(ուժը կորցրել է 06.05.16 թիվ 44-Ն հրաման)
i
310.0059.301298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
25 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 01/59
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգի հաստատման և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 815 որոշման 3-րդ կետի
Հրամայում եմ
Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններով զբաղվելու լիցենզավորման» կարգը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ Հարկային տեսչության պետի
1998 թվականի դեկտեմբերի 25-ի
թիվ 01/59 հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների վաճառքի, տեխնիկական սպասարկման և նորոգման կարգի հաստատման և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 815 որոշման 3-րդ կետի պահանջի համաձայն և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններով զբաղվելու լիցենզավորման գործընթացը:
1.2. Սույն կարգը տարածվում է այն իրավաբանական անձանց, և անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք ստեղծում են ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոններ (այսուհետև` կենտրոն), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառման համար թույլատրված ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններով զբաղվելու համար:
1.3. Լիցենզիա ստացած կենտրոնը պարտավոր է`
ա) պահպանել ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը.
բ) կենտրոններ ստեղծել հիմնական կառույց հանդիսացող և կապով ապահովված շինություններում,
գ) հնարավորություն ընձեռնել լիցենզավորվող պետական կառավարման մարմնի լիազորված անձանց ստուգելու լիցենզիա ստանալու դիմումին կից փաստաթղթերում եղած տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը, կատարել ուսումնասիրություններ և կազմել եզրակացություններ օրենսդրությամբ սահմանված նորմերին կենտրոնի աշխատանքի համապատասխանության մասին.
1.4. Լիցենզիա տրվում է 3 տարի ժամկետով.
ա) լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու չափով.
բ) լիցենզիան անվանական փաստաթուղթ է, այն չի կարող փոխանցվել, տրամադրվել կամ վաճառվել.
գ) լիցենզիան տրվում է ՀՀ հարկային տեսչության կողմից հաստատված միասնական ձևով (կցվում է):
2. Լիցենզիայի տրման համար պահանջվող փաստաթղթերը
2.1. Լիցենզիա ստանալու համար կենտրոնը ՀՀ հարկային տեսչություն է ներկայացնում դիմում` նշելով իր կազմակերպական-իրավական տեսակը, լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետև` ՀՎՀՀ-ն), բանկային հաշվի համարը: Դիմումին կից ներկայացվում է նաև կենտրոնների համար նախատեսված տարածքների (շինությունների) հասցեները և նրանց նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը (վարձակալած տարածքների համար վարձակալության պայմանագիրը):
2.2. Դիմումին կից ներկայացվում են`
ա) կենտրոնի հիմնադիր փաստաթղթերի պատճենները.
բ) այն ՀԴՄ-ի մոդելների ցանկը, որոնց տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարվելու է տվյալ կենտրոնի կողմից, համաձայն արտադրողի հետ կնքված պայմանագրի,
գ) ՀԴՄ-ի սույն կետի «բ» ենթակետի ցանկում ընդգրկված մոդելների շահագործման փաստաթղթերի փաթեթի պատճենը` հայերեն լեզվով:
3. Լիցենզավորող մարմնի գործողությունները
3.1. Սույն կարգի 2.1 և 2.2 կետերում նշված փաստաթղթերը ստանալուց հետո ՀՀ հարկային տեսչությունում գործող լիցենզավորող հանձնաժողովը քննության է առնում կենտրոնի դիմումը և 15 օրվա ընթացքում որոշում է ընդունում լիցենզիայի տրման կամ դիմումի մերժման մասին:
Որոշման մեկ օրինակը տրվում է դիմողին:
3.2. Դիմումը մերժելու որոշման մեջ նշվում են մերժման պատճառները:
Աննպատակահարմարության շարժառիթով դիմումի մերժումն արգելվում է:
3.3. Լիցենզիա տալու դիմումի մերժումը կարող է գանգատարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.4. Հանձնաժողովի դրական որոշման դեպքում լիցենզիան տրվում է 5 օրվա ընթացքում:
4. Լիցենզիաների հաշվառումը
4.1. ՀՀ հարկային տեսչությունը վարում է լիցենզիաների գրանցման մատյան, որտեղ գրանցվում է լիցենզիա ստացած կենտրոնների`
ա) լրիվ անվանումը.
բ) լիցենզիայի հերթական համարը և տրման ամսաթիվը.
գ) կազմակերպական-իրավական տեսակը.
դ) ՀՎՀՀ-ն.
ե) այն ՀԴՄ-ի մոդելները, որոնց տեխնիկական սպասարկումն ու նորոգումը թույլատրվում է կատարել.
զ) կենտրոնների հասցեները և հեռախոսահամարները:
4.2. Լիցենզիաների գրանցման մատյանի բոլոր էջերը համարակալվում, կարվում և կնքվում են ՀՀ հարկային տեսչության կողմից:
5. Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը
5.1. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
ա) սույն կարգի 2.1 և 2.2 կետերի համաձայն ներկայացված փաստաթղթերից որևէ մեկում հայտնաբերվել է կեղծ տեղեկատվություն.
բ) խախտվել են սույն կարգի 1.3 և 1.4 կետերում նշված պայմաններից որևէ մեկը.
գ) լիցենզիա ստացած կենտրոնը լուծարվել է.
դ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
5.2. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկությունը ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովը:
Լիցենզիան ճանաչվում է ուժը կորցրած ՀՀ հարկային տեսչության պետի հրամանով, որը հրապարակվում է 2000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում:
Հրամանի մեկ օրինակը տրամադրվում է կենտրոնին:
5.3. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանը ստանալուց հետո կենտրոնը պարտավոր է դադարեցնել ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեությունը և այդ մասին տեղյակ պահել օգտագործողներին.
5.4. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է գանգատարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.5. Կենտրոնի մոտ լիցենզիայի կրկնօրինակի կարիք առաջանելու դեպքում` այդ մասին տեղյակ է պահվում ՀՀ հարկային տեսչությանը: Վերջինս դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում տալիս է նոր լիցենզիա` դրա վրա կատարելով «կրկնօրինակ» նշագրումը:
5.6. Կենտրոնի գործունեությունը իրականացնելու հասցեն (հասցեները, եթե գործունեությունն իրականացվում է տարբեր վայրերում) փոփոխվելու դեպքում լիցենզիան ենթակա է վերաձևակերպման ՀՀ օրենսդրությանը համաձայն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ _________
Հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) տեխնիկական
սպասարկման և նորոգման գործունեության
Ձեռնարկությունը ____________________________________________________
(Անվանումը, Հարկ Վճարողի Հաշվառման Համարը)
Տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնի հասցեն __________________
____________________________________________________________________
Տվյալ ձեռնարկության կողմից տեխնիկական սպասարկման և նորոգման համար
նախատեսվող ՀԴՄ-ների մոդելները ______________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Լիցենզիայի ուժի մեջ մտնելու օրը « » _____________ 199 թ.
Լիցենզիան ուժի մեջ է մինչև « » _____________ 200 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ _______________________________
Կ.Տ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «30» 12 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980230