ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 1978 թվականի թիվ 561
i
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1978 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի «ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 685 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1978 թվականի օգոստոսի 10-ի թիվ 685 որոշմամբ.
ա) հաստատել է Պետական ավտոմոբիլային տեսչության առդիր կանոնադրությունը.
բ) Պետական ավտոմոբիլային տեսչության կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1973 թվականի հունիսի 8-ի թիվ 385 որոշմամբ հաստատված Սովետական միլիցիայի կանոնադրության 21-րդ կետում «փողոցային երթևեկության կարգավորումն ու ճանապարհային հսկողությունը» բառերը փոխարինել է «ճանապարհապարեկային ծառայությունը, ճանապարհային հսկողությունը, ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցների տեղակայումը, շահագործումն ու արմատավորումը» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել`
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1960 թվականի հունիսի 3-ի թիվ 229C որոշման 8-րդ կետի «բ» ենթակետը.
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1963 թվականի փետրվարի 12-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1963 թ. հունվարի 7-ի «Ճանապարհային երթևեկության 1949 թ. կոնվենցիային և ճանապարհային նշանների ու ազդանշանների արձանագրությանը ՍՍՌՄ-ի մասնակցությունից բխող միջոցառումների մասին» թիվ 36 որոշումը» թիվ 56 որոշումը.
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1964 թ. հունվարի 24-ի «Հայկական ՍՍՀ Հասարակական կարգի պահպանության մինիստրության Պետական ավտոմոբիլային տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 18 որոշման 1-ին կետը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի
1978 թ. օգոստոսի 10-ի
թիվ 685 որոշմամբ
ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Պետական ավտոմոբիլային տեսչությունը հանդիսանում է սովետական միլիցիայի մի մասը և մտնում է ՍՍՀՄ Ներքին գործերի մինիստրության համակարգի մեջ:
2. Պետական ավտոմոբիլային տեսչության գործունեությունը հիմնվում է սոցիալիստական օրինականության խստագույն պահպանման վրա: Պետական ավտոմոբիլային տեսչությունը և նրա պաշտոնատար անձինք իրենց գործունեության մեջ ղեկավարվում են ՍՍՀՄ օրենքներով, միութենական և ինքնավար հանրապետությունների օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրերով, միութենական և ինքնավար հանրապետությունների գերագույն սովետների նախագահությունների հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և միութենական ու ինքնավար հանրապետությունների մինիստրների խորհուրդների որոշումներով ու կարգադրություններով, ժողովրդական դեպուտատների տեղական սովետների ու նրանց գործադիր կոմիտեների որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև Սովետական միլիցիայի կանոնադրությամբ, սույն Կանոնադրությամբ, ՍՍՀՄ Ներքին գործերի մինիստրության հրամաններով ու հրահանգներով և գործող օրենսդրությանը համապատասխան հաստատված նորմատիվ ակտերով:
3. Պետական ավտոմոբիլային տեսչությունը իր վրա դրված խնդիրները լուծում է ներքին գործերի մարմինների մյուս ծառայությունների, պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների ադմինիստրացիաների, Պաշտպանության մինիստրության զինվորական ավտոմոբիլային տեսչության, ինչպես նաև ավտոմոտոսիրողների կամավոր ընկերության, ժողովրդական կամավոր դրուժինաների և այլ հասարակական կազմակերպությունների սերտ փոխգործությամբ, որոնց գործունեությունը կապված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու աշխատանքում լայնորեն ներգրավելով ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների կոլեկտիվներին և բնակչությանը` ըստ բնակավայրի:
4. Պետական ավտոմոբիլային տեսչության կազմի մեջ մտնում են`
ՍՍՀՄ Ներքին գործերի մինիստրության Պետական ավտոմոբիլային տեսչության գլխավոր վարչությունը.
միութենական հանրապետությունների ներքին գործերի մինիստրությունների պետական ավտոմոբիլային տեսչության վարչությունները.
ինքնավար հանրապետություններին ներքին գործերի մինիստրությունների, ժողովրդական դեպուտատների երկրամասային, մարզային, քաղաքային (միութենական հանրապետությունների մայրաքաղաքների ու Լենինգրադ քաղաքի) սովետների գործադիր կոմիտեների ներքին գործերի վարչությունների (գլխավոր վարչությունների) պետական ավտոմոբիլային տեսչությունների բաժինները (վարչությունները).
ժողովրդական դեպուտատների օկրուգային, քաղաքային, շրջանային սովետների գործադիր կոմիտեների ներքին գործերի պետական ավտոմոբիլային տեսչության բաժինների (վարչությունների) բաժանմունքները (բաժինները, խմբերը).
ճանապարհապարեկային ծառայության զինվորական ստորաբաժանումները, ճանապարհային հսկողության ստորաբաժանումները, ռեգիստրացիոն-քննական ստորաբաժանումները, մոնտաժային-շահագործման մասնագիտացված և այլ ստորաբաժանումները, ինչպես նաև պարբերաբար ավտոմոտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունները անցկացնելու համար դիագնոստիկական կայանները:
5. Պետական ավտոմոբիլային տեսչության գլխավոր խնդիրն է ճանապարհային երթևեկության կազմակերպման կատարելագործումը, նպատակ ունենալով ապահովել դրա անվտանգությունը և բարձրացնել ավտոմոտոտրանսպորտային միջոցների օգտագործման արդյունավետությունը:
6. Պետական ավտոմոբիլային տեսչությունը, իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) ապահովում է տրանսպորտի ու հետիոտների երթևեկության կարգավորումը փողոցներում և ճանապարհներին և հսկողությունը ճանապարհային երթևեկության նկատմամբ, հայտնաբերում ու կասեցնում է ճանապարհային երթևեկության կանոնների ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող այլ նորմատիվների խախտումները. անհրաժեշտ դեպքերում օգնություն է ցույց տալիս վարորդներին, հետիոտներին և ուղևորներին, այդ թվում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ տուժածներին` առաջին բուժօգնություն.
բ) վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային ճանապարհները, փողոցները, ճանապարհային կառուցվածքներն ու երկաթուղային անցուղիները ճանապարհային երթևեկության համար անվտանգ վիճակում պահելու, ճանապարհային երթևեկության կարգավորման միջոցներով (ճանապարհային նշաններով, լուսաֆորային տեխնիկայով և կարգավորման այլ միջոցներով) փողոցներն ու ճանապարհները սարքավորելու, փողոցներում ու ճանապարհներին, ինչպես նաև երկաթուղային անցուղիներում նորոգման-շինարարական և այլ աշխատանքներ կատարելիս ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող պահանջների կատարման նկատմամբ.
գ) հսկողություն է իրականացնում շահագործման մեջ գտնվող ավտոմոտոտրանսպորտային միջոցների, տրոլեյբուսների ու տրամվայների տեխնիկական վիճակի նկատմամբ, պարբերաբար անց է կացնում ավտոմոբիլների, մոտոցիկլետների ու կցանքների պետական տեխնիկական զննություն. վերահսկողություն է իրականացնում ավտոմոտոտրանսպորտային միջոցներում, տրոլեյբուսներում ու տրամվայներում ռադիոընդունման ինդուստրիալ խանգարումների խլացումն ապահովող հարմարանքների առկայության նկատմամբ, ինչպես նաև վերահսկողություն ավտոմոտոտրանսպորտի վնասակար ազդեցությունից շրջապատող միջավայրի պաշտպանության միջոցառումների կատարման նկատմամբ.
դ) կատարում է ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ու քաղաքացիներին պատկանող ավտոմոտոտրանսպորտային միջոցների ռեգիստրացիան ու վարում է հաշվառումը.
նշված տրանսպորտային միջոցների համար տալիս է տեխնիկական պասպորտներ և պետական համարանիշեր ու կատարում է այդ պասպորտների և համարանիշերի հաշվառում.
ե) սահմանված կարգով մշակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող կանոնները, նորմատիվները և ստանդարտները, կամ մասնակցում է դրանց մշակման գործին, վերահսկողություն է իրականացնում բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից այդ կանոնների, նորմատիվների ու ստանդարտների պահպանման նկատմամբ.
զ) վերահսկում է ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման և տրանսպորտային միջոցները սարքին վիճակում պահելու, անհրաժեշտ միջոցառումների անցկացումը.
է) անց է կացնում ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառում, վերլուծում է դրանց առաջացման պատճառներն ու պայմանները, միջոցներ է ձեռնարկում այդ պատճառների ու պայմանների վերացման համար. մշակում է ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու գծով հանձնարարականներ, դրանք սահմանված կարգով մտցնում է պետական մարմիններ ու հասարակական կազմակերպություններ և նպաստում է դրանց իրացմանը.
ը) ուսումնասիրում է ճանապարհային երթևեկության պայմանները և միջոցներ է ձեռնարկում բարելավելու փողոցների ու ճանապարհների պահպանումը և բարձրացնելու դրանց թողունակությունը.
թ) եզրակացություններ է տալիս ավտոմոբիլային ճանապարհների, փողոցների, ճանապարհային կառուցվածքների, երկաթուղային անցուղիների, քաղաքային էլեկտրատրանսպորտային գծերի շինարարության ու վերակառուցման նախագծերի վերաբերյալ` ճանապարհային երթևեկության-անվտանգության ապահովմանը վերաբերող մասում. մասնակցում է նշված օբյեկտները շահագործման ընդունող հանձնաժողովի աշխատանքին.
ժ) քննության է առնում համաձայնեցման ներկայացնող` առանձնահատուկ արժեքավոր, վտանգավոր, ծանրաքաշ և ոչ ծավալուն բեռներով հասարակական տրանսպորտի, ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության մարշրուտներում.
ի) եզրակացություններ է տալիս ավտոմոտոտրանսպորտային միջոցների, տրոլեյբուսների ու տրամվայների կոնստրուկցիաների նախագծերի վերաբերյալ` ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու գծով պահանջները պահպանելու մասում. մասնակցում է ավտոմոտոտրանսպորտային նոր տեխնիկայի նմուշների փորձարկմանն ու ընդունմանը.
լ) իրականացնում է ավտոմոտոտրանսպորտային միջոցների վարորդների պատրաստման ուսումնական կազմակերպությունների ռեգիստրացիան. քննություններ է ընդունում ճանապարհային երթևեկության կանոններից ու տրանսպորտային միջոցների պրակտիկ վարման հմտություններից, տալիս է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականներ.
խ) մասնակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի գծով գիտահետազոտական աշխատանքների թեմատիկայի որոշմանը և շահագրգռված մինիստրությունների, գերատեսչությունների, գիտական հիմնարկների հետ համատեղ ապահովում են այդ բնագավառում ավարտված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդրումը պրակտիկայում.
ծ) կատարում է ճանապարհային երթևեկության կարգավորման ու վերահսկողության տեխնիկական միջոցների մշակման և պատրաստման պատվիրատուի ֆունկցիաները. գործող օրենսդրությանը համապատասխան իրականացնում է ճանապարհային երթևեկության կարգավորման տեղակայումը, շահագործումն ու արմատավորումը.
կ) անց է կացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հաշվառում. սահմանված կարգով կիրառում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող կանոնների ու այլ նորմատիվների խախտողների նկատմամբ գործող օրենսդրության նախատեսված վարչական ներգործության միջոցները.
հ) գործող օրենսդրությանը համապատասխան անհետաձգելի միջոցներ է իրականացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վայրում (վարորդների ձերբակալում, վկաների պարզում, հետքերի պահպանում և ամրացում և այլն). ներքին գործերի մարմինների մյուս ծառայությունների հետ համատեղ անց է կացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վայրից փախած վարորդների հետախուզում, կատարում է ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գործերի հետաքննություն.
ձ) կազմակերպում է ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության և ճանապարհային երթևեկության կանոնների պարզաբանման աշխատանքը, այդ նպատակով օգտագործելով մամուլը, կինոն, ռադիոն, հեռուստատեսությունը. աջակցում է դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում ճանապարհային երթևեկության կանոնների ուսումնասիրման գործին.
ղ) ամփոփում է ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության կիրառման պրակտիկան, միջոցներ է ձեռնարկում այդ օրենսդրության միօրինակ ու ճիշտ կիրառման համար և առաջարկություններ է մշակում այն կատարելագործելու ուղղությամբ.
ճ) սահմանված կարգով մասնակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակում և իրականացնում է այդ հարցերի վերաբերյալ միջազգային համաձայնագրերում ՍՍՀՄ-ի մասնակցությունից բխող միջոցառումներ.
մ) վերահսկողություն է իրականացնում տրանսպորտային միջոցների անհատական տերերի կողմից այդ միջոցների շահագործման կապակցությամբ գանձվող օրենսդրությամբ սահմանված տուրքերի վճարման նկատմամբ:
7. Պետական ավտոմոբիլային տեսչությունը իր վրա դրված պարտականությունները իրականացնելու նպատակով իրավունք ունի`
ա) ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից ու քաղաքացիներից պահանջելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող սահմանված կանոնների, նորմատիվների ու ստանդարտների պահպանումը և նրանց տալու այդ կանոնների, նորմատիվների ու ստանդարտների խախտումները վերացնելու մասին կատարման համար պարտադիր հրամաններ.
բ) վերահսկողություն իրականացնել (ընտրովի կարգով) ավտոմոբիլային ճանապարհների, փողոցների, ճանապարհային կառուցվածքների, երկաթուղային անցուղիների, քաղաքային էլեկտրատրանսպորտային գծերի շինարարության ու վերակառուցման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող նորմաների, կանոնների ու ստանդարտների կատարման նկատմամբ.
գ) ճանապարհային, կոմունալ, ճարտարապետական-հատակագծման կազմակերպությունների ղեկավարներից պահանջել ավտոմոբիլային ճանապարհների ու փողոցների վիճակի և ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման միջոցառումների մասին ծանոթացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը.
դ) մյուս կազմակերպություններին պատվիրել կամ թույլատրել տեղակայելու ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցներ.
ե) անհետաձգելի դեպքերում արգելել կամ սահմանափակել ճանապարհային երթևեկությունը փողոցների ու ճանապարհների առանձին տեղամասերում, երբ դրանցից օգտվելը սպառնում է ճանապարհային երթևեկության անվտանգությանը.
զ) փողոցներում և ճանապարհներին արգելել նորոգման-շինարարական ու այլ աշխատանքների անցկացումը, երբ չեն պահպանվում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջները.
է) անարգել հաճախել տրանսպորտային ձեռնարկություններ ու կազմակերպություններ, դրանց ղեկավարներից պահանջել, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և նրանց հանձնարարականներ տալ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ու տրանսպորտային միջոցները սարքին վիճակում պահելու միջոցառումների անցկացման մասին.
ը) վերահսկել տեխնիկական սպասարկման կայաններում սպասարկման ու ավտոմոտոտրանսպորտային միջոցների նորոգման որակը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող մասում.
թ) տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգմանը սահմանված կարգով ներգրավել հսկիչ-դիագնոստիկական անհրաժեշտ սարքավորմամբ հագեցված տեխնիկական սպասարկման առանձին կայաններ, ինչպես նաև տրանսպորտային ձեռնարկությունների ղեկավարների հետ համաձայնեցնելով` այդ ձեռնարկությունների ինժեներատեխնիկական աշխատողների.
ժ) արգելել տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե դրանց կառուցվածքը կամ տեխնիկական վիճակը չի համապատասխանում գործող կանոնների, նորմատիվների ու ստանդարտների պահանջներին, որոնց պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Պետական ավտոմոբիլային տեսչությունը (անհրաժեշտ դեպքերում հանելով համարանիշերը).
ի) անհրաժեշտության դեպքում կանգնեցնելու տրանսպորտային միջոցը, ստուգելու վարորդի վարման իրավունքի վկայականը, տրանսպորտային միջոցների գրանցման փաստաթղթերը և փոխադրվող բեռան փաստաթղթերը, ճանապարհային (մարշրուտային) թերթերը.
լ) անհրաժեշտության դեպքում բեռնատար ավտոմոբիլները անվճար օգտագործելու վթարների կամ անսարքության պատճառով վնասված տրանսպորտային միջոցների տեղափոխման համար.
խ) հարբած վիճակում գտնվող կամ տվյալ տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող կամ ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտող անձանց տրանսպորտային միջոցները վարելուց հեռացնել.
ծ) տրանսպորտային միջոցների վարորդների հարբած վիճակը որոշելու համար սահմանված կարգով օգտագործել տեխնիկական միջոցները կամ, անհրաժեշտության դեպքում, այդ նպատակի համար վարորդներին ստուգման ուղարկել բժշկական հիմնարկներ.
կ) Պետական ավտոմոբիլային տեսչություն հրավիրել քաղաքացիների, ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հանգամանքները պարզելու գործում աջակցելու համար.
հ) անհրաժեշտության դեպքում ստուգել տրանսպորտային միջոցների վարորդների իմացությունը ճանապարհային երթևեկության կանոնների, վարելու հմտությունների վերաբերյալ, ինչպես նաև տրանսպորտային միջոցները վարելու համար վարորդների պիտանիությունը պարզելու նպատակով նրանց ուղարկել բժշկական ստուգման.
ձ) ճանապարհային երթևեկության կանոնների և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող այլ նորմատիվների խախտում թույլ տված անձանց վերաբերյալ օրենքով նախատեսված կարգով նյութերը հանձնել վարչական հանձնաժողովներին, ընկերական դատարաններին, աշխատավորական կոլեկտիվներին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև անչափահասների գործերով հանձնաժողովներին` նրանց նկատմամբ ներգործության սահմանված միջոցները կիրառելու համար.
ղ) գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով վարորդներին զրկել ավտոմոտոտրանսպորտային միջոցները, տրոլեյբուսները, տրամվայները, տրակտորները և ինքնագնաց այլ մեքենաները վարելու իրավունքից:
Պետական ավտոմոբիլային տնտեսության համապատասխան մարմինները և պաշտոնատար անձինք սույն կետով նախատեսված իրավունքներից օգտվում են ՍՍՀՄ Ներքին գործերի մինիստրության կողմից որոշված կարգով:
8. Ճանապարհային երթևեկության կանոնների ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերվող մյուս նորմատիվների խախտման համար պետական ավտոմոբիլային տեսչության աշխատողները, գործող օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն, որպես վարչական տույժի միջոց, տուգանքի ենթարկել`
պետական ավտոմոբիլային տեսչության վարչությունների, բաժինների ու բաժանմունքների պետերը, նրանց տեղակալները քաղաքացիների ու պաշտոնատար անձանց մինչև 200 ռուբլու չափով.
ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, պետական ավտոմոբիլային տեսուչները, ճանապարհապարեկային ծառայության տեսուչները և ճանապարհային երթևեկության կանոնների ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերվող մյուս նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մյուս տեսուչները` քաղաքացիների և պաշտոնատար անձանց` մինչև 10 ռուբլի:
Սույն կետում թվարկված պետական ավտոմոբիլային տեսչության աշխատողները ճանապարհային երթևեկության կանոնների ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերվող մյուս նորմատիվների խախտման համար իրավունք ունեն նաև անել նախազգուշացում, որպես վարչական տույժի միջոց, այն դեպքերում, որոնք նախատեսված են գործող օրենսդրությամբ:
Պետական ավտոմոբիլային տեսչության յուրաքանչյուր աշխատող պարտավոր է աշխատանքում դրսևորել բարձր կուլտուրա, քաղաքացիներին դիմելիս լինել տակտով և քաղաքավարի, ճանապարհային երթևեկության մասնակիցների նկատմամբ` զգայուն և ուշադիր:
10. Պաշտպանության մինիստրության, ՍՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի ու ՍՍՀՄ Ներքին գործերի մինիստրության զինվորական մասերի տրանսպորտային միջոցների հարցում Պետական ավտոմոբիլային տեսչությունը իր լիազորություններն իրագործում է միայն վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության մասում, ընդ որում, նշված տրանսպորտային միջոցների ռեգիստրացիան ու այլ փաստաթղթերը չեն ստուգվում և այդ տրանսպորտային միջոցները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, բացի այն նպատակներից, որոնք որոշված են ծառայական առաջադրանքներով (ուղեթերթով):
11. ՍՍՀՄ տերիտորիայում գտնվող` օտարերկրյա պետությունների դիվանագիտական և դեսպանական ներկայացուցչություններին և նրանց աշխատակիցներին, ինչպես նաև սովետական օրենսդրության համաձայն համապատասխան իմունիտետից օգտվող մյուս օտարերկրյա ներկայացուցչություններին ու նրանց աշխատակիցներին պատկանող տրանսպորտային միջոցների հարցում Պետական ավտոմոբիլային տեսչությունը գործում է ՍՍՀՄ Ներքին գործերի մինիստրության կողմից սահմանվող կարգով, որը համաձայնեցված է ՍՍՀՄ Արտաքին գործերի մինիստրության և մյուս շահագրգռված կազմակերպությունների հետ, համապատասխան պետությունների հետ ՍՍՀՄ-ի փոխհարաբերություններում կիրառվող փոխադարձության հիման վրա:
12. Պետական ավտոմոբիլային տեսչությունը ներքին գործերի մարմինների մյուս ծառայությունների հետ համատեղ մասնակցում է հասարակական կարգի պահպանության և հանցագործության դեմ տարվող պայքարի գործին:
13. Պետական ավտոմոբիլային տեսչության ֆինանսավորումն ու նյութատեխնիկական ապահովումը իրականացվում են գործող օրենսդրությանը համապատասխան: