(ուժը կորցրել է 16.06.05 թիվ 780-ն որոշում)
i
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 1988 թվականի թիվ 100
i
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 96 ՈՐՈՇՈՒՄԸ
ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թ. հունվարի 23-ի «Ծառայողական մարդատար ավտոմեքենաների օգտագործումը կարգավորելու մասին» թիվ 96 որոշմամբ նշել է, որ չնայած ծառայողական մարդատար ավտոմեքենաների ու դրանց պահման ծախսերի կրճատման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին, շարունակվում է այդ նպատակների համար շուկայական ֆոնդից զգալի քանակությամբ մեքենաների և դրանց սպասարկման համար աշխատունակ քաղաքացիների շեղման պրակտիկան: Տեղ են գտել անձնական նպատակներով պետական մարդատար ավտոտրանսպորտի օգտագործման բազմաթիվ դեպքեր, որն առաջացնում է բնակչության արդարացի կշտամբանքը:
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թ. հունվարի 23-ի թիվ 96 որոշմամբ`
ա) ծառայողական մարդատար ավտոմեքենաների ձեռքբերմանը և պահմանն ուղղված միջոցների արդյունավետ օգտագործման համար տնտհաշվարկային ձեռնարկությունների (միավորումների) ու կազմակերպությունների տնտեսական շահագրգռվածության և պատասխանատվության բարձրացման նպատակով սահմանել է, որ 1988 թ. հուլիսի 1-ից սկսած, ծառայողական երթևեկության համար մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման ծախսերը, դրանց պահման ծախսերը, ներառյալ ամորտիզացիոն մասհանումները, վարորդների աշխատավարձը, ավտոմոբիլային վառելիքը և աշխատողների ծառայողական ուղևորությունների համար մարդատար ավտոմեքենաների օգտագործման հետ կապված մյուս ծախսերը իրականացվում են սոցիալական զարգացման ֆոնդի և համանման նշանակության մյուս ֆոնդերի միջոցների հաշվին:
Սահմանել է բարձրացնել ձեռնարկությունների (միավորումների) ու կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների դերը մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի պահման ծախսերի որոշման և նոր ծառայողական մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման համար միջոցների ռադիոնալ օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման գործում: Նպատակահարմար է համարել, որ նշված նպատակներին ուղղված միջոցների կոնկրետ չափերը որոշվում են աշխատավորական կոլեկտիվի խորհրդի, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների խորհրդի (լիազորների ժողովի) կողմից:
բ) Սահմանել է 1988 թ. հուլիսի 1-ից մինիստրություններում, գերատեսչություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում 40 տոկոսով կրճատել նրանց սպասարկող ծառայողական մարդատար այն ավտոմեքենաների թվաքանակը, որոնց պահման ծախսերը իրականացվում են միութենական, հանրապետական բյուջեների միջոցների հաշվին, կամ իրավասության ենթակա ձեռնարկությունների (միավորումների) ու կազմակերպությունների շահույթից (եկամտից) մասհանումների հաշվին:
Հանձնարարել է միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին` ապահովել այդ նույն ժամկետում 20 տոկոսով կրճատումը այն ծառայողական մարդատար ավտոմեքենաների թվաքանակի, որոնց պահման ծախսերն իրականացվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին (բացի ժողովրդական դեպուտատների գյուղական, ավանային, գյուղական շրջանային սովետներին սպասարկողներից):
Ապահովել նշված որոշմամբ նախատեսված միջոցառումների անցկացման շնորհիվ սահմանված կարգով ազատվող մարդատար ավտոմեքենաների հանձնումն առևտրական կազմակերպություններին կոմիսիոն խանութների միջոցով բնակչությանը կամ տաքսամոտորային ձեռնարկություններին վաճառելու համար:
Խորհուրդ է տվել կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին` քննության առնել ծառայողական մարդատար ավտոմեքենաների օգտագործման կարգավորման հարցը նշված որոշմամբ նախատեսված պայմաններով:
գ) Սահմանել ,որ մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների, ձեռնարկությունների (միավորումների) և կազմակերպությունների կողմից, ներառյալ կոոպերատիվ և հասարակականները, նոր մարդատար ավտոմեքենաների ձեռքբերումը ծառայողական ուղևորությունների համար իրականացվում է պետական մանրածախ գներով: Ավտոմեքենաների ձեռքբերման նշված կարգը չի տարածվում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկությունների վրա.
