Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎ ...

01.01.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.09.1998  -ից մինչեւ   01.01.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.05 թիվ 178-Ն հրաման)

i

101.0253.300798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

22 մայիսի 1998թ. թիվ 253

 

i

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» թիվ 35 որոշման երկրորդ կետի

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի կանոնները (կցվում են):

2. Ներքին շուկայի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյանին)`

2.1. Հաստատված կանոնները ներկայացնել համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2.2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կանոնները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

          ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`                   ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ       ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ

    ՆԱԽԱՐԱՐ                            ՆԱԽԱՐԱՐ

                     Է. ՍԱՆԴՈՅԱՆ                        Գ. ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ

 

    ԹԻՎ  20 - Վ - 233                  ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 253

    «16» հուլիսի 1998թ.              «22» մայիսի 1998թ.

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. հունվարի 28-ի «Մանրածախ առևտրի հիմնական կանոնները հաստատելու մասին» թիվ 35 որոշման երկրորդ կետի պահանջների համաձայն և սահմանում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից իրականացվող պարենային և ոչ պարենային որոշ ապրանքախմբերի մանրածախ առևտրի կանոնները:

2. Ձեռնարկությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով, մանրածախ առևտրի հիմնական կանոններով և սույն կանոններով:

3. Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտուրն իրականացվում է մանրածախ առևտրի ձեռնարկություններում` ապահովելով, համաձայն նորմատիվային փաստաթղթերի, գործունեության համար անհրաժեշտ առևտրատեխնոլոգիական, սառնարանային սարքավորումների և գույքի առկայությունը:

4. Ձեռնարկությունը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում վաճառվող ապրանքների որակի համար:

Ապրանքները պահպանվում, ցուցադրվում և վաճառվում են` ապահովելով նորմատիվային փաստաթղթերով նախատեսվող տեխնոլոգիական, ջերմային, օդի խոնավության ռեժիմների և սանիտարահիգիենիկ (այդ թվում` թույլատրելի հարևանության) պահանջների կատարումը:

Շրջիկ և շրջածախ առևտրի միջոցներով վաճառք կատարելիս պետք է պայմաններ ստեղծվեն` պահպանելու վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը և որակը: Ապրանքները պետք է պաշտպանվեն փոշուց ու կեղտոտվելուց:

Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին:

Տեղում սպառելու համար (այդ թվում` միանգամյա օգտագործման տարաներում), սննդամթերք վաճառելիս պետք է լինեն տարաները, անձեռոցիկները հավաքելու տարողություններ (աղբարկղեր):

5. Ձեռնարկությունում պարենային ապրանքների կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի հատկություններից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների կողմից թույլատրված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող ապրանքների փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը (այսուհետև` գին), փաթեթավորման օրը, շուտ փչացման ենթակա սննդամթերքի համար` նաև սպառման վերջին ժամկետը:

6. Վաճառողը պարտավոր է իրազեկ լինել վաճառքում առկա ապրանքները բնութագրող հիմնական հատկություններին և գնորդին տալ անհրաժեշտ մասնագիտական տեղեկատվություն:

7. Ձեռնարկությունը կարող է տրամադրել լրացուցիչ վճարովի և անվճար ծառայություններ, որոնց ցանկը և սակագները տեղեկատվության տարբեր միջոցներով հասցվում են գնորդին:

 

2. Պարենային ապրանքների առևտուր

 

Միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձուկ-ձկնեղեն, մարգարին, ձու

 

8. Առևտրական դահլիճ տանելուց առաջ մթերքը ենթարկվում է նախավաճառքային նախապատրաստման`

մսեղիքը կտրատվում է ըստ տեսակակտորների.

երշիկից և ապուխտից հեռացվում է կապալարանը, երշիկը սրբվում է, իսկ վաճառքի պահին կտրատվում են թաղանթների ծայրերը, մաքրվում օդահարված կտրվածքները.

չկշռափաթեթավորված կարագը, մարգարինը, ճարպերը հանվում են յուղաթերթից և մաքրվում արտաքին դեղնած շերտից.

շրդանային պարաֆինացված և չպարաֆինացված մակերեսով պանիրները սրբվում են խոնավ, ապա չոր սրբիչով, խոշոր պանիրները բաժանվում են մասերի, բրինզա և աղաջրային պանիրները վաճառքից մեկ ժամ առաջ հանվում են աղաջրից.

պոլիէթիլենային թաղանթով մսահացերից, խոզապուխտից, եփված և եփված-ապխտած ազդրերից և մյուս մթերքներից թաղանթը հեռացվում է վաճառքի պահին:

9. Չի թույլատրվում ձվի ցուցադրումը և վաճառքը անմիջապես այլ` ոչ փաթեթավորված մթերքի (միս, կարագ, կաթնաշոռ, երշիկ և այլն) հարևանությամբ:

10. Գնորդի ցանկությամբ գնված որոշակի ապրանքներ (երշիկ, ապուխտ, պանիր) կտրտվում են նրբաշերտերի:

Համապատասխան սարքավորումների և պայմանների առկայության դեպքում ձեռնարկությունում գնված մսից կարող են պատրաստվել աղացած, ծեծած կիսապատրաստվածքներ:

11. Մթերքը գնորդին բաց թողնելու ընթացքում օգտագործվող գույքը (դանակ, պատառաքաղ, թիակ, կտրատելու տախտակ, գդալ, չափանոթ և այլն) պետք է ենթարկվի սանիտարական մշակման և պահվի այդ նպատակի համար նախատեսված տեղում:

 

Ալկոհոլային խմիչքներ

 

12. Վաճառքի են ընդունվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սերտիֆիկացված հետևյալ ալկոհոլային խմիչքները` օղի, օղելիկյորային արտադրանք, կոնյակ (բրենդի), խաղողի, պտղա-հատապտղային գինիներ, խաղողի և պտղա-հատապտղային թունդ խմիչքներ, շամպայն և փրփրուն գինիներ, գարեջուր, խմելու սպիրտ և այլն:

13. Չի թույլատրվում ալկոհոլային խմիչքների վաճառքը`

ա) եթե.

- տարայի պիտակի վրա հստակ ընթեռնելի չէ արտադրող ձեռնարկության անվանումը.

- անցել է պիտանիության ժամկետը.

- արտադրանքը ստացվել է արտադրման լիցենզիա չունեցող արտադրողից.

բ) դպրոցներում, մանկական, բուժ-պրոֆիլակտիկ հիմնարկներում գործող առևտրի և հանրային սննդի ձեռնարկություններում, գյուղատնտեսական արտադրանքի և սպառողական ապրանքների շուկաներում:

14. Առևտրական դահլիճ տանելուց առաջ պետք է ստուգվի ալկոհոլային խմիչքների որակն ըստ արտաքին նշանների: Չի թույլատրվում վաճառքի առանց պիտակավորման, արտաքինից և ներսից կեղտոտված, ճաքած, վզիկի մասի ջարդվածքով շշերով, խցանափակման վնասվածքներով, մեխանիկական խառնուրդներ պարունակող, պղտորված և նստվածք ունեցող խմիչքները (բացի այն խմիչքներից, որոնց համար նորմատիվային փաստաթղթերով թույլատրելի է նստվածքի աննշան քանակություն):

15. Վաճառքում առկա խմիչքների ցուցադրված նմուշներին փակցվում են գնապիտակներ, որտեղ նշվում են խմիչքի անվանումը, շշի տարողությունը, գինը:

16. Թույլատրվում է գինիների և գարեջրի լցովի վաճառք` միայն տվյալ ձեռնարկությունում չօգտագործելու պայմանով: Գինիների և գարեջրի լցովի վաճառքի դեպքում գնապիտակներում նշվում են արտադրողի անվանումը, սերտիֆիկատի համարը, գինու, գարեջրի անվանումը, մեկ լիտրի գինը:

 

3. Ոչ պարենային ապրանքների առևտուր

Գործվածք, հագուստ, կոշիկ

 

17. Գործվածքը, հագուստը, կոշիկը վաճառասրահ տանելուց առաջ ենթարկվում են նախավաճառքային նախապատրաստման` առանձնացվում և դասավորվում են ըստ տեսակների, ստուգվում է արտադրանքի որակը, պիտակի առկայությունը, անհրաժեշտության դեպքում հագուստի առանձին տեսակներ (կարի և տրիկոտաժե արտադրանք) մաքրվում և արդուկվում են:

18. Գնորդների հարմարության համար առևտրական դահլիճում գործվածքը, հագուստը, կոշիկը ցուցադրվում են խմբավորված: Հագուստը և կոշիկը խմբավորվում են հիմնականում ըստ տեսակների, մոդելների և չափսերի: Անկախ ձեռնարկության մասնագիտացումից` տղամարդկանց, կանանց, մանկական հագուստը և կոշիկը առևտրական դահլիճում տեղավորվում են առանձին-առանձին: Գործվածքը խմբավորվում է ըստ նրբաթելի տեսակի: Յուրաքանչյուր գործվածք պետք է ունենա բաղադրության վերաբերյալ տեղեկատվություն (նրբաթելերի տոկոսային հարաբերակցությունը):

19. Վաճառքի ցուցադրված հագուստի և կոշիկի նմուշները գնապիտակներից բացի պետք է ունենա նաև չափսանիշեր:

20. Ձեռնարկությունում պետք է պայմաններ ստեղծվեն հագուստը (կարի արտադրանքը, վերին տրիկոտաժը, գլխարկները) և կոշիկը փորձելու համար` չափսափորձման խցիկներ, նստարաններ, տակդիրներ, հայելիներ և այլն:

21. Բրդյա գործվածքի, վատինի և մյուս ծանր գործվածքների չափումը կատարվում է սեղանին ազատ (առանց ծալքերի) փռված կտորի վրա կոշտ ստանդարտ մետր դնելու միջոցով: Բարակ և թեթև գործվածքները, որպես կանոն, չափվում են կոշտ ստանդարտ մետրի վրա կտորի ազատ (առանց ձգումների) գցման եղանակով:

Թույլատրվում է նաև գործվածքը (բացի բրդյա և տրիկոտաժե գործվածքից) չափել վաճառասեղանի կողմնապատին հարմարեցված մետաղյա չափիչ ժապավենի միջոցով:

22. Գործվածքների, թոփերի վերջնահատվածները ենթակա են վաճառքի, եթե խախտված չէ արտադրական նախշազարդումը, իսկ դրոշմը դրված է հակառակ երեսին և չի խաթարում գործվածքի ապրանքային տեսքը:

23. Ապրանքը բաց թողնելիս վաճառողը գնորդի ներկայությամբ պարտավոր է ստուգել դրա որակը, (մեխանիկական արատներ, կեղտոտվածք և արտաքին այլ թերություններ), չափի (քանակի) ճշտությունը:

 

Ռադիո և էլեկտրակենցաղային ապրանքներ

 

24. Առևտրական դահլիճ տանելուց առաջ ռադիո և էլեկտրակենցաղային ապրանքները ենթարկվում են նախավաճառքային նախապատրաստման` ստուգվում է ապրանքի լրակազմությունը և անհրաժեշտության դեպքում կատարվում է հավաքում, ստուգվում է որակը, պիտակավորման ճշտությունը, շահագործման կարգի մասին հրահանգների և երաշխիքային կտորների առկայությունը:

Լրակազմ և հավաքված բարդ տեխնիկական ապրանքները ստուգվում են էլեկտրական ցանցին միացնելով, կարի մեքենաները` գործողության մեջ, ռադիոսարքերը բերվում են աշխատանքային վիճակի:

25. Առևտրական դահլիճում և ցուցափեղկերում ցուցադրված ռադիո և էլեկտրակենցաղային ապրանքների նմուշները գնապիտակներից բացի պետք է ունենան նաև արտադրանքի հիմնական տեխնիկական հատկությունները պարունակող տեղեկատվություն:

26. Գնորդի կողմից ապրանքի ընտրության և փորձարկման համար առևտրական դահլիճում տեղադրվում են էլեկտրաչափիչ և փորձարկման սարքեր (վահանակներ և կառավարման վահանակներ):

27. Ռադիո և էլեկտրակենցաղային առանձին ապրանքներ վաճառելիս գնորդին առաջարկվում են վաճառքում առկա ուղեկցող ապրանքներ և պահեստամասեր:

28. Ապրանքը բաց թողնելիս վերջինիս որակը և լրակազմությունը ստուգվում է գնորդի ներկայությամբ: Երաշխիքային ժամկետներ ունեցող ռադիո և էլեկտրակենցաղային ապրանքների վաճառքի ժամանակ արտադրանքի անձնագրում (երաշխիքային կտրոնում) նշվում է վաճառող ձեռնարկության անվանումը, վաճառքի ամսաթիվը, անհրաժեշտության դեպքում` երաշխիքային վերանորոգման արհեստանոցի հասցեն:

 

Կահույք

 

29. Վաճառքի են ընդունվում կահույքի բոլոր տեսակները` հատային և լրակազմ:

30. Առևտրական դահլիճ տանելուց առաջ կահույքը զննվում է, վերացվում են հայտնաբերված վնասվածքները և հավաքվում է:

31. Կահույքի մանրածախ վաճառքը հիմնականում կատարվում է ըստ նմուշների և բաց ցուցադրման եղանակով:

32. Առևտրական դահլիճում կահույքը ցուցադրվում է այնպես, որպեսզի գնորդը հնարավորություն ունենա այն զննելու: Համապատասխան տարածքների առկայության դեպքում կահույքը ցուցադրվում է բնակարանային կահավորման տեսքով` օգտագործելով համապատասխան ուղեկցող ապրանքներ:

33. Ձեռնարկությունը կարող է ընդունել հատային, լրակազմ կահույքի և վերջինիս առանձին կտորների նախնական պատվերներ` ըստ նմուշների և կատալոգների:

 

Վերահսկողությունը

 

34. Սույն կանոնների պահպանման վերահսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունները:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                  «30»         07        1998 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05980166

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
22.05.1998
N 253
Հրաման