Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2012 թվականի N 33-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի «դ» կետով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և նպատակ ունենալով բացառելու Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի տարաբնույթ ընկալումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նախընտրական հիմնադրամի միջոցները թեկնածուները կարող են օգտագործել նախընտրական քարոզչություն իրականացնելուն ուղղված ցանկացած միջոցառման ֆինանսավորման համար:»:

Նույն հոդվածի 2-ից 5-րդ մասերի համաձայն.

«2. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով:

Սույն մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում:

3. Եթե հիմնավորվում է, որ նախընտրական քարոզչության համար մատուցված ապրանքը կամ ծառայությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում` պարտավորեցնելով թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե:

4. Եթե հիմնավորվում է, որ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում` պարտավորեցնելով թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե:

5. Եթե նախընտրական քարոզչության համար ծախսված գումարի և սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պետական բյուջե վճարվող գումարների գումարի չափի և նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի տարբերությունը գերազանցում է նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի 10 տոկոսը, ապա ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը:»:

Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենuգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հայտարարագրին կցվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կնքված պայմանագրերը:»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն.

«Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ժամանակագրությունը, մուծված գումարի չափը.

2) սույն օրենuգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր ծառայության, գույքի, ապրանքի ձեռքբերման համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը:»:

Վերոհիշյալ իրավանորմերով կանոնակարգվում են նախընտրական քարոզչությանն ուղղված ծախսերի իրականացման բնագավառում առաջացող որոշակի իրավահարաբերություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ վերոնշյալ իրավանորմերում տեղ գտած նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում կատարված ծախսերը ըստ դրանց անմիջական նպատակի կամ ուղղվածության պայմանականորեն բաժանվում են երկու խմբի`

ա) անմիջականորեն, բուն քարոզչության իրականացմանն ուղղված և համապատասխանաբար օրենսգրքով սահմանված կարգով հայտարարագրման և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերահսկողության ենթակա ծախսեր,

բ) անմիջականորեն քարոզչության իրականացմանը չուղղված` տեխնիկական, կազմակերպչական և այլ նմանատիպ խնդիրների լուծմանն ուղղված ծախսեր, որոնք օրենսգրքով սահմանված կարգով հայտարարագրման և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերահսկողության ենթակա չեն:

Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված ծախսերի տեսակները մեկ ամբողջականության մեջ դիտարկելու պարագայում, ակնհայտ է դառնում, որ դրանք բոլոր այն ծախսերն են, որոնք ուղղակիորեն վերաբերում են բուն քարոզչական գործունեությանը: Այս ծախսերի դասակարգման սկզբունքի հիմքում ընտրողի կամքի ձևավորմանն անմիջականորեն ուղղված գործողությունների, միջոցառումների համար կատարված ծախսերի` ձեռքբերված ապրանքների և ծառայությունների նկատմամբ օրենսգրքով սահմանված կարգով վերահսկողության ապահովումն է: Այս ծախսերի առավելագույն չափը սահմանված է օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամը ձևավորվելուց հետո նշված ծախսերի ֆինանսավորման համար կարող են օգտագործվել միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այն դեպքում, երբ նշված ապրանքները, ծառայությունները ձեռք են բերվել մինչ հիմնադրամի ձևավորումը կամ ձեռք են բերվել շուկայական արժեքից ցածր գնով կամ դրանք ստացվել են առանց ծախսեր կատարելու, ևս համարվում են օրենսգրքով սահմանված կարգով հայտարարագրման և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերահսկողության ենթակա: Օրենսգրքի 26-րդ հոդված 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը իրար հետ համադրելով` պետք է ենթադրել, որ այս ծախսերի առավելագույն չափի սահմանափակումը վերաբերում է ոչ թե դրանց ուղղությամբ կատարած փաստացի ծախսերին, այլ նրանց շուկայական արժեքների գումարին:

Այն ապրանքները և ծառայությունները, որոնք թեև ձեռք են բերվել կամ ստացվել են նախընտրական քարոզչության շրջանում, սակայն ուղղված չեն բուն քարոզչական գործունեությանը, այսինքն` ուղղակիորեն չեն ձևավորում ընտրողի կամքը, այլ կրում են կազմակերպչական, տեխնիկական և այլ բնույթ, և ուղղված են աշխատանքների պատշաճ կազմակերպմանը, չեն դիտարկվում որպես բացառապես նախընտրական հիմնադրամի միջոցներից կատարվող և օրենսգրքով սահմանված կարգով հայտարարագրման ենթակա ծախսեր:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերոգրյալի հաշվառմամբ և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը`

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.

 

1. Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության ընթացքում կատարված օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ կատարված ծախսերը հիմնադրամի ձևավորումից հետո ֆինանսավորվում են բացառապես նախընտրական հիմնադրամների միջոցներից: Նշված ապրանքները և ծառայություններն իրենց շուկայական արժեքով պետք է հայտարարագրվեն անկախ դրանց ստացման աղբյուրից, ժամանակից և ձևից: Այս ապրանքների և ծառայությունների համար օրենսգրքով սահմանված ծախսի առավելագույն չափը պետք է հաշվարկվի դրանց շուկայական արժեքների հիման վրա:

2. Հայտարարագրման ենթակա չեն այն ծախսերը, որոնք օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծախսեր չեն հանդիսանում, ինչպես օրինակ`

- այն տպագիր և այլ նյութերի ձեռքբերման համար կատարված ծախսերը, որոնք չեն կրում քարոզչական բնույթ, չեն հանդիսանում ընտրողներին տրամադրվող քարոզչական նյութեր.

- օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ընտրական շտաբների վրա տեղադրված, ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը չգերազանցող, յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը 6 քառակուսի մետրը չգերազանցող, թեկնածուին կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր չներառող, պաստառների (ցուցանակների) համար կատարված ծախսերը.

- այն դահլիճների կամ տարածքների վարձակալման համար կատարված ծախսերը, որոնք չեն օգտագործվում քարոզչություն իրականացնելու համար:

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - թեև սույն որոշմամբ նշված է, որ այն հանդիսանում է նորմատիվ

իրավական ակտ, սակայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ

հոդվածի համաձայն պաշտոնական պարզաբանումները նորմատիվ իրավական

ակտեր չեն հանդիսանում, այս իսկ պատճառով ԻՐՏԵԿ-ում սույն

պաշտոնական պարզաբանումը նշված է ոչ որպես նորմատիվ իրավական ակտ:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
16.02.2012
N 33
Պաշտոնական պարզաբանում