դ) ծառայողական մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման ու պահման ծախսերի կրճատման նպատակով սահմանել է 1988-1990 թվականներին բարելավել մինիստրություններում, գերատեսչություններում, հիմնարկներում, ձեռնարկություններում (միավորումներում) ու կազմակերպություններում ծառայողական ավտոմեքենաների շարժակազմի կառուցվածքը:
Հանձնարարել է ՍՍՀՄ պետմատին` ՍՍՀՄ մինիստրություններին ու գերատեսչություններին, միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին ծառայողական օգտագործման համար առանձնացնել առավել խնայողական մակնիշների մարդատար ավտոմեքենաներ:
ե) Սահմանել է, որ ծառայողական ուղևորությունների համար, որպես կանոն, պետք է օգտագործվեն`
մարդատար ավտոմեքենաները կանչով.
մարդատար ավտոմեքենաները առանց հաստիքային վարորդների.
այն աշխատողների անձնական սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաները, որոնց արտադրական գործունեությունը կապված է սիստեմատիկ ուղևորությունների հետ, հատուցելով նրանց շահագործման ծախսերը.
մարդատար տաքսամոտորները, ուղևորության հաշվարկները հատուկ կտրոններով կատարելով:
Հանձնարարել է ՍՍՀՄ ֆինանսների մինիստրությանը և ՍՍՀՄ պետպլանին` երեքամսյա ժամկետում մշակել անձնական մարդատար ավտոմեքենաների օգտագործման համար փոխհատուցման չափերն ու կարգը:
զ) Հանձնարարել է միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին` 1988 թվականից սկսած իրականացնել մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների, ձեռնարկությունների (միավորումների) ու կազմակերպությունների ըստ փուլերի փոխադրումը ծառայողական ուղևորությունների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկություններից կանչով մարդատար ավտոմեքենաներով սպասարկմանը:
Այդ նպատակով`
ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի համակարգում ստեղծել մարդատար ավտոմեքենաների մասնագիտացված ձեռնարկություններ (ավտոշարասյուններ) կապի միջոցներով սարքավորված դիսպետչերական կետերի ցանցով.
սահմանել պատվերներով տրվող մարդատար ավտոմեքենաների աշխատանքի օպերատիվ դիսպետչերական ղեկավարման կազմակերպման կարգը.
է) հանձնարարել է ՍՍՀՄ կապի մինիստրությանը և ՍՍՀՄ կապի միջոցների արդյունաբերության մինիստրությանը` միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների հայտերով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկություններին առանձնացնել ռադիոհեռախոսային կապի միջոցներ դիսպետչերական ծառայության կազմակերպման համար.
ը) սահմանել է, որ հատուկ մարդատար ավտոմեքենաներին են դասվում պատրաստող ձեռնարկության կողմից հատուկ ստացիոնար սարքավորմամբ կոմպլեկտավորված կամ պետական ստանդարտներին համապատասխան լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ, գունագրական գունավորում և մակագրություններ ունեցող ավտոմեքենաները: Հատուկ մարդատար ավտոմեքենաների համար տրվում են գրանցման հատուկ համարանիշեր և դրվում են տարբերիչ գծեր:
Հանձնարարել է ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրությանը` ՍՍՀՄ ստանդարտների պետական կոմիտեի, ՍՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության մինիստրության և հատուկ մարդատար ավտոմեքենաներ պատրաստող մյուս մինիստրությունների հետ համատեղ մինչև 1988 թ. ապրիլի 1-ը հաստատել նշված ավտոմեքենաների ցանկը, հաշվի առնելով նշված որոշման պահանջները:
Արգելել է հատուկ մարդատար ավտոմեքենաների օգտագործումը ոչ ուղղակի նշանակությամբ և անձնական նպատակներով:
Հանձնարարել է ներքին գործերի մինիստրությանը` խիստ վերահսկողություն սահմանել հատուկ մարդատար ավտոմեքենաների օգտագործման նկատմամբ դրանց շահագործման ընթացքում և ամենամյա տեխնիկական զննումների անցկացման ժամանակ: Հատուկ մարդատար ավտոմեքենաներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող մարդատար ավտոմեքենաները ենթակա են գրանցման` որպես ծառայողական:
թ) Հանձնարարել է ՍՍՀՄ արդարադատության մինիստրությանը, ՍՍՀՄ պետպլանին, ՍՍՀՄ ֆինանսների մինիստրությանը, ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրությանը` ՍՍՀՄ շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների, միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների մասնակցությամբ նախապատրաստել և 2-ամսյա ժամկետում ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ գործող օրենսդրության մեջ նշված որոշումից բխող փոփոխություններ մտցնելու մասին:
2. Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը` մինչև 1988 թ. ապրիլի 1-ը Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել մինիստրություններում, գերատեսչություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում ծառայողական մարդատար այն ավտոմեքենաների թվաքանակի կրճատման մասին, որոնց պահման ծախսերը իրականացվում են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին կամ իրավասության ենթակա ձեռնարկությունների (միավորումների) ու կազմակերպությունների շահույթից (եկամտից) մասհանումների հաշվին, ինչպես նաև տեղական բյուջեների միջոցների հաշվին:
3. Հայկական ՍՍՀ պետպլանին, Հայկական ՍՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրությանը` երկամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ համատեղ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություն 1988 թ. հուլիսի 1-ից առանց հաստիքային վարորդների մարդատար ավտոմեքենաների, ինչպես նաև ծառայողական ուղևորությունների համար օգտագործվող աշխատողների, անձնական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կարգ սահմանելու և շահագործման ու նորոգման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին:
4. Հայկական ՍՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրությանը` 1988 թվականից սկսած հանրապետության մինիստրությունների ու գերատեսչությունների հիմնարկների, ձեռնարկությունների (միավորումների) ու կազմակերպությունների ըստ փուլերի փոխադրումն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկություններից ծառայողական ուղևորությունների համար կանչով մարդատար ավտոմեքենաներով սպասարկման փոխադրելու նպատակով 2-ամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել Հայկական ՍՍՀ պետպլանի և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցված առաջարկություններ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի համակարգում կապի միջոցներով սարքավորված դիսպետչերական կետերի ցանցով մարդատար ավտոմեքենաների մասնագիտացված ձեռնարկություններ (ավտոշարասյուներ) ստեղծելու մասին և պատվերներով տրամադրվող մարդատար ավտոմեքենաների աշխատանքի օպերատիվ դիսպետչերական ղեկավարման կազմակերպման կարգ սահմանելու մասին:
5. Հայկական ՍՍՀ կապի մինիստրությանը` Հայկական ՍՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության և Հայկական ՍՍՀ պետպլանի հետ համատեղ որոշել դիսպետչերական ծառայություն կազմակերպելու համար ռադիոհեռախոսային կապի միջոցների նկատմամբ պահանջը և մինչև 1988 թ. ապրիլի 25-ը առաջարկություններ ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ:
6. Ծառայողական մարդատար ավտոմեքենաների շարժակազմի առավել արդյունավետ օգտագործման նպատակով վերացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. մարտի 20-ի թիվ 138 որոշման 1-ին կետի «ե» ենթակետի գործողությունը` ծառայողական մեկ ավտոմեքենայի բենզինի ծախսման ամսական լիմիտներ սահմանելու մասին:
7. Հայկական ՍՍՀ գների պետական կոմիտեին` Հայկական ՍՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության ներկայացմամբ մինչև 1988 թ. հունիսի 1-ը վերանայել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկությունների հետ պայմանագրերով մարդատար ավտոմեքենաներ տրամադրելու սակագները, նկատի ունենալով դրանք համապատասխանեցնել ավտոմեքենաների պահման իրական ծախսերին, հաշվի առնելով կանչով սպասարկման համակարգի ներդրումը:
8. Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին` ծառայողական մարդատար ավտոմեքենաների պահման ծախսերը որոշելիս թույլ չտալ այդ ծախսերի ավելացում և սահմանել վերահսկողություն առանձնացված միջոցների ռացիոնալ օգտագործման նկատմամբ: