Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԳԻՍՏՐԱԼԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԳԻՍՏՐԱԼԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 1979 թվականի թիվ 338

 

i

ՄԱԳԻՍՏՐԱԼԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թ. ապրիլի 12-ի «Մագիստրալային խողովակաշարերի պահպանումն ուժեղացնելու մասին» թիվ 341 որոշման և մագիստրալային գազամուղների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ մինիստրություններին և գերատեսչություններին, հանրապետության տերիտորիայում գտնվող միութենական ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարներին, նախագծային ինստիտուտներին ու ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործկոմներին` մագիստրալային գազամուղների շրջակայքում նախագծում, շինարարություն կատարելու և հողամասեր առանձնացնելու դեպքում ղեկավարվել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թ. ապրիլի 12-ի թիվ 341 որոշմամբ հաստատված` Մագիստրալային խողովակաշարերի պահպանման կանոններով:

2. «Հայտրանսգազ» արտադրական միավորմանը` վերահսկողություն ապահովել մագիստրալային խողովակաշարերի անցման տեղերում աշխատանքներ կատարող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից Մագիստրալային խողովակաշարերի պահպանման կանոնների պահանջների կատարման նկատմամբ:

3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությանը և ժողովրդական դեպուտատների համապատասխան շրջանային սովետների գործկոմներին` քննության առնել մագիստրալային խողովակաշարերի գծամասի սպասարկումն ու պահպանումն իրականացնող գծային շրջագայող ուղեպահների օգտագործման տակ գտնվող ծառայական ձիերին խոտով ապահովելու համար խոտհարքների առանձնացման հարցը և սահմանված կարգով լուծել այդ աշխատողներին օժանդակ հողաբաժիններ հատկացնելու հարցը, իսկ անձնական սեփականության անասուններ ունեցողներին նաև հողամասեր` խոտհնձի համար:

4. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1979 թ. ապրիլի 12-ի թիվ 341 որոշմամբ.

ա) հաստատել է Մագիստրալային խողովակաշարերի պահպանման առդիր կանոնները.

բ) թույլատրել է Գազի արդյունաբերության մինիստրությանը և Նավթարդյունաբերության մինիստրությանը` համազգեստ մտցնել մագիստրալային խողովակաշարերի գծամասի սպասարկումն ու պահպանումը իրականացնող այդ մինիստրությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գծային շրջագայող ուղեպահների համար, իսկ միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին` միութենական հանրապետությունների նավթամատակարարման-վաճառահանման կազմակերպությունների` նշված աշխատանքներն իրականացնող գծային շրջագայող ուղեպահների համար:

Սահմանել է, որ համազգեստի հանձնումը կատարվում է անվճար, համապատասխան ծախսերը հաշվեգրելով նշված մինիստրությունների ձեռնարկությունների ու կազմակերպությունների և միութենական հանրապետությունների նավթամատակարարման-վաճառահանման կազմակերպությունների արտադրության ծախքերին:

Հանձնարարել է Գազի արդյունաբերության մինիստրությանը, Նավթարդյունաբերության մինիստրությանը և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին` ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության, ՍՍՀՄ Աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեի և ՀԱՄԿԽ-ի հետ համաձայնեցնելով, հաստատել նշված աշխատողներին համազգեստ տալու կարգն ու նորմաները:

գ) Ուժը կորցրած ճանաչել.

ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1951 թ. հունվարի 3-ի «Մագիստրալային խողովակաշարերի տրասսայի համար Նավթարդյունաբերության մինիստրությանը հատկացվող հողերի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 26 որոշումը.

ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1951 թ. հոկտեմբերի 19-ի թիվ 19867 կարգադրությունը:

ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1952 թ. հունիսի 19-ի թիվ 15308 կարգադրությունը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

 

ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թ.

ապրիլի 12-ի թիվ 341 որոշմամբ

 

ՄԱԳԻՍՏՐԱԼԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն Կանոնները մտցվում են նավթ և նավթամթերքներ, բնական ու արհեստական ածխածնային գազեր, կոնդենսատ, հեղուկ ածխաջրածնային գազեր, ոչ կայուն բենզին ու կոնդենսատ, ինչպես նաև այլ հեղուկ ածխաջրածիններ փոխադրող մագիստրալային խողովակաշարերի (այդ թվում արդյունագործական և միջարդյունագործական խողովակաշարերի ու կոլեկտորների) անվնասությունն ապահովելու, այդ խողովակաշարերի շահագործման նորմալ պայմաններ ստեղծելու և դրանցում դժբախտ դեպքերը կանխելու նպատակով:

2. Մագիստրալային խողովակաշարերի կազմի մեջ, որոնց վրա տարածվում են սույն Կանոնները, մտնում են.

ճյուղավորումներով և լուպինգներով, փակման ամանով, բնական ու արհեստական խոչընդոտների միջով անցումներով, պոմպային ու կոմպրեսորային կայանների միացման հանգույցներով, գործարկման և մաքրման կառուցվածքների հանգույցներով, գազի ծախսի չափման հանգույցներով, կոնդենսատահավաքիչներով, մեթանոլի ներանցման համար հարմարանքներով խողովակաշարը.

կոռոզիայից խողովակաշարերի էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքները, տեխնոլոգիական կապի գծերը և շինությունները, խողովակաշարերի տելեմեխանիկայի միջոցները.

էլեկտրահաղորդման գծերը և էլեկտրամատակարարման ու փականային ամրանի և խողովակաշարերի էլեկտրաքիմիական հարմարանքների հեռակառավարման հարմարանքները.

խողովակաշարերի հակահրդեհային միջոցները, հակաէռոզային և պաշտպանական շինությունները.

կոնդենսատի պահպանման և ապագազավորման համար տարողությունները, նավթի, նավթամթերքների, կոնդենսատի և հեղուկ ածխաջրածինների վթարային թողարման համար հողե շտեմարանները.

խողովակաշարերի շահագործման գծային ծառայության շինությունները.

խողովակաշարերի տրասսայի երկարությամբ տեղավորված մշտական ճանապարհները, ուղղաթիռային հարթակները և դրանց առբերման ուղիները, խողովակաշարերի գտնվելու տեղի տարբերիչ և ազդանշանային նշանները.

գլխավոր և միջակա մղող ու լցնող պոմպակայանները, ռեզերվուարային պարկերը, կոմպրեսորային և գազաբաշխիչ կայանները.

գազի ստորգետնյա պահման կայանները.

լցման և թափման էստակադներն ու կառանները.

նավթի ու նավթամթերքների տաքացման կետերը:

3. Խողովակաշարերի տրասսաները նշանակվում են երկաթբետոնե կամ փայտե տարբերիչ նշաններով (մակագրություն-ցուցանշանային ցուցատախտակով) հողի մակերեսից 1,5-2 մետր բարձրությամբ:

4. Նավարկելի և լողարկելի գետերի, ինչպես նաև ջրանցքների հետ հատման խողովակաշարերի տեղերը ափերին նշանակվում են ՍՍՀ Միության ներքին ջրային տրանսպորտի կանոնադրությանը համաձայն ազդանշանային նշաններով: Ազդանշանային նշանները սահմանում է խողովակաշարը շահագործող ձեռնարկությունը (կազմակերպությունը)` ջրային ուղու ջրավազանային վարչությունների (ջրանցքների վարչությունների) հետ համաձայնեցնելով և վերջիններիս կողմից մտցվում են նավարկման պայմանների ցանկի և նավատարի քարտեզների մեջ. ծովային խողովակաշարերի տրասսաները նշվում են ծովալողորդների ծանուցագրերում և նշագծվում են ծովային քարտեզների վրա:

5. Բոլոր կատեգորիաների ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման խողովակաշարերի տեղերում սահմանվում է համապատասխան ճանապարհային նշան, որը արգելում է տրանսպորտի կանգառը:

6. Շինմոնտաժային կազմակերպությունների և պատվիրատուի կողմից սահմանված կարգով ձևակերպված խողովակաշարի փաստացի վիճակի նյութերը (կատարողական գծահանում) պետք է հանձնվեն ժողովրդական դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետների գործադիր կոմիտեներին դրանք հողօգտագործումների շրջանային քարտեզների վրա նշագծելու համար:

Ժողովրդական դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետների գործադիր կոմիտեները տեղեկություններ են տալիս շահագրգռված ձեռնարկություններին, կազմակերպություններին և հիմնարկներին խողովակաշարի գտնվելու տեղի մասին:

7. Խողովակաշարերի շահագործման նորմալ պայմանները բարելավելու և վնասվելու հնարավորությունը բացառելու համար (դրանց անցկացման ցանկացած տեսակի դեպքում) սահմանվում են պահպանական գոտիներ`

խողովակաշարերի տրասսայի երկարությամբ յուրաքանչյուր կողմից խողովակաշարի առանցքից 50 մետրի վրա անցնող պայմանական գծերով սահմանափակվող հողամասի ձևով. գյուղատնտեսական նշանակության հողերում պահպանական գոտին սահմանափակվում է յուրաքանչյուր կողմից խողովակաշարի առանցքից 25 մետրի վրա անցնող պայմանական գծերով.

բազմաթել խողովակաշարերի տրասսաների երկարությամբ յուրաքանչյուր կողմից ծայրային խողովակաշարերի առանցքներից 50 մետրի վրա անցնող պայմանական գծերով սահմանափակված հողամասի տեսքով.

գյուղատնտեսական նշանակության հողերում պահպանական գոտին սահմանափակվում է յուրաքանչյուր կողմից ծայրային խողովակաշարերի առանցքներից 25 մետրի վրա անցնող պայմանական գծերով.

խողովակաշարերի ստորջրյա անցումների երկարությամբ ջրի մակերևույթից մինչև հատակի ջրային տարածության տեղամասի տեսքով, որը եզրափակված է յուրաքանչյուր կողմից 100 մետրի վրա խողովակաշարերի ծայրային թելերի առանցքներից պաշտպանվող զուգահեռ հարթությունների միջև.

կոնդենսատի պահպանման ու ապագազավորման համար տարողությունների, նավթի, նավթամթերքների, կոնդենսատի և հեղուկ ածխաջրածինների վթարային թողարկման համար շտեմարանների շուրջը այնպիսի հողամասի տեսքով, որը սահմանափակված է բոլոր կողմերից 50 մետրի վրա նշված օբյեկտների տերիտորիաների սահմաններից պաշտպանված փակ գծով.

գլխամասային և միջակա մղող և լցնող պոմպակայանների ռեզերվուարային պարկերի, կոմպրեսորային և գազաբաշխիչ կայանների, գազի ծախսի չափման հանգույցների, լցման ու թափման էստակադների, գազի ստորգետնյա պահպանման կայանների, նավթի ու նավթամթերքների տաքացման կետերի շուրջը բոլոր կողմերից 100 մետրի վրա նշված օբյեկտների սահմաններից պաշտպանվող փակ գծով սահմանափակված հողամասի տեսքով:

8. Խողովակաշարերի պահպանական գոտիների մեջ մտնող հողամասերը հողօգտագործողներից չեն վերցվում և նրանք այդ հողամասերը օգտագործում են գյուղատնտեսական և այլ աշխատանքներ կատարելու համար` պարտադիր կարգով պահպանելով սույն Կանոնների պահանջները:

9. Խողովակաշարերի պահպանական գոտիներում դաշտային գյուղատնտեսական աշխատանքները կատարվում են հողօգտագործողների կողմից խողովակաշարը շահագործող ձեռնարկությանը (կազմակերպությանը) նախօրոք տեղյակ պահելով ցանքի ու բերքահավաքի կամպանիաներն սկսելու մասին:

10. Խողովակաշարերի պահպանական գոտիներում գտնվող ոռոգելի հողերում հողերի ժամանակավոր ջրածածկման հետ կապված աշխատանքները կատարվում են հողօգտագործողի և խողովակաշարը շահագործող ձեռնարկության (կազմակերպության) համաձայնությամբ:

11. Խողովակաշարի պահպանական գոտիներում առանց դրանք շահագործող ձեռնարկությունների (կազմակերպությունների) գրավոր համաձայնության արգելվում է.

ա) կառուցել ցանկացած կառուցվածքներ ու շինություններ.

բ) տնկել բոլոր տեսակների ծառեր ու թփուտներ, պահեստավորել կերեր, պարարտանյութեր և նյութեր, դիզել խոտ և ծղոտ, տեղավորել ձիակապարան, պահել անասուններ, առանձնացնել ձկնագործական տեղամասեր, կատարել ձկան, ինչպես նաև ջրային կենդանիների և բույսերի արդյունահանում, սարքել ջրելատեղ, կատարել սառույցի ջարդում և մթերում.

գ) կառուցել ուղանցումներ և անցուղիներ խողովակաշարերի տրասսայի վրայով, սարքել ավտոմոբիլային տրանսպորտի, տրակտորների ու մեխանիզմների կանգնատեղեր, տեղավորել կոլեկտիվ այգիներ ու բանջարանոցներ.

դ) կատարել մելիորատիվ հողային աշխատանքներ, կառուցել ոռոգման և չորացման սիստեմներ.

ե) կատարել ամեն տեսակի լեռնային, շինարարական, մոնտաժային և պայթեցման աշխատանքներ, բնահողի հատակագծում.

զ) կատարել երկրաբանանկարահանման, որոնողական, գեոդեզիական և այլ հետախուզական աշխատանքներ, որոնք կապված են հորատանցքերի, խուզարկումների կազմակերպման և բնահողի փորձանմուշը (բացի հողային նմուշներից) վերցնելու հետ:

Խողովակաշարերի պահպանական գոտիներում նշված աշխատանքները կատարելու համար գրավոր համաձայնություն ստացած ձեռնարկություններն ու կազմակերպությունները պարտավոր են դրանք կատարել, պահպանելով խողովակաշարերի անվնասությունն ապահովող պայմանները: Խողովակաշարերի պահպանական գոտիների սահմաններում աշխատանքների կատարման պայմանները սահմանում է այն մինիստրությունը կամ գերատեսչությունը, որի սիստեմի մեջ մտնում են խողովակաշարերը շահագործող ձեռնարկությունները (կազմակերպությունները) (շինարարական աշխատանքների մասում` ՍՍՀՄ Պետշինի հետ համաձայնեցնելով):

Խողովակաշարերի պահպանական գոտիներում պայթեցման աշխատանքներ կատարելու համար գրավոր համաձայնությունը տրվում է միայն այդ աշխաանքները կատարող ձեռնարկության (կազմակերպության) կողմից ՍՍՀՄ Պետլեռտեխհսկողության կողմից հաստատված` պայթեցման աշխատանքների ժամանակ անվտանգության միասնական կանոններով նախատեսված համապատասխան նյութերը ներկայացնելուց հետո:

12. Այն դեպքում, երբ սահմանված է, որ խողովակաշարի տեխնիկական վիճակը պահանջում է նորոգման աշխատանքների կատարում` դրա հնարավոր քայքայումը կանխելու համար, խողովակաշարը շահագործող ձեռնարկությունը (կազմակերպությունը) իրավունք ունի ժամանակավոր (մինչև նորոգումն ավարտելը) սահմանափակել, նախապես տեղյակ պահելով հողօգտագործողներին, սույն Կանոնների թիվ/թիվ 9, 10 և 11-րդ կետերում նշված աշխատանքների կատարումը` խողովակաշարի նորոգում պահանջող տեղամասի սահմաններում խողովակաշարի առանցքից (նրա օբյեկտներից) մինչև քաղաքների և մյուս բնակավայրերի նվազագույն հեռավորություններին հավասար հեռավորությունների վրա, որոնք սահմանվել են ՍՍՀՄ Պետշինի կողմից հաստատված մագիստրալային խողովակաշարերի նախագծման շինարարական նորմատիվներով ու կանոններով:

Բազմաթել խողովակաշարերում նշված հեռավորությունները որոշվում են ծայրային խողովակաշարերի առանցքներից:

13. Խողովակաշարերի պահպանական գոտիներում արգելվում է կատարել ամեն տեսակի գործողություններ, որոնք կարող են խախտել խողովակաշարերի նորմալ շահագործումը, կամ հանգեցնել դրանց վնասմանը, և, մասնավորապես`

ա) տեղափոխել և կատարել տարբերիչ և ազդանշանային նշանների, վերստուգիչ-չափիչ կետերի պատում ու ջարդոտում.

բ) բացել կաբելային կապի չսպասարկվող ուժեղացման կետերի և գծային ամրանի հանգույցների ցանկապատերի, կադոտային և դրենաժային պաշտպանության կայանների, գծային և դիտաջրհորների ու գծային ուրիշ հարմարանքների լյուկեր, դռնակներ և դռներ, բացել ու փակել ծորակներն ու սողնակները, անջատել կամ միացնել խողովակաշարերի կապի, էներգամատակարարման և տելեմեխանիկայի միջոցները.

գ) սարքել ամեն տեսակի աղբանոցներ, թափել թթուների, աղերի և ալկալիների լուծույթներ.

դ) քանդել ափաամրացման շինությունները, ջրթողման հարմարանքները, հողե և այլ շինությունները (կառուցվածքները), որոնք պաշտպանում են խողովակաշարերը քայքայվելուց, իսկ մերձակա տերիտորիան և շրջապատող տեղանքը` փոխադրվող նյութի վթարային թափումից.

ե) խարիսխ գցել, անցնել գցված խարիսխների, շղթաների, խորաչափերի, քարշակների և ուկանապարկերի վրայով, կատարել հատակախորացման և հունախորացման աշխատանքներ.

զ) կրակ վառել և տեղավորել որևէ բաց կամ փակ կրակի աղբյուրներ:

14. Խողովակաշարերի և նրանց օբյեկտներից սույն Կանոնների 12-րդ կետում նշված հեռավորությունների սահմաններում արգելվում է անցկացնել ամեն տեսակի միջոցառումներ կապված սահմանված կարգով թույլատրված աշխատանքների կատարմամբ չզբաղված մարդկանց կուտակման հետ:

15. Խողովակաշարերը շահագործող ձեռնարկություններին (կազմակերպություններին) թույլ է տրվում.

ա) հողօգտագործողի և ժողովրդական դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործադիր կոմիտեի գյուղատնտեսության վարչության հետ համաձայնեցված` առբերման ուղիների սխեմային համապատասխան ավտոմոբիլային տրանսպորտի և տեխնիկական այլ միջոցների անցումը դեպի խողովակաշարը և նրա օբյեկտները` դրա սպասարկման ու նորոգման աշխատանքների կատարման համար:

Եթե խողովակաշարերն անցնում են արգելված գոտիների և հատուկ օբյեկտների տերիտորիայով, ապա համապատասխան կազմակերպությունները պետք է անցաթղթեր տան այդ խողովակաշարերը սպասարկող աշխատողներին օրվա ցանկացած ժամին ստուգումներ և նորոգման աշխատանքներ կատարելու համար:

բ) Խողովակաշարերի մեկուսացման որակի և կոռոզիայից նրանց էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցների վիճակի ստուգման համար պահպանական գոտու սահմաններում շուրֆերի պատրաստումը և խողովակաշարերի նորմալ շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ այլ հողային աշխատանքների կատարումը (աշխատանքն սկսելուց ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում), նախօրոք այդ մասին տեղյակ պահելով հողօգտագործողներին.

գ) անտառային զանգվածներով անցնող խողովակաշարերում վթարների դեպքում ծառերի կտրումը, սահմանված կարգով անտառահատման տոմսերի հետագա ձևակերպումով և հատման մնացորդներից այդ տեղերի մաքրումով:

Անհրաժեշտության դեպքում խողովակաշարերը շահագործող ձեռնարկությունները (կազմակերպությունները) կարող են դրանց ընթացիկ պահպանման պրոցեսում իրականացնել խողովակաշարերի պահպանական գոտիներում անտառահատում` ընդհանուր հիմունքներով ձևակերպելով անտառահատման տոմսերը: Այդ դեպքում ստացված փայտանյութը օգտագործվում է նշված ձեռնարկությունների (կազմակերպությունների) կողմից սեփական կարիքների համար, իսկ նրանց կողմից չօգտագործված փայտանյութը հանձնվում է անտառատնտեսություններին սահմանված կարգով իրացնելու համար:

16. Խողովակաշարերի հիմնական նորոգման և վերակառուցման ու դրանց վրայով անցուղիների սարքման աշխատանքներ կատարելու համար խողովակաշարերը սպասարկող ձեռնարկություններին (կազմակերպություններին) ժամանակավոր օգտագործման համար սահմանված կարգով պետք է տրվեն հողամասեր` խողովակաշարերի կառուցման համար հողերի հատկացման գործող նորմաներով նախատեսված չափով:

Ձկնատնտեսային ավազանների սահմաններով անցնող խողովակաշարերի վրա նորոգման աշխատանքների կատարումը պետք է համաձայնեցվի ձկնապահպանման տեղական մարմինների հետ, բացառությամբ այն աշխատանքների, որոնց կատարման անհրաժեշտությունը առաջ է եկել խողովակաշարերում վթարային իրադրության պատճառով:

17. Խողովակաշարերի պահպանական գոտին երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի պահպանական գոտիների և այլ օբյեկտների հետ համընկնելու դեպքում, այդ օբյեկտների շահագործման հետ կապված աշխատանքների կատարումը տերիտորիաների համընկման տեղամասերում իրականացնում են շահագրգռված կողմերը` իրար հետ համաձայնեցնելով:

18. Խողովակաշարերի տրասսաները պետական անտառային ֆոնդի հողերով անցնելու դեպքում, խողովակաշարերը շահագործող ձեռնարկությունները (կազմակերպությունները) ապահովում են խողովակաշարերի տրասսաների հեռախոսային կապը կամ ռադիոկապը անտառապետության հետ:

19. Խողովակաշարերի վնասվածք կամ փոխադրվող պրոդուկտի հոսք հայտնաբերող քաղաքացիները պարտավոր են այդ մասին անհապաղ հայտնել խողովակաշարը շահագործող ձեռնարկությանը (կազմակերպությանը) կամ ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեին:

20. Խողովակաշարում վթարի դեպքում խողովակաշարը շահագործող ձեռնարկությունը (կազմակերպությունը) անհետաձգելի կերպով ձեռնամուխ է լինում դրա վերացմանը, միաժամանակ տեղյակ պահելով ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներին և այն ձեռնարկություններին (կազմակերպություններին), որոնց տերիտորիայում տեղի է ունեցել վթարը:

21. Խողովակաշարերը շահագործող ձեռնարկությունները (կազմակերպությունները) խողովակաշարերի վրա պլանային կամ վթարային նորոգման վերականգնման աշխատանքներն ավարտելուց հետո պարտավոր են հողօգտագործողներին հատուցելու նշված աշխատանքները կատարելու ժամանակ պատճառված վնասները և աշխատանքների կատարման շրջաններում հողանդակները բերել ըստ նշանակության հետագա օգտագործման համար պիտանի վիճակի:

Հողօգտագործողների վնասների որոշումը կատարվում է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թ. օգոստոսի 9-ի «Պետական կամ հասարակական կարիքների համար հողերի հատկացման ժամանակ հողօգտագործողների վնասների և գյուղատնտեսական արտադրության կորուստների փոխհատուցման մասին» թիվ 636 որոշմամբ նախատեսված կարգով (ՍՍՀՄ ՈԺ., 1974 թ. թիվ 17, հոդվ. 97):

22. Խողովակաշարերում վթարների հետևանքների վերացման աշխատանքները, որոնք կապված են ճանապարհային պատվածքների հանման հետ, կատարվում են խողովակաշարերը շահագործող ձեռնարկությունների (կազմակերպությունների) ուժերով ու միջոցներով` համապատասխան ճանապարհային մարմինների հետ համաձայնեցնելուց հետո:

Ճանապարհային մարմինների համաձայնությամբ ճանապարհներին պատճառած վնասների վերացման աշխատանքները կարող են կատարվել այդ մարմինների կողմից` խողովակաշարերը շահագործող ձեռնարկությունների (կազմակերպությունների) հաշվին:

23. Բնակելի զանգվածների (բնակավայրերի), արդյունաբերական ու գյուղատնտեսական ձեռնարկությունների, առանձին շենքերի, կառուցվածքների (բնակելի և ոչ բնակելի) շինարարությունը կարող է կատարվել խողովակաշարերի գտնվելու շրջանում` խողովակաշարի առանցքից (նրա օբյեկտներից) մինչև կառուցվածքները նվազագույն հեռավորությունների խստորեն պահպանմամբ, որոնք նախատեսված են ՍՍՀՄ Պետշինի կողմից հաստատված մագիստրալային խողովակաշարերի նախագծման շինարարական նորմաներով և կանոններով:

Նշված նպատակների համար հողամասեր հատկացնելու մասին համապատասխան մարմինների կողմից միջնորդությունները քննարկելիս, շինարարության օբյեկտների տեղաբաշխման վայրերը պետք է նախապես համաձայնեցվեն խողովակաշարերը շահագործող ձեռնարկությունների (կազմակերպությունների) հետ:

24. Խողովակաշարը շահագործող ձեռնարկությունը (կազմակերպությունը) և պետգազհսկողության և պետլեռտեխհսկողության մարմիններն իրենց իրավասությանը համապատասխան իրավունք ունեն դադարեցնել սույն Կանոնների պահանջների խախտումով կատարվող այն աշխատանքները, որոնք կատարվում են խողովակաշարերի պահպանման գոտում և խողովակաշարի առանցքից (նրա օբյեկտներից) մինչև քաղաքները և մյուս բնակավայրերը նվազագույն հեռավորությունների հավասար հեռավորությունների սահմաններում, որոնք սահմանված են ՍՍՀՄ Պետշինի կողմից հաստատված մագիստրալային խողովակաշարերի նախագծման շինարարական նորմաներով ու կանոններով:

25. Խողովակաշարերի գծամասի սպասարկումն ու պահպանումն իրականացնում են խողովակաշարերը շահագործող ձեռնարկությունների (կազմակերպությունների) գծային շրջագայողները:

26. Ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեները, ինչպես նաև ՍՍՀՄ Ներքին գործերի մինիստրության մարմինները իրենց իրավասության սահմաններում պարտավոր են առավելագույն չափով աջակցել խողովակաշարերը շահագործող ձեռնարկություններին (կազմակերպություններին)` բոլոր հիմնարկների, կազմակերպությունների, ձեռնարկությունների և քաղաքացիների կողմից սույն Կանոնների պահանջների կատարումը ապահովելու գործում և օգնություն ցույց տալ խողովակաշարերում վթարները և դրանց հետևանքները վերացնելու համար:

27. Սույն Կանոնների պահանջների խախտման գործում մեղավոր պաշտոնատար անձինք և քաղաքացիները սահմանված կարգով պատասխանատվության են ենթարկվում:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
31.05.1979
N 338
Որոշում