010.0280140199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998թ.
i
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 28 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 28. Մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինումը
1. Մասնավորեցումից ստացված միջոցները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ սույն օրենքի 19 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան ընկերության հաշվին` նախապես փոխհատուցելով մասնավորեցման ընթացքում կատարված այն ծախսերը, որոնք պետական բյուջեով նախատեսված չեն:
2. Համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածքներ չհամարվող ոչ բնակելի տարածքները մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը վարձակալած ոչ պետական տնտեսավարող սուբյեկտներին կամ քաղաքացիներին 1999 թվականի հունվարի 1-ից հետո մասնավորեցնելու դեպքում մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են համապատասխան համայնքային բյուջե:
3. Համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածքներ չհամարվող ոչ բնակելի տարածքները վարձակալության կամ մշտական օգտագործման իրավունքով զբաղեցրած «փոքր» օբյեկտները 1999 թվականի հունվարի 1-ից հետո մասնավորեցնելու դեպքում մասնավորեցումից ստացված այն միջոցները, որոնք վճարվել են զբաղեցված տարածքը մասնավորեցնելու համար, ուղղվում են համապատասխան համայնքային բյուջե»:
14 հունվարի 1999թ.
ՀՕ-280