշմանդամներին վճարված կենսաթոշակների և տրված արտոնությունների ուղղությամբ նույնպես արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ և թերություններ.
. տեղեկատվական տարբեր համակարգերում հաշմանդամների վերաբերյալ տեղեկությունների էական անհամապատասխանությունը չարաշահումներ թույլ տալու լրացուցիչ հնարավորություն է ստեղծում
. առողջական վիճակի մասին ոչ արժանահավատ եզրակացության հիման վրա իրականում հաշմանդամ չհանդիսացող անձը ստանում է հաշմանդամի կարգավիճակ` պետությունից ստանալով կենսաթոշակ, նպաստ և համապատասխան արտոնություններ:
Նմանատիպ խախտումների բազմաթիվ օրինակներ ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում:
Վերջին երկու տարիներին Վերահսկիչ պալատի առաջարկություններով կենսաթոշակների վճարման գործընթացը էապես բարելավվել է. հստակեցվել է հաշվառումը, ներդրվել է էլեկտրոնային օպտիմալ համակարգ և գործընթացը դարձել է առավել թափանցիկ: Այնուամենայնիվ, անելիքները դեռ շատ են, հետևաբար, ոլորտը մշտապես լինելու է Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում:
2.5. Պետական սեփականության կառավարում
Պետական սեփականության օգտագործման ուղղությամբ տարբեր պետական մարմիններում իրականացված վերահսկողության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ, թերություններ և ռիսկեր, որոնցից առավել բնութագրական և ընդհանրական են հետևյալ դեպքերը.
. պետական գույքը վարձակալության է տրամադրվում շուկայական գներից զգալիորեն ցածր գնով, օրինակ.
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախկինում կնքված անտառային հողերի վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարները, ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն, չեն վերանայվել, արդյունքում չի ստացվել 203,205.8 հազ. դրամի լրացուցիչ եկամուտ
. պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) ընթացքում գնորդի ներդրումային և աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ տիպային պայմանագրով հստակ պարտավորություններ չեն սահմանվում
. մասնավորեցված առանձին օբյեկտներ փաստացի օգտագործվում են ոչ նպատակային
. պետական մասնակցությամբ կազմակերպություններում առկա են անշարժ գույքի անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր, շենք-շինություններ և տարածքներ փաստացի չեն շահագործվում
. պետական մասնակցությամբ մի շարք ընկերությունների կառավարումը արդյունավետ չի իրականացվում, շահաբաժիններ չեն վճարում, դրանք մշտապես աշխատում են վնասով
. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տարբեր հողօգտագործողների միջև վարչական սահմանների կապակցությամբ ծագած վեճերի չլուծման հետևանքով դեռևս որոշ հողային պաշարներ բացարձակապես հսկողությունից դուրս են. թեև դրանք փաստացի օգտագործվում են, սակայն ո՛չ պետական, ո՛չ էլ համայնքային բյուջե գումարներ չեն գանձվում:
Անշարժ գույքի պետական գրանցման ոլորտում նույնպես արձանագրվում են խախտումներ և թերություններ.
. կադաստրային գրանցման տվյալներում առկա անհամապատասխանության արդյունքում նպատակային նշանակության որոշակի տարածքներում իրականացվում է այլ բնույթի գործառնական նշանակության գործունեություն
. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ կիրառվում են երկակի ստանդարտներ. եթե մի դեպքում ներկայացված փաստաթղթերով կատարվում է պետական գրանցում, ապա մեկ այլ դեպքում, նույն պայմաններում, գույքի գրանցումը մերժվում է
. կադաստրային գնահատման աշխատանքներում թույլ տրված արհեստական սխալների արդյունքում շենք և շինությունների գծով հաշվարկվող գույքահարկի բազաները պատշաճ կերպով չեն համալրվում, որի հետևանքով համայնքների բյուջեներ ավելի քիչ գումար է գանձվում:
Վերը նշված խախտումների և թերությունների բազմաթիվ օրինակներ ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում:
2.6. Գյուղատնտեսության ոլորտ
Ընտրանքային ստուգումների արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, թերություններ և ռիսկեր:
Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում
Ծրագրով նախատեսվել է բարելավել հողօգտագործումից ստացվող արդյունքը և նվազեցնել կորուստները: Այդ նպատակով կատարվել են գետերի հուների մաքրման և ափերի ամրացման աշխատանքներ:
Ընտրանքային ստուգմամբ պարզվել է, որ ափապաշտպան կառույցները էական չափերով արդեն նստվածք է տվել, իսկ առանձին տեղերում նույնիսկ ամբողջովին քանդվել է:
Հիմնական պատճառը ոչ միայն անորակ աշխատանքն է, այլև` կառուցումից հետո շահագործման և սպասարկման միջոցառումների բացակայությունը:
Հակակարկտային կայանների տեղակայում
Կարկտի դեմ պայքարի նպատակով տեղադրվել են կայաններ, որոնց կիրառման անվտանգությունը և արդյունավետությունը որևէ անգամ, որևէ պետական մարմնի կողմից չի ստուգվել:
Մինչդեռ, ծրագրով ի սկզբանե նախատեսված մյուս տիպի կայանները, որոնց անվտանգության և արդյունավետության խնդիրները ճշգրտված են եղել միջազգային ստանդարտներով և 16 անգամ ավելի էժան են եղել, քան արդեն տեղակայվածները, պարզապես անհայտ պատճառներով չեն տեղադրվել:
Անտառտնտեսություն
Անտառի պահպանման, պաշտպանման, վերականգնման և օգտագործման աշխատանքներն իրականացվել են անտառկառավարման հաստատված պլանների էական շեղումներով:
Արդյունքում, անտառային հողերից 38169 հեկտարն օգտագործվում է ոչ անտառային նպատակով, քանի որ դրանք համայնքների վարչական և կադաստրային քարտեզներում ներառվել են որպես ոչ անտառային հողեր:
Փաստացի մթերված փայտի ծավալն ըստ անտառտնտեսությունների և ըստ հատման տեսակների գերազանցել է անտառշինական պլաններով սահմանված ծավալները:
Տնկարաններում սահմանված պահանջների բացակայության հետևանքով ոլորտում իրականացվող պետական ներդրումների 40%-ն անարդյունավետ է:
Ոլորտում իրականացվող պետական տեսչական գործառույթ
Բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի և սննդամթերքի արտահանման և ներմուծման թույլտվությունների տրամադրումը կատարվել է գործող օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներով:
Արտահանման և ներմուծման թույլտվություն ստանալու նպատակով ստացված 38723 հայտերից գրանցվել է թույլտվություն ստանալու մերժման ընդամենը 5 դեպք: Գործընթացը կրում է ձևական բնույթ:
Արտահանման թույլտվությունները չեն հիմնավորվում իրականացրած լաբորատոր հետազոտությունների քանակով:
Սահմանային հսկիչ կետերում տեսուչների գործառույթները կրկնվում են, մաքսազերծման վայրերում և սահմանային հսկիչ կետերում նրանց ներկայությունը ոչնչով չի արդարացվում:
2.7. Արտադրության և սպառման վտանգավոր թափոններ, ընդերքի տրամադրում և օգտագործում
Տվյալ ոլորտներում իրականացված ընտրանքային ստուգումների արդյունքում բացահայտվել են բազմաբնույթ խախտումներ և թերություններ.
. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել վտանգավոր թափոնների գործածության համար սահմանված նորմերի, բնապահպանական վարչական վիճակագրություն վարելու և հաշվետվություններ ներկայացնելու կարգի պահանջների պահպանման նկատմամբ:
. Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը չեն կազմել վտանգավոր թափոնների անձնագրեր և դրանք չեն ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն համաձայնեցման:
. Կոմունալ սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից վտանգավոր թափոնների փոխադրումը և տեղադրումն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների:
. Հարստացուցիչ ձեռնարկությունների հաշվետվություններում թափոնները ներկայացվում են կամ որպես ոչ վտանգավոր, կամ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվում: Արդյունքում, որևէ բնապահպանական վճար չի վճարվում, իսկ ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից միջոցներ չեն ձեռնարկվում այդ ձեռնարկությունների պոչամբարներում կուտակված թափոնների վտանգավորության դասը որոշելու համար:
. Թվով 20 ընդերքօգտագործման լիցենզիա ունեցող ընկերությունների կողմից պակաս է վճարվել 79,167.4 հազ. դրամ կոնցեսիոն վճար, որը ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջե: Այդ ամենը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից իրականացվող հսկողության և համակարգման թերի աշխատանքի արդյունք է:
. Ընդերքի պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունավետությունը և ընդգրկվածությունը ցածր է:
. Ստուգումներն իրականացվում են սահմանված պահանջների խախտումով, մասնավորապես` հանձնարարականով նախատեսված որոշ կարևոր հարցեր ընդհանրապես չեն ստուգվել: Արդյունքում, ընդերքօգտագործողների կողմից պայմանագրային պարտավորությունների և ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների կարգավորման խնդիրը մասնակիորեն մնացել է վերահսկողությունից դուրս:
. Արձանագրված խախտումների և թերությունների վերացման, ինչպես նաև դրանց գծով ծագած պատասխանատվության ուղղությամբ նախարարությունը էական միջոցներ չի ձեռնարկել, մասնավորապես որոշ դեպքերում չեն ընդունվել հանքային իրավունքների դադարեցման մասին որոշումներ:
. Օգտակար հանածոների պաշարների գործակալության կողմից պետական ընդերքաբանական փորձաքննությունը որոշ դեպքերում իրականացվել է խախտումներով և կամայականությամբ, գործընթացը մասամբ կրել է ձևական բնույթ:
2.8. Գիտության և կրթության ոլորտ
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում (այսուհետ` Կոմիտե) իրականացված ստուգումներով նույնպես հայտնաբերվել են բազմաբնույթ խախտումներ, թերություններ և ռիսկեր.
. հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման ծրագրերը ֆինանսավորվում են` անտեսելով փորձաքննության գործընթացը
. բացասական փորձագիտական եզրակացություն ստացած որոշ գիտական թեմաներ ներառվել են ֆինանսավորման ենթակա թեմաների ցանկում և ստացել համապատասխան ֆինանսավորում
. պայմանագրերում հիմնարար հետազոտությունների իրականացման և ակնկալվող արդյունքների վերաբերյալ պարտավորություններ սահմանված չեն
. ենթակառուցվածքի պահպանում և զարգացում ծրագրով (բազային ծրագիր) ֆինանսավորելուց հետո Կոմիտեն ծրագիրն իրականացնող կազմակերպություններից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն (հաշվետվություն) չի պահանջում, չի ստանում և հսկողություն չի իրականացնում
. խախտելով օրենսդրության պահանջները` Կոմիտեն իրականացրել է ոչ պետական կազմակերպությունների բազային ֆինանսավորում
. բազային ծրագրով ֆինանսավորում ստանալու նպատակով կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերում ծախսերը հաշվարկներով հիմնավորված չեն: Հայտերը համապատասխան հանձնաժողովի կողմից ուսումնասիրված են մակերեսորեն: Հանձնաժողովի գործունեությունը կրում է ձևական բնույթ
. գիտական թեմատիկ ծրագրերի համար հատկացված միջոցները ծախսվում են տվյալ թեմայի հետ հիմնականում առնչություն չունեցող նպատակներով:
Նմանատիպ, ինչպես նաև շուրջ 235,000.0 հազ. դրամի ֆինանսական այլ բնույթի խախտումների օրինակները ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունում:
«Ռուս-Հայկական (Սլավոնական)» համալսարանում ՌԴ Հաշվիչ պալատի հետ համատեղ իրականացված վերահսկողության արդյունքում պարզվեց.
. համալսարանում կրթական գործունեությունն իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթության ռուսական պետական կրթական ստանդարտի հիման վրա` անտեսելով հայկական կողմի ազգային տարածաշրջանային բաղադրիչները
. համալսարանի կողմից կրթական գործունեության ծավալման համար հայկական և ռուսական պետական լիցենզիաների համապատասխանեցման գործընթացը կարգավորված չէ
. բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության նպաստների և կրթաթոշակների համար ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցները հիմնականում ուղղվում են կոմունալ ծախսերի վճարմանը
. համալսարանի սեփականություն հանդիսացող տարածքները վարձակալության են տրամադրվում շուկայականից բավականին ցածր գներով:
2.9. Հանրային ծառայությունների կարգավորման ոլորտ
Հանրային ծառայությունների սակագների սահմանման արդյունավետության նկատմամբ վերահսկողությամբ պարզվել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դեռևս բավարար միջոցներ չեն ձեռնարկվում սպառողների շահերը լիարժեք պաշտպանելու ուղղությամբ.
. բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում նախատեսված չեն տույժեր` մատակարարի կողմից այդ կանոնների պահանջները խախտելու համար
. բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները ենթակա են վերանայման, քանի որ փոխվել են բազմաթիվ գործոններ, որոնք կարող են նվազեցնել բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները
. փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագներ «Հայփոստ» ՓԲԸ-ի համար չեն սահմանվում, որի արդյունքում դեռևս գործում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից 2001 թ. հաստատված փոստային կապի ծառայությունների սակագները
. հանձնաժողովի որոշումներով հաստատված «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ցանկը չի համապատասխանում սակագնային կարգավորման ենթակա ծառայությունների ցանկին:
Հաշվի առնելով ՀՀ տնտեսության առկա մարտահրավերները, ինչպես նաև նկատի ունենալով հանրային ծառայությունների պետական կարգավորման ոլորտում արձանագրված խախտումների և թերությունների բովանդակությունը, Վերահսկիչ պալատը տվյալ ոլորտը հետագայում նույնպես պահելու է իր ուշադրության կենտրոնում: Այդ առումով, կարևորվելու է հատկապես սպառողներին մատուցված հանրային ծառայությունների որակի, պայմանների և տվյալ ծառայության համար սահմանված սակագնի օպտիմալ հարաբերակցության խնդիրը:
2.10. Առողջապահության ոլորտ
Պետական ծրագրերի ընտրանքային ստուգմամբ նույնպես արձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ, որոնց մանրամասները ներկայացված է Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում, մասնավորապես.
. «Առողջ և ներդաշնակ ընտանիք» ՀԿ-ի կատարած աշխատանքների կատարողականը նախարարությունը մասնակի է ընդունել, սակայն վճարումը կատարել է ամբողջությամբ: Արդյունքում, ավելի է վճարվել 42,965 հազ. դրամ:
. «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը, ազգային վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներն իրականացրել է սահմանված ծավալից պակաս և ուշացումներով. արդյունքում, նույնպես ստացել է նախատեսվածից ավելի վճարում:
. Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային փորձագիտական կենտրոններում չկատարված մասնագիտական որոշ աշխատանքների դիմաց կատարվել է վճարում:
. Առողջապահական նյութերի պատրաստման և մամուլում տպագրման աշխատանքները կատարվել է մասնակի, սակայն դրա դիմաց վճարվել է ամբողջությամբ:
. «Առողջապահություն» հանդեսի խմբագրություն» ՓԲԸ-ն 2008 թ. տպագրած գիտամեթոդական և հանրամատչելի հոդվածները ներկայացրել է որպես 2009 թ. արդյունք, որի դիմաց ստացել է կրկնակի վճարում:
3. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Ազգային ժողովին
. Գիտության ոլորտում թեմատիկ ծրագրերով ֆինանսավորվող կազմակերպությունների ցանկը և ֆինանսավորման չափը սահմանել Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով:
. Հարստացուցիչ ձեռնարկությունների պոչամբարներում թափոնների տեղադրման դեպքում բնապահպանական վճարի դրույքաչափերը օրենքով հստակ սահմանելու նպատակով համապատասխանեցնել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» և «Թափոնների մասին» ՀՀ օրենքներում սահմանված հասկացությունները:
. Գազալցակայաններից տեղական տուրք գանձելու խնդիրը կանոնակարգելու նպատակով քննարկել «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ժա) ենթակետի փոփոխության հարցը:
. Քանի որ սոցիալական աջակցության խորհուրդների աշխատանքներն անարդյունավետ են և կրում են ձևական բնույթ, անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ վերանայել այդ կառույցի գոյության նպատակահարմարության հարցը:
. Քննարկել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը բոլոր ծնողներին տրամադրելու հարցը` անկախ ծնողի աշխատելու հանգամանքից:
ՀՀ կառավարությանը
. Պետական սեփականության կառավարման ոլորտում.
- քննարկել պետական գույքը վարձակալությամբ հանձնելու գործընթացում վարձավճարի չափը շուկայական գներին հնարավորինս մոտեցնելու հարցը
- քննարկել պետական գույքի մասնավորեցման տիպային պայմանագրում ներդրումներին և աշխատատեղերին վերաբերվող պարտավորությունները հստակեցնելու հարցը
- քննարկել պետական մասնակցությամբ կազմակերպությունների փաստացի չօգտագործվող շենքերի հետագա արդյունավետ օգտագործման խնդիրը
- պոչամբարների թափոնները առանձին ծածկագրով ներառել ՀՀ տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների հաստատված ցանկի հանքային ծագում ունեցող թափոնների կազմում:
. Համայնքային սեփականության կառավարման ոլորտում.
- միջոցներ ձեռնարկել համապատասխան համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները հնարավորինս սեղմ ժամկետներում հաստատելու ուղղությամբ:
. Սոցիալական ոլորտում.
- վերանայել և արդիականացնել առևտրային բանկերի հետ կնքված կենսաթոշակների վճարման պայմանագրերը
- կենտրոնացնել սոցիալական ապահովության համակարգի բոլոր տեղեկատվական ցանցերը` ապահովելով միմյանց հետ ուղիղ կապով փոխկապակցվածությունը:
. Շինարարության ոլորտում.
- կոռուպցիոն ռիսկերից և ուռճացված գներից խուսափելու նպատակով, վերանայել շինարարական նախագծերի նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների չափերը:
4. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերջին տարիներին միջազգային հարաբերությունների ոլորտում Վերահսկիչ պալատի բավական ակտիվ գործունեությունը տալիս է իր դրական արդյունքները: Փոխվում է հարաբերությունների որակական մակարդակն ու աշխարհագրությունը, որը էապես նպաստում է Վերահսկիչ պալատի միջազգային հեղինակության և վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:
Երկկողմ համագործակցություն
1. Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի հետ ավանդական դարձած համագործակցությունը հաշվետու տարում բավական ակտիվ է եղել: Երկու կառույցների միջև կնքված 2010-2012 թվականների համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները.
. «Ռուս-Հայկական (Սլավոնական)» համալսարանին հատկացված միջոցների օրինականության և արդյունավետության օգտագործման նկատմամբ Երևանում իրականացվեց համատեղ ստուգում: Ստուգման արդյունքները հաստատվեցին ք. Մոսկվայում կայացած երկու վերահսկիչ կառույցների Խորհուրդների համատեղ նիստում:
. Պարենային ապրանքների անվտանգության և պարենամթերքի ներմուծման և արտահանման կարգավորման խնդիրների պետական ֆինանսական համատեղ վերահսկողության նպատակով երկու կառույցների կողմից ստեղծված աշխատանքային խմբերը Երևանում և Մոսկվայում կազմակերպել են աշխատանքային հանդիպումներ: Ձեռք բերված պայմանավորվածությամբ 2012 թվականին Ռուսաստանում և Հայաստանում կսկսվեն համատեղ ստուգումները:
. 2012 թվականին համատեղ ստուգումներ են նախատեսվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազային հատկացված անշարժ և շարժական գույքի, օբյեկտների, հողային տարածքների օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ:
2. Նիդերլանդների Թագավորության հաշվիչ դատարանի կողմից Վերահսկիչ պալատին ցուցաբերվող աջակցության ծրագիրը նույնպես հաջող է ընթանում:
. Ստեղծվել է Վերահսկիչ պալատի պաշտոնական վեբ-կայքը, որը շարունակ թարգմանվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով:
. Մշակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի նախագիծը, բարելավվել են Վերահսկիչ պալատի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները, մասնավորապես` տրամադրվել են մի քանի տասնյակ համակարգիչներ, հակավիրուսային ծրագրեր, ստեղծվել է էլեկտրոնային կորպորատիվ փոստ:
. Հոլանդացի մասնագետների միջոցով Երևանում կազմակերպվեց վերահսկողության աշխատանքներում միջազգային ճանաչում ունեցող IDEA տեղեկատվական-վերլուծական ծրագրի հատուկ դասընթացներ: Վերջնական նպատակը IDEA համակարգի արդյունավետ ներդրումն է Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքներում:
. Հարկային և մաքսային ոլորտում վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Նիդերլանդներում կազմակերպվել են ուսուցման և վերապատրաստման դասընթացներ:
. Երկու կառույցների ղեկավարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. տեխնիկական աջակցությունից բացի 2012 թվականից սկսել նաև ակտիվ համագործակցություն համատեղ և զուգահեռ վերահսկողության ուղղություններով, մասնավորապես` բնապահպանության և հարկային ու մաքսային ոլորտներում:
3. Փարիզում, Ֆրանսիայի և Հայաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները կնքեցին համագործակցության պայմանագիր: Համագործակցությունը նախատեսվում է իրականացնել փորձի փոխանակման, ուսուցման և վերապատրաստման, ինչպես նաև համատեղ ստուգումների ուղղություններով:
. Քրեաիրավական բնույթի խախտումների բացահայտման գործում նախաքննչական, քննչական, դատախազական և դատական գործունեության Ֆրանսիայի հաշվիչ դատարանի փորձը Վերահսկիչ պալատի համար, առանձնապես կարևոր է:
4. Թբիլիսիում նույնպես կնքվեց համագործակցության պայմանագիր:
Հայաստանի և Վրաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինները, բացի փորձի փոխանակումից, ինչպես նաև միջազգային ասպարեզներում միմյանց աջակցելու պատրաստակամությունից, պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ստուգումներ իրականացնել պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերակառուցման, էներգետիկայի, տրանսպորտի և իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ոլորտներում:
5. Իսպանիայի, Գերմանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Չինաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների հետ փոխադարձ այցերի կազմակերպման, պայմանագրերի կնքման նպատակով ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:
Բազմակողմ համագործակցություն
1. Հելսինկիում կայացած Բարձրագույն վերահսկիչ մարմինների համաշխարհային կազմակերպության (INTOSAI) Առանցքային Ազգային ցուցանիշների հանձնաժողովի նիստում Հայաստանը դարձավ հանձնաժողովի լիիրավ անդամ: Հանձնաժողովը հիմնադրվել է 2007 թվականին, գործունեության հիմնական ուղղությունը վերահսկողության արդյունավետության և կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակի բարձրացումն է:
2. Վերահսկիչ պալատը անդամակցում է նաև «Աղետների կանխատեսման և վերացմանն ուղղված միջոցների վերահսկողության» բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության (EUROSAI) հատուկ աշխատանքային խմբին, որի աշխատանքներին տարբեր ժամանակներում նույնպես ակտիվություն են ցուցաբերվել:
3. Վերահսկիչ պալատը, որպես լիիրավ անդամ, մասնակցել է նաև Լիսաբոն քաղաքում անցկացված EUROSAI 8-րդ գագաթնաժողովի աշխատանքներին:
4. Մասնակցություն է եղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կայացած EUROSAI և ARABOSAI համագումարի աշխատանքներին: Վերահսկիչ պալատի համար արաբական երկրների վերահսկիչ կառույցների հետ հարաբերությունը նույնպես առաջնահերթություն է:
5. Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ միասին «Ծրագրային բյուջետավորում» թեմայով Գերմանիայում մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) կողմից կազմակերպված սեմինար-խորհրդակցությանը:
6. 2011 թվականին Կիևում ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի XI նստաշրջանի ընթացքում Վերահսկիչ պալատն իր ուկրաինացի գործընկերներին հանձնեց Խորհրդի նախագահությունը: