ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2012 թվականի N 46
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
ՈՒսումնասիրելով քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 27.02.2012 թ. «Նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կապակցությամբ պարզաբանում ստանալու մասին» թիվ Ը-14 դիմումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
ՊԱՐԶԵՑ.
1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը
Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը 27.02.2012թ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել թիվ Ը-14 դիմումը` «Նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կապակցությամբ պարզաբանում ստանալու մասին»:
Ներկայացված դիմումում նշել է.
Ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1/1-ին կետում սահմանված է`
Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող է բողոքարկել յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը:
Նույն հոդվածի 2-րդ կետում սահմանված է`
Թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ դիմում համապատասխանաբար կարող են ներկայացնել միայն թեկնածուն, ընտրական ցուցակ ներկայացրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), իսկ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում` միայն ընտրական ցուցակ ներկայացրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը):
Այսինքն, եթե այդ գրանցումներով խախտվի ՀՀ քաղաքացու հավասար ընտրական իրավունքը, ապա նա չի կարող վերականգնել այն, ինչը հակասում է նաև Սահմանադրության 27.1 և 30-րդ հոդվածներով սահմանված դրույթներին:
Այսպիսով, ակնհայտ հակասություն կա ԸՕ 46-րդ հոդվածի 1/1-ին և նույն հոդվածի 2-րդ կետերով սահմանված դրույթների միջև և անհրաժեշտություն կա այդ խնդրի պաշտոնական պարզաբանման համար:
Այս կապակցությամբ, ներկայացնում է սույն խնդրով ԸՕ 46-րդ հոդվածի 1/1-ին և նույն հոդվածի
2-րդ կետերով սահմանված դրույթների իր պարզաբանման տարբերակը`
Թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, այդ ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման հետևանքով հավասար ընտրական իրավունքի խախտման դեպքում, գործում է միայն ԸՕ 46-րդ հոդվածի 1/1-ին կետով սահմանված նորմը:
Ներկայացնելով վերոգրյալը դիմումատուն խնդրում է տալ պաշտոնական պարզաբանում:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունները) և եզրահանգումը
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածը սահմանում է ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելու, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու կարգն ու պայմանները:
Նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.
«1. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող է բողոքարկել`
1) յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը.
2) վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել են վստահված անձի կամ իր վստահորդի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքները.
3) դիտորդը, եթե գտնում է, որ խախտվել են դիտորդի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքները.
4) հանձնաժողովի անդամը, եթե գտնում է, որ ստորադաս հանձնաժողովը կամ հանձնաժողովը, որի անդամն է ինքը, խախտել է իր կամ այլ անձանց` սույն օրենսգրքով սահմանված որևէ իրավունք:
2. Թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ դիմում համապատասխանաբար կարող են ներկայացնել միայն թեկնածուն, ընտրական ցուցակ ներկայացրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), իսկ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում` միայն ընտրական ցուցակ ներկայացրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը):»:
Նշված իրավանորմը հստակ սահմանում է ոչ միայն բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտներին, այլև այն իրավունքների ծավալը, որոնց հնարավոր խախտմամբ պայմանավորված անձինք իրավասու են օգտվել բողոքարկման իրավունքից:
Նշված իրավանորմի պահանջներին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) իրավունք ունեն բողոքարկել այն անձինք, որոնք գտնում (համարում) են, որ խախտվել են իրենց սուբյեկտիվ ընտրական իրավունքները: Բողոքարկման իրավունքը կրում է հասցեավորված բնույթ: Այսինքն, անձը ցանկացած կամ վերացական պահանջներով բողոք ներկայացնել չի կարող, այլ նա կարող է օգտվել բողոքարկման իրավունքից, երբ ընտրական հանձնաժողովի որոշմամբ, գործողությամբ (անգործությամբ) խախտվել են անձի սուբյեկտիվ ընտրական իրավունքները: Նշվածից ակնհայտ է, որ անձը չի կարող բողոքարկման ինստիտուտի գործադրմամբ բողոքարկել անձամբ իրեն չվերաբերող կամ իր իրավունքներին չառնչվող որևէ հարց, սոսկ այն պատճառով, որ նա ընդհանրապես շահագրգռված է ընտրական հանձնաժողովների իրավաչափ գործունեության մեջ:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է ընտրական գործընթացի այն մասնակիցներին (սուբյեկտներին), ովքեր իրավունք ունեն թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել: Նշված անձանց ցանկը հստակ է, սպառիչ և որևէ տարածական կամ ընդարձակ մեկնաբանման ենթակա չէ: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի միջև որևէ հակասություն առկա չէ:
Ինչ վերաբերում է հավասար ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ դիմումատու քաղաքացու դիմումով ներկայացված դատողություններին, ապա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ դիմումով ներկայացված հարցադրումը չի կարող առնչվել թեկնածու չհանդիսացող անձի հավասար ընտրական իրավունքին, հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության` տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:
Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:»:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն.
«1. Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:
2. Պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար:
3. Ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:»:
Հավասարության սկզբունքն ընտրական իրավունքի հիմքերից մեկն է: Դա նշանակում է, որ բոլոր քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով, և յուրաքանչյուր ընտրողի ձայնն ունի նույն կշիռը: Այս սկզբունքը բխում է հիմնարար միջազգային փաստաթղթերից և ուղղակիորեն փոխկապված է ՀՀ Սահմանադրության 14.1-ին հոդվածում ամրագրված հավասարության սկզբունքի հետ: Հավասարության սկզբունքը նշանակում է, որ յուրաքանչյուր ընտրող պետք է ունենա մյուս ընտրողների հետ հավասար ձայն և այդ ձայնը պետք է ունենա նույն ազդեցությունը, ինչպես և մյուս ընտրողների ձայները: Ընտրողներն առավելություն ստանալու նպատակով չեն կարող բաժանվել ազգային, գույքային կամ ցանկացած այլ հատկանիշով:
Ավելին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, այդ ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման հետևանքով թեկնածու չհանդիսացող քաղաքացու ոչ միայն հավասար ընտրական իրավունքը, այլև որևէ իրավունք չի խախտվում:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն.
«Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում:»:
Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով»:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:
Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:»:
Վերոգրյալով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 46-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես նույն իրավական ակտի տարբեր դրույթների, հակասություն չեն պարունակում: Նշված դրույթները հստակ են և չեն հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման:
Ավելին, քննարկվող դիմումով որպես դիմումատուի ներկայացրած պարզաբանման տարբերակով, ըստ էության, առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, ինչը ոչ միայն չի բխում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներից, այլև դիմումով ներկայացված պահանջը հանդիսանում է հակասահմանադրական պահանջ, քանզի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն էլ` «Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:»:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը`
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, որպես նույն իրավական ակտի տարբեր դրույթների, հակասություն չեն պարունակում: Նշված դրույթները հստակ են և չեն հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման: