(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 1992 թ. թիվ 443
i
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում ազատ գների և սակագների անցման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1 Ընդունել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և արդարադատության նախարարության հետ, և`
ա) 1992 թվականի օգոստոսի 1-ից ժամանակավորապես դադարեցնել ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի փետրվարի 10-ի «Հաշմանդամներին ձեռքի կառավարմամբ ավտոմոբիլներով և մոտոսալյակներով ապահովման կարգի մասին հրահանգի հաստատման մասին» հ.73 որոշմամբ նախատեսված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենաների և մոտոսալյակների անվճար հատկացումը հաշմանդամներին.
բ) Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 19-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 8-ի «Հայրենական պատերազմի հաշմանդամների տրանսպորտային սպասարկման հետագա բարելավման մասին» հ.437 որոշումը» հ.227 որոշմամբ նախատեսված հաշմանդամների տրանսպորտային սպասարկման ծախսերի համար տրվող ամենամյա դրամական փոխհատուցումը 400 ռուբլու փոխարեն 1992 թվականի օգոստոսի 1-ից սահմանել 1000 ռուբլի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` սույն որոշման «բ» ենթակետում նշված ծախսերի հատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը 1992 թվականին հաստատված բյուջետային հատկացումների սահմաններում: