020.0116.290698
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 հունիսի 1998 թվական |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Միքայելյանի, հրավիրվածներ` «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վ. Ավոյանի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1998 թվականի հունիսի 19-ի Երևանում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Համայնքային զարգացման ծրագրի) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Միքայելյանի բացատրությունը, հրավիրված Վ. Ավոյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման վարկային համաձայնագրի նպատակն է բարելավել Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգը, բարձրացնել ջրմուղ-կոյուղու ցանցի ծառայությունների արդյունավետությունը, ջրմուղ-կոյուղու ցանցի ծառայությունների ընդհանուր կառավարման համակարգում ստեղծել մասնավոր հատվածի (սեկտորի) կայուն ներգրավման հիմնական համակարգ, մշակել պետական բնակարանային շինարարության քաղաքականություն, այդ թվում` նաև երկրաշարժից տուժած գոտու համար, որի նպատակով Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրվում 22 միլիոն 300.000 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար: Դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունն Ընկերակցությանը կիսամյակը մեկ պետք է վճարի պարտավճար և սպասարկման վճար: Միջազգային զարգացման ընկերակցության «Զարգացման վարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառելի ընդհանուր պայմանները», որոնք հաստատված են Ընկերակցության կողմից 1985 թվականի հունվարի 1-ին, համաձայնագրի 1.01 մասի «ա» և «բ» ենթակետերում նշված փոփոխություններով հանդերձ, հանդիսանում են համաձայնագրի անբաժան մասը:
Համաձայնագրի ուժի հինգ ժամկետացանկ, որոնցով նախատեսված են վարկային գումարների ծախսման ուղղությունները, տրված են իրականացվելիք ծրագրի նկարագրությունը, ապրանքի ձեռքբերման և խորհրդատվական ծառայությունների մատուցման կարգը:
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված Զարգացման վարկային համաձայնագրի շրջանակներում Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ձեռնարկության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է Ծրագրի համաձայնագիր (Համայնքային զարգացման ծրագիր), որով «Ջրմուղ-կոյուղի» ձեռնարկությունը պարտավորվում է իրականացնել Երևանի ջրամատակարարման բարելավման և դրա հետ կապված ծրագրային այլ միջոցառումներ` այն պայմաններով և ժամկետում, որոնք նախատեսված են Զարգացման վարկային համաձայնագրի թիվ 2 ժամկետացանկում:
Համաձայնագրով վարկառուն պետք է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ձեռնարկությունը վերավարկավորի կնքվելիք ենթավարկային համաձայնագրի պայմաններին համապատասխան:
Ընդհանուր առմամբ, ծրագրի կատարումը պետք է ավարտվի 2003 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ վարկի գումարը պետք է մարվի սկսած 2008 թվականի հունիսի 15-ից մինչև 2032 թվականի դեկտեմբերի 15-ը` կիսամյակային մուծումներով:
Համաձայնագրում նախատեսված են դրույթներ` համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դադարելու, ծրագրի իրականացման մանրամասների, կատարման վերահսկման վերաբերյալ:
ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1998 թվականի հունիսի 19-ի Երևանում ստորագրված զարգացման վարկային համաձայնագրում (Համայնքային զարգացման ծրագրի) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
29 հունիսի 1998 թվական ՍԴՈ - 116