102.0957.091198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
6 նոյեմբերի 1998թ. թիվ 957
i
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետի 1997թ նոյեմբերի 14-ի թիվ 532 որոշմամբ հաստատված ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության 36 կետի համաձայն դատավորների պաշտոնեական պիտանիության ամենամյա ցուցակներում ընդգրկվելու համար անհրաժեշտ իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժի հաշվառման կանոնակարգման նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել, որ դատավորների պաշտոնեական պիտանիության ամենամյա ցուցակներում ընդգրկվելու համար անհրաժեշտ իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են`
ա/ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) այնպիսի պաշտոններում (աշխատանքներում) աշխատած ժամանակը, որոնք զբաղեցնելու համար ՀՀ (նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ) օրենսդրությամբ անհրաժեշտ էր (անհրաժեշտ է) ունենալ բարձրագույն իրավաբանական կրթություն.
բ/ ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, ՀՀ հարկային տեսչության, ՀՀ մաքսային վարչության, դատական և դատախազության մարմինների համակարգերի այնպիսի պաշտոններում (աշխատանքներում) աշխատած ժամանակը, որոնց զբաղեցնողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհվում են դասային, հատուկ կամ սպայական կոչումներ.
գ/ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմերում իրավաբանական բնույթի աշխատանքներ կատարած ժամանակը.
դ/ Ուսումնական հաստատություններում իրավագիտական առարկաներ դասավանդելու, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպություններում իրավունքի բնագավառում գիտական գործունեություն իրականացնելու ժամանակը.
ե/ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված լիցենզիաների հիման վրա իրավաբանական ծառայությունների իրականացման ժամանակը.
զ/ Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) իրավաբանական ստորաբաժանումներում, ինչպես նաև իրավաբանական գործունեության համար նախատեսված այլ պաշտոններում (աշխատանքներում) աշխատած ժամանակը:
2. Սույն որոշմամբ սահմանված ստաժում հաշվառվում է նաև նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում համարժեք պաշտոններում (աշխատանքներում) աշխատած ժամանակը:
3. Սույն որոշմամբ սահմանված ստաժը հաստատվում է աշխատանքային գրքույկով, իսկ վերջինիս կամ դրանում համապատասխան գրառումների բացակայության դեպքում այլ փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք հրամանից, լիցենզիա և այլն):
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 09 11 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 01980207