(ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-185 օրենք)
i
010.0264.241298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
24 նոյեմբերի 1998 թ.
i
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. |
Քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող հողերի օտարման ձևերը |
Քաղաքային (այդ թվում` Երևան քաղաքի) և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող հողերն օտարվում են դրանք վաճառելու և անհատույց փոխանցելու միջոցով:
(1 հոդվածը խմբ. 05.06.00 թիվ ՀՕ-65 օրենք)
Հոդված 2. |
Պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն օտարելը |
Պետական սեփականություն համարվող հողերն օտարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց`
ա) գյուղական համայնքներում`
- գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար,
- որպես տնամերձ.
բ) քաղաքներում` բնակելի տան կառուցման և դրա սպասարկման համար:
(2 հոդվածը խմբ. 05.06.00 թիվ ՀՕ-65 օրենք)
Հոդված 3. |
Օտարման ենթակա հողամասերը |
Օտարման ենթակա հողամասերը որոշվում են հողերի օգտագործման սխեմաների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի հիման վրա:
Օտարման ենթակա հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում օտարումը կատարվում է այդ փոփոխումից հետո` սույն օրենքով սահմանված կարգով:
i
Հոդված 4. |
Պետական սեփականություն համարվող հողերի օտարումն իրականացնող մարմինները |
Պետական սեփականություն համարվող հողերի օտարումն իրականացնում են համայնքների ղեկավարները` սույն օրենքով սահմանված կարգով:
Պետական սեփականություն համարվող հողերի օտարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:
(4 հոդվածը փոփ. 05.06.00 թիվ ՀՕ-65 օրենք)
Հոդված 5. |
Պետական սեփականություն համարվող հողերի վաճառքը |
i
Պետական սեփականություն համարվող հողերի վաճառքը կատարվում է աճուրդային կարգով` սույն օրենքի 2 հոդվածով նախատեսված նպատակների համար: Աճուրդի մեկնարկային գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հողատեսքի տվյալ պահին գործող կադաստրային հաշվարկային արժեքի 50 տոկոսից ոչ պակաս չափով:
Աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(5 հոդվածը փոփ. 05.06.00 թիվ ՀՕ-65 օրենք)
Հոդված 6. |
Աճուրդի կազմակերպումը և իրականացումը |
Աճուրդն անցկացնում է դրա կազմակերպիչը: Աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ, մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, նա հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը և կարգը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողերի դեպքում` նաև որակական հատկանիշները), ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտները) առկայությունը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր և անձնագիր:
Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են գրավ` տվյալ հողակտորի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
Եթե մասնակիցը աճուրդի արդյունքներով չի հաղթել, գրավն անմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, կատարվում է գրավի հետ կապված լրացուցիչ հաշվարկ:
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկից ավելի է:
Առաջին անգամ աճուրդը չկայանալու դեպքում երկրորդ աճուրդը կազմակերպվում և անց է կացվում 7 աշխատանքային օրվա ընթացքում` ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության հրապարակայնությունը: Յուրաքանչյուր սակարկության արդյունքներով կազմվում է առանձին արձանագրություն, որն իր մեջ ներառում է տվյալներ` աճուրդի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, սակարկման ընթացքի և արդյունքների մասին:
Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը:
Եթե աճուրդը չի կայանում երկրորդ անգամ, ապա այն երրորդ անգամ անց է կացվում նաև մեկ մասնակցի առկայության դեպքում:
Արձանագրությունն ստորագրում են կազմակերպիչը, արձանագրողը և, ցանկության դեպքում, աճուրդի մասնակիցները: Արձանագրությունը պահպանվում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմնի կողմից:
Հոդված 7. |
Աճուրդը չկայացած համարելը |
Աճուրդը համարվում է չկայացած, եթե սակարկությունում հաղթած անձը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Աճուրդի չկայացման մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
Հոդված 8. |
Աճուրդի գործառնությունների ձևակերպումը և սեփականության իրավունքի փոխանցումը |
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը: Եթե նշված ժամկետում գումարը չի վճարվում, ապա հաղթող է ճանաչվում տվյալ սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն գումար առաջարկած անձը, որը նույնպես պարտավոր է 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել այդ գումարը:
Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո` երկու օրվա ընթացքում, կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր:
i
Հոդված 9. |
Պետական սեփականություն համարվող հողերի սեփականության իրավունքն անհատույց փոխանցելը |
Պետական սեփականություն համարվող հողերն անհատույց, սեփականության իրավունքով հատկացվում են`
ա) սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, երկրաշարժից տուժած և լքված բնակավայրերում (ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)` այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր, հայրական ընտանիքից բաժանված վերջին ընտանիքը չեն.
բ) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել վերոհիշյալ բնակավայրերում.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վերաբնակեցվածներին.
դ) համայնքներում բնակվող զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների այն ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս, հայրական ընտանիքից բաժանված վերջին ընտանիքը չեն:
Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի չափը սահմանվում է 0,12 հեկտար, իսկ քաղաքներում` բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար` 0,04 հեկտար հողամաս:
Արգելվում է գյուղատնտեսական գործունեության համար անհատույց տրամադրված հողերի օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք նախատեսված չեն տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծով կամ համայնքների հողերի օգտագործման սխեմայով:
Սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային և լքված գյուղական բնակավայրերում պետական սեփականություն համարվող հողերի անհատույց տրամադրվող և աճուրդով վաճառքի ենթակա հողատարածությունների համամասնությունն ըստ համայնքների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Քաղաքացիների կողմից փաստացի օգտագործվող` սահմանված կարգով գրանցված տնամերձը և սեփականաշնորհված հողաբաժնի յուրաքանչյուր միավոր հողակտորը սահմանված չափերից մինչև 20 տոկոս ավելի լինելու դեպքում, եթե այդ ավելցուկը նպատակահարմար չէ սույն օրենքով սահմանված կարգով օտարել կամ այլ նպատակներով օգտագործել, սեփականության իրավունքով անհատույց թողնվում է փաստացի օգտագործողներին: Նշվածից ավելի հողատարածություն օգտագործելու դեպքում ամբողջ ավելցուկն օտարվում է փաստացի օգտագործողին` ուղղակի վաճառքի կարգով, հողամասի տվյալ պահին գործող կադաստրային հաշվարկային արժեքով:
Պետական սեփականություն համարվող հողերի անհատույց փոխանցումը կատարվում է օտարման պայմանագրով:
Պետական սեփականություն համարվող հողերի անհատույց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքի համաձայն:
Սույն հոդվածի առաջին մասի «ա» և «դ» կետերով սահմանված պետական սեփականություն համարվող հողերի անհատույց տրամադրման ժամկետը սահմանել մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը:
(9 հոդվածը փոփ. 05.06.00 թիվ ՀՕ-65 օրենք)
i
Հոդված 10. |
Պետական սեփականություն համարվող հողերի օտարման պայմանագիրը |
Պետական սեփականություն համարվող հողերի օտարումը ձևակերպվում է գրավոր պայմանագրով: Եթե պայմանավորվող կողմերից մեկը քաղաքացի է, ապա այն վավերացվում է նոտարական կարգով:
Օտարման պայմանագրում նշվում են հողն օտարողի և ձեռք բերողի անունը և ազգանունը (անվանումը), հողի չափերն ու արժեքը, նպատակային նշանակությունը, հողատեսքը և օգտագործման նպատակը, հողօգտագործման պայմանները, նոր սեփականատիրոջն անցնող իրավազորությունները, սահմանափակումները (ներառյալ` սերվիտուտները), կողմերի իրավունքներն ու պարտականությունները, լրացուցիչ այլ պայմաններ:
Օտարման պայմանագիրը ենթակա է պետական գրանցման և համարվում է կնքված` գրանցման պահից:
Օտարման պայմանագրով սահմանված` հողի օտարման հիմնական նպատակներն ու պայմանները, կողմերի իրավազորությունները, առկա սահմանափակումները (ներառյալ` սերվիտուտները) պարտադիր են նաև տվյալ հողակտորի հետագա սեփականատերերի համար:
Օտարման պայմանագրին կցվում է օտարվող հողամասի հատակագիծը:
(10 հոդվածը փոփ. 05.06.00 թիվ ՀՕ-65 օրենք)
Հոդված 11. |
Պետական սեփականություն համարվող հողերի օտարումից գոյացած միջոցները |
Պետական սեփականություն համարվող հողերի օտարումից գոյացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(11 հոդվածը փոփ. 05.06.00 թիվ ՀՕ-65 օրենք)
Հոդված 12. |
Պետական սեփականություն համարվող հողերի օտարման ընթացքում վեճերի լուծումը |
Պետական սեփականություն համարվող հողերի օտարման ընթացքում ծագած վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
(12 հոդվածը փոփ. 05.06.00 թիվ ՀՕ-65 օրենք)
24 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-